Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ – Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է… «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը թուրքերենով…

Պայմանականորեն Հայոց ցեղասպանության սկիզբն է համարվում 1915թ. ապրիլի 24-ը. այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը՝ 600 հայազգի մտավորական, ովքեր հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. րիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սեւակ, Երվանդ Սըրմաքեշհանլյան, Ատոմ Յարջանյան, Հովհաննես Հարությունյան եւ այլք:

Սակայն հայ պատմագիտությունում Հայոց Ցեղասպանության տարեթվեր ընդունված է համարել 1892-1923թթ. որպես Թուրքիայի կառավարող շրջանների՝ համիդյան Թուրքիայի, ապա երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետեւանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց եւ բնաջնջվեց Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։

Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է՝ հսկայածավալ թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչեւ Չինաստան, կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում եւ երազելի «Մեծ Թուրա­ն»-ի ստեղծում՝ Բոսֆորից մինչեւ Ալթայ:

Այս համատեքստում Արեւմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի ճանապարհին, իսկ չկային հայերը՝ չկար նաեւ Հայկական հարցը:

Երիտթուրքերը, որպես հարմար առիթ, գործածեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) եւ ուրիշներ։

Հայոց ցեղասպանությունը նախատեսված էր իրականացնել երեք փուլով, որի առաջին փուլը ապրիլի 24-ն էր, իսկ երկրորդը շուրջ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ: Զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին թուրք զինակիցների կողմից:

Վերջին փուլով թուրքերը սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին եւ երեխաներին։ Կազմակերպվեց զանգվածային բռնագաղթ, աքսոր եւ ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արեւմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ եւ բնաջնջվեցին։

Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների եւ մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեց եւ քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։

Օսմանյան կառավարության իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով ու բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝ 1998, 2001թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձեւերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002 եւ 2005թթ. ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը եւ այլն։

Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւեր եւ որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլիի եւ Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, Եվրախորհրդարանը, Վենեսուելայի Ազգային ասամբլեան, Լեհաստանի եւ Նիդերլանդների խորհրդարանները, Կանադայի համայնքների, Իտալիայի դեպուտատների պալատը եւ այլն: Ֆրանսիայում եւ Ուրուգվայում՝ օրենքների տեսքով, իսկ Շվեյցարիայում՝ նաեւ այն ժխտելը դատապարտվում է քրեորեն:

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ թուրքական «Բելգե» հրատարակչությունը հրատարակել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը թուրքերենով: «Տիկին Սվազլյանի գիրքը ոչ միայն հայերի, այլեւ թուրքերի եւ մյուս ժողովուրդների պատմությունն է»,- ասել է «Բելգե» հրատարակչության տնօրեն, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան Ռագըպ Զառաքոլուն եւ շեշտեց, որ շատ հպարտ է այդպիսի մի գիրք հրատարակելու համար:

Վերժինե Սվազլյանը 1955թ.-ից աշխատել է այդ գրքի վրա: «Նույնիսկ գաղտնի էի աշխատում, քանի որ այն ժամանակ չէր խրախուսվում ցեղասպանության մասին խոսելը»,- ասում է նա: Նշենք, որ գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2011թ.՝ հայերեն եւ անգլերեն տարբերակներով:

- Ինչպե՞ս հայտնաբերեցիք վերապրողներին, արդյո՞ք խոչընդոտներ առաջացան եւ ինչպե՞ս ծնվեցին Ձեր գրքերը…

– Տակավին 1955թ.-ից, շուրջ 60 տարի առաջ, երբ Խորհրդային Հայաստանում Հայոց ցեղասպանության մասին բացահայտ խոսել չէր կարելի, ականատես-վերապրող տարագիր հայրենադարձները հանիրավի զրպարտվելու եւ աքսորվելու վախ ու դողի մեջ էին ապրում, ես՝ Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ուսանողս, արհամարհելով ամեն կարգի դժվարություն եւ գիտակցելով ժողովրդական բանավոր մշակույթի այդ կարգի նյութերի պատմագիտական եւ փաստավավերագրական արժեքը, սկզբում‘արեւմտահայի արյան կանչով եւ անձնական նախաձեռնությամբ, իսկ 1960թ.-ից Հայաստանի իտությունների ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հովանու ներքո, ապա՝ 1996թ. Ծիծեռնակաբերդում հիմնադրված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, արդեն ոչ թե ձեռքով գրառելով, այլ՝ նաեւ տեխնիկայի օգնությամբ ձայնագրելով, տեսագրել, նաեւ ուսումնասիրել եմ ականատես-վերապրողների հաղորդած հուշ-վկայություններն ու պատմական տարաբնույթ երգերը: Դրանք առանձին գրքով լույս են տեսել. նախ՝ «Մեծ եղեռն, Արեւմտահայոց բանավոր վկայություններ»-ը (1995թ.), ապա նաեւ՝ «Մեծ եղեռնը արեւմտահայոց հուշապատումներում եւ թուրքալեզու երգերում»-ը՝ (1997-1999թթ.) հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսկ թուրքերենը՝ Ստամբուլում:

Այն մեծ ամուկ էր բարձրացրել Թուրքիայի երիտասարդների շրջանում: Քանի որ իրենց դպրոցներում մշտապես քարոզել են, որ հայերն են կոտորել թուրքերին:

Հետեւաբար բավական լուրջ աշխատանք ենք տարել, վիրավորանքներով եւ հայհոյանքներով լի նրանց ուղարկած էլեկտրոնային նամակներին պատասխանելով եւ ականատեսների պատմած հուշերից մեջբերումներ կատարելով, որոնք ընթերցելով թուրք հասցեատերերը համոզվում էին եւ նույնիսկ ներողություն խնդրում մեզանից:

Այնուհետեւ լույս է տեսել «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ»-ի (2000թ.) նախնական տարբերակը, որը մեծ ընդունելության արժանացավ եւ Հայաստանում եւ Սփյուռքում: Հետագայում Երեւանում լույս է տեսել նաեւ «Հայոց ցեղասպանությունը եւ ժողովրդի պատմական հիշողություն­ը» ուսումնասիրությունս (2005թ. հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսկ թուրքերենը՝ Ստամբուլում): Այստեղ եղողները պատմում էին, որ թուրք երիտասարդները տաք հացի պես տանում էին այդ գիրքս, քանի որ տեղեկատվության պակասը մեծ էր: Ի դեպ, այդ գիրքը 5 լեզուներով թարգմանել տալու համար ես ստիպված վաճառել եմ իմ հարսանեկան թանկարժեք զարդերը, հորիցս մնացած հնաոճ գորգերը, արվեստի սիրելի գիրքս, որպեսզի թարգմանիչներին վարձատրեմ, մինչեւ որ 2006թ. ցեղասպանագիտության գծով հայտարարված մրցույթում ՀՀ նախագահի 1-ին մրցանակն ինձ շնորհվեց եւ այդ միջոցներով  կարողացա կազմակերպել հետագա գրքերի թարգմանությունների հարցերը:

-Գրքերի շնորհանդեսներ արտերկրում եղե՞լ են:

– Այո, շնորհանդեսներ են կազմակերպվել 2005թ.-ից Լիբանանում (Բեյրութ եւ Այնճար), Սիրիայում (Հալեպ, Քեսաբ, Դեր Զոր), Եգիպտոսում (Կահիրե, Ալեքսանդրիա), Կանադայում (Մոնրեալ, Տորոնտո, Օտտավա), Ֆրանսիայի ավանդապահ Ավինյոն քաղաքում, ԱՄՆ-ում (Սան-Ֆրանցիսկո, Լոս-Անջելես, Ֆրեզնո): Այս բոլոր վայրերում հայերեն եւ ֆրանսերեն զեկուցել եմ, նաեւ այցելել տեղի ծերանոցները, որտեղ դեռ վերապրող ականատեսներից գրի եմ առել նրանց հաղորդած վկայությունները: Այս բոլորը գումարվելով նախորդ գրքին, դարձել են 700 միավոր, եւ համալրված տեսքով Երեւանում լույս տեսել 2011-ին, հայերեն եւ անգլերեն:

Եվ ահա այդ ստվար հատորի թուրքերեն տարբերակն էր, որ Թուրքիայում մարդկային իրավունքների պաշտպան, առաջավոր մտավորական, «Բելգե» (Փաստարկ-թուրքերենով) հրատարակության հիմնադիր-տնօրեն Ռագիբ Զարաքօղլուն հրատարակել էր 2013թ., եւ ազդօրինակը բերեց Երեւան:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրինությունը կազմակերպեց 3 լեզուներով այդ գրքի շնորհանդեսը, որտեղ ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ Պատմության եւ Արեւելագիտության ինստիտուտների տնօրեններ: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Աշոտ Մելքոնյանն ու Ռուբեն Սաֆրաստյանը բարձր գնահատեցին 55 տարիների տքնանք պարունակող այդ ստվար աշխատության արժանիքները:

Ուրիշները եւս ելույթներ ունեցան, սակայն հիշարժան էր Ռագիբ Զարաքօղլուի շնորհակալական խոսքը. «Ձեր կատարած վիթխարի աշխատանքի շնորհիվ մեր պատմության ամենասարսափելի իրողության՝ հայոց ցեղասպանության դժոխքով անցած անմեղների վկայությունները կարելի եղավ մարդկության գնահատականին ներկայացնել: Ես շնորհակալ եմ իմ ճակատագրից եւ անձնապես հպարտ, որ այդ մեծագույն գործի թուրքերեն տարբերակի տպագրման փոքրիկ մասն էլ ինձ բաժին հասավ: Դուք, Ձեր կատարած գործով, հարգելի տիկին Սվազլյան, մարդկության դեմ գործված մեծագույն հանցանքը պատժելուն ուղղված արդարության պահանջի ջահակիր եք եւ արդեն իսկ պատմության մեջ Ձեր արժանի տեղը զբաղեցրած հայուհի եք:

Սույն աշխատությունը մեծ արձագանք կունենա Թուրքիայում: Դա ես կանխազգում եմ, քանի որ ճշմարտությունը, վաղ թե ուշ, Անկարային ստիպելու է ճանաչել ցեղասպանությունը:

Այն իր ծավալով եւ բովանդակությամբ աննախադեպ է 1976թ. հիմնադրված մեր «Բելգե» հրատարակչության գործունեության մեջ: Այս գիրքը ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ մեր թուրք ժողովրդի պատմությունն է: Ամենաշատ ասելիքն այս գրքի մեջ է: 700 ժողովրդական պարզ վկայություններ, որոնք թուրք հասարակության աչքերն են բացելու:

Ձեր աշխատությունները մեծ ճանաչում ունեն եւ արդեն պատվանդան են, իսկ օրերս հրատարակվածը՝ յուրահատուկ հուշարձան կդառնա, որը տեսանելի կլինի նաեւ աշխարհին»:

- Շուտով մոտենում է ցեղասպանության 100-ամյակը: Ինչո՞վ եք հանդես գալու մեր ընթերցողին:

– Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը այդ օրերին կազմակերպելու է միջազգային գիտաժողով: Ես պատրաստել եմ զեկուցում. «Հայոց ցեղասպանության ականատես վերապրողները Առաջին աշխարհամարտի Կովկասյան ռազմաճակատի մասին» թեմայով:

- Ձեր խոսքը՝ մեր երիտասարդներին:

– Մեր նոր սերնդին իմ պատգամն է՝ հպարտ զգան, որ հազարամյակների խորքից եկող տաղանդաշատ եւ ստեղծագործ հայ ժողովրդի զավակներն են: Պատմությունից դասեր առնեն: Չմոռանան, որ մենք ազատագրել ենք Արցախը, որը մեր պահանջատիրության առաջին քայլն է: Զորավիգ լինեն մեր տառապած, բայց հաղթական հայ ժողովրդին ու հայրենիքին, քանի որ հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է:

Գարիկ Ավետիսյան

«Լուսանցք» թիվ 27 (332), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։