Ով է սահմանը հատելու պատասխանատուն – Պատահական կամ ոչ պատահական հատումներ… Ադրբեջանոմ դեռ կռիվ-կռիվ են խաղում – Կամ՝ Բաքվի գլուխը հաստատ քոր է գալիս…

Հայաստանի քաղաքացիների կողմից հայ-ադրբեջանական սահմանը հատելու ու ադրբեջանական կողմում խոշտանգումների ենթարկվելու երեւույթը պետք է դիտարկել երկու տեսանկյունից. ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը, ով անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանը հատելու վերջին դեպքերին: «Առաջին, պետք է ուսումնասիրել այդ ուղղությամբ միջազգային կազմակերպությունների, համանախագահների ու ՀՀ համապատասխան կառույցների աշխատանքն ու գնահատականները: Եվ երկրորդ, խնդիրը պետք է դիտարկել Հայաստանի կողմից իրականացվող պետական սահմանի պահպանության արդյունավետության տեսանկյունից: Երկար կարելի է փորփրել միջազգային կոնվենցիաներն ու պայմանագրերը՝ անընդմեջ կոչեր ու նամակներ հղելով տարբեր միջազգային կազմակերպությունների, սակայն փորձենք խնդրին մոտենալ այլ ռակուրսից: Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ կանխարգելելու ՀՀ քաղաքացիների մուտքը սահմանի ադրբեջանական հատված: Եվ ի վերջո, ո՞վ է պատասխանատվություն կրում դրա համա­ր»,- հնչեցրել է փորձագետը բոլորին հուզող հարցը:

Մեր քաղաքացիների՝ հայ-ադրբեջանական սահմանը հատելու միջադեպերը շատ մտահոգիչ են ոչ միայն այն առումով, որ Ադրբեջանում վերջիններիս կտտանքների ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկում, այլ նրանով, որ մարդիկ անարգել հատում են սահմանը, իսկ Հայաստանում այդ մասին իմանում են ադրբեջանական լրատվամիջոցներից: Նշանակում է՝ նման պատահական կամ ոչ պատահական հատումներ կարող են լինել նաեւ ադրբեջանական կողմից, ինչը ավելի մտահոգիչ է դարձնում խնդիրը:

Մեր դեպքում կարեւոր չէ, թե ով, ինչ պատճառով է հատում սահմանը՝ մոլորությա՞ն, թե՞ հուսահատության, փաստն այն է, որ մարդիկ առանց լուրջ խոչընդոտների հայտնվում են սահմանի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածներում: ՙԱռավել անընկալելի է, երբ 2 ամիս առաջ, սահմանի վերոնշյալ հատվածով, ՀՀ քաղաքացու կողմից սահմանը հատելուց հետո համապատասխան կառույցները անհրաժեշտ հետեւություններ չեն արել, ինչի հետեւանքով, նախորդ միջադեպից 2 ամիս անց, սահմանի գրեթե նույն ուղղությունից, կրկին քաղաքացին ինչ-ինչ պատճառներով հատել է սահմանը: Սահմանի պահպանությունը չի ենթադրում յուրաքանչյուր մետրի վրա ուղեկալների կամ զինվորների տեղակայում: Ցանկացած կոնֆլիկտ իր առանձնահատկություններն ունի, առավել եւս, երբ աշխարհագրական դիրքից ելնելով միեւնույն պաշտպանական միջոցները պարտադիր չէ, որ արդյունավետ լինեն բոլոր կոնֆլիկտների դեպքում՚,- հայտնել է փարձագետը եւ հավելել, որ պետական սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով պետությունները տարբեր ճանապարհների են դիմում՝ սահմանի երկայնքով պարիսպների, պատերի կառուցումից մինչեւ տեսախցիկների տեղադրում:

Այս տեսանկյունից, Հայաստանի համար իրավիճակն ամենահեշտերից չէ: Նոյեմբերյանից մինչեւ Հորադիզ ու Նախիջեւանի ամբողջ սահմանով մարտական դիրքեր են, ինժեներական տարբեր ենթակառուցվածքներ, իսկ ավելի որոշակի՝ բանակի 1/3-ը ամենօրյա մարտական հերթապահություն է իրականացնում: Սակայն եթե սա 5, 10, 15 տարի առաջ բավարար քայլ կլիներ՝ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու հարցում, ապա այսօր սահմանի պահպանության հարցում նոր մարտահրավերներ կան: Եթե 77-ամյա քաղաքացին ի վիճակի է աննկատ հատել սահմանը, հասկանալի է, որ դա ոչ մի խնդիր չի ստեղծի հակառակորդի հատուկ ստորաբաժանումների համար, ի դեպ, դրա նախադեպը եւս գրանցվել է. Քարվաճառի ուղղությամբ սպանվեց մի հայ պատանի, վիրավորվեց հայ կին, որ գնում էր զինվորական ամուսնուն այցի: Սա լուրջ խնդիր է, քանզի թշնամին շարունակում է ապավինել դիվերսիոն խմբերի ու դիպուկահարների մարտավարությանը:

Ակնհայտ է, որ սահմանի որոշ՝ արդեն մեզ հայտնի հատվածում բացակայում են փշալարերն ու ականապատ դաշտը, որոնք կան սահմանի այլ հատվածներում: Իհարկե, մեր զինուժը ցույց տվեց, որ պատրաստ է պաշտպանելու հայկական սահմանները եւ ուժ ունի պատժելու թշնամուն: Սակայն սահմանագծի տարբեր հատվածներում խոցելի տեղեր փաստորեն կան, որոնք ողբերգական դեպքերի են հանգեցնում՝ լրացուցիչ սրելով իրավիճակը:

Տեսախցիկների տեղադրման հարցով կարծիքներ եղան, որ դիպուկահարները դրանք կվնասեն, իսկ ահա պաշտպանող պատի կառուցումը համարվում է հնարավոր, անգամ Այգեպարի ուղղությամբ դա սկսելու համար դրամահավաք է կազմակերպվել: Դիցուկ՝ այս գյուղը շատ մոտ է Ադրբեջանի հետ սահմանին, որոշ տներ սահմանից ընդամենը 100 մ են հեռու, մանկապարտեզի ու դպրոցի շենքերը հեռու են մոտ 700 մ, 3 մ բարձրություն եւ 70 մ երկարություն ունեցող պատը կպաշտպանի դպրոցն ու մանկապարտեզը փամփուշտներից, եւ երեխաները հնարավորություն կունենան անվտանգ պայմաններում ուսանել ու խաղալ:

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը այգեպարցիների առօրյայի մի մասն են, իսկ ադրբեջանցիների կրակոցներն ուղղված են հիմնականում քաղաքացիական շինություններին, դպրոցին ու մանկապարտեզին:

Իսկ վերջին միջադեպերը ստիպում են վերանայել պետական սահմանի պահպանության հարցը՝ սահմանի առավել խոցելի հատվածները համալրելով նոր ենթակառուցվածքներով:

Արման Դավթյան

Ադրբեջանոմ դեռ կռիվ-կռիվ են խաղում – Կամ՝ Բաքվի գլուխը հաստատ քոր է գալիս…

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն հայտարարությանը, թե ադրբեջանական զինված ուժերը պատրաստ են երկրի երեսից ջնջել Երեւանը: Այս հայտարարությունը որակելով որպես հոխորտանք՝ երկրի ղեկավարը վկայակոչելով Սոչիում կայացած հանդիպումն, ասել է. «Ադրբեջանի նախագահը մի շատ լավ բան ասաց, բայց դրա հետ չէր կապված: Նա ասաց՝ կողմերը քաջատեղյակ են իրենց հնարավորությունների մասին: Իրոք, մենք քաջատեղյակ ենք, թե ինչպիսի հնարավորություններ ունեն Ադրբեջանի զինված ուժերը: Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է մեր հնարավորությունների մասին»:

Նախագահը նշել է, որ ռազմական գործողությունների դեպքում իսկապես Ադրբեջանի զինված ուժերը Նախիջեւանի տարածքից կարող են խոցել Երեւանի մերձակայքը: «Ես սա առանց որեւէ մտավախության եմ ասում,- նշել է Սերժ Սարգսյանն ու զգուշացրել,- Բայց այդպիսի բաներն անպատիժ երբեք չեն մնում, եւ Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, վերջերս էլ նկատեց, թե ինչ կարողություններ ու հնարավորություններ ունեն հայկական զինված ուժերը: Նրանք շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, եւ որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: Ընտրության հարց է: Եթե այդ մարդիկ «իրենց գլխից ձեռք են քաշել», եթե նրանք որոշել են, որ պետք է գնալ ռազմական լայնածավալ գործողությունների եւ, նույնիսկ, կարող են Հայաստանի բնակավայրերը, որոնք սահմանամերձ չեն, ընտրել որպես թիրախ, ապա թող իրենք իրենց պատասխանատվության մասին մտածեն»: Խոսելով Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչության մասին՝ մեր երկրի ղեկավարն ասել է. «Ինձ որոշ դեպքերում թվում է, որ որոշ մարդիկ Բաքվում երեկոյան ժամերին՝ աշխատանքից հետո, համակարգչային խաղերով են զբաղված եւ կռիվ-կռիվ են խաղում: Բայց նրանք պետք է հասկանան, որ վիրտուալ իրականությունը մի բան է, իսկ իրականությունը՝ մեկ այլ բան: Երբեք չի կարելի չոր թվեր դնել եւ հաշվարկել, ասել՝ մեր համախառն ներքին արդյունքն այսքան է, Հայաստանինը՝ այսքան, մենք ունենք այսքան տանկ, Հայաստանը՝ այսքան տանկ, եւ եթե ռազմական գործողություններ լինեն, ապա մենք կհաղթենք: Իմ ասածը չի նշանակում, որ համախառն ներքին արդյունքը նշանակություն չունի, փողը, տանկերի քանակը նշանակություն չունեն: Ես դա չեմ ասում: Իհարկե, ունեն: Բայց դա բավարար չէ: Վերջին գործողություններն այդ մասին էին խոսու­մ»:

Իսկ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընգրկված են եղել հուլիս-օգոստոսին Շահումյանի շրջանում եւ արցախա-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի բարելավման ուղղությամբ ձեռնարկված միջոցների, իրականացված աշխատանքների, դրանց արդյունքների ու հետագա անելիքների մասին հարցեր:

«Լուսանցք» թիվ 27 (332), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։