Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ – Զոհերի թիվը 1.5 միլիոնից ավելի է… Ինչպե՞ս է ճշտվում ցեղասպանված հայերի թիվը – ցեղասպանվել են ինչպես Արեւմտյան, այնպես էլ Արեւելյան Հայաստանում…

Մոտենում է Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցը: Կառավարությունը նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող պետական հանձնաժողով: Այդ տարելիցին դիմավորելու կարեւոր խնդիրներից մեկն է ճշտել, հնարավորինս պարզել՝ որքան է եղել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը: Ասենք, որ ներկայումս լայն շրջանառության մեջ է 1,5 միլիոն թիվը:

Ինչ խոսք, այդ թվի ստույգ ճշտումն անհնար է, սակայն հնարավոր է մոտենալ առավելապես մոտավոր ու հնարավորինս հավաստի ճշտմանը՝ ըստ ժամանակագրական տվյալների:

1990թ. ապրիլի 24-ին հայ ժողովրդին ուղղված ուղերձում Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջինը հայտարարեց՝ 1915-1925թթ. Թուրքիայում կոտորվել է 2 միլիոն հայ: Վերջերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդը հայտարարեց, որ թուրքերը կոտորել են 1,5 միլիոն հայերի: Սա, ինչ խոսք, զարմանալի է, որ հոգեւոր հայրը հերքում է իր նախորդի հայտարարությունը:

Սա թողնենք մի կողմ, քանզի կարեւորը հետեւյալն է, որտեղից է վերցրել Վազգեն Առաջինը 2 միլիոն թիվը, ինչ հաշվարկ է դա:

1910թ. Փարիզում ֆրանսերեն լույս է ընծայվում Պոլսի պատրիարք Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի «Հայոց եկեղեցինե­ր» գիրքը: Կանգ չառնելով տարածաշրջանում հայոց եկեղեցիների թվաքանակի, տեղաբաշխման եւ այլ փաստերի վրա՝ նշենք հայերի թվաքանակը մինչեւ 1910թ. այդ եկեղեցական համայնքներում:

1963թ. 16 համարում «Ազատամարտ» թերթը Ա.Ա. Քհնյ. Սիմոնյանցի հոդվածն է տպել, ով բերել է նշված գրքի 216 էջում հայերի քանակը Թուրքիայի տարածքում եւ այլ մանրամասներ: Այսպես. մինչեւ 1910թ. (գրքի հրատարակման տարին,- հեղ.) Կիլիկիայում բնակվել է 812 հազար հայ, Աղթամարի հայոց եկեղեցու հայ դավանակիրների քանակը հասել է 95.500-ի, Երուսաղեմի հայոց եկեղեցու դավանակիրներինը 7.500 է եղել, Կոստանդնուպոլսում այս քանակը հասել է 1.552.450-ի: Այսպիսով՝ մինչեւ 1910թ. Թուրքիայի տարածքում ամենապարզ հաշվարկներով (եղել են բազմաթիվ հայեր, որ այս կամ այն պատճառներով չեն գրանցվել եկեղեցական մատյաններում) բնակվելիս է եղել առնվազն 1.967.650 հայ: Այս թիվը չի կարող պակասել, բայց կավելանա, եթե հայտնաբերենք եկեղեցական գրանցումներից դուրս մնացած հայերի թիվը:

Ինչպես գիտենք, հայերի առավել զանգվածային կոտորածները թուրքական իշխանությունները կազմակերպեցին եւ իրագործեցին 1915թ.: Ուստի՝ հենց այդ թվականն է արձանագրված որպես Հայոց ցեղասպանության տարեթիվ:

(Իսկ, առհասարակ Հայոց ցեղասպանություն ասելով, պետք է հասկանալ ինչպես սուլթանական, այնպես էլ երիտթուրքական թուրքիաների տարածքներում հայերի կոտորածները: Սա շարունակական եւ մեկ ծրագրի շրջանակներում արվեց: Իսկ դա ոչ միայն 1915-1925թթ. կոտորածներն է ներառում, այլեւ՝ 18-րդ դարավերջից սկսած սուլթանհամիդյան ջարդերը: Հայոց ցեղասպանության խորքային ուսումնասիրությունները հավաստում են, որ 1920-1925թթ. ընթացքում հայերի զանգվածային կոտորածներ զուգահեռաբար ընթացել են նաեւ Արեւելյան Հայաստանում: Եվ իզուր չէ, որ մի շարք հաշվարկներում նշվում է ավելի քան 3,5 միլիոն ցեղասպանված հայերի թիվը: Եթե Արեւմտյան Հայաստանում իրականացնողները թուրքերն էին, ապա Արեւելյան Հայաստանում դա կատարեցին ադրբեջանցիները, որ նույն թյուրքական շնագայլերն են,- «Լուսանցք»):

Վերոնշյալ գրքի հրատարակումից 5 տարի անց, 5 տարի ավելի ուշ 1915թ.-ն դարձավ Հայոց ցեղասպանության ամենազանգվածային կոտորածների տարին: Հետեւապես, այդ 5 տարիներին հայ բնակչությունն ունեցել է բնական աճ: Եթե այդ բնական աճը տարեկան ընդունենք շատ համեստ՝ 5%, ապա հայ բնակչության թվաքանակի աճը կկազմի 100 հազար, որը 5 տարիների ընթացքում հավասար է 500 հազարի: Այստեղից եզրահանգում՝ 1915թ., մինչեւ հայերի առավել զանգվածային կոտորածները, Թուրքիայում բնակվելիս են եղել 2.468.000 հայեր: Այդ թվից պիտի դուրս հանել շուրջ 250 հազարը, այն հայերի քանակը, որոնք մնացել են իրենց բնակարաններում կամ այլ վայրերում եւ ցեղասպանության չեն ենթարկվել: Հայերի ընդհանուր թվաքանակից պիտի հանել նաեւ այն թիվը, որոնց հաջողվել է գաղթել Արեւելյան Հայաստան կամ աշխարհի այլ վայրեր:

Թուրքիայում բնակվող հայերի ընդհանուր թվաքանակից պետք է դուրս գա նաեւ այն հայերի քանակը, որոնք տարբեր վայրերում գտնվելով՝ խուսափել են կոտորածներից: Այս բոլորի քանակը կազմում է 650.000 մարդ: Պետք է հաշվի առնել նաեւ բռնագաղթածների՝ սովից եւ տարփոխիկ հիվանդություններից մահացածներին, որոնց թիվը հասնում է շուրջ 50 հազարի:

Մենք պետք է հիշենք նաեւ Ադանայում կազմակերպված հայերի կոտորածները, որին զոհ գնացին 50 հազար հայ: Եթե այդ տարիներին Թուրքիայում բնակվող ընդհանուր թվաքանակին 1.818.000-ին ավելացնենք սովից մահացածների, Ադանայի կոտորածների թվաքանակը՝ 100.000-ը, ապա ստացվում է, որ այդ տարիներին հայերի ցեղասպանության թվաքանակը կազմում է 1.915.000: Ասենք, որ այդ թվի մեջ չի մտնում 1915թ.-ից մինչեւ 1923թ. Թուրքիայի տարածքում կատարված հայերի մասնակի կոտորածներն ու սպանությունները: Այսպիսով՝ Հայոց վեհափառ հայրապետ Վազգեն Առաջինի այն ուղերձը, որը նա հնչեցրեց 1990թ. ապրիլի 24-ին՝ ուղղված համայն հանությանը, ավելի ստույգ թվաքանակ էր ասված, որ Թուրքիայում կոտորվել, ցեղասպանության է ենթարկվել 2 միլիոն հայ: Սա վերանշյալ ամենապարզ հաշվարկներով իսկ ստույգ է եւ առարկելու հիմք չկա:

Ինչ վերաբերում է Արեւելյան Հայաստանում կատարված ցեղասպանությանը, ապա նախ ասենք, որ այդ ուղղությամբ շատ քիչ բան է արվել: Կարծես երկրորդ պլան են կղվել թուրքերի ու ադրբեջանցիների վայրագություններն այս տարածքում («Լուսանցք»-ում հոդված էի գրել, որ Հայոց Եղեռնի հուշահամալիրում մի հուշարձան էլ պետք է կանգնեցնել հենց Արեւելյան Հայաստանում ցեղասպանված հայերի հիշատակի համար): Իսկ սա շարունակությունն էր Արեւմտյան Հայաստանի կոտորածների (գուցե այս անտեսումն էլ հանգեցրեց 1988-ի, 1990-ի Սուգմայիթի, Բաքվի ու Դաշտային Արցախի հայերի նոր ջարդերի ու գաղթի,- «Լուսանցք»): Համեստ հաշվարկներով անգամ թուրքերն Արեւելյան Հայաստանում կոտորել են ոչ պակաս 800 հազար հայի: Եթե այս թվաքանակն ավելացվի Արեւմտյան Հայաստանի եւ Թուրքիայի տարածքում կոտորածների վերոնշյալ թվաքանակին, ապա այդ տարիներին թուրքերը կոտորել են շուրջ 2,5 միլիոն հայերի:

Բայց սա դեռ բոլորը չէ: Ինչքան կլինի հայերի թվաքանակը, եթե թուրքերը չկոտորեին 2,5 միլիոն հայ 100 տարի առաջ: (Հայերի թիվն աշխարհում այսօր ոչ թե 15-20 միլիոն կլիներ, նաեւ ծպտյալ հայերին հաշված, այլ մի քանի անգամ ավելի շատ, որ կարելի է հստակ հաշվել,- «Լուսանցք»):

Հայտնի է, որ սերնդափոխություն կատարվում է յուրաքանչյուր 30 տարին մեկ: Քանի 30 տարի է անցել, քանի սերնդափոխություն է կատարվել: Եթե պարզ թվային հաշվարկ կատարենք, ապա այսօր Հայաստանում հայերի թվաքանակը 35-40 միլիոն կլիներ, ինչը լրիվ բավական էր Արեւմտյան ու Արեւելյան միացյալ Հայաստանները բնակեցնելու, ապրել-զարգանալու համար:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին առանց այլեւայլությունների աշխարհին պետք է ներկայացնենք նաեւ այս իրողությունը: Սա մեր պահանջն է բարձրաձայնում: Ոճրագործից պետք է պահանջել մեր արդար հատուցումը եւ այսպես հիմնավորել նաեւ հայրենատիրության պահանջը: Առաջին հերթին ցեղասպանվածների ժառանգներին պետք է վերադարձվեն այն տարածքները, որ պատկանելիս են եղել մեր նախնիներին, որ նաեւ բուն հայկական տարածքներ են՝ հայոց բնական ու պատմական հայրենիքը:

Ինչ վերաբերում է Վազգեն Առաջինի հայտարարած 2 միլիոն հայերի կոտորածին, կրկնենք՝ այն հիմնավորված է ամենապարզ հաշվարկներով եւ դա հաջորդ կաթողիկոսների կամ այլերի կողմից փոխելն ու կասկածի տակ դնելը ոչ մեկին պատիվ չի բերում:

Սերգեյ Ավագյան

«Լուսանցք» թիվ 27 (332), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։