Վրաստանն ընդդեմ Հայաստանի՞, թե՞ աշխարհաքաղաքական շահեր – Հայության տարածաշրջանային նոր մտահոգությունները՝ Արեւմուտք-Ռուսաստան լարվածության համապատկերում…

Հերթական վրացական սադրանքը նորից հիշեցրեց, որ տարածաշրջանում Հայաստանը հույսը միայն իր եւ աշխարհասփյուռ հայության վրա պետք է դնի: Վրացիները դեռ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու բերանով հայտարարել էին, թե եղբայր են թուրքերի ու ադրբեջանցիների հետ, ինչը հաստատուն շարունակում են ցայսօր:

Թբիլիսիի դեպքերին անդրադարձել է նաեւ Էջմիածինը. «Մայր Աթոռը դապարտում է Հավլաբարի սբ. Էջմիածին եկեղեցում կատարված բռնարարքները: Վիրահայոց թեմի ներկայացրած տեղեկատվության համաձայն, ս/թ հուլիսի 19-ին, Թբիլիսիում, ծայրահեղ ազգայնամոլ տրամադրվածությամբ շուրջ 50 անձանց կողմից ոտնձգություն է կատարվել նշված եկեղեցու նկատմամբ, որի ընթացքին անարգալից ու հայհոյական արտահայտությունների ուղեկցմամբ ծեծի են ենթարկվել եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի պաշտոնյաներ եւ այդ պահին եկեղեցում գտնվող հայ հավատացյալներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր խորը մտահոգությունն է հայտնում կատարվածի առնչությամբ եւ դատապարտում ազգային թշնամանք ու կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը: Սադրիչ սույն ոտնձգությունը ցավալի հետեւանքն է վերջին տարիներին Վրաստանում տարբեր կազմակերպությունների ու անհատների՝ այդ թվում վրաց որոշ հոգեւորականների կողմից տարածվող հակահայկական տրամադրությունների: Ծայրահեղական նման դրսեւորումները անհարիր են հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ոգուն, որը պատմական մեր ընդհանուր անցյալի թանկ ձեռքբերումներից է»:

Ամեն անգամ զարմանում ենք, երբ խոսում են «հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ոգու» կամ «դարավոր բարեկամության» մասին: Չկա նման բան, կա դարավոր հարեւանություն (չնայած մենք հազարամյակներ շարունակ մեր կողքին չենք տեսել այս՝ զոռով խցկված հարեւաններին), որը երբեք շահեկան չի եղել հայերի համար… Ինչպես կարող էր լինել շահեկան, երբ վրացին, ինչպես թուրքն ու ադրբեջանցին, անգամ բնիկ հարեւան պարսիկը, հետո ռուսն ու մնացյալը… բոլորը ներխուժեցին ու բզկտեցին Հայք-Հայաստանն ու հայությանը: Այսօր տեր են դարձել մեր հայրենիքի տարբեր հատվածներին, արժեքներին եւ սրբություններին ու դեռ «դարավոր բարեկամնե՞ր են»… Գուցե մեր այս ստե՞րն են մեզ հասցնում ստորացման: Արժե՛ մտածել…

Իսկ Էջմիածինն ամեն դեպքում ակնկալում է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատվության կենթարկեն եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած բոլոր անձերին եւ «կապահովեն Վրաստանում Հայ Եկեղեցու եւ հայ համայնքի անվտանգությունն ու կյանքի բնականոն ընթացքը»:

«Այն, ինչ տեղի է ունեցել հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, երբեւէ չի կարող տեղավորվել մարդկային տրամաբանության շրջանակներում: Որոշ ազգերի ագրեսիվ դրսեւորումները՝ այն էլ հոգեւորականների նկատմամբ, արժանի է օրենքի խստագույն պատժի»,- ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա, խնդրի հետ կապված՝ երկու կողմերը տարբեր վարկածներ են ներկայացնում, բայց այն, որ «մտել են Հայ Առաքելական Եկեղեցի եւ ծեծի են ենթարկել, թե՜ եկեղեցու սպասավորներին, թե՛ հայ համայնքի ներկայացուցիչներին՝ մտահոգիչ փաստ է, անընդունելի ու աննախադեպ միջադեպ է»:

Պատգամավորին արդարացիորեն զարմացրել է, որ «Վրաստանում մեր լեգենդար դեսպան Յուրի Վարդանյանն այս 2 օրերին տվյալ խնդրին որեւէ կերպ չի անդրադարձել: Մենք դեսպանի ձայնը չենք լսել, գոնե մտահոգությունը չտեսանք, իսկ մենք զգուշացնում էինք, որ չի կարելի դեսպան նշանակել մեկին, ով տարրական պատկերացում անգամ չունի դիվանագիտական աշխատանքից: Ես չեմ ասում թող դեսպանը միջամտի իրավապահ համակարգի գործունեությանը, բայց դեսպանը գոնե որպես հայ մարդ, որպես ՀՀ քաղաքացի, որպես Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան իր մտահոգությունը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ առնվազն պետք է հայտներ»:

Որոշ պատգամավորներ էլ կարծում են, թե սա անհեռանկար, անարդյունավետ մեր արտաքին հարաբերությունների հետեւանքն է: Նման հարձակումները հիմնականում քաղաքական բնույթ են կրում եւ պետք է նկատել, որ սա հարձակման առաջին դեպքը չէ, շատ հարձակումներ են եղել ու ոչ միայն Թբիլիսիում, նաեւ բուն հայկական Ջավախքում:

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ մի խումբ վրացիներ հարձակվել են եկեղեցու հայ հոգեւորականների եւ հյուրերի վրա հակահայ, ատելությամբ լի արտահայտություններով: Ըստ հայտարարության, ամեն ինչ սկսել է այն բանից հետո, երբ մի աղջիկ, թե կին, որոշել է եկեղեցու մոտ կայանել մեքենան, ու քանի որ տեղ շատ չի եղել, դժվարություն է ունեցել: Հայերը օգնություն են առաջարկել, իսկ նա էլ կոպիտ մերժել է, հետո կանչել իր ընկերներին, ինչից էլ սկսել է միջադեպը: Թվում է՝ ամեն ինչ սկսել է կենցաղային խնդրից, բայց Վիրահայոց թեմը նշել է, որ, մեղմ ասած, սա ազգամիջյան բախման հաղորդագրություն է հիշեցնում: Որ Վրաստանի հանրային շրջանակների մի զգալի մասում կա հայերի հանդեպ բացասական վերաբերմունք, որն արտահայտվում է հատկապես Վրաստանում հայկական եկեղեցիների ու մշակութային այլ կոթողների հանդեպ ժամանակ առ ժամանակ բացասական դրսեւորումներով, նորություն չէ:

Բայց այժմ, ըստ մեկնաբանների, հաստատ ամենաանհարմար պահը չէ այդպիսի վերաբերմունքի դրսեւորման համար, երբ հայ-վրացական հարաբերությունն այնքան էլ բարվոք է, ինչպես թվում է:

Այս քայլը կարող է դառնալ հարձակում Հայաստանի ու Վրաստանի վրա: Կովկասի կայունության համար առանցքայինը կարծես թե Արցախի գոտին է, բայց հայ-վրացական գոտին դրան հաստատ չի զիջում՝ հատկապես նկատի ունենալով մի շարք շրջանակների բացասական վերաբերմունքը հայերի եւ հայկական ամեն ինչի հանդեպ: Ի վերջո, Ջավախքը կարող է լրջագույն գործոն դառնալ, որին Վրաստանը հաստատ չի դիմանա այս քաղաքականությամբ:

Արցախում որեւէ բան սադրելու համար պետք է ինչ որ դիվերսիոն լուրջ գործողություն կատարվի կամ հրետակոծում լինի վնասարար, որ վիճակը ապակայունանա, իսկ Վրաստանում կարելի է մի սադրիչ կնոջ կամ տղամարդու միջոցով կրքեր բորբոքել… Արդյո՞ք վրացիները սա կհասկանան: Դրանից Հայաստանն ու Վրաստանը, այդ թվում վիրահայությունը հաստատ չի շահի: Կշահեն նրանք, ում համար տարածաշրջանի ապակայունացումը դարձել է աշխարհաքաղաքական ռազմավարության կարեւոր նպատակ: Խոսքը Ռուսաստանի մասին է, որը մխրճվել է ուկրաինական խնդրի մեջ եւ վախենում է Կովկասում զիջել դիրքերը, հատկապես, որ միակ գործընկեր Հայաստանը արդեն հուսախաբ է եղել Մոսկվայի անպատասխանատու խաղերից… Իհարկե, ուկրաինական դեպքերից կարող է օգտվել նաեւ Արեւմուտքը՝ եւս մեկ ճակատ բացելով Ռուսաստանի համար Կովկասում: Ամենեւին չանտեսելով վրացիների ստոր վերաբերմունքը հայերի նկատմամբ, գուցե այս ամենը հայ-վրացական գոտին ապակայունացնելու համա՞ր է արվում: Գուցե անգամ Թբիլիսիու՞մ տեղյակ չեն:

Ուկրաինական իրադարձություններից հետո Վրաստանում լուրջ մտավախություններ ունեն, որ Մոսկվան կփորձի նույնը կրկնել նաեւ Թբիլիսիի հանդեպ, բայց արի ու տես, որ փոխանակ արագ արձագանքելու սադրիչներին, ինչ-որ տարբերակներ են առաջ քաշում, թե հայերն են սկսել միջադեպը:

Եթե ապակայունացումը հանդիսանա միայն հարձակում Վրաստանի վրա, ապա մենք կարող ենք Ջավախքի հարցը առաջ քաշել եւ հաջողել, բայց չի բացառվում, որ հարձակում կարող է լինել նաեւ Հայաստանի վրա: Իսկ թե որտեղից, արդեն գիտենք՝ Եվրամիություն-Եվրասիամիություն խաղերից… Զուր չէ, որ իրանական կողմը եւս աշխուժացել է:  Իրանի դեսպանը Երեւանում խոսել է տարածաշրջանի անվտանգության խնդիրների մասին, երբ Ուկրաինայում տեղի ունեցած օդային աղետը Ռուսաստանին դրել է չափազանց ծանր դրության մեջ:

Քաղաքագետների մի մասը վստահ է՝ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, մալազիական ինքնաթիռի կործանումը եւ, որպես դրա հետեւանք՝ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների լարման նոր փուլը, իր ազդեցությունն է թողնելու Հարավային Կովկասում: Վրաստանում ազգային-կրոնական հողի վրա հրահրվող բախումները ակնհայտորեն ձեռնտու են առաջին հերթին Ռուսաստանին. վստահ են վերլուծաբանները եւ մտավախություն են հայտնում, որ հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանի բախումները եւս կարող են բորբոքվել:

Բայց Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի Հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը այնուամենայնիվ կարծում է, որ «եկեղեցու դեմ հարձակումը տեղի է ունեցել կրոնական եւ ազգային ատելության հողի վրա, եւ դատապարտում է հայկական եկեղեցու դեմ կատարվածը, պահանջում Վրաստանի իշխանություններից՝ օրենքի ողջ խստությամբ պատժել հայ առաքելական եկեղեցու վրա հարձակված հանցագործներին»: Կոչ են հղել Վրաստանում գործող բոլոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցներին, Եվրոպական դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ուշադրությամբ հետեւել ազգային եւ կրոնական հողի վրա տեղի ունեցած ոճրագործության բացահայտման ու մեղավորների պատժման գործընթացին:

Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ջավախահայության անունից հանդես է եկել ազգային գործիչ Վահագն Չախալյանը. «Դատապարտում ենք 2014թ. հուլիսի 19-ին Թբիլիսիի սբ. Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու վրա իրականացված հարձակումը: Օրը ցերեկով, մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից իրականացված նման ոտնձգությունը հայոց սրբավայրի նկատմամբ ոչ միայն անընդունելի եւ դատապարտելի է, այլ նաեւ՝ օրենքով պատժելի:

Արդ, Վրաստանում ազգային եւ կրոնական բաղադրիչ պարունակող ցանկացած պառակտում կանխելու նպատակով կոչ ենք ուղղում Վրաստանի իրավապահ եւ քաղաքական մարմիններին՝ անհապաղ բացահայտել, հրապարակել կրոնական եւ ազգային հողի վրա իրականացված հանցագործության կազմակերպողների եւ մասնակիցների ինքնությունը եւ օրենքի ամենայն խստությամբ նրանց ենթարկել պատասխանատվության:

Այս առիթով վերահաստատում ենք մեր քաղաքական կամքը՝ հնարավոր բոլոր դեպքերում եւ զարգացումներում, հետեւողականորեն շարունակելու պայքարը ջավախահայության եւ Վրաստանի ամբողջ հայության արդար իրավունքների եւ անվտանգության պաշտպանության համար»:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 26 (331), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։