Ցավոտ հարցեր – «Քարդաշյաններին» նորից կարոտեցինք – Թեկուզ արտոնյալ, բայց սա նշանակում է նոր պարտքերի կուտակում, ու այնպիսի տպավորություն է, որ մենք սեփական ուժերով ոչ մի հարց չենք կարողանում լուծել…

Երբ մեր կառավարությունը եվրապարտատոմսեր թողարկեց ու վաճառեց, «Լուսանցք»-ը գրեց. «Միայն թե եվրապարտատոմսեր տպելու մոլուցքով չտարվենք»: Մտահոգություն ունեինք Հունաստանի օրն ընկնելու: Երբ կառավարությունում մտավախությունս հնչեցրի, ֆինանսների մեկ տարի առաջվա նախարար Դավիթ Սարգսյանը ասաց, որ դրա կարիքն ընդհանրապես չկա, եւ բացի այդ, ՀՀ-ն մեկ էլ եվրապարտատոմսեր գուցե թողարկի տարիներ անց: Հնարավո՞ր է, որ այդ տարիներ անցը հենց 2014թ. գա: Այս հարցադրմանն ի պատասխան էլ որոշակի ոչինչ չհնչեց: Հիմա՝ ցավոք, ճիշտ դուրս եկա, տարիներ անցը ընդամենը 1 տարի անց եղավ: Ուրեմն՝ մտահոգությունս էլ հուզական դաշտից չէր:

Գանք սկզբից:

Դեռ մեկ տարի առաջ Հայաստանի կառավարությունը «Քարդաշյան» անունը ստացած եվրապարտատոմսերի վաճառքից եկած գումարով միանգամից մարեց ռուսական 500 մլն դոլար վարկը եւ, ընդ որում, մարեց ամբողջությամբ: Թե չէ Ռուսաստանն այդ վարկի պատճառով մեր քթից բռնած ինչ իմանաս ինչեր էր ուզելու: Տնտեսական լեզվով ասած՝ տարեկան 44 մլն դոլար ավել վճարելուց պրծանք: Ավելի պարզ՝ Հայաստանը վաղաժամկետ եւ փաստորեն ամբողջությամբ մարեց ռուսական վարկը: Ավելի ստույգ՝ 500 մլն դոլար վարկի մնացորդը՝ 440 մլն դոլար, որը ներառում է ինչպես մայր գումարի մնացորդի, այնպես էլ հաշվարկված տոկոսների պարտքը: Եվ այդ վարկը մարվեց հենց սեպտեմբերի 18-ին թողարկած 700 մլն դոլարի եվրապարտատոմսերի հաշվին։ Հիշեցնենք, որ վարկը Ռուսաստանից վերցրել էինք 2009թ.՝ 15 տարի ժամկետով, լիբոր+3 տոկոսադրույքով։ Եվ սկսած այս տարվանից պետք է տարեկան մոտ 44 մլն դոլար վճարեինք մայր գումարի մարման նպատակով։ Քաղաքական լեզվով էլ ասած՝ մենք տվեցինք պարտքը մի երկրի, որ հարյուրավոր միլիոններ ներեց աֆրիկյան երկրներին, բայց իր այսպես ասած ռազմավարական Հայաստանի պարտքը չներեց: Ու թե այդ լիբոր+3-ն էլ 15 տարում վրաներս ինչ կնստեր, պարզ չէ:

(Ի դեպ, այս մասին «Լուսանցք»-ը շատ է խոսել, ուստի հնաավոր է՝ կրկնվենք:)

Զուգահեռ մի խնդիր էլ կար՝ բանն այն է, որ ՀՀ-ն միջազգային ֆինանսական կառույցների կողմից (ումից ՀՀ-ն վարկեր է վերցնում) արդեն իսկ դասվում է միջին եկամուտ ունեցող երկրների շարքին: Սա նշանակում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները դադարեցնում են Հայաստանին արտոնյալ պայմաններով փոխառությունների տրամադրումը, ինչն էլ իր հերթին ընդգծում էր եվրապարտատոմսերի թողարկման անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ քանի որ Հայաստանն այլեւս արտոնյալ պայմաններով վարկեր չի ստանալու ոչ Արժույթի միջազգային հիմնադրամից, ոչ Համաշխարհային բանկից, ոչ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունից (եթե նախկինում այդ կազմակերպությունները վարկ  տրամադրում էին, որպես կանոն, 10 տարի մարման ժամկետով եւ 0,75% տոկոսադրույքով, ապա 2007թ. սկսած արտոնյալ վարկերը  նվազում են, սկսում են ավելի թանկ պայմաններով առաջարկել), պետք է ինքնուրույն ֆինանսավորում հայթայթեր։ Սրանով էլ բացատրվում է եվրապարտատոմսերի թողարկումը:

Դրանք, ի դեպ, շատ արագ սպառվեցին: Սեպտեմբերի 18-ին թողարկվեցին, եւ սեպտեմբերի 30-ին ամբողջ գումարը տեղափոխվեց ՀՀ կառավարության հաշվեհամարներին: Եվրապարտատոմսերը ձեռք են բերել 152 ներդրողներ՝ աշխարհի բոլոր ֆինանսական կենտրոններից։

Համենայնդեպս, ֆինանսների այն ժամանակվա նախարար Դավիթ Սարգսյանը այդ էր ասում, որ մենք կախված չենք 1 կամ 2 ներդրողից: Ներդրողների 42%-ը ԱՄՆ-ից է, 23%-ը՝ Մեծ Բրիտանիայից, 17%-ը՝ մայրցամաքային Եվրոպայից, ներդրողներ կան նաեւ աշխարհի մյուս ֆինանսական կենտրոններից։ Պահանջարկը կազմել է 2,7 մլրդ դոլար« թեեւ հետո հայտերը հասել են 3 մլրդ դոլարի։

Իսկ արդյո՞ք ՀՀ-ից գնորդներ չեն եղել: Պատասխան չհնչեց:

Թե ինչպես էր ծախսվելու այդ 700 մլն-ը, դա էլ էր հայտնի: 1. Արդեն ասացինք՝ ռուսական վարկն է մարվելու: 2. Գործադիրը որոշեց նաեւ ՀՀ ԿԲ-ում բացել արտաբյուջետային բանկային հաշիվ՝ բյուջետային վարկերի տրամադրման, մարվող գումարների մուտքագրման եւ նոր վարկերի տրամադրման գործառնություններն առանց նախահաշվի սպասարկելու նպատակով։ ԿԲ-ին կտրամադրվի 60.828.000.0 հազ. դրամ բյուջետային վարկ մինչեւ 2020թ. սեպտեմբերի 15-ը մարման ժամկետով, տարեկան 7% տոկոսադրույքով, առանց գրավի, վարկի հիմնական գումարը վարկի մարման վերջնաժամկետում միանվագ մարելու, իսկ հաշվարկվող տոկոսները յուրաքանչյուր օրացուցային տարվա մարտի 15-ին եւ սեպտեմբերի 15-ին՝ սկսած 2014թ. մարտի 15-ից, մարելու պայմանով։

3. «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությանը՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրերի ֆինանսավորման նպատակով կտրամադրվի 3.900.000 հազ. դրամ բյուջետային վարկ՝ դարձյալ նույն կերպ մարելու պայմանով։ Վարկային այս կազմակերպության հետ կկնքվի համապատասխան պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ ՀՀ ֆինանսների նախարարության նկատմամμ վարկառուի վարկային պարտավորության ապահովման նպատակով կիրառվում է շահառուների նկատմամբ ենթավարկի պահանջի իրավունքի գրավադրում, ընդ որում 50 մլն դրամ եւ ավելի վարկերի դեպքում գրավադրումը կատարվում է նախքան ենթավարկի տրամադրումը, իսկ մինչեւ 50 մլն դրամ կազմող ենթավարկերի դեպքում վարկառուն պարտավոր է գրավադրումը կատարել ֆինանսների նախարարության պահանջի դեպքում՝ եթե ծրագրի ընթացքում վարկառուի ֆինանսական վիճակը վատթարանում է։

4. «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպությանը» կուղղվի 1.950.000 հազ. դրամ։

Մնացյալն էլ, ըստ Դավիթ Սարգսյանի, պետք է ուղղվեր պետական պարտքի կառավարմանը։

Գանք այլ հարցի՝ փաստորեն մենք ռուսական պարտքը մարելու համար պարտք արեցինք: Ռուսական պարտքը, ճիշտ է, տվեցինք, բայց այդ 700 մլն-ն էլ մնաց մեր շլինքին, որը 2020թ. արդեն 1 մլրդ է դառնալու:

Հետո ինչպե՞ս ենք մարելու այդ 1 մլրդ-ը, չհաշված մեր մյուս արտաքին պարտքերը: Այստեղ է, որ մտավախությունը մեր հնչեցրինք: Իրականում պարտատոմսեր տպելը վատ բան չէ, բայց արդյո՞ք դրա ռիսկայնությունը հաշվարկված էր մեր տնտեսական տեղաշարժերի եւ հնարավոր ծավալումների համապատկերում:

Կամ՝ մտավախություն չկա՞, որ Հունաստանի օրը ընկնենք: Ճիշտ է, Հունաստանը մեր օրին չէր, բայց մեզնից վատ վիճակում է արդեն: Իսկ ամեն ինչ սկսվեց նաեւ այն բանից հետո, երբ պարտատոմսեր տպելն ու պարտք տալը նրա համար թմրանյութի պես մի բան դարձավ: Արդյունքում՝ հայտնվեց կրախի առաջ: Մենք կդիմանա՞նք գայթակղությանը, թե կթողարկենք, կներարկենք (պարտքը մարենք), հետո նորից կթողարկենք եւ այլն՝ գործնականում չպակասեցնելով մեր արտաքին պարտքի չափը, դեռ ավելին՝ ավելացնելով։

Դավիթ Սարգսյանը այն ժամանակ իմ այս հարցադրումներին ի պատասխան հստակ երաշխիքներ չտվեց, որ այդպես չի լինի:

Ավելին՝ չբացառեց« որ ապագայում կարող են կրկին թողարկումներ իրականացվել, բայց տրամաբանական համարեց, որ դա 7 տարի հետո կարվի։ Իսկ գուցե այդ 7 տարին հենց 2014թ. գա՞: Այս դիտարկան պատասխանն էլ օդում մնաց, որ… մեր դռնից կախվեց 1 տարի անց ընդամենը:

Կամ՝ ասում են, որ մեր արտաքին պարտքի չափը ռիսկային չէ, քանզի ՀՆԱ-ի 50%-ին չի հասել: Ի՛նչ է, որ 49,9% լինի, ռիսկային չի լինելու՞: Ի՞նչ երաշխիք, որ վաղը մեր պարտատերերը մեզ դեֆոլտի առաջ չեն կանգնեցնի: Ինչպե՞ս ենք կառավարելու մեր պարտքերը:

Սրանք հարցեր են, որոնց շուրջ պաշտոնյաները խոսում են, բայց ոչ այն մասին, թե ինչպես ենք կառավարելու, նոր պարտքեր չմարելու, այլ՝ որ «կառավարելու ենք շատ հանգիստ»:

Չեմ հասկանում, թե հանգիստը որն է, երբ պարտք ենք ոչ միայն ես ու իմ երեխան, այլեւ՝ նրա երեխան:

Հիմա գանք նրան, թե ինչպես Դավիթ Սարգսյանի ասած 7 տարին դարձավ 1 տարի:

Երμ ուսումնասիրում էի 2015-2017թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը, հասկացա, որ եվրապարտատոմսեր թողարկելու ենք 2015թ.-ին: Պարզապես մեզ պատրաստեցին 2014թ.ից: Ու դա արվելու է «պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար»:

Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2013թ. կազմել է 43,6%: Ըստ ֆինանսների նախարարության« պարտքային բեռի նման մակարդակը գտնվում է կառավարելիության շրջանակներում: Հիմք ընդունելով կառավարության 2013թ. հաստատած՝ «Միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման» հայեցակարգը« գործադիրը, ընդլայնելով պարտքի կառավարման գործիքակազմը, առաջին անգամ մուտք է գործել միջազգային կապիտալի շուկա՝ իրականացնելով 7 տարի մարման ժամկետով 700 մլն դոլար ծավալով եվրապարտատոմսերի թողարկում, որոնց արժեկտրոնի եկամտաբերությունը 6,0% է, իսկ արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Ռիսկերի կառավարման եւ պետական պարտքի կառուցվածքի μարելավման նպատակով կառավարությունը 2013թ. հոկտեմբերի 10-ին վաղաժամկետ մարեց 2009թ. Ռուսաստանից ստացված ֆինանսական վարկի գծով առկա պարտքը՝ 478,3 մլն ԱՄՆ դոլար:

Ի դեպ, կառավարության կողմից լողացող տոկոսադրույքով ներգրաված վարկերի կշռի նվազեցման արդյունքում մեղմվել է տոկոսադրույքի ռիսկը եւ լողացող տոկոսադրույքների 1 տոկոսային կետի փոփոխության դեպքում 2015-2017թթ. համար արտաքին պարտքի գծով տոկոսային ծախսերի գծով կանխատեսվում է միջինը տարեկան մոտ 6,3 մլն դոլարի փոփոխություն՝ նախորդ ռազմավարությունում ամրագրված 9,6 մլն դոլարի փոխարեն:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամտի ցուցանիշով վերջին մի քանի տարիներին շարունակաբար գերազանցել է Զարգացման միջազգային ընկերակցության (IDA) կողմից յուրաքանչյուր տարի այդ ցուցանիշի գծով սահմանվող շեմը եւ դիտարկվել է վարկունակ՝ ՎԶՄԲ-ի պայմաններով վարկավորման տեսանկյունից, IDA-ն, հիմնվելով վերջինիս հետ ստորագրված մի շարք վարկային համաձայնագրերի դրույթների վրա, հայտնել է, որ այդ վարկերի սպասարկման գծով վճարումների ժամանակացույցերը ենթակա են վերանայման: Ի՞նչ է ենթադրում այս վերանայումը:

Դարձյալ ըստ ֆիննախի, 2 տարμերակ կար այդ վերանայման, կամ կրկնապատկվում էին վարկի մայր գումարի մարումների նախապես սահմանված մասնաμաժինները, կամ՝ պահպանելով մարման սկզբնապես ամրագրված ժամանակացույցը՝ IDA-ը սահմանում էր տարեկան տոկոսադրույք, այնպես, որ պահպանվեր նախորդ կետով սահմանված մարման ժամանակացույցի արդյունքում ստացվող վարկի արտոնյալության աստիճանը (գրանտ էլեմենտը): Հայաստանը ընտրություն կատարել է հօգուտ երկրորդ տարբերակի, եւ IDA-ն սահմանել է այդ վարկերի գծով լրացուցիչ տոկոսադրույք՝ տարեկան 1,7%-ի չափով:

Այս ամենից ելնելով՝ որոնք են լինելու 2015-2017թթ. կառավարության պարտքի կառավարման հիմնական նպատակադրումները: Դրանցից մեկը եվրապարտատոմսերին է վերաբերում փաստորեն: «Հաշվի առնելով այն, որ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանը այլեւս համարվում է միջին եկամուտ ունեցող երկիր, որի արդյունքում նվազում են արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրումը եւ այն, որ Հայաստանն արդեն իսկ մուտք է գործել միջազգային կապիտալի շուկա, կառավարությունն առաջիկա տարիներին կիրականացնի եվրապարտատոմսերի նոր թողարկումներ՝ ընթացիկ հաշվի եւ պետական բյուջեի պակասուրդների ֆինանսավորման, տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելու, ինչպես նաեւ եվրապարտատոմսերի գործիքակազմն ընդլայնելու համար». ասվում է միջնաժամկետ ծախսային ծրագրում:

Գործադիրը վստահեցնում է, թե կվերանայվեն հատկապես պարտք վերցնելու իրավասություն ունեցող մարմինների լիազորությունները, արտաքին պարտք ստանձնելու նպատակով բանակցային եւ պայմանագրերի կնքման գործընթացներին պետական մարմինների մասնակցության լիազորությունները, համայնքների կողմից պարտք ստանձնելու իրավասությունները:

Համագործակցությունը արտաքին վարկատուների հետ կշարունակվի եւ կխորացվի՝ նախապատվությունը տալով արտոնյալ պայմաններով, ազատ փոխարկելի արժույթով եւ ֆիքսված տոկոսադրույքով փոխառու միջոցներ տրամադրող վարկատուների հետ համագործակցությանը:

Թեկուզ արտոնյալ, բայց սա նշանակում է նոր պարտքերի կուտակում, ու այնպիսի տպավորություն է, որ մենք սեփական ուժերով ոչ մի հարց չենք կարողանում լուծել… Մինչդեռ իրավիճակը շտկելու ձեւեր կան:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 26 (331), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։