Եզրագիծ, որի այն կողմում պատերազմն է – ՆԱՏՕ-ՌԴ առճակատումը նոր սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար… ՆԱՏՕ-ն ցանկանում սեղմել օղակը Ռուսաստանի շուրջ…

Ռուսական ռազմանավերը ուղեւորվել են Ադրբեջան. այսպիսի տեղեկատվություն է տարածել Հարավային ռազմական շրջանը: Հրթիռային նավերը Կասպիական ռազմական նավատորմից «Դաղստան» եւ «Գրադ Սվիյաժսկ» անունները կրող շարասյունները դուրս են եկել եւ հոկտեմբերին համատեղ զորավարժություն կանցկացնեն Ղազախստանի, Իրանի ու Ադրբեջանի նավատորմերի հետ:

Հոկտեմբերի սկզբին նավերը շարունակելու են ռազմական հերթապահություն իրականացնել Կասպից ծովում, որը կտեւի 20 օր: Այս ամենն իրականացվում է այն նպատակով, որպեսզի նավաստիները զարգացնեն ու ամրապնդեն միջազգային համագործակցությունը, ինչպես նաեւ մերձկասպյան 3 երկրների համար կազմակերպեն բարեկամական այցելություններ:

Հետաքրքիր է, որ Սեւծովյան շրջանի լարվածությանը զուգահեռ է կատարվում Կասպիցծովյան այս ռազմական գործողությունը: Հիշեցնենք, որ Ղրիմի վերամիավորման ժամանակ Սեւ ծովում ռազմական քայլերի էին պատրաստվում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ռազմանավերը, ինչը սակայն տեղի չունեցավ Ղրիմի թաթարների ընդվզումը չհաջողելուց հետո:

Իսկ քանի որ ուկրաինական դեպքերը իրենց ազդեցությունն են թողել նաեւ Մերձավորարեւելյան, Կովկասյան ու Միջինասիական տարածաշրջանների վրա, ապա «ծովից ծո­վ» ռազամական գործողությունները դեռ դադարելու միտում չունեն:

Առավել եւս, որ ավելի քան 20-հազար ռուսական զորքերը գտնվում են Ուկրաինայի սահմանների մոտ, իսկ Արեւմուտքի պնդմամբ՝ հազարավոր զինվորներ էլ արդեն կռվում են Դոնբասի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների զինուժի կազմում:

ՆԱՏՕ-ն արդեն Ռուսաստանի սահմանների երկայնքով ստեղծում է հակառուսական ռազմաքաղաքական կոալիցիա: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Ուելսում կայացած դաշինքի գագաթաժողովի ընթացքում որոշում է կայացվել ստեղծել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժեր՝ կապված Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիայի հետ: Նա նշել է, որ արագ արձագանքման ուժերը կազմված են լինելու մի քանի հազար ցամաքային ուժերից, որոնք մարտական վիճակի կբերվեն 3 օրվա ընթացքում:

Ստացվում է՝ ՆԱՏՕ-ն սեղմում է օղակը Ռուսաստանի շուրջ, ինչը կարող է անսպասելի զարգացումների հասնել: Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական գագաթաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը եւ Նորվեգիան գերճշգրիտ զենք ու ռազմական մասնագետներ կուղարկեն Ուկրաինա:

ՌԴ Ա նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը կողմ է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը, եւ ռազմական միջամտություն չի լինելու. «Մենք հանդես ենք գալիս այդ ծանր ճգնաժամի, այդ ողբերգության բացառապես խաղաղ կարգավորման օգտի­ն»: Միաժամանակ, ՌԴ Ա նախարարը մեղադրել է արեւմտյան երկրներին կողմնակալ մոտեցումների ու անվերապահորեն եւ կուրորեն Կիեւի իշխանություններին սատարելու համար: Բազմիցս նշվել է, որ Կիեւի իշխանությունները հենված են ազգայնամոլ, անգամ ֆաշիստական կարգախոսներով առաջնորդվող բենդերականների վրա, ինչը լավ բանի չի հանգեցնի:

Ուկրաինայի անկայունությունը վտանգավոր է ոչ միայն իր համար, այլեւ հարեւան Ռուսաստանի ու Բելառուսի, իսկ այդ հանգամանքը շահավետ է Վաշինգտոնի համար. հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ Ուկրաինայի անկայունությունը մի հսկայական խառնարան է ստեղծել, որն իր մեջ է ձգում Ռուսաստանին եւ Բելառուսին: «Մենք պետք է հեռու մնանք այդ խառնարանից, քանի որ ամերիկացիներն այնտեղ չեն պայքարելու: Նրանք ուզում են մեր ձեռքով սպանել մեր ժողովրդի­ն»,- ասել է Բելառուսի ղեկավարը:

Իսկ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել է Արեւմուտքին՝ ռազմա-տեխնիկական օգնություն տրամադրելու խնդրանքով՝ երկրի հարավ-արեւելքում անջատողականների դեմ պայքարելու համար: ՆԱՏՕ-ն Կիեւին խոստացել է 15 մլն. եվրոյի օգնություն՝ բանակի արդիականացման համար: Ուկրաինայի Լվով քաղաքի մոտակայքում սեպտեմբերի 16-26-ը տեղի են ունենալու «Rapid Trident 2014» զորավարժությունները, որոնց մասնակցելու է 15 երկիր, որոնց թվում Ուկրաինան, Ադրբեջանը, Բուլղարիան, Կանադան, Վրաստանը, երմանիան, Մեծ Բրիտանիան, Լատվիան, Լիտվան, ԱՄՆ-ն, Իսպանիան եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ՝ զորավարժություններին մասնակցելու է 1300 զինվորական:

Սեւ ծովում մեկնարկում են ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Իսպանիայի, Թուրքիայի եւ այլ երկրների մասնակցությամբ ռազմածովային զորավարժությունները: Մի շարք երկրներ՝ Վրաստանը, Նորվեգիան, Շվեդիան եւ Ֆրանսիան դիտորդներ են ուղարկել այդ զորավարժություններին: Մասնակցելու է 12 ռազմանավ, այդ թվում՝ Ուկրաինայի ռազմածովային ուժերի 5 նավ: Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում նավերը մուտք կգործեն Օդեսայի եւ այլ նավահանգիստներ: Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ զորավարժությունները տեղի են ունենում Սեւ ծովում՝ Ղրիմի ափերի մոտ, ինչպես նաեւ Ուկրաինայի տարածքում, դրանով իսկ փորձ է արվում հոգեբանական ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ ցույց տալով Արեւմուտքի աջակցությունը (այդ թվում՝ ռազմական) Կիեւի իշխանություններին:

Ռուսաստանը շատ կտրուկ է արձագանքել այդ զորավարժություններին: ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի որոշումը՝ մշտական ներկայություն ունենալ Սեւ եւ Բալթիկ ծովերում, ապակայունացնող գործողություններ են եւ դա կհարվածի սեւծովյան ու բալթյան ավազանների եւ այլ տարածաշրջանների անվտանգությանը:

Վերջերս էլ Ֆինլանդիան ու Շվեդիան, որոնք սահմանակցում են Ռուսաստանին, որոշում են կայացրել ավելի սերտացնել իրենց կապերը ՆԱՏՕ-ի հետ: Ֆինլանդիան արդեն վաղուց մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ոչ ռազմական հատվածին, եւ բացի այդ, Ստոկհոլմը եւ Հելսինկին մասնակցում են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի­ն»: Այդ երկրների կողմից ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությունը Մոսկվայից կպահանջի ուժեղացնել իր Արեւմտյան ռազմական շրջանը, բալթյան նավատորմը եւ կարիք կլինի լրացուցիչ ուժեր կենտրոնացնել ռուս-ֆինլանդական սահմանին:

Այսպես է ՆԱՏՕ-ն ցանկանում սեղմել օղակը Ռուսաստանի շուրջ՝ այդ երկրի սահմաններին Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծով ստեղծելով բուֆերային երկրներ կամ հակառուսական ուղղվածություն ունեցող ռազմաքաղաքական միավորներ:

Այս իրադարձությունները առնչվում են նաեւ Հարավային Կովկաս կոչվող տարածքի երկրներին, անգամ տեսակետ կա, թե նոր բաժանարար գծեր են ձեւավորվում Կովկասում: Ադրբեջանն ու Վրաստանը մասնակցելու են Ուկրաինայի Լվով քաղաքի մոտակայքում նախատեսված զորավարժություններին, իսկ Հայաստանն էլ ՀԱՊԿ անդամ է:

Վրաստան այցելած Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի խորացնել ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ: Նա Ուելսում կայացած դաշինքի գագաթաժողովում Վրաստանին եւ հետխորհդային այլ երկրներին տրամադրվել էր ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ համագործակցության նոր փաթեթ: Ռազմական համագործակցության խորացումը ավելի է կարեւորվել այն պահից, երբ տեղի է ունեցել Ղրիմի բռնակցումը, ինչը ԱՄՆ-ն չի ընդունելու, ինչպես չի ընդունել ՌԴ-ի ռազմական գործողությունները Վրաստանում՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի առումով:

Պենտագոնի ղեկավարը կոչ է արել Ռուսաստանին՝ հետ քաշել ռուսական զորքերը Վրաստանի սահմանից: Այս տարվա օգոստոսին Աբխազիայի նորընտիր նախագահ Ռաուլ Հաջիմբան Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ անվտանգության միասնական սահման ստեղծելու հարցը, որին կարող է անդամակցել նաեւ Հարավային Օսիան: Նախատեսվում է, որ Աբխազիայի ու Ռուսաստանի միջեւ շուտով կստորագրվի բարեկամության ու փոխօգնության նոր պայմանագիրը: Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանն ունի ռազմակայաններ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի տարածքներում: Եվ Վրաստանի ՆԱՏՕ-ական ձգտումներն ու ապագայում ամերիկյան ռազմակայանների ստեղծումը Վրաստանի (գուցե նաեւ՝ Ադրբեջանի) տարածքում կարող է նոր բաժանարար գծեր ստեղծել Հարավային Կովկասում եւ մեծացնել լարվածությունը՝ հասցնելով վտանգավոր աստիճանի:

Եվ ՆԱՏՕ-ՌԴ առճակատումը նոր սպառնալիք են ստեղծում Հայաստանի համար: Եթե Երեւանը մնա հարազատ ԱՊՀ-ՀԱՊԿ-ական դիրքորոշմանը (հիշեցնենք, որ ադրբեջանական վերջին սադրանքներին այնքան էլ պարտավորված չարձագանքեցին ՀԱՊԿ անդամ երկրները, նաեւ՝ Ռուսաստանը), ապա ՆԱՏՕ-ն թերեւս կփոխի իր տեսակետը եւ գուցե բացահայտ ադրբեջանական դիրքորոշումով հանդես գա: Հատկապես, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում ոչ մի նշում չկա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին։ Միայն նշվում է տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուելսում ՆԱՏՕ-ի շրջանակում անցկացվող ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստին բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կատարի Ադրբեջանին տված խոստումները: Նրա խոսքով՝ «Ղարաբաղյան խնդրի լուծումը՝ հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, մեծ նշանակություն ունի»:

Ուելսում սեպտեմբերի 4-5-ը տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որում Հարավային Կովկասի մասով, մասնավորապես, նշվում է. «Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական զավթումը եւ ռազմական ներխուժումը Արեւելյան Ուկրաինա ՆԱՏՕ-ի արեւելաեվրոպական գործընկերների մոտ առաջ են քաշել հիմնավոր մտավախություններ։ Դաշինքը շարունակելու է աջակցել իր գործընկերներին՝ արտաքին եւ անվտանգության քաղաքականությունում ինքնուրույն եւ սուվերեն ընտրություն կատարելու իրավունքի ապահովման հարցում՝ առանց արտաքին ճնշումների ազդեցության։ Դաշնակիցները նաեւ հավատարիմ են մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանն աջակցելու­ն»: Նշվել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ հենվելով հիշատակված սկզբունքների ու միջազգային իրավական նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Հակամարտությունների գոյությունը հատուկ մտահոգության առիթ է համարվել, քանի որ այն խոչընդոտում է տարածաշրջանի բնակիչների ողջ ներուժը բացահայտելուն՝ որպես եվրոատլանտյան համայնքի անդամներ: Բոլոր կողմերին կոչ է արվել կառուցողաբար եւ հզոր քաղաքական կամք դրսեւորելով՝ մասնակցել խաղաղ կարգավորմանը՝ գոյություն ունեցող բանակցային ձեւաչափերի մեջ:

Շատերի մոտ այս հայտարարությունը մտահոգություն է ստեղծել այն առումով, որ «ՆԱՏՕ-ն պաշտոնապես հանձնառել է Հայաստանին պաշտպանել Ռուսաստանի­ց»: ՆԱՏՕ-ն պաշտոնապես հանձնառել է աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի անկախությանը, ինքնավարությանը եւ տարածքային ինտեգրմանը՝ ընդդեմ Ռուսաստանի: Մոսկվան Երեւանի հետ ունեցած միջպետական համաձայնագրով, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում հանձնառել էր Հայաստանի սահմանների պաշտպանությունը եւ երաշխավորել երկրի անվտանգությունը: Այժմ ՆԱՏՕ-ն է հանձնառում աջակցել Հայաստանի անվտանգությանն ընդդեմ նախկին երաշխավորի՝ Ռուսաստանի: Սա խիստ վտանգավոր իրավիճակ է եւ պետք է անչափ զգույշ գործել: Որպեսզի ՆԱՏՕ-ն կարողանա պաշտպանել Հայաստանին ընդդեմ Ռուսաստանի, Հայաստանում գոնե պետք է ունենա համագործակցող պետական, քաղաքական, ռազմական եւ հասարակական կառույցներ: Կա՞ն արդյոք դրանք, որոնց միջոցով ՆԱՏՕ-ն Հայաստանում պայքարելու է Ռուսաստանի դեմ: Ինչեւէ, մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որ մեր երկիրը հեռու մնա «սառը պատերազ­մ» մղող ռազմաքաղաքական ուժերի առճակատման կենտրոնում հայտնվելուց, այլապես կվտանգենք երկրի եւ ազգի անկախությունն ու ազատությունը:

Չնայած այս ամենին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Հայաստանի նախագահի մասնակցությունը, ինչպես նաեւ Նյուպորտում Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄն պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ կայացած եռակողմ հանդիպումը ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստում դրական է գնահատվել։ Ըստ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ այցի արդյունավետությունը գնահատվել է մի քանի տեսանկյունից, նախ՝ շատ կարեւոր էր այն, որ նախագահը ՆԱՏՕ-ի բարձր ամբիոնից Ադրբեջանի ղեկավարին անվանեց բռնապետ, իսկ Թուրքիային՝ Ադրբեջանի շահերի պաշտպան։

«Ինչպես գիտեք, Թուրքիան ցանկանում էր ձեւափոխել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը։ Քերի-Ալիեւ-Սարգսյան հանդիպումը արձանագրեց մի շարք կարեւոր փաստեր. խաղաղ կարգավորումը միակ ճանապարհն է, ցանկացած ռազմական լուծում անթույլատրելի է։ Սա ուղիղ մեսիջ էր թե՛ բռնատիրական Ադրբեջանին, եւ թե՛ նրա հովանավոր Թուրքիային։ Երկրորդը՝ արձանագրվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոփոխման ենթակա չէ, եւ իրավիճակի ցանկացած սրում անթույլատրելի ­է»,- ասել է ԱԺ փոխխոսնակը։ Նյուպորտում տապալվեց ադրբեջանաթուրքական գործարքը՝ փոխել Մինսկի ձեւաչափը, ճնշում գործադրել խաղաղ բանակցությունների վրա՝ շարունակելով ռազմատենչ հռետորաբանությունը։

Այնուամենայնիվ, իշխանությունները եւս մտահոգ են, քանի որ ընդունված հռչակագիրը մեզ համար ամբողջությամբ չէ ընդունելի, քանի որ այնտեղ կան կետեր, որոնք չեն բխում մեր շահերից, անգամ իրականության հետ կապ չունեն, սակայն, ըստ իշխող կուսակցության, եթե այն համեմատենք նախորդ տարվա հռչակագրի հետ, կտեսնենք, որ այս հռչակագրում բացակայում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» տերմինը, հղում է կատարվում ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, ինչպես նաեւ հռչակագրում նույնպես նշվում է խնդրի խաղաղ կարգավորման եւ ձեւաչափի պահպանման անհրաժեշտության մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Թագավորությունում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ եւ քննարկել այս խնդիրները եւս, նա ողջունելի է համարել, որ Ֆրանսիայի նախագահը հետեւողականորեն ուշադրության կենտրոնում է պահում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը: Հանդիպման ժամանակ երկուստեք կարեւորվել են նաեւ ֆրանսիացի օրենսդիրների այցերը Արցախ եւ «Ֆրանսիա-Լեռնային Ղարաբաղ» բարեկամության շրջանակի ստեղծումը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի անդամներին, արծարծվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերությունների, ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Նշվել է, որ Ֆրանսիան դիտարկվում են որպես բարեկամ երկիր եւ շահագրգռվածություն կա հարաբերությունների շարունակական խորացման առումով:

Այստեղ շատ կարեւոր է, որ ԱՄՆ-ՌԴ առճակատումների համապատկերին Հայաստանը ոչ միայն կարողանա հավասարակշռված քաղաքականություն վարել 2 կողմերի հետ, այլեւ փոխլրացնող ու փոխշահավետ քաղաքականություն վարի եվրոպական առաջատար երկրների հետ, որոնք (երբեմն 3-րդ կողմի քայլեր են անում) եւս շահագրգռված են Վաշինգտոնի ու Մոսկվայի հակասությունները չսրվելու հարցում:

Հայկ Թորգոմյան  եւ Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 28 (333), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։