ՀԱՊԿ-ն մի կառույց է, որի անդամների մեծ մասը համաթուրքական դաշինքում են նաեւ,… Հայաստանի ՄՄ-ին անդամակցությունը կձգվի առնվազն 1 տարի… Հայաստանի եւ Արցախի միջեւ մաքսակետեր չեն լինի…

Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում այդ երկրի նախագահը մի շարք տարօրինակ հայտարություններ է արել:

Մասնավորապես ասել է, որ «Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության գրավականն այն է, որ նա դաշինքների մեջ չի մտնում, քանի որ ցանկացած դաշինք ենթադրում է սուվերենության զիջում, ինչը հաճախ չի համապատասխանում պետության շահերին»: Սա ասվել է՝ քար նետելով Եվրոպայի ուղղությամբ, որ նշանակում է՝ եվրոպական համագործակցությունը որոշումներ է կայացնում հատկապես ԱՄՆ-ից ղեկավարվող ՆԱՏՕ-ական ռազմական դաշինքի թելադրմամբ (ուկրաինական հարցում հիմնական հակամարտությունը ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ է): ՆԱՏՕ-ն էլ համարվում է Եվրոպայի փրկիչը Ռուսաստանից (ինչպես հայտարարում է Միացյալ Նահանգները), ինչն էլ նշանակում է՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան եւ այլ եվրոպական պետություններ գործում են «սուվերենության զիջում»-ը չնկատելով…

Իրականում Եվրոպական վերոնշյալ եռյակը ցանկանում է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը Վաշինգտոնի սրտով չէ: 

Ինչեւէ: Ռուսաստանը պաշտոնապես մտնում է առնվազն մեկ դաշինքի՝ Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի (ՀԱՊԿ) մեջ, ինչը հերքել հնարավոր չէ: Հաստատ նախագահ Պուտինը դա չէր մոռացել: Իսկ եթե այդպես է, ապա նրա հայտարարությունը մի քանի բան է նշանակում: 1. Ի լուր աշխարհի հայտարարվում է, որ ՀԱՊԿ-ն այլեւս հեռանկար չունի եւ հայտարարման պահից այլեւս գոյություն չունի: 2. ՀԱՊԿ-ն բացառապես ռուսաստանյան ծառայություններ է մատուցում եւ մյուս երկրներն իրենք թող մտածեն իրենց «սուվերենության զիջում»-ը թույլ չտալու մասին…

Հիշեցնենք, որ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն մի կառույց է, որի անդամների մեծ մասը համաթուրքական դաշինքում են նաեւ, ուստի հայտնի չէ «Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան-Ադրբեջան հակամարտություններում այս դաշինքը Հայաստանի՞ն կպաշտպանի, թե՞ մյուսներին… Իսկ եթե խոսքը միայն Ռուսաստանի ու Բելառուսի մասին է, ապա սրանք էլ զանգվածային ոչնչացման զենքեր են վաճառում Ադրբեջանին… Այսինքն՝ ՀԱՊԿ-ն որպես անվտանգության երաշխավոր՝ պատրանք է, այն էլ՝ վտանգավոր»:

Փաստացի Վլադիմիր Պուտինը հայտարարել է նման մի բան, որ ՀԱՊԿ-ն ընդամենը թղթի վրա գոյություն ունեցող կառույց է, իսկ իրականում այն չկա: Կամ էլ՝ իսկապես համարվում է ռուսական բանակի մաս: Այլապես ինչպե՞ս է հնարավոր ասել, թե «Ռուսաստանը որեւէ դաշինքի մեջ չի մտնում եւ դրանում է ինքնիշխանության գրավականը»: Եթե ՀԱՊԿ-ն Ռուսաստանի շահերով է առաջնորդվելու, նշանակում է ԱՊՀ անդամ երկրները, կամա թե ակամա, դառնում են Ռուսաստանի Դաշնության որոշակի մաս: Սա արդեն լուրջ ահազանգ է Եվրասիական միության ճանապարհին: Ռուսաստանի գործիքը չի կարելի ազգային անվտանգության երաշխիք դիտարկել:

Ավելին՝ սա կարելի է համարել մի հայտարարություն, որում ասվել է իրողությունը, այն, որ Ռուսաստանը չի կարող լինել որեւէ պետության դաշնակից, չի կարող որեւէ պետության շահ ընկալել ու ճանաչել համարժեք, ի վիճակի չէ դաշնակցի շահի համար գնալ ինչ-որ փոխզիջման: Այսինքն՝ մեր դեպքում ստացվում է այսպես՝ ինչպե՞ս կարող է Ռուսաստանը հավասար լինել Հայաստանին, ՀԱՊԿ-ն պարզապես Ռուսաստանի հետ դաշնակցելու տեղ է…

Նման հայտարարություն հենց այնպես չի արվում եւ միանշանակ զգաստացնող պիտի լինի:

Գուցե հենց այնպես չէր, որ 1 տարի առաջ Մոսկվա՝ պատասխան այց կատարած Թուրքիայի վարչապետ Էրդողանը Սանկտ-Պետերբուրգում նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Թուրքիան հետաքրքրված է Մաքսային միության կամ Եվրասիական միության հետ ազատ առեւտրի հեռանկարով: Մինչ այդ, 2013-ի հոկտեմբերին, Մինսկում ՄՄ Վեհաժողովի ժամանակ Թուրքիայի դիմումի մասին հայտարարել էր Ղազախստանի նախագահ Նազարբաեւը: Դա այն Վեհաժողովն էր, որում առաջին անգամ Հայաստանի առաջ դրվեց անդամակցության Արցախի պայմանը: Իսկ Աստանայում այդ պայմանը նույն Նազարբաեւն ամրագրեց Ադրբեջանի նախագահ Ալիեւի նամակով…

Ու՞ր եւ ինչի՞ համար է գնում Հայաստանը:

Վահագն Նանյան

* * *

Ինչպե՞ս են ազդելու Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցները:

Էկոնոմիկայի նախարարի կարծիքով, այդ ազդեցության մասին խոսելը նպատակահարմար չէ երկու պատճառով: «Հստակ չէ՝ ինչ որոշակի տեսք կունենան պատժամիջոցները« որ ձեռնարկությունների կամ տնտեսական որ բնագավառի վրա կտարածվեն: Բացի այդ՝ պատժամիջոցներն անխուսափելիորեն կրում են երկկողմանի բնույթ եւ, որպես կանոն, անդրադառնում են նաեւ դրանց հեղինակների վրա: Այդ պատճառով դժվար է կանխատեսել՝ ինչպես այդ պատժամիջոցները կանդրադառնան Ռուսաստանի« առավել եւս՝ Հայաստանի վրա»:

* * *

Հայաստանի եւ Արցախի միջեւ մաքսակետեր դնելը ուղղակի ձեւակերպման տեսակն է, իսկ հիմքում ընկած է ռուսական զորքերը որպես տարածաշրջանային խաղաղարար ուժեր Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ տարածաշրջան մտցնելը, որին բնականաբար դեմ են Ֆրանսիան եւ ԱՄՆ, որովհետեւ այդ դեպքում իրապես Ադրբեջանն ամբողջովին կտրվում է ԵՄ-ի հետ այն հարաբերությունների մակարդակից, որը հիմա գոյություն ունի:

Մենք պետք է հավասարակշռված, բայց կտրուկ լինենք, որպեսզի կարողանանք Կրեմլի պահանջներին դեմ գնալ…

* * *

Հայաստանի ՄՄ-ին անդամակցությունը կձգվի առնվազն 1 տարի: Արդեն հայտարարվում է, որ անդամակցության հարցը կլուծվի հոկտեմբերի վերջին: Բայց այդ հայտարարությունը որեւէ երաշխիք չէ, որ հենց այդպես էլ կլինի: Ոչ այն պատճառով, որ ասողը ընդամենը Հովիկ Աբրահամյանն էր: Օրեր առաջ նույն բանը նաեւ Ղազախստանի արտգործնախարարն էր ասել: Խնդիրն այն է, որ Հայաստանի անդամակցության հարցը դարձել է ածանցյալ:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը առկախվել է, քանի որ մեր բարի կամեցողները (բարեկամ դաշնակիցները) ավելի կարեւոր խնդիրներ ունեն: Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը, նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը եվրասիական խաղերը դարձրել են սեփական շահերի խաղարկման վայր: Եթե Մոսկվայի համար Անկարայի հետ պայմանավորվածությունը կարեւոր է Աստանա-Բաքու-Անկարա գործակցային առանցք թույլ չտալու համար, ապա Հայաստանն իսկը այդ առանցքը խախտող երկրներից է: Բազմիցս է նշվել, որ այդ ուղղահայաց առանցքին կարող է հակադրվել Մոսկվա-Երեւան-Թեհրան ուղղահայաց առանցքը, բայց Մոսկվան դա անտեսեց: Իսկ այժմ թե Երեւանը, թե Թեհրանը չեն հավատում ռուսական ազնվությանը:…

Եվ Մոսկվան թուրքական ճամբարում փորձում է հակաթուրքական խաղեր տալ: Անիմաստ է, ավելին՝ այդ ընթացքում կորցնում է իրական դաշնակիցներին:

«Լուսանցք» թիվ 26 (331), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։