Նախնյաց հիշատակի տոնը մեռելոցը չէ – Հայերը հոգիներին ճանապարհում են – Վերին Հայկական լեռնաշխարհ, ոչ թե Վերին Երուսաղեմ… Հայ հեթանոսները Սրբազան Տարածք են համարում Արարատյան աշխարհը, ոչ թե Իսրայելը, Սրբազան Լեռ են համարում Մեծ ու Փոքր Մասիսները, ոչ թե Սիոնը…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից՝ հայ արիականներն ու հեթանոս-արիադավան ազգայնականների համախմբումը սեպտեմբերի 23-ին հերթական անգամ նշել են Նախնյաց ավանդական տոնը:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի (դասի) քրմերն ու քրմի թեկնածուները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Շիրակի մարզի Արփի եւ Ջավախքի Մադաթափա լճերի միջակայքում կատարել են արիադավան ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայոց բոլոր նախնյաց:

Հայ արիականները եւ ազգայնականները փառաբանել են նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ խնդրելով աջակցել իրենց՝ Հայոց հայրենիքի վերատիրման, ամբողջականացման գործում եւ Հայկական լեռնաշխարհում՝ Հայոց Արարչատուր եւ Աստվածազարմ Բնօրրանում վերստին հաստատվելու համար:

«Մեր նախնյաց հիշատակի օրը տոն է՝ տոնախմբություն, քանզի հիշվում եւ մեծարվում են հայության նախնիները, ինչը դա բացարձակ կապ ու նմանություն չունի հուդա-քրիստոնեական մեռելոցների հետ,- ասված է հայտարարությունում:- Առավել եւս, որ հայ արիական հայերն իրենց նահատակների ու մեռյալների հոգիներին ճանապարհում են Վերին Հայկական լեռնաշխարհ, ոչ թե Վերին Երուսաղեմ, ինչպես հուդա-քրիստոնյաները»:

Մեր հարցմանն ի պատասխան նշված կենտրոնից պարզաբանեցին, որ Հայ արիադավան հեթանոսները Սրբազան Տարածք են համարում Արարատյան (Հայկական) աշխարհը, ոչ թե Իսրայելը, Սրբազան Լեռ են համարում Մեծ ու Փոքր Մասիսները, ոչ թե Սիոնը եւ հիշում են ոչ թե հրեական առաքյալներին կամ այսպես կոչված մարգարեներին, այլ բոլոր հայ նախնիներին՝ տասնյակ հազարամյակներից եկած ու մինչ ցայսօր, դրանով իրենց մեջ նորոգելով Հայի Տիեզերահաս ենի հավերժության ընթացքը, Հայ Տեսակի առաքելությունն ու առաքինությունները:

«Այդ սրբազան օրը մարդ եւ հոգի-ոգիներ կապը Երկրային Հայրենիքից ձգվում է դեպի Տիեզերական հոգե-ոգեղեն Հայկական Աշխարհները­…»:

Հայ նախնյաց հիշատակի օրվա հետ, որը նշվում է աշնանային գիշերահավասարին, նշվել է նաեւ հայոց պետականության եւ անկախության վերականգնման տոնը (1991թ. սեպտեմբերի 21), որը հայ արիականներն ու ազգայնականները կրկին նշել են՝ «Հայաստան-Արցախ՝ վերամիավորված երկի­ր» կարգախոսով, այս միացումը համարելով Միացյալ Հայաստանի վերակերտման նախահիմք:

«Հայ Աստվածների եւ Սրբազան Հոգիների կամոք՝ հայությունը դեռ կազդարարի Հայկական լեռնաշխարհի բուն Հայկական Բնօրրան լինելու եւ միայն Հայի Բնաշխարհը դառնալու մասին»,- վստահ են հայ արիները:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 30 (335), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։