![]()
Հայտնի է, որ Զորավարին բարձր էին գնահատում եւ՛ բարեկամները, եւ՛ թշնամիները: Ու զորավարի մասին բազում ասքեր են հյուսել նրանք:…1934թ. օգոստոսն էր: Այդ օրերին նախագահ Մուստաֆա Քեմալի հրավերով Թուրքիայում էին գտնվում մեծ թվով այլազգի լեզվաբան-գիտնականներ: Նրանց հետ միասին աշխատում էր նաեւ Քեմալի քարտուղարը՝ բուլղարահայ գիտնական Հակոբ Մարթայանը: 1916-ից նա Քեմալի օգնականն ու խորհրդատուն էր: Այդ կապը մի քանի տարի ընդհատվել էր, իսկ 1932-ին նորից շարունակվել: Մարթայանը ծառայություն էր մատուցել թրքական սահմանադրությունն ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու, արաբատառ այբուբենը լատինատառ դարձնելու գործում: Նա է Թուրքիայում մտցրել ազգանունները՝ Քեմալին կոչելով Աթաթուրք (թուրքերի հայր)… Վերջինս էլ Մարթայանին կոչել է Դիլաչար (լեզու բացող):
Անդրանիկի մահվան լուրն անթաքույց հրճվանքով ընդունվեց Թուրքիայում: Շատերը գիտեին, որ Քեմալը բարձր էր գնահատում զորավարին: Այդ են վկայում Քեմալի մտերիմները, անձնական վարորդը՝ հայազգի Կարոն: Գիտեր նաեւ Դիլաչարը:
Օգոստոսի 31… Աշխատանքից հետո խնջույքի հրավիրված լեզվաբաններին էր փոխանցվել տանտերերի ուրախությունը: Կերուխումի թեժ պահին Քեմալն առաջարկում է. «Թող հրավիրվածներից յուրաքանչյուրը մի երգ կատարի… հյուրերը կարող են իրենց մայրենի լեզվով երգել»: Մեղմ ժպիտը դեմքին, Քեմալը լսեց շատերին՝ հույնին, հրեային, գերմանացուն… հատկապես գերմանացու երգը իր մարտական թափով անչափ դուր եկավ իրեն: Ու հանկարծ Քեմալը շրջվում է դեպի իր քարտուղարը.- Դիլաչար էֆենդի, մի բան էլ դու երգիր…Բոլորը շրջվում են դեպի Դիլաչարն ու սպասում. «Ի՞նչ լեզվով է երգելու Բուլղարիայում ծնված, օտար համալսարաններում կրթություն ստացած, քսաներկու լեզվի գիտակ, տարիներ շարունակ Քեմալի մոտ ծառայության մեջ գտնվող հայազգի Դիլաչարը…»: Դե, իհարկե, թուրքերեն. այդ են վկայում ներկաներից շատերի քծնանքով լի ժպիտները, այդ է վկայում Քեմալի տեղակալ Իսմեթ Ինենյուի ինքնագոհ դեմքը…Դիլաչարը մի պահ բարձրացնում է հայացքը, նայում հյուրերին… փակում աչքերը… ու լսվում է ինքնաբուխ երգը.Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,Թնդացնում ես երկինք, երկիր տենչավառ,Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար, Հայոց լերինք քեզ ապաստան, Անդրանիկ: Ներկաները սարսափով ու կատաղությամբ են նայում Դիլաչարին: Երգի հակաթուրքական բնույթը շատերին է հայտնի: Տեղում անհանգիստ շարժումներ է անում Իսմեթ Ինենյուն՝ ցանկանալով տեղից բարձրանալ (երեւի զինվորներ կանչելու եւ Դիլաչարին պատժելու համար. չէ՞ որ Անդրանիկի անունը Թուրքիայում տալը մահացու հանցանք է): Ինենյուն նայում է Քեմալին… Վերջինս դանդաղ ոտքի է ելնում, ձեռքի շարժումով կանգնեցնում Ինենյուին եւ մտազբաղ սկսում զննել մի ինչ-որ անորոշ կետ՝ հատակի վրա: Իսկ երգը շարունակվում էր. Երակներիդ ազնիվ քաջի արյունը չի ցամաքի մինչ հավիտյան, Անդրանիկ… Երգն ավարտվեց: Տիրեց քար լռություն: Ու այդ լռության մեջ լսվեց Քեմալի հատու ձայնը.- Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր: Նրա սրից հազարավոր թուրքեր ընկան: Այդպիսի հերոս հայերն անցյալում չեն ունեցել, ներկայումս չկա, ապագայում չի սպասվում: Դուք, հայերդ, ճիշտ եք վարվում՝ հիշելով ու պատվելով ձեր հերոսներին… Բայց այս անգամ նրանք պարտվեցին եւ մենք հաղթեցինք: Դիլաչար էֆենդի, դու էլ շատ լավ երգեցիր մեր թշնամուն գովերգող երգը… բայց սա լինի վերջին անգամը…- Դուք, հայերդ, տառապում եք հայրենաբաղձությամբ, – 1938թ. նոյեմբերին, արդեն մահվան անկողնում, Քեմալը դիմելով հայկական կոչվող այդ «հիվանդությամբ» տառապող իր խորթ աղջկան՝ հայազգի Սապիհա հանըմին, կասի, – դու պիտի չազատվես այդ հիվանդությունից…Անդրանիկի մահվանից քառասուն տարի հետո Անկարայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դիլաչարը իր ընտիր հայերենով զորավարի լեգենդը կպատմի հայրենիքից եկած հայ գիտնականին, ավելացնելով՝- Երգի պահին ամենեւին էլ չէի մտածում հետեւանքների մասին… Երեւի հայրենաբաղձություն կոչվող հայկական այդ սքանչելի «հիվանդությունն» է պատճառը, որ օտարության մեջ գտնվող հայը վճռական պահին հայրենիքի համար անում է անհրաժեշտը՝ առանց հետեւանքների մասին մտածելու… Արյան կանչը 1935թ. Թուրքիայում բռնկվեց քրդերի ապստամբությունը: Դրա ճնշմանը մասնակցում էր նաև Թուրքիայի առաջին կին օդաչուն՝ Սապիհա հանըմ Գյոլքեն (իրականում հայուհի Խաթուն անունով, որին չորս տարեկան հասակում որդեգրել էր հանրապետության հիմնադիր եւ առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալը): Ամառային այդ օրը Սապիհան պետք է ռմբակոծեր քրդական ապստամբության կենտրոնը՝ Դիարբեքիրը: Դուրս գալով խարսխակայանից՝ նա ուղղություն վերցրեց դեպի նշանակետը, բայց հետո… ինքնաթիռի ղեկը կտրուկ թեքեց դեպի իր ծննդավայրը՝ Ուրֆա… ու ռմբակոծեց թուրքական մզկիթը: Լուրը հասցրին նախագահ հորը, որն իր սիրեցյալ դստերը դիմավորեց Ադանայի մոտ գտնվող Ախարճա ռազմակայանում: Այն հիմա թուրքերը կոչում են Ինջիռլիք: Սեւեռուն հայացքով զննելով հաճելիորեն շառագունած ու ոչ մի շփոթմունք չարտահայտող դստեր դեմքը Քեմալն ասաց.- Դուք, հայերդ, տառապում եք կարոտախտով… ու չպետք է բուժվեք այդ հիվանդությունից:
Հավաքեց` Հակոբ Մանջյանը




Armenian