Աշխարհի մարզական հեւքից.- Ռուսաստանում սպորտը կդառնա անվճար – Գերմանիայում գործում են անվճար մարզական խմբակներ… Լողափնյա մարզաձեւեր… Ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթակիրը… Հայ եւ թուրք բռնցքամարտիկների մենամարտը վերանայվեց… Այլ մարզական լուրեր…

Ռուսաստանում սպորտը կդառնա անվճար

Ռուսաստանում մանկապատանեկան սպորտը կրկին անվճար կլինի. հայտնել է ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն: Մինչեւ 2018թ. Ռուսաստանում բացվելու են 30 հազ. նոր մարզական խմբակներ. «Մենք պլանավորել ենք ստեղծել համառուսական հասարակական կազմակերպություն, որը կօգնի մարզական ակումբներին ֆինանսապես, նյութապես, տարածքով եւ այլն: Նման կազմակերպության նպատակն է համակարգել մարզական ակումբները, դրանք կրկին վերաբացել տարբեր բնակավայրերում եւ կազմակերպություններում»,- ասել է նախարարը: Ըստ ծրագրի՝ Ռուսաստանում մինչեւ 2020թ. կկառուցվեն նոր մարզակառույցներ, որոնք կարող են անվճար սպասարկել մոտ 10 մլն. մարդու:

Նշենք, որ Գերմանիայում այժմ գործում են 90 հազ. անվճար մարզակ­ան խմբակներ:

Լողափնյա հանդբոլ էլ ունեցանք

Լողափնյա ֆուտբոլը եւ վոլեյբոլը ավելի զանգվածային են դարձել աշխարհում, նաեւ Հայաստանում են զբաղվում այդ մարզաձեւերով: Վերջերս ավելացավ նաեւ լողափնյա հանդբոլը: ՀՀ դպրոցականների մարզական ֆեդերացիան (նախագահ՝ Արայիկ Մեհրաբյան) վերջին տարիներին կրթության եւ գիտության նախարարության հետ սերտ համագործակցության շնորհիվ ընդլայնել է մրցումների քանակը: Մասնավորապես այս տարվա ընթացքում արդեն անցկացվել են մեզ համար այնպիսի անսովոր մարզաձեւերի մրցումներ, ինչպիսիք են լողափնյա վոլեյբոլը, լողափնյա ֆուտբոլը: Եվ ահա հանգստյան օրերին կազմակերպվեց նաեւ լողափնյա հանդբոլի փորձնական առաջնություն, որին մասնակցեցին Երեւանի, Վանաձորի, ավառի ու Սեւանի դպրոցականները:

Մրցումներն անցան շրջանաձեւ ու հաղթողի կոչման արժանացավ Երեւան-1 թիմը: 2-րդ եւ 3-րդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրին Վանաձորն ու Երեւան-2-ը:

Ֆուտբոլի ազգային հավաքականը՝ ծանր վիճակում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հայտնվեց ծանր վիճակում, վնասվածքի պատճառով՝ 4 շաբաթով շարքից դուրս եկավ մեր թիմի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանը, ով խաղում է գերմանական (Դորտմունդի) «Բորուսիա»-ի կազմում:

Մեր ընտրանին Սերբիայի հետ տնային հանդիպմանը փաստացի կմասնակցի գրեթե սիրողական կազմով, չէ՞ որ թիմում բացակայելու են Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիսը եւ Հրայր Մկոյանը: Իհարկե լավ խաղացողներ են Ռոման Բերեզովսկին, Վարազդատ Հարոյանը կամ Ռոբերտ Արզումանյանը, բայց դա քիչ կլինի:

Շվեյցարացի մարզիչ Շալանդն առանց այն էլ չի արդարացնում իրեն, իսկ Սերբիայի հետ խաղից հետո, կարող է լուրջ խնդիրներ առաջանան՝ մեր երկրի գլխավոր թիմին ղեկավարելու հարցում:

«Բանանց»-ը՝ Հայաստանի 2014թ սուպերգավաթակիր

Հայաստանի ֆուտբոլի 2014թ. Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին տիրեց Երեւանի «Բանանց»-ը, Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում հանրապետության չեմպիոնը 3:0 հաշվով ջախջախեց Երեւանի «Փյունիկ»-ին: Այս տարվա գավաթակիր «Փյունիկ»-ը հանդես եկավ փոխարինող կազմով, քանի որ գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը 2-րդ կազմը խաղացնելու որոշումը բացատրեց գլխավոր թիմի բոլոր ֆուտբոլիստներին «պատժելու» հանգամանքով, որովհետեւ նրանք առաջնության խաղում սխալներ էին թույլ տվել: Նա միաժամանակ ավելացրեց, որ այսօրվա իր սաները նույնպես սխալներ են թույլ տվել, ուստի մյուս խաղին նրանց կփոխարինեն արդեն իրենց «պատիժը» կրած ֆուտբոլիստները:

Իսկ «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը նշել է, որ մեծ նշանակություն չուներ, թե ինչ կազմով է հանդես եկել հակառակորդը, կարեւորն այն է, որ թիմի ֆուտբոլիստներին հաջողվեց լրջորեն տրամադրվել խաղին եւ հաղթանակ տանել:

ՀՖՖ-ն «Ֆուրման-97» թիմին հանել է առաջնությունից

Հայաստանի 2014-15թթ ֆուտբոլի պատանեկան առաջնության մասնակից թիմերի քանակը եւս մեկով պակասեց: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, «Ֆուրման Աբրահամյան» ֆուտբոլային ակումբի նախագահ Ա. Աբրահամյանը նամակով դիմել է ֆեդերացիային, որում նշել է, որ «Ֆուրման–97» թիմը հրաժարվում է մասնակցել պատանեկան առաջնությանը:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն իր հերթական նիստում որոշել է «Ֆուրման-97» թիմին հանել առաջնությունից, իսկ «Ֆուրման Աբրահամյան» ֆուտբոլային ակումբին տուգանել 50.000 դրամով:

Հայ եւ թուրք բռնցքամարտիկների մենամարտը վերանայվեց

Լեհաստանի Կիելցե քաղաքում կայացավ բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Սեպտեմբերի 21-ին Հենրիկ Սարգսյանի մենամարտը թուրք բռնցքամարտիկի հետ ստացվեց սկանդալային: Հենրիկն անցկացրեց հիանալի մենամարտ՝ 2 անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին, սակայն մրցավարները հաղթանակը շնորհեցին թուրք բռնցքամարտիկին:

Հայկական կողմը բողոքարկել է, իսկ Լեհաստանի ֆեդերացիան աղմուկ է բարձրացրել՝ նշելով, որ իրենց մրցաշարի ժամանակ նման անարդարություն թույլ չեն տա: Արդյունքում՝ մրցաշարի կազմակերպիչը եւ գլխավոր մրցավարը մոտեցել են Հենրիկ Սարգսյանին եւ նրան են փոխանցել 1-ին տեղի մրցանակը եւ ոսկե մեդալը:

Մեր մարմնամարզիկների հաջողության գաղտնիքը

Հայաստանի մարմնամարզիկներ Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը հաջող են սկսել ելույթները Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող միջազգային մրցաշարում: Նրանք գերազանց մրցելույթներ ունեցան օղակների եւ նախնական, եւ եզրափակիչ փուլերում: Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը վաստակեցին համապատասխանաբար 15,575 ու 15,425 միավոր եւ արժանացան ոսկե ու արծաթե մեդալների:

Մեր փորձառու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգ թափերի մրցումներում 15, 475 միավորով նույնպես ճանաչվեց 1-ինը:

«Մրցումներից առաջ Քաթարում 10-օրյա ուսհավաք անցկացրինք։ Հիմնականում հենց դա նպաստեց տղաների հաջող ելույթներին»,– ասել է Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: «Մեր ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս ուսհավաքներ անցկացնել նույնիսկ խոշոր մրցումներից առաջ։ Դրանք մեզ օգնում են ավելի լավ պատրաստվել, կատարելագործել եւ բարդացնել վարժությունները, ծանոթանալ նոր մարզասարքերի առանձնահատկություններին եւ այլն»,– ասել է անվանի մասնագետը։ Ի դեպ, Հայաստանի հավաքականը Քաթարում ուսումնամարզական հավաք անցկացրել է մեր լավագույն մարմնամարզիկներից մեկի՝ Էդուարդ Գեւորգյանի աջակցությամբ, որը թիմին հյուրընկալել է իր տանը, բացի այդ պայմանավորվել է Քաթարի մարմնամարզության ֆեդերացիայի հետ՝ անվճար մարզումներ անցկացնելու համար։

Այժմ մեր մարմնամարզիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է մայիսի 25-27-ը Սոֆիայում: Վիգեն Խաչատրյանը հանդես է գալու երիտասարդական առաջնությունում, որտեղ վիճարկվելու են նաեւ Նանջինի պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Հայաստանի 3 մարմնամարզիկներ մտել են եզրափակիչ

Սոֆիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներից մեդալի համար պայքար են մղում միայն երկուսը:

Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը գերազանց հանդես եկան օղակների վրա եւ մտան եզրափակիչ փուլ: Մեդալների համար պայքարում նրանց հիմնական մրցակիցները կլինեն ռուսաստանցիներ Դենիս Աբլյազինն ու Ալեքսանդր Բալանդինը, որոնք որակավորման փուլից հետո զբաղեցնում են համապատասխանաբար 1-ին եւ 2-րդ տեղերը:

Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը բազմամարտի մրցումներում զբաղեցրեց 4-տեղը եւ մրցանակներից անմասն մնաց: Մեր թիմի ամենափորձառու մասնակից Հարություն Մերդինյանը նժույգաթափի մրցումներում գրավեց 20-րդ տեղը եւ դուրս մնաց պայքարից:

Զուգահեռ ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում մեր Վիգեն Խաչատրյանը մտել է բազմամարտի եզրափակիչ փուլ, որտեղ 24 ուժեղագույնների հետ կպայքարի մեդալների համար: Նա միաժամանակ հանդես կգա օղակների վրա վարժության եւ հենացատկի եզրափակիչներում:

Գեղարվեստական մարմնամարզությունԱզատության հրապարակում

Վաղը, սեպտեմբերի 27-ին, Ազատության հրապարակում տեղի կունենան գեղարվեստական մարմնամարզության, ձյուդոյի եւ վոլեյբոլի ցուցադրական ելույթներ: Այդ մասին տեղեկացնում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Ելույթները կմեկնարկեն ժամը 16:00-ին

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 30 (335), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։