Հայկական նավթա-գազային շահեր – Իրանը տարածաշրջանային տարբեր ենթակառուցվածքներում (ավտոմայրուղի, երկաթուղի, գազատար) Հայաստանին առաջարկում է լինել տարանցիկ կողմ…

«Հարավային հոս­ք» գազատարի կառուցումը մեծապես կախված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումից. այսպես է կարծում ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար յունտեր Էտինգերը, ով նշել է, թե «բանակցությունները կարող են շարունակվել այն ամենից հետո, երբ ռուս գործընկերները վերադառնան միջազգային իրավունքի նորմերի կատարմանը եւ էներգետիկայի ոլորտում եվրոպական օրենսդրության հիման վրա կառուցողական համագործակցությանը»: Եվրահանձնակատարի խոսքով՝ «Հարավային հոս­ք»-ի կառուցման շուրջ բանակցությունները դադարեցվել են ուկրաինական ճգնաժամի, ինչպես նաեւ այն պատճառով, որ Մոսկվան չի ցանկանում ճանաչել էներգետիկայի ոլորտում եվրոպական նորմերը: Միաժամանակ նշվել է, որ աշխատանքային մակարդակում շփումները եւ քննարկումները անդադար շարունակվում են: «Սակայն ներկա պայմաններում, երբ Արեւելյան Ուկրաինայում ստեղծվել է քաղաքացիական պատերազմին նմանվող իրավիճակ եւ քանի դեռ Մոսկվան չի ճանաչել կառավարությունը Կիեւում, մենք չենք կարող բանակցությունների ընթացքում հասնել քաղաքական որոշմա­ն»,- ընդգծել է եվրահանձնակատարը:

Հիշեցնենք, որ 2400 կմ երկարության «Հարավային հոս­ք» գազատարը Սեւ ծովի հատակով կապում է Ռուսաստանը Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներին: «Գազպրոմ»-ը նախատեսում է ապահովել բնական գազի մատակարարումները Եվրոպա՝ շրջանցելով Ուկրաինան, դրանով իսկ փորձելով խուսափել ուկրաինական տարածքով մատակարարումների խոչընդոտներից: Նշենք, որ փոխադարձ պատժամիջոցների «պատերազմում» Կիեւը սպառնացել էր, որ թույլ չի տա իր տարածքով իրականացնել ռուսական գազամատակարարում: Սա, իհարկե, անհավանական տարբերակներից է, ինչն անգամ Եվրոպան թույլ չի տա, բայց ակամա քաղաքական աջակցություն եղավ Ռուսաստանին՝ Ուկրաինան շրջանցելու պատճառաբանության համապատկերում: Ներկայում Ուկրաինայի տարածքով իրականացվում է դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումների մոտ 50%-ը՝ 86 միլիարդ խմ գազ:

Ուկրաինական ճգնաժամը ստիպում է ԵՄ-ին եւ ՌԴ-ին տարատեսակացնել էներգետիկ հոսքերը: ԵՄ-ի էներգետիկ հարցերով հանձնակատարը հայտարարել է, որ մտահոգված չէ Ռուսաստանի կողմից էներգակիրների գների բարձրացման հայտարարություններից, քանի որ Մոսկվան հետաքրքրված է Եվրոպա գազի արտահանմամբ, ինչի շնորհիվ համալրվում է այդ երկրի բյուջեն: ԵՄ-ն հատուկ ռազմավարություն է մշակել, որը թույլ կտա միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում նվազեցնել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը: Ըստ ԵՄ մասնագետների, էներգակիրների ներմուծման այլընտրանքային ուղիներ կան Նորվեգիայից եւ Ալժիրից, բացի այդ՝ իրենք հնարավորություն ունեն ներկրելու խտացված գազ: Մինչեւ 2030թ. ԵՄ-ի էներգետիկ պահանջարկը կավելանա 27%-ով, իսկ ներքին արտադրանքը գնալով նվազում է: Ներկա դրությամբ եվրոպական երկրները իրենց էներգետիկ պահանջարկի կեսը լրացնում են ներմուծմամբ, դրա համար օրական վճարելով 1 մլրդ.: ԵՄ-ն ներկրում է ներքին շուկայում սպառվող նավթի 88%-ը եւ գազի 66%-ը: Եվրոպացիներին մտահոգում է հատկապես իր գազային կախվածության մեծացումը Ռուսաստանից: Նախորդ տարի «Գազպրոմ»-ը ԵՄ էր արտահանել 161,5 միլիարդ խմ գազ: Նորվեգիայում, որը եվրոպական շուկա գազ արտահանող կարեւորագույն երկրներից մեկն է, գազի արդյունահանումը նվազում է: ԵՄ-ի մի շարք երկրներ, հատկապես Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներն ու Մերձբալթյան երկրները, ամբողջությամբ կախված են ռուսական գազից եւ մտահոգված են ուկրաինական ճգնաժամով, ինչը կարող է հարվածի տակ դնել ռուսական գազի արտահանումը այդ երկրներ:

Պաշտոնական Բրյուսելի համար էներգակիրների տարատեսակացման հարցը շատ արդիական է: Նախորդ տարի ԵՄ-ի գազի ներկրման 39%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, 33%-ը՝ Նորվեգիային եւ 22%-ը՝ Հյուսիսային Աֆրիկային: ԵՄ-ն ակտիվորեն առաջ է տանում նաեւ կասպյան տարածաշրջանից գազի ներկրման ռազմավարությունը, առաջին հերթին Ադրբեջանից, Ղազախստանից ու Թուրքմենստանից: Ադրբեջանը վերածվում է հակառուսական էներգետիկ նախագծերի հիմնական դերակատարի, ինչը քաղաքական հարթություն է տեղափոխում նաեւ ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունները:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այս տարվա հունվարին Ադրբեջանում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ ԵՄ-ն արագացնելու է Հարավային գազային միջանցքի ստեղծումը, ինչը թույլ կտա խորացնել տնտեսական կապերը ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ: Նա նշել էր, որ Հարավային գազային միջանցքը կարեւորագույն նշանակություն ունի եվրոպական էներգետիկ հոսքերի տարատեսակացման առումով ու եվրոպական էներգետիկ անվտանգության բաղկացուցիչ մասն է: Եվրոպական հանձնաժողովի նախագահը եւ Ադրբեջանի նախագահը այցելել են Սանգաչալայի տերմինալ, որտեղից պետք է իրականացվի ադրբեջանական գազի առաքումները դեպի ԵՄ: Նախատեսվում է իրականացնել Հարավային գազային միջանցք ծրագիրը, որը ենթադրում է կասպյան եւ կենտրոնական ասիական գազի ու նավթի արտահանումը դեպի ԵՄ՝ Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ: Եվ պատահական չէ, որ ԵՄ-ի էներգետիկ հարցերով հանձնակատար յունտեր Օտինգերը հայտարարել է, թե ԵՄ-ն ցանկանում է միավորել Կասպյան տարածաշրջանի գազային համակարգը՝ եվրոպական գազային շուկային: Ակնկալվում է Հարավային գազային միջանցքի շնորհիվ ադրբեջանական Շահդենիզ հանքավայրից մինչեւ 2019թ.-ը ստանալ լրացուցիչ 10 մլրդ. խմ գազ:

Ուստի՝ Հարավային գազային միջանցքի ստեղծումը մնում է Բաքվի քաղաքականության անկյունաքարային հարցերից մեկը: Ադրբեջանի ղեկավարությունը բազմաթիվ անգամ իր աջակցությունն է հայտնել այդ նախագծի կյանքի կոչմանը: Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիեւը հայտարարել է, որ Շահդենիզ-2-ի եւ Հարավային գազային միջանցքի կյանքի կոչումը Ադրբեջանի առաջնահերթություններն են մոտակա 5 տարվա համար: Նախարարը նշել է, որ հետագայում Թուրքմենստանը եւ Ղազախստանը կարող են օգտագործել ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքները իրենց նավթն ու գազը արտահանելու համար: Թուրքմենստանի պարագայում խոսքը Տրանսկասպյան գազամուղի մասին է: Կասպից ծովի հատակով անցնող 300 կմ երկարությամբ Տրանսկասպյան գազամուղի իրականացմամբ հետաքրքրված է նաեւ ԱՄՆ-ն, որի դեսպանը Ադրբեջանում՝ Ռիչարդ Մորնինգսթարը նշել էր, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Տրասնկասպյան գազամուղի իրականացմամբ եւ ամեն ինչ կանի, որ այն կյանքի կոչվի:

Բայց չմոռանանք, որ Կասպից ծովի ավազանի երկրները լուրջ խնդիրներ ունեն ծովի ջրային սահմանների բաժանման հարցում, իսկ Ադրբեջանն ու Թուրքմենստանը նաեւ նավթի ու գազի որոշ պաշարների նկատմամբ պատկանելության վեճ ունեն ցայսօր: Սա թերեւս շահարկելի թեմա է Մոսկվայի համար: Մոսկվան «Հարավային հոս­ք»-ը եւս ԵՄ-ի վրա ազդեցության լծակ է գործածում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շարունակելու են առաջ մղել «Հարավային հոս­ք» նախագիծը՝ անկախ առկա դժվարություններից: Նա նշել է, որ իրենք եվրոպական գործընկերների հետ Բալթիկ ծովի հատակով կառուցել են «Հյուսիսային հոս­ք» նախագիծը եւ այժմ էլ պատրաստվում են կյանքի կոչել Սեւ ծովի հատակով անցնող «Հարավային հոս­ք» նախագիծը:

ՌԴ շինարարության նախարարությունը «South Stream Transport B.V» ընկերությանը «Հարավային հոս­ք»-ի ծովային հատվածի շինարարության թույլտվություն է տրամադրել: «Հարավային հոս­ք» գազամուղը բաղկաղացած կլինի 931 կմ երկարությամբ 4 գազատարներից, որոնք կանցնեն Սեւ ծովի հատակով: ՌԴ տարածքային ջրերում առաջին գազատարի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2014թ. նոյեմբերը: «South Stream Transport B.V» ընկերության բաժնետոմսերը պատկանում են ռուսական «Գազպրոմ»-ին (50%), իտալական ENI-ին (20%), գերմանական Wintershall եւ ֆրանսիական EDF-ին (15%): «Հարավային հոս­ք»-ը «Գազպրոմ»-ի նախագիծն է, որ ենթադրում է Սեւ ծովի հատակով անցնող գազամուղի կառուցում մինչեւ Հարավային եւ Կենտրոնական Եվրոպա: Այն պետք է տարեկան 63 մլրդ. խմ գազ մատակարարի ԵՄ-ին: Մոսկվան ձեռնարկել է այս նախագիծը տարանցման հետ կապված խնդիրներ չունենալու համար: «Գազպրոմ» ընկերության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդեւը հայտարարել է, որ «Հարավային հոս­ք»-ի կառուցումից հետո Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի կարիքը, Եվրոպա գազ արտահանելու համար, չի զգացվի:

Մոսկվան նաեւ քայլեր է ձեռնարկում ԵՄ-ից բացի այլ շուկաներ գտնելու համար: Ռուսաստանի նախագահի Պեկին կատարած այցի շրջանակներում չինական կողմի հետ 30 տարվա ժամկետով ռուսական գազի մատակարարման պայմանագիր է ստորագրվել: Պայմանագրի արժեքը գնահատվում է 400 մլրդ. դոլար: Կողմերը պայմանավորվել են խորացնել երկկողմ հարաբերությունները տնտեսական, էներգետիկ, ռազմա-տեխնիկական, հումանիտար, տրանսպորտային եւ այլն ոլորտներում: Չինաստանը եւ Ռուսաստանը ձգտելու են երկկողմ ապրանքաշրջառությունը մինչեւ 2015թ. հասցնել 100 մլրդ. դոլարի, իսկ 2020թ.՝ 200 մլրդ. դոլարի: Այսպիսով, ԵՄ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների եւ ռուսական գազից ձերբազատվելու փորձելը բախվելու են Մոսկվայի հակազդեցությանը: Դա արտահայտվելու է Չինաստան եւ այլ շուկաներ ռուսական գազը արտահանելու եւ հենց ռուսական արտահանման հոսքերը տարատեսակացնելու տեսքով:

Այս իրադարձությունները թերեւս հանգեցնեն այն բանին, որ տարածաշրջանում նոր զարգացումներ լինեն: Ռուս-ադրբեջանական նավթա-գազային հակասությունները եւ արեւմուտքի այլընտրանքային փնտրտուքները աննկատ, սակայն շատ հստակ աշխուժացման են մղում մեր հարեւան Իրանին, որը մինչ այս ներքին ու արտաքին գործոների արդյունքում գտնվում էր ծանր վիճակում: Վերջին զարգացումներն Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ կարծես ի օգուտ աշխատեցին այդ երկրի: Ռուսական գազին այլընտրանքի փնտրտուքն Իրանի համար դարձավ սեփական պաշարները շահարկելու ամենահարմար առիթը: Ուստի Իրան-Արեւմուտք հարաբերություների դրական դինամիկան անսպասելի չէր: Եվ այս ամենի համապատկերում հնարավոր է անմասն չմնա նաեւ Հայաստանը: Հիշեցնենք, որ Իրանը տարածաշրջանային տարբեր ենթակառուցվածքներում (ավտոմայրուղի, երկաթուղի, գազատար) Հայաստանին առաջարկում է լինել տարանցիկ կողմ:

Հայաստանը ունի շահերի վերանայման խնդիր, քանի որ ստեղծվող բարենպաստ իրավիճակը կարող է մեր երկիրը տարանցիկ ճանապարհի վերածել՝ կապ դառնալով Իրանի ու Արեւմուտքի միջեւ: Վրաստանը եւս շահագրգռված է, որ Իրան-Հայաստան-Վրաստան կապը Սեւ ծովով հասնի Եվրոպա: Այստեղ կարեւոր է մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների հստակեցումը եւ նշյալ հարեւան երկրների հետ հարաբերություների կարգավորումը: Սա կարելի է սկսել հենց Իրան-Հայաստան երկաթգծի նախապատրաստական աշխատանքների գործընթացում:

Սակայն Թեհրանն այնքան է ոգեւորվել ստեղծված իրավիճակից, որ հայտնել է, թե կաջակցի  նոր գազատարի նախագծին: «Turan»-ի  փոխանցմամբ՝ Իրանն աշխարհում իր խոշորագույն գազային պաշարներով կարող է Եվրոպային գազ հատկացնել «Նաբուկո»-ի միջոցով: Թեհրանում երեւի մոռացել են, որ «Նաբուկո»-ն առավելապես թուրքական ծրագիր է եւ այլեւս տապալված է համարվում, ինչը ռուսական կողմն իր հաջողված քայլերից է համարում: Ինչեւէ, ոչ վաղ անցյալում Եվրոպայից Իրան է ժամանել 2 պատվիրակություն՝ քննարկելու համար գազի մատակարարման հնարավոր երթուղիները, նշվել է, որ այդ երթուղիները կարող են անցնել Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի, Կովկասի երկրների ու Սեւ ծովի միջոցով: Անկարան նորից փորձում է ակտիվանալ այս հարցում եւ ահա, բոլորից նախընտրելի է համարվել թուրքական երթուղին: Բայց Եվրոպան հասկացել է, որ «Նաբուկո»-ն անօգուտ կլինի առանց իրանական գազի, քանի որ միայն Կասպից ծովի ադրբեջանական սեկտորում գտնվող «Շահ Դենի­զ» գազային հանքավայրի գազը բավականաչափ չէ: Ըստ երեւույթին, Իրանը հասկանում, որ «Նաբուկո»-ի խաղին մասնակցելով գուցեեւ տապալվի, եթե Մոսկվան անցնի կտրուկ միջոցների, ուստի՝ զուգահեռ գործում է նաեւ Հայաստան-Վրաստան-Եվրոպա տարբերակով:

Բաքուն եւս պայքարում է այս երթուղիների համար եւ, իհարկե, դեմ չի լինի «Նաբուկո»-ի վերակենդանացմամբ, իսկ այսօր փորձ է արվում ադրբեջանական գազը նախկին «Նաբուկո» գազատարի փոխարեն Եվրոպա հասցնել 3 խողովակաշարով: Եվ այստեղ Հայաստանն իր քաղաքական քայլերով պետք է նպաստի, որ Իրանի ու Եվրոպայի համար նախընտրելի տարբերակը դառնա ոչ թուրքականը:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 27 (332), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։