Սահմանագիծ, որտեղ վերջանում են եւ՛ իշխանությունը եւ՛ ընդդիմությունը… Երկիրը կղեկավարի գաղափարակա՞ն կառույցը… Անդիմադիր ընդդիմադիրները – Ընդդիմադիր քառյակը վերստին խմորումների մեջ է…

Սահմանագիծ, որտեղ վերջանում են եւ՛ իշխանությունը եւ՛ ընդդիմությունը

Եկավ սեպտեմբերը: Բայց սա ասում եմ ոչ դպրոցականների կամ ուսանողների խնդրին անդրադառնալու նպատակով, չնայած կրթական ոլորտը լիքն է բազում խնդիրներով: Եկավ այն սեպտեմբերը, որին սպասում են ընդդիմադիր քաղաքական ուժերի հետեւորդները, որ հավատում են դեռ, թե շուտով լուրջ քայլեր են արվելու՝ երկրում մի բան փոխելու համար:

Մինչ այսօր խոսում են ընդդիմադիր քառյակի 12 կետանոց, ապա սրան հավելած լրացուցիչ 6 կետանոց առաջարկների կատարման մասին: Թերեւս մեկ ամիս առաջ էլ պարզ էր, որ դրանք չենք կատարվելու կամ կկատարվեն այն ընթացքով, ինչն ըստ իշխող կուսակցության պաշտոնյաների՝ այսպես թե այնպես ընդգրկված է ՀՀԿ ծրագրային դրույթներում:

Իշխանությունները այն ժամանակ էլ հստակ հասկացնել տվեցին, որ չեն ընդունում պարտադրանքի ոճը, բայց պատրաստ են համագործակցելու խելամիտ առաջարկների դեպքում: Ընդդիմությունն էլ պատասխանեց, թե առաջարկների չկատարման դեպքում սեպտեմբերը կսկսեն հանրահավաքներով:

Բայց սպասվող գործողությունները դեռ ուշանում են: Անգամ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրերը աշխույժ մասնակցությամբ աչքի չեն ընկնում: Սա նաեւ ՀՀԿ-ականներին է վերաբերում եւ իզուր չէ, որ խոսում են նաեւ «ՀՀԿ-ում «դասալիքների» պակաս չզգացվելո­ւ» մասին: ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ԳՄ նիստում բաց տեքստով ասել էր, որ բոլորը մեկ մարդու պես ներկայանան ԱԺ նիստերին, քանի որ «ԱԺ-ն այն խրամատն է», որտեղ նրանք կռվելու են գնում, իսկ բացակայողները ՀՀ եւ ՀՀԿ նախագահի  համար «նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատ­ը»:  Սա կարելի է անգամ հստակ հրահանգ դիտարկել, ինչը հավաստում է, որ իշխող ուժն այնուամենայնիվ սպասում է ընդդիմադիրների քայլերին:

Լրատվամիջոցներին հետաքրքրել էր, թե ի՞նչ է սպասվում «գլխավոր հրամանատարի հրամանը չկատարող դասալիքներին», քանի որ որոշ գործարարներ եւ «ընտրյալ» վերնախավային պատգամավորներ այնուամենայնիվ առաջին օրերին չեն հաճախել «խրամատ»-ԱԺ, ինչին ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորեց չաղավաղել նախագահի խոսքը, բայց ոչինչ չասաց «դասալիքների» մասին:

Իսկ ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ մեր երկրում վաղուց եւ ակնհայտորեն հասունացել է համակարգային բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը, որն առանց սահմանադրական բարեփոխումների ուղղակի անհնար է: Ըստ նրա, վերջին տարիներին Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը արտահայտվում էին սահմանադրական բարեփոխումների անցկացման օգտին, բայց այսօր ոմանք հակադրվում են առանց լուրջ փաստարկների: Ավելին՝ նրանցից շատերը նախագահական ընտրություններից առաջ անհրաժեշտություն էին համարում խորհրդարանական կառավարման համակարգին անցումը, սակայն այդ քաղաքական ուժերից մի քանիսը հասցրել են հրաժարվել իրենց իսկ երբեմնի օրակարգից:  Ինչպես իրենց քաղաքականությունը, այնպես էլ իրենց դիրքորոշումը 180 աստիճանի տակ փոխեցին:  «Երբ հարցնում ես՝ ինչն է պատճառը, պատասխանում են, որ դեռ ժամանակը չէ: Այս մոտեցումը անլուրջ է, ոչ քաղաքական: Նման պահվածքի պարագայում հավանականությունը մեծ է, որ որոշ քաղաքական ուժեր կհայտնվեն քաղաքական պրոցեսների լուսանցքու­մ»,- այսպես է զգուշացրել ԱԺ փոխխոսնակը:

Երեւի սահմանադրական բարեփոխումների թեման էլ կդառնա ընդդիմադիրների միացյալ օրակարգի մեխը: Իսկ օրակարգը գուցեեւ ձեւավորվի առաջիկայում սպասվելիք հանրահավաքում:

«ՀՀ իշխանությունների վատ աշխատանքի համար ընդդիմադիր դաշտն է մեղավոր: Ընդդիմությունն իր խնդիրները չի ձեւակերպում, միայն ամեն գնով իշխանափոխություն է ուզում,- հայտարարել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը,- Մտածում են հանրահավաք կանեն եւ կարող է 50.000 մարդ մասնակցի: Դա արդեն քաղաքական աշխատանք չի, քաղաքական աշխատանքը մշտական աշխատանք է, եւ դա միայն հանրահավաքները եւ թերթերի հրապարակումները չեն, այլ լուրջ գաղափարական աշխատանքն է»։

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, ով շարունակում է մնալ քաղաքական դաշտում, պատասխանել է, թե մի պահ պատկերացնենք, որ «մեր երկրում չեն հասկացել ու չեն ուզում ընդդիմություն լինի, ապա դա ի՞նչ կապ ունի ընդդիմությունը ուզում է իշխանափոխություն, թե՝ ոչ, դու քո գործն արա, լավ կառավարի երկիրդ, արի դու քո գործն արա, քո քաղաքացիներին նորմալ պահի, արժանապատիվ եկամուտ ստեղծի»: Եվ ըստ նրա, եթե այս ամենն արվի, ապա հասարակությունը հակված չի լինի փողոց դուրս գալու, մարդիկ անշնորհակալ չեն:

Այս դեպքում գուցե հասարակությունը փողոց դուրս գա այն բանի համար, որ ուղղակի ասի՝ շնորհակա՞լ է ու երջանի՞կ, որ շարունակում է Հայաստանում ապրել՝ իր հայրենիքում, ու իրավունքների հետ նաեւ պարտականություններն է գիտակցում: Սա կարող է դառնալ պետական քաղաքականություն, եթե իսկապես յուրաքանչյուրն իր գործն անի ու առանց ստիպող հանգամանքների:

Նարե Մշեցյան

Երկիրը կղեկավարի գաղափարակա՞ն կառույցը

Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ այլեւս չի հավակնելու երկրի առաջին դեմք՝ նախագահ լինելուն, ցայսօր հանգիստ չի տալիս նախագահական աթոռին ձգտողներին: Բայց գործող նախագահը խորհուրդ տվեց նախկին նախագահներին՝ եւս հետեւել իր օրինակին, այլեւս երկրի նախագահ չառաջադրվելու առումով: Սակայն ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, որ մշտապես կապ է պահպանում Սերժ Սարգսյանի հետ, ո՛չ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը չարեցին նման հայտարարություն: Եթե անեն էլ, ապա միեւնույնն է՝ այսօրվա քաղաքական դաշտը (որ որոշակի լծակների է տիրապետում) իր իշխանական եւ ընդդիմադիր թեւերով բաժանված է ու գործում է ՀՀ 3 նախագահների հովանու ներքո:

Բայց դառնալով գործող նախագահի խոսքին, հիշենք, որ նա դա ասել էր սահմանադրական բարեփոխումների համապատկերին, որը նախատեսում է նախագահական համակարգի թուլացում, եթե ՀՀ-ն անցում կատարի խորհրդարանական համակարգին, վարչապետը կդառնա երկրի թիվ 1 պաշտոնյան: Եվ ահա, այս դեպքում էլ Սերժ Սարգսյանը, ըստ իր խոսքերի, չի հավակնելու նաեւ վարչապետի պաշտոնին։

Ոմանք այս հայտարարություններից հասկացել են, որ նախագահ Սարգսյանը հեռանում է իշխանությունից եւ քաղաքականությունից, բայց ՀՀԿ-ականների մեկնաբանմամբ, նա՝ որպես ՀՀԿ նախագահ, ակտիվ է լինելու քաղաքականության մեջ: Իսկ որ ՀՀԿ-ն է առաջիկա գոնե 10 տարիներին ղեկավարելու երկիրը, նրանք չեն կասկածում: Այսինքն՝ ՀՀ նախագահը ոչ թե մի անհատ է լինելու, այլ կուսակցական այն կառույցը, որը վստահել է իր կուսակցին լինել պետության ղեկավարը: Եվ գործող նախագահը մնալով կուսակցության ղեկավար, արդյո՞ք կունենա որոշակի լիազորություններ երկրի նախագահի նկատմամբ…

Եթե ներկա օրենքով, ապա՝ ոչ, եթե ներքին պայմանավորվածությամբ եւ հրաժարական պահանջելու սպառնալիքով, ապա հնարավոր է: Բայց եթե սահմանադրական բարեփոխումներն իրականանան, ապա նույն վիճակը պետք է լինի նաեւ վարչապետի դեպքում: Վարչապետի՝ հետագայում միանձնյա ղեկավարելու փորձերն էլ հաստատ կհանգեցնեն խորհրդարանի մեծամասնության հրաժարականի պահանջին:

Ինչ-որ տեղ սա ավելի պարտավորեցնող է թվում: Ստացվում է՝ միանձնյա ղեկավարելով չէ, որ պետությունը առաջ է գնում կամ հետընթաց ունենում, պատասխանատու է մի կառույց, որը նախընտրական գաղափարներ, ծրագրեր է ներկայացրել մարդկանց: Բայց արդյո՞ք սա չի կաշկանդի պետության ղեկավարի դիրքերն ու քայլերը, արդյո՞ք նա խամաճիկի չի վերածվի: Հնարավոր է: Բայց թե գործի միանձնյա, ապա հնարավոր է, որ դառնա ոչ թե իր գաղափարական կառույցի, այլ օտարի խամաճիկը: Սրանք լուրջ մտածելու հարցեր են, որ գուցե լուծումներ ստանան հենց սահմանադրական բարեփոխումների ժամանակ՝ օրենքով:

Իհարկե, ոմանց կարծիքով էլ Սերժ Սարգսյանը «խաբս է տալիս» այս ձեւով, որ երկարաձգի իր իշխանությունը, իբր թե մեխանիզմներ է ձեւավորում, որ ներկուլիսային պայքարում հաջողի ու իր ձեռքում պահի իրական իշխանությունը: Ուստի՝ փոփոխություններն այնպիսին պետք է լինեն, որ ներքաղաքական կյանքում դադարեն կասկածներն ու գզվռտոցները, իսկ հաջորդ իշխանությունը լինի առավել կազմակերպված, ազգային գաղափարների հետեւորդ եւ արտաքին հարցերում կարողանա կամային դրսեւորումներ ցուցաբերել:

Բայց քանի որ ամեն ինչ այնքան է խառնվել, որ այսօր գործընկերների կամ կուսակիցների միջեւ հավատ չի մնացել, ապա պիտի համախմբման քայլերը ճիշտ եւ իրական լինեն, այս «ախպերա-քավորսանիկակա­ն» պատկերացումներից դուրս, առանց միջնորդների: Քանի որ իշխանության ակնհայտ ժառանգորդ չկա դեռեւս, դա անել հնարավոր է: Հետո գուցե այդ հնարավորությունն էլ չլինի:

Արման Դավթյան

Անդիմադիր ընդդիմադիրները

Ընդդիմադիր քառյակը վերստին խմորումների մեջ է: ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կրկին երկակի խաղեր են սկսել: ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը նորից վստահ չեն խորհրդարանական գործընկերների ընդդիմադիր մնալու հարցում: Ուստի՝ վերջին երկուսը դեռ բուռն գործունեությամբ չեն զբաղվում, բայց փորձում են քաղաքական դաշտ բերել այն թեզը, որ թիվ մեկ խնդիրը օրինական իշխանության ձեւավորումն է: Հատկապես այս թեզը կփորձի առաջ տանել ԱՄՆ-ում ուսումնառությունն ավարտած «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ով երեւի նման քայլերի համար էլ ուսանել է Միացյալ Նահանգներում:

Դաշնակցականները դեմ չեն, որ քաղաքական ասպարեզ վերադառնա Ռոբերտ Քոչարյանը: «Ես դեմ չեմ այս կամ այն քաղաքական գործչի՝ մեծ քաղաքականության վերադարձին»,- հայտարարել է ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան այն հարցին՝ ինչպե՞ս է վերջինս վերաբերում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին: Ըստ նրա, նախագահները չպետք է մի կողմ քաշվեն ու մերթ ընդ մերթ խոսեն հետ գալու մասին. «Իսկ ինչո՞ւ են գնացել, որ հիմա վերադառնում են: Թող ընդմիշտ մնային քաղաքական դաշտում եւ կիսվեին իրենց գիտելիքներով՝ ի բարօրություն Հայաստանի եւ հայ ժողովրդի»:

Եթե ՀՅԴ-ն հստակ հասկացնում է, որ դեմ չէ ՀՀ 2-րդ նախագահին սատարելուն, ապա ԲՀԿ-ն շարունակում է իր եռակի խաղը բոլոր նախագահների հետ: Հստակ է, որ Սերժ Սարգսյանի դեմ երբեք չի գործել Գագիկ Ծառուկյանը, առավել քան հստակ է, որ Ռոբերտ Քոչարյանին միշտ պատրաստ է սատարելու ԲՀԿ ղեկավարը: Իսկ այն, որ երբեմն հանդիպում է ունենում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, դա հին հաշիվներ ունի, չէ՞ որ ԲՀԿ ղեկավարը որպես մե՛ծ գործարար ձեւավորվեց Լեւոնի ու Վանոյի օգնությամբ…

Եվ կրկին հանդիպել են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանն իրենց կուսակիցներով: Քննարկվել են քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման ու նախապատրաստման հետ կապված հարցեր, համատեղ մարզեր մեկնելու խնդիրները:

Պետք է նշել նաեւ, որ ՀՅԴ-ն այսօր էլ պատրաստ է վերադառնալ իշխանական կոալիցիա: Անգամ տեսակետ կա, որ ՍԴ փոփոխությունները արվում են նաեւ ՀՅԴ-ի որոշ առաջարկներ բավարարելու համար: Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների կարեւորությունը բացատրում էր քաղաքական ուժերի պահանջով: Իբրեւ, ըստ քաղաքական ուժերի, գործող Սահմանադրությունը նրանց հնարավորություն չի տալիս քաղաքական մեծ դեր ունենալ երկրի քաղաքական կյանքում:

Բայց ՀԱԿ-ը այլ կարծիքի է, ըստ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ սահմանադրական փոփոխությունների քննարկումներն իրականում բանավեճ է Սերժ Սարգսյանի վերարտադրման կողմնակիցների եւ Սահմանադրական կարգի պահպանման կողմնակիցների միջեւ:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 28 (333), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։