Երբ խնդիրը վերտեղային է – Ընդհանրապես տարածաշրջանային «համա»-ներն ընդգծված այլամերժական են, ինչը ծայրահեղացնում եւ անհանդուրժող է դարձնում դրանք…

Արեւմուտքը պարբերաբար փորձում է վերաձեւել աշխարհը, որից էլ առաջ են գալիս տեղային պատերազմներ հրահրելու, նախկին հակամարտությունները վերակենդանացնելու, քաղաքական, տնտեսական եւ այլ բնույթի ճնշումներ բանեցնելու ժամանակները: Իսկ աշխարհի վերաբաժանման մեկնակետը եղել ու մնում է Մերձավոր Արեւելք-Հայկական լեռնաշխարհ-Կովկասի տարածաշրջան առանցքը: Միջազգային քաղաքական բառապաշարից հանել են Հայկական լեռնաշխարհ մասը, սակայն իրականում դա համաշխարհային թիվ 1 նշանակության խաչմերուկն է, որը գտնվում է վերոնշյալ առանցքի սրտում:

Կապ չունի, որ այստեղ այժմ ինչ-որ Թուրքիա է հայտնվել կամ էլ ինչ-որ Քուրդիստան մոգոնելու մասին են խոսում: Առաջինը ժամանակավոր երեւույթ է, որի ժամկետն արդեն անցել է ու Թուրքիայի մասնատման հարցը դարձել է օրակարգային, իսկ Քուրդիստանի մոգոնումն ավելի կարճ կյանքի կարժանանա, եթե նույնիսկ հաջողվի իրականացնել:

Ինչեւէ, մինչեւ մասնատումների ու վերաբաժանումների պահը դեռ ժամանակ կա, որը կարող է անսպասելի արագանալ: Իսկ մինչ այդ, նորից անհանգիստ է Մերձավոր Արեւելքը: Երկու պատերազմների գնով Իրաքը նվաճած Վաշինգտոնը ստիպված է մեկ անգամ եւս պատերազմել (անգամ արաբական գարնանային հեղաշրջումները անօգտակար եղան), քանի որ բազմազգ, ներքին կյանքում անվերահսկելի Իրաքը (որոշակի նաեւ Եգիպտոսը, Լիբիան եւ այլն) կրկին ծայրահեղականների ձեռքում է հայտնվել: Իսկ դրա մեղավորը հենց ԱՄՆ-ն է, որ Անկարայի ու իսլամական ծայրահեղականների միջոցով մահ ու ավեր սփռեց Սիրիայում, իսկ ընդդիմադիրների անվան տակ զարկ տրվեց իսլամականների համախմբմանն ու վերազինմանը: Այժմ Սիրիայից Իրաք անցնելով՝ այդ ծայրահեղականները մասնատման փորձեր են նախաձեռնում, ինչը ուղեկցվում է էթնիկ ու կրոնական զտումներով, որի ընթացքում հազարավոր մարդիկ են զոհվում:

Այն, ինչ տեղի է ունենում Հյուսիսային Իրաքում, ահավոր է, ընթանում է եւ՛ մարմնական եւ՛ հոգեւոր ցեղասպանություն, իսկ ահաբեկչական կազմակերպություններն ամրապնդվում են Սիրիայում, նոր դիրքեր գրավում՝ Իրաքում: «Իսլամական պետությու­ն» կազմակերպությունը բավականին լուրջ ծրագրեր ունի ոչ միայն Իրաքի տարածքում, նրանք կոչ են արել աշխարհի բոլոր իսլամականներին միանալ ինքնահռչակ իսլամական խալիֆության շուրջ:

Ստացվում է՝ Արեւմուտքը Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնին ոչնչացնելով՝ մի խնդիր լուծեց միայն, Սադամ Հուսեյնը եգիպտական անհաջող փորձից հետո մի նոր նախաձեռնություն էր հանդես բերել արաբական աշխարհը միավորելու՝ համաարաբականությունը ավարտին հասցնելու առումով, ինչն էլ խոչընդոտվեց: Նպատակը սարսափեցնում էր նախեւառաջ Իսրայելին եւ Իրանին: Իսրայելը նախանշված էր Պաղեստինի վերածվելու, իսկ Իրանի դեմ շուրջ 8-ամյա պատերազմը դեռ ավարտված չէր համարվում: Իհարկե, դա վտանգավոր կլիներ տարածաշրջանի այլ երկրների համար եւս, ինչը կխոչընդոտեր նաեւ գերտերությունների ծավալապաշտությանը: Եվ Իրաքի նախկին նախագահը կախաղան բարձրացվեց ու իր վերջին խոսքում հնչեցրեց. «Մա՛հ ամերիկացիներին, եվրոպացիներին, հրեաներին ու պարսիկներին»: Սա հաջորդ համաարաբականության պատգամը եղավ…

Բայց այսօր համաարաբականությանը եկել է փոխարինելու համաիսլամականությունը, ինչը պակաս վտանգավոր ու կործանարար չէ: Անգամ ավելի վտանգավոր է: Ընդհանրապես տարածաշրջանային «համա»-ներն ընդգծված այլամերժական են, ինչը ծայրահեղացնում եւ անհանդուրժող է դարձնում դրանք: Համաարաբականության եւ համաիսլամականության մասին ասվեց, հավելենք նաեւ համահրեականությունը (սիոնիզմ) եւ համաթուրանականությունը, որոնք առավել մեծ վտանգ են ներկայացնում, քանի որ առաջինը վաղուց ու գրեթե անտեսանելի գործող ուժ է, երկրորդը՝ մերթ ընդ մերթ է գործում եւ հնարավորինս ստվերում:

Դառնալով արմատական իսլամական ընդդիմադիր ուժերին՝ նշենք, որ նրանք արդեն ձեռք են բերել ոչ միայն տարածքներ, այլեւ ֆինանսական ու այլ լծակներ, որը թույլ է տալիս իրականացնել ծավալապաշտական գործողություններ: Իսլամականները նախեւառաջ մարդկանց դավանափոխության խնդիրն են լուծում, ինչը էթնիկ զտումների հետ զուգահեռաբար կյանքի են կոչում՝ անհնազանդներին ոչնչացնելով: «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացի­ա»-ի նախագահ Սայիդ Ավդալյանը նշել է, որ «Հյուսիսային Իրաքում՝ եզդիների բնօրրանում, տեղի է ունենում եզդիների ցեղասպանություն: Ահաբեկչական խմբավորումն իր առջեւ նպատակ է դրել ոչնչացնել եզդիներին: Հազարավոր եզդիներ սպանվել են, հազարավորները ցրվել են՝ փորձելով անվտանգության երաշխիքներ ստանալ»,- նշեց նա եւ պնդեց, թե իսլամիստական ահաբեկչական խմբավորմանը զինում է Արեւմուտքը: Նշել է, որ մարդասիական օգնությունը, որ ուղարկվում է եզդիներին, տեղ չի հասնում, քանի որ նրանք ցրված են, ավելի շատ օգտվում են իսլամական քրդերը, որ «փորձում են անկախ Քրդստան ստեղծել»:

Հայաստանի եզդիները պնդում են, որ քրիստոնյաները Իրաքում ավելի քիչ են տուժում, քան եզդիները: Ըստ նրանց, եթե քրիստոնյաները չեն ցանկանում իսլամ ընդունել, կարող են միայն լքել իրենց բնակավայրերը, իսկ եզդիները կա՛մ պետք է իսլամ ընդունեն, կա՛մ ցեղասպանության ենթարկվեն: Իսլամիստներն իրենց առջեւ նպատակ են դրել ոչնչացնել եզդիներին, ինչն ըստ Հայաստանի եզդի համայնքի ղեկավարների՝ հենց քրդերի նպատակն է: «Իսլամական պետությու­ն» խմբավորումը, որը հռչակել է իրեն իսլամական պետություն, իսլամական քրդերին չի ոչնչացնում: Ոմանք սա կապում են քրդերի լավ զինված լինելու հանգամանքի հետ, ոմանք էլ համոզված են, որ քրդերին ձեռնտու է արեւապաշտ (հեթանոս) եզդիների իսլամացումը եւ նրանք դրան նպաստում են:

Սակայն, չեն դադարում նաեւ այն պնդումները, որ Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների կյանքը լրջորեն վտանգված է: Սիրիայում եւ Իրաքում քրիստոնյաների հանդեպ իրականացվող հալածանքների նկատմամբ հատկապես զգայուն է հայկական համայնքը, որի 1915-ի ցեղասպանությունից մնացած սպիները դեռ չեն ամոքվել: Իհարկե, տուժում են նաեւ ասորական եւ այլ քրիստոնեական համայնքները: Բայց առավել դաժան է, երբ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության տարիներին սպանված եւ Սիրիայի ու Իրաքի անապատներ տեղահանված հայերի ժառանգները նույնպես կանգնել են ցեղասպանվելու առաջ: Թուրք-ադրբեջանական ահաբեկիչների եւ իսլամական ջիհադիստների հարձակումները (որոնք ներթափանցել էին Թուրքիայի սահմանից) հայաբնակ Քեսաբ ավանի վրա, ինչպես նաեւ աճյունատուփի ոչնչացումը Դեր Զորում, բարոյա-հոգեբանական մեծ հարված եղան հայության համար:

Սա միջազգային կոչված հանրության հերթական աններելի եւ զազրելի «կուրության» հետեւանքը եղավ, այն էլ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին: 

Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների վիճակը տխուր է, ոչ միայն սեփական կյանքի պահպանման տեսանկյունից, այլեւ՝ ազգատեսակի գոյության, սոցիալական, պատմա-մշակութային արժեքների պահպանման նկատմամբ մշտահարձակման վախից:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 27 (332), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։