…Հիշեցնենք, որ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն մի կառույց է, որի անդամների մեծ մասը համաթուրքական դաշինքում են նաեւ, ուստի հայտնի չէ «Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան-Ադրբեջան հակամարտություններում այս դաշինքը Հայաստանի՞ն կպաշտպանի, թե՞ մյուսներին… Իսկ եթե խոսքը միայն Ռուսաստանի ու Բելառուսի մասին է, ապա սրանք էլ զանգվածային ոչնչացման զենքեր են վաճառում Ադրբեջանին… Այսինքն՝ ՀԱՊԿ-ն որպես անվտանգության երաշխավոր՝ պատրանք է, այն էլ՝ վտանգավոր»…
Քանի դեռ Հայաստանը ատամ ցույց չի տա
Արդեն հայտարարվում է, որ Մաքսային միությանը անդամակցության հարցը կլուծվի հոկտեմբերի վերջին: Բայց դա որեւէ երաշխիք չէ, որ հենց այդպես էլ լինելու է, ինչքան էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է դրանում՝ Մոսկվայում իր ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո: Վերջերս նույն բանը նաեւ Ղազախստանի արտգործնախարարն էր ասել, բայց ամեն օր կատարվում են դեպքեր, մեր դաշնակիցները կատարում են քայլեր, որոնք հեռացնում են հոկտեմբերը:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը առկախվել է, քանի որ մեր բարեկամները մեր թշնամիների հետ ավելի գործնական են, քան մեզ հետ:
Այսինքն՝ իրականում մենք բարեկամներ չունենք, ինչն էլ պետք է դառնա մեր հաջորդիվ քայլերի մեխը:
Այստեղ ավելի հետաքրքրական է դառնում հայ-թուրքական կոչված սահմանի խնդիրը: Ինչպե՞ս կարող է աշխատել Թուրքիա-ՄՄ ազատ առեւտրային հարաբերությունը, որին դեմ չէ Անկարան, եթե Հայաստանի հետ սահմանը լինի փակ: Կստացվի, որ Թուրքիան ազատ առեւտրի մեջ է մի կառույցի հետ, որի հետ սահմանը փակ է:
Այսպես է ԵՄ-ի հետ հարաբերություններում, մի՞թե այսպես կլինի նաեւ ՄՄ-ի հետ: Բայց ի տարբերություն ԵՄ-ի, ՄՄ-ին անդամակցելու դեպքում հայ-թուրքական սահմանը կլինի թուրք-մաքսային սահման: Չէ՞ որ Վրաստանը ՄՄ անդամ չի լինելու եւ այլ ճանապարհ չկա: Հետեւաբար, քանի դեռ հայ-թուրքական սահմանը փակ է, Թուրքիա-ՄՄ գործակցությունն ազատ առեւտրի հասնել չի կարող:
Իսկ եթե Անկարան եւ Մոսկվան պիտի ճանապարհային քարտեզ գծեն Թուրքիա-Սեւ ծով-Ռուսաստանով, ապա Հայաստանին անդամագրելու խնդիրը դառնում է երկրորդական: Իսկ Հայաստանի համար այդօրինակ անդամակցումը առհասարակ դառնում է ստորացուցիչ:
Բայց կա մի հարց էլ, արդյո՞ք այդ ազատ առեւտրի գործընթացը հանգեցնել կտա հայ-թուրքական սահմանի բացմանը, եթե Մոսկվան պնդի, որ Հայաստանը պետք է լինի ՄՄ անդամ: Այստեղ, իհարկե, իրավիճակը բարդանում է, քանի որ կա Արցախի խնդիր, որը Բաքուն միշտ դրել է Անկարայի առաջ, երբ Թուրքիան փորձում է հայ-թուրքական սահմանի հարցով ունենալ որեւէ էական պայմանավորվածություն որեւէ կառույցի հետ: Այդպես եղավ նաեւ ԵՏՄ Աստանայի համաժողովում, երբ թուրք-ղազախ Նուրսուլթան Նազարբաեւը կարդաց թուրք-ադրբեջանցի Իլհամ Ալիեւի նամակը:
Առհասարակ Անկարան էլ դեմ չէ գործածել Բաքվի դժգոհության գործոնը, քանի որ Թուրքիայի համար էլ հայ-թուրքական սահմանը կարեւոր է, նաեւ Արցախի հետ փաթեթով: Այս իրավիճակում Ռուսաստանի, Ղազախստանի ու Թուրքիայի համար հարցի առավել հեշտ լուծումը Հայաստանի անդամակցության հետաձգման շարունակականությունն է, հանուն Թուրքիայի հետ նշմարվող հետաքրքրությունը շարունակելու: Այդ գործընթացը նրանց համար դարձել է շատ ավելի հեռանկարային ու հարուստ՝ ընդ որում ազատ առեւտրի ռեժիմի հաստատման նպատակով: Այստեղ աշխարհաքաղաքական առումով Անկարայի եւ Բաքվի գործընկերությունը Մոսկվայի համար կդառնա առաջնային: Բայց դա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը ատամ ցույց չի տա: Իսկ Եվրոպան, նաեւ Միացյալ նահանգները կարծես դեմ չեն այդ հարցում աջակցել Հայաստանին, ինչից էլ պետք է օգտվել:
Ռուսաստանի հետ միայն իր նման՝ բռի եւ անշնորհակալ քաղաքականությամբ է կարելի հասկացնել ինչ-որ բան: Բայց դա չպետք է լինի մի այնպիսի խաղ, որ Ռուսաստանի «հասկանալու» դեպքում Արեւմուտքը «չխռովի» մեզանից:
Պետք է գործել Իրանի եւ արաբական որոշ երկրների հետ: Ռուս-թուրք-ադրբեջանա-ղազախական տարածաշրջանային կապը Իրանին սպառնում է թողնել լուսանցքում: Իզուր չէ, որ Թեհրանը երկաթուղային կապի եւ գազատար խողովակի նոր տարբերակները առաջարկում է Հայաստանի հետ: Անգամ Նախիջեւանը ազատ տնտեսական գոտի հայտարարելու փաստը այդ մասին է խոսում: Թեհրանը Երեւանին առաջարկում է հանդես գալ այլընտրանքային գործընթացներով, ինչը եւս պետք է ծանրութեթեւ անել:
Հայաստանն առայժմ մասնակիորեն կարողանում է մերժել Ռուսաստանին, բայց դա դեռ չի գրգռում Մոսկվային, որը ճգնաժամային վիճակում է հայտնվել Ուկրաինայում:
Հետո գուցե ավելի դժվար լինի, ուստի Երեւանը պետք է շտապի որոշ քայլերում:
Արամ Ավետյան
Դաշնակցու՞մ ենք, թե՞ հանձնվում
Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում այդ երկրի նախագահը մի շարք տարօրինակ հայտարություններ է արել:
Մասնավորապես ասել է, որ «Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության գրավականն այն է, որ նա դաշինքների մեջ չի մտնում, քանի որ ցանկացած դաշինք ենթադրում է սուվերենության զիջում, ինչը հաճախ չի համապատասխանում պետության շահերին»: Սա ասվել է՝ քար նետելով Եվրոպայի ուղղությամբ, որ նշանակում է՝ եվրոպական համագործակցությունը որոշումներ է կայացնում հատկապես ԱՄՆ-ից ղեկավարվող ՆԱՏՕ-ական ռազմական դաշինքի թելադրմամբ (ուկրաինական հարցում հիմնական հակամարտությունը ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ է): ՆԱՏՕ-ն էլ համարվում է Եվրոպայի փրկիչը Ռուսաստանից (ինչպես հայտարարում է Միացյալ Նահանգները), ինչն էլ նշանակում է՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան եւ այլ եվրոպական պետություններ գործում են «սուվերենության զիջում»-ը չնկատելով…
Իրականում Եվրոպական վերոնշյալ եռյակը ցանկանում է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը Վաշինգտոնի սրտով չէ:
Ինչեւէ: Ռուսաստանը պաշտոնապես մտնում է առնվազն մեկ դաշինքի՝ Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի (ՀԱՊԿ) մեջ, ինչը հերքել հնարավոր չէ: Հաստատ նախագահ Պուտինը դա չէր մոռացել: Իսկ եթե այդպես է, ապա նրա հայտարարությունը մի քանի բան է նշանակում: 1. Ի լուր աշխարհի հայտարարվում է, որ ՀԱՊԿ-ն այլեւս հեռանկար չունի եւ հայտարարման պահից այլեւս գոյություն չունի: 2. ՀԱՊԿ-ն բացառապես ռուսաստանյան ծառայություններ է մատուցում եւ մյուս երկրներն իրենք թող մտածեն իրենց «սուվերենության զիջում»-ը թույլ չտալու մասին…
Հիշեցնենք, որ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն մի կառույց է, որի անդամների մեծ մասը համաթուրքական դաշինքում են նաեւ, ուստի հայտնի չէ «Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան-Ադրբեջան հակամարտություններում այս դաշինքը Հայաստանի՞ն կպաշտպանի, թե՞ մյուսներին… Իսկ եթե խոսքը միայն Ռուսաստանի ու Բելառուսի մասին է, ապա սրանք էլ զանգվածային ոչնչացման զենքեր են վաճառում Ադրբեջանին… Այսինքն՝ ՀԱՊԿ-ն որպես անվտանգության երաշխավոր՝ պատրանք է, այն էլ՝ վտանգավոր»:
Փաստացի Վլադիմիր Պուտինը հայտարարել է նման մի բան, որ ՀԱՊԿ-ն ընդամենը թղթի վրա գոյություն ունեցող կառույց է, իսկ իրականում այն չկա: Կամ էլ՝ իսկապես համարվում է ռուսական բանակի մաս: Այլապես ինչպե՞ս է հնարավոր ասել, թե «Ռուսաստանը որեւէ դաշինքի մեջ չի մտնում եւ դրանում է ինքնիշխանության գրավականը»: Եթե ՀԱՊԿ-ն Ռուսաստանի շահերով է առաջնորդվելու, նշանակում է ԱՊՀ անդամ երկրները, կամա թե ակամա, դառնում են Ռուսաստանի Դաշնության որոշակի մաս: Սա արդեն լուրջ ահազանգ է Եվրասիական միության ճանապարհին: Ռուսաստանի գործիքը չի կարելի ազգային անվտանգության երաշխիք դիտարկել:
Ավելին՝ սա կարելի է համարել մի հայտարարություն, որում ասվել է իրողությունը, այն, որ Ռուսաստանը չի կարող լինել որեւէ պետության դաշնակից, չի կարող որեւէ պետության շահ ընկալել ու ճանաչել համարժեք, ի վիճակի չէ դաշնակցի շահի համար գնալ ինչ-որ փոխզիջման: Այսինքն՝ մեր դեպքում ստացվում է այսպես՝ ինչպե՞ս կարող է Ռուսաստանը հավասար լինել Հայաստանին, ՀԱՊԿ-ն պարզապես Ռուսաստանի հետ դաշնակցելու տեղ է… Նման հայտարարություն հենց այնպես չի արվում եւ միանշանակ զգաստացնող պիտի լինի:
Գուցե հենց այնպես չէր, որ 1 տարի առաջ Մոսկվա՝ պատասխան այց կատարած Թուրքիայի վարչապետ Էրդողանը Սանկտ-Պետերբուրգում նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Թուրքիան հետաքրքրված է Մաքսային միության կամ Եվրասիական միության հետ ազատ առեւտրի հեռանկարով: Մինչ այդ, 2013-ի հոկտեմբերին, Մինսկում ՄՄ Վեհաժողովի ժամանակ Թուրքիայի դիմումի մասին հայտարարել էր Ղազախստանի նախագահ Նազարբաեւը: Դա այն Վեհաժողովն էր, որում առաջին անգամ Հայաստանի առաջ դրվեց անդամակցության Արցախի պայմանը: Իսկ Աստանայում այդ պայմանը նույն Նազարբաեւն ամրագրեց Ադրբեջանի նախագահ Ալիեւի նամակով…
Ու՞ր եւ ինչի՞ համար է գնում Հայաստանը:
Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 26 (331), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



