Անցում «մուտք»-ի ու «ելք»-ի սահմանապահության – Որ նաեւ մոլորյալ սահմանախախտ չլինի… Վերջ դրվի անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների տառապանքներին..

Բաքուն իր ռազմատենչ հայտարարությունների արժանի պատասխանն ստացավ գործնականում, եւ այն սառը ցնցուղի նշանակություն ունեցավ: Հայ զինվորը ոչ միայն արժանի հակահարված տվեց թշնամու սադրիչ գործողություններին, այլեւ այնպիսի հուժկու հարված, որ հակառակորդը տասնյակ զոհեր ու տասնյակ վիրավորներ տալով կարող է համարել, որ դեռ լավ է պրծել: Հայ դիրքապահ տղաներից ոմանք բռնեցին անմահության ճանապարհը, ոմանք էլ վիրավորվեցին հայրենյաց սահմանները պաշտպանելու ժամանակ՝ հերոսանալով: Թշնամին մեր մեկ զոհի դիմաց 10 կորուստ տալով՝ խայտառակ փախուստի դիմեց մեր դիրքերից՝ միաժամանակ մտածելու տեղիք տալով ադրբեջանական խաղաքարտը կարեւորողներին, նաեւ հենց ադրբեջանցիներին:

Ինչպես եւ սպասվում էր, այդ ժամանակահատվածում, երբ թշնամին հայ-ադրբեջանական սահմանների գրեթե ամբողջ երկայնքով տեղային հարձակումներ էր գործում, ոտքի ելան նաեւ նախկին ազատամարտիկները ու իրենց՝ դեպի սահմաններ այցերով ու պատրաստակամությամբ էլ ավելի գոտեպնդեցին հայ զինվորականներին:

Հիրավի հզոր է հայի գենետիկ ներուժը, որն առավել արագ ի հայտ է գալիս վտանգների դեպքում: Ե՛վ մեր թշնամիները ե՛ւ բարեկամները հերթական անգամ համոզվեցին հայ զորականի ուժի, կամքի ու պատրաստվածության մեջ, ինչը մնում է անփոփոխ եւ միշտ հաղթական: Հայ մարտիկը ոչ միայն պաշտպանեց հող հայրենին, այլեւ ամրապնդեց իր դիրքերն ինչպես Արցախի, այնպես էլ Նախիջեւանի սահմաններում՝ վերատիրելով կարեւոր բարձունքների:

Այս ամենի համապատկերին զայրացուցիչ է մնում մեր որոշ զինվորականների ու քաղաքացիական անձանց սահմանը շփոթմունքով անցնելու եւ գերեվարվելու երեւույթը: Ինչպե՞ս կարելի է ուշադիր չլինել այս ժամանակներում: Ստացվում է՝ հայ դիրքապահները պետք է նաեւ սահմանապահներ լինեն, հսկեն ինչպես թշնամու «մուտքը», այնպես էլ մեր կողմից «ելքը»…

Բայց ադրբեջանցու շնագայլային կերպարն անփոփոխ է, ու զոհվում կամ խեղվում են պատահաբար սահմանը հատած հայերը, ինչն ավելի քան զայրացուցիչ է: Երբ մեծ հրապարակային աղմուկ բարձրացավ այս հարցով, թվում էր, հատկապես ՀՀ սահմանամերձ գյուղերի տարածքներում, սահմանային հատվածներում ցուցանակներ կտեղադրվեն, որ անգամ գիշերները լուսավորված լինելով՝ կկանգնեցնեն մոլորյալ մեկին՝ ադրբեջանական տարածք անցնելու ճանապարհին: Բայց… դեռ խոսվում է Տավուշի սահմանային մի քանի գյուղերի վտանգավոր հատվածներում պարիսպներ կանգնեցնելու մասին, ինչը եւս տարբերակ է, բայց պետք է արագացնել: Դա կօգնի, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները եւս անվտանգ կատարվեն: Մենք էլ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆ/բ գրառումը երկրորդենք՝ հասկանում ենք «սառցե ջու­ր»՝ դույլով ջրվելու միջազգային ակցիային միանալու նաեւ քիչ թե շատ հայտնի հայերի ցանկությունը, քանի որ հիվանդ, թե կարիքավոր մարդկանց օգնելու համար էր 100 կամ ավելի դոլարի «ջրոցին» ցուցադրվում:

Բայց հավելենք՝ մի՞թե ոչ մեկի մտքով չանցավ մի դույլ 100 դոլարանոց ջուր էլ իր գլխին լցներ՝ սահմանային մի քանի գյուղերի վտանգավոր հատվածներում պաշտպանական պարիսպներ կանգնեցնելու նպատակի համար… Թե՞ սա միջազգային ցուցադրման չէր արժանանա…

«Ես վերջին օրերին մի քանի առաջարկ ստացա մասնակցել մի ակցիայի, որը չգիտես ինչու, կոչվում է մարտահրավեր: Այդ բառը հասկանում եմ միայն դասական, ասպետական իմաստով՝ մասնակցել սառցակալման կամ դրա փոխարեն գումար փոխանցել: Ես կգերադասեմ փոխանցել գումար, բայց ոչ թե այդ հիվանդության բուժման համար, որին գումարների փոխանցման պակաս չի լինի հաստատ՝ հաշվի առնելով համաշխարհային մեծությունների մասնակցությունը: Այդ գումարը կփոխանցեմ Տավուշի մարզի Այգեպար գյուղում կառուցվող պատի շինարարությանը՝ դպրոցականների կյանքը փրկելու համար: Եվ իմ կողմից էլ կոչ եմ անում, որ շատերը դա անեն: Նաեւ այդ մարզի շատ երեխաների համար համապատասխան գրենական պիտույքներ, հագուստ ու այլ տիպի օգնություն կազմակերպեն, որի կարիքը կա»,- նշել է ՊՆ մամուլի խոսնակը:

Ինչեւէ, ադրբեջանական սադրանքների կասեցումը եւ թշնամական հատուկ պատրաստվածություն անցած զինվորականների ոչնչացումը հայ 18-20-ամյա զինվորների կողմից ամրապնդեցին հայության հավատը հայկական բանակի նկատմամբ եւ Հայաստան-Արցախի անվտանգության առումով: Հայ զինվորի սխրանքն ու քաջությունը ստիպեց միջազգային տեսաբաններին կրկին խոսել հայկական զինուժի՝ տարածաշրջանի ամենակազմավորված բանակը լինելու մասին:

Այս անգամ հայկական կողմը նաեւ քարոզչական առումով տոնեց հաղթանակներ, կարողանալով ցուցադրել ադրբեջանական դիվերսանտների ինչպես սատկած, այնպես էլ դեռ կենդանի դեմքերը, նրանց կողմից գործածված զենք-զինամքերքը եւ այլն: Միաժամանակ մեր դիվանագետներն ու տարաբնույթ գործիչներն առավելագույնն արեցին, որպեսզի միջազգային հանրություն կոչվածը տեղեկանա հայ ռազմագերիների եւ քաղաքացիական գերված անձանց նկատմամբ ադրբեջանական անմարդկային կտտանքների մասին: Սա շատ կարեւոր է, քանի որ մինչ այժմ հայ զինուժը էլի է կասեցրել ադրբեջանցիների առաջխաղացման ու սադրանքների փորձերը, բայց քարոզչական առումով մենք թերացել ենք կամ բավարար ուշադրության չենք արժանացրել:

Անչափ կարեւոր է  պետական ու քաղաքական բնագավառների, մշակույթի գործիչների, մտավորականների եւ այլոց համերաշխությունը, ինչը դրսեւորվեց շատ գրագետ ձեւով: Իշխանական ու ընդդիմադիր գործիչները կանգնեցին հայկական բանակի, հայ զինվորի կողքին, անգամ սահմաններում եղան միասնաբար ու միակամ: Այնտեղ չկար իշխանություն-ընդդիմություն հակասության որեւէ նշույլ: Սա կասեցնում է նաեւ միջազգային ճնշումների ալիքը:

Մեր արտաքին դիվանագիտական ոլորտը եւս պատասխանատու գործեց, գուցե ոչ շատ կտրուկ՝ ինչպես շատերս կցանկանայինք, բայց փաստարկված: «Բաքուն հերթական անհաջող փորձն է ձեռնարկում՝ քողարկելու մարդկանց կյանքի նկատմամբ իր արհամարհական ու քարանձավային վերաբերմունքը»,- իր գնահատական է հնչեցրել ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով սահմանը պատահաբար անցած Կարեն Պետրոսյանի սպանությանը միջազգային հանրության արձագանքի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարությունը: Կարենին նախ փորձել էին դիվերսիոն խմբի անդամ ներկայացնել, ապա տեսնելով, որ չի ստացվում՝ տանջամահ էին արել: Իսկ չէր ստացվել, քանի որ մինչեւ նրանց տխմար մտքի «փայլատակումը», ադրբեջանական գյուղացիները խոսել ու ձայնագրել էին Կարեն Պետրոսյանի՝ իրենց գյուղ մտնելն ու գյուղացիների հետ խոսելը, ով սկզբում անգամ չէր էլ հասկացել, որ սահմանն անցել է: Հետո եկան զինվորականները, ու հանկարծ հայ գյուղացու հագուստը փոխվեց՝ դարձավ զինվորական, ապաեւ՝ դիվերսանտի… նաեւ բազմաքանակ զենք-զինամթերք հայտնվեց, որի մի մասը հայկական բանակում չեն օգտագործում վաղուց…. Հետո երբ հասկացան, որ ձախողվել են՝ սպանեցին տղային, հայտարարելով, թե սիրտը պայթել է:

Մեր փոխնախարարն այս բեմականացման եւ սպանության առումով մասնավորապես ասել է. «Նման անհիմն եւ անպատասխանատու հայտարարություններով Բաքուն հերթական անհաջող փորձն է ձեռնարկում՝ քողարկելու մարդկանց կյանքի նկատմամբ իր արհամարհական ու քարանձավային վերաբերմունքը: Կարեն Պետրոսյանի սպանությունը եզակի չէ: Մոռացության հնարավոր չէ մատնել նույն կերպ գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի, հայրենիք վերադառնալուց հետո Ադրբեջանում կտտանքների ենթարկվելու հետեւանքով մահացած Մամիկոն Խոջոյանի պատմությունները»:

Մեր ԱԳՆ-ն հայտնել է, որ վերջին սպանության ակնհայտ փաստերը հերքելու անհաջող փորձերը իրականացվում են նույն ավանդական դարձած ոճով, որով Ադրբեջանի իշխանությունները հերքում են միջազգային հանրության արձագանքները՝ Ադրբեջանում ակտիվիստների հալածանքների վերաբերյալ: Տարբերությունն այն է, որ այլակարծիք քաղաքացիներին մեղադրում են հայերի լրտես լինելու մեջ, իսկ քննադատող միջազգային կառույցներին եւ երկրներին մեղադրում են հայերի ազդեցության տակ լինելու մեջ: Այդպիսի մեղադրանքները կրկին վկայում են Ադրբեջանի ներկայիս իշխանությունների հայատյաց էության մասին:

«Կարեն Պետրոսյանի սպանությունը շատ նմանություններ ունի մի քանի օր առաջ ծայրահեղականների կողմից Իրաքում ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի դաժան սպանության հետ, որին հրապարակայնորեն նվաստացրին, ապա սպանեցին: Միակ տարբերությունն այն է, որ Հայաստանի քաղաքացու սպանությունը հրապարակային չէր, այլ հենց այնպես, ինչպես գիշերվա քողի տակ գաղտնագողի կացնահարվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը, իսկ ոճրագործ Ռամիլ Սաֆարովը հերոսացվեց Ադրբեջանում: Իրերն իրենց անունով կոչողներին մեղադրելու փոխարեն՝ Բաքվի իշխանությունները պետք է հասկանան, որ նման բարբարոսական մեթոդներով գործելը իրենց երկիրը տանում է դեպի միջնադարյան անդուն­դ»,- ասել է՝ Շավարշ Քոչարյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն էլ նամակ է հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյին՝ այս բովանդակությամբ. «Խորին մտահոգություն եմ հայտնում Ադրբեջանում գերեւարված ՀՀ քաղաքացիների նկատմամբ խոշտանգումերի եւ սպանությունների, մասնավորապես, 2014թ. օգոստոսի 7-ին Ադրբեջանում գերի ընկած եւ 1 օր անց սպանված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի դեպքի առթիվ:  Ադրբեջանական կողմը հրապարակավ նվաստացրել ու խոշտանգել է հոգեկան առողջության ակնհայտ խնդիր ունեցող հային՝ նրան ներկայացնելով որպես «դիվերսանտ»: Դրան հետեւեց Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ սահմանն անցած հայը հանկարծամահ է եղել «սրտային անբավարարությունի­ց»: Մինչդեռ, ըստ Կարեն Պետրոսյանի բժշկական քարտի, վերջինս եղել է ֆիզիկապես լիովին առողջ: Սպանությունից 17 օր անց ադրբեջանական կողմը դիակը դեռ չի հանձնել Հայաստանին: Ես հիմնավոր կասկածներ եւ մտավախություն ունեմ, որ նրա դիակի հանձնման ձգձգումը խոշտանգման հետքերը թաքցնելու նպատակ է հետապնդում: Կարեն Անդրեասյանը եւս նշել է, որ նույն կերպ 2010թ. Ադրբեջանում գերության մեջ սպանվեց քաղաքացիական անձ Մանվել Սարիբեկյանը, իսկ մեկ այլ քաղաքացիական անձ Մամիկոն Խոջոյանը 2014թ. մահացավ Ադրբեջանում խոշտանգվելու հետեւանքով, հայրենիք վերադառնալուց հետո»:

Նշվել է նաեւ, որ նորմալ մարդու համար անհասկանալի է, որ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար, Օմբուդսմենների միջազգային ինստիտուտի եւ Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի անդամ Էլմիրա Սուլեյմանովան մինչ օրս որեւէ դիրքորոշում չի հայտնել Կարեն Պետրոսյանի սպանության վերաբերյալ: Ակնկալելի էր նրա նման պահվածքը, քանի որ նույն այդ պաշտոնյան ողջունել էր իր հայրենակից Ռամիլ Սաֆարովի կողմից 2004թ. քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի գլխատումը կացնահարման միջոցով՝ ոճրագործի գործողություններն անվանելով «հայրենասիրության օրինակ երիտասարդների համա­ր»:

Բայց չէ որ գերուն խոշտանգելը կամ խաղաղ պայմաններում դավադիր սպանությունը խորապես հակասում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված նորմերին, մասնավորապես, պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնեւի կոնվենցիայի դրույթներին: Երբ Ուկրաինայի արեւելյան հատվածում Կիեւին ենթակա ռազմագերիների «սգո քայլարշա­վ» կազմակերպվեց Դոնբասի տարածքում, միջազգային մասնագետները շտապեցին բարձրաձայնել, թե դա միջազգային այս ու այն հռչակագրային խախտումներ է պարունակում ռազմագերիների մասով: Դա ընդամենը քայլարշավ էր, որից հետո այդ ռազմագերիների մեծ մասը վերադարձվեց Կիեւին:

Իսկ երբ հայ ռազմագերուն կամ քաղաքացիական անձին խոշտանգում եւ սպանում են Ադրբեջանում, եվրոպացիների մասնագիտական խոսք այդպես էլ չհնչեց…

Նշենք, որ ադրբեջանական գերության մեջ երկար ժամանակ գտնվող ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին վերջապես միջազգային ճնշումների ներքո Ադրբեջանից տեղափոխել են երրորդ երկիր: Հակոբ Ինջիղուլյանի եղբայր Հարություն Ինջիղուլյանը նշել է. «Օգոստոսի 26-ին տարել են, մենք երեկ ենք իմացել այդ մասի­ն»: Հարազատներին տեղեկությունը փոխանցել են ՙԿարմիր խաչի՚ միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից:

«Սպորտով եմ զբաղվում ու լեզուներ սովորու­մ»,- հայտնել է Հակոբը հարազատներին, ով այդ ժամանակ գտնվել է Ռումինիայում, կտեղափոխվի Շվեյցարիա եւ ապա կորոշվի նրա հետագա ճակատագիրը, նաեւ Հայաստան տեղափոխվելու հարցը:

Սա միջազգային գործառույթում ընդունված ձեւ է, եւ այդ գործընթացը այդ կերպ է տեղի ունենում: Պաշտոնական որեւէ տեղեկություն չի լինում այդ ընթացքում, մանրամասներ չեն հաղորդվում:

Արամ Ավետյան

Որ վերջ դրվի անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների տառապանքներին

ՊՆ Սեյրան Օհանյանը ուղերձ է հղել անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ: «Արցախյան ազատամարտը մեզ համար այն սրբագույն պայքարն էր, որով կարողացանք պահպանել մեր ժողովրդի արժանապատվությունը: Ցավոք, պատերազմում ունեցել ենք անդառնալի կորուստներ, եղել են նաեւ անհայտ կորածներ, որոնց ճակատագիրը մինչ այսօր անհայտության մեջ է: Այսօր՝ անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ, հերթական անգամ հիշում ենք նրանց եւ մեր զորակցությունը հայտնում անհայտ կորածների ընտանիքների անդամներին: Տարիներ առաջ՝ ստեղծելով Հայաստանի անհայտ կորածների, գերիների եւ պատանդների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը, մեր պետությունը միջազգային կազմակերպությունների միջոցով հետեւողական աշխատանք է տանում, որպեսզի անհայտ կորածների ճակատագրերը պարզորոշ դառնան, եւ ապահովվի ողջ մնացածների վերադարձը հայրենիք:

Որպես այդ հանձնաժողովի նախագահ՝ ես առավել շահագրգռված եմ, որ վերջ դրվի տարիներ շարունակ ձգձգվող անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների անդադար տառապանքներին: Հավաստիացնում եմ, որ, կիրառելով միջազգային ատյանների հետ համագործակցության բոլոր ուղղությունները, մենք հայրենիք կվերադարձնենք օտարության մեջ ընտանիքների կարոտով ապրող մեր որդիներին: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի տվյալներով՝ Արցախյան համակարտության արդյունքում մեզ մոտ գրանցվել է ավելի քան 400 անհայտ կորած մարդ: Դեռ 1992թ.-ից Հայաստանի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն սերտ համագործակցում է հայաստանյան իշխանությունների, մասնավորապես՝ պաշտպանության նախարարության հետ՝ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու եւ նրանց ընտանիքների կարիքները հոգալու նպատակով։

Մենք մշտապես մտահոգված ենք անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների անտեսված չլինելու կարեւոր խնդրով, որը պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում: Սփոփում, մխիթարանք եւ համբերություն եմ մաղթում բոլոր անհայտ կորածների ընտանիքների անդամներին՝ վստահեցնելով, որ մեր հետեւողական աշխատանքի շնորհիվ այլեւս չենք արտաբերի «անհայտ կորա­ծ» եզրույթը»,- ասված է նախարարի ուղերձում:

«Լուսանցք» թիվ 27 (332), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։