Քաղաքականությա՞ն զինվորներ – Ազատամարտիկները կրկին քաղաքականացվում են… Երբ շռայլ են արդեն հղփացածները – Պետք է հիշել՝ ինչպես են միլիոնները դիզել, որտեղից են եկել ու քանիսի ներդրումների հաշվին (ու ոչ միայն ներդրումների) ազգափրկիչ-գործարար-բարեգործների վերածվել…

Քաղաքականությա՞ն զինվորներ

Պարբերաբար խոսում են այն մասին, թե ԲՀԿ ղեկավարը ստվերային կերպով ֆինանսավորում է մի շարք քաղաքական ուժերի ու գործիչների: Վերջերս ԲՀԿ վերնախավը փակ հանդիպում է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, որտեղ քննարկվել է այդ ուժերի՝ վճռական պահին ԲՀԿ առաջնորդի հրահանգները կատարելու հարցերը:

Վերջերս ավելի հեռուն է գնացել Գագիկ Ծառուկյանը, ով նաեւ ազատամարտիկների տարբեր միություններ է ձեւավորում: Սա դեռ կարող է այլ ընթացք ստանալ, եթե ՀՀԿ-ին ենթակա երկրապահները հրահանգ ստանան գործելու... Այս դեպքում դժվար թե ինչ-որ լավ բանի հանգեցնի հնարավոր բախումը: Ազատամարտիկների մի հատված կա, որ ամիսներ շարունակ նստացույց եւ բողոքի երթեր էր անում, ինչը առժամանակ դադարել է, բայց կարող են բորբոքել, անգամ միտումնավոր, ինչպես լինում էր հաճախ:

ԲՀԿ ղեկավարի նախաձեռնած «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարը ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) ղեկավարությամբ կայացել է այս օրերին՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում:

ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը շաբաթներ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարություն էր անում, թե իր նախատեսած «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարի համար իրենց տարածք չեն հատկացնում, եւ ստիպված են լինելու Ազատության հրապարակում հանրահավաք անել: Բայց, ինչպես ասում են, հանրահավաքը տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանին պատկանող ռեստորանային համալիրի բացօթյա մասում: Ի տարբերություն Ազատության հրապարակում ցույցի դուրս եկած ազատամարտիկների, այս ազատամարտիկների հավաքում չի հնչել իշխանափոխություն բառը, բայց հավաքին մասնակցածներից մի քանիսը զլմ-ներին տեղեկացրել են, որ «իրենց նախապատրաստում են իշխանափոխության՝ իբր Ռուբեն Գեւորգյանը (խոսում են նաեւ մեկ այլ ԲՀԿ-ականի՝ Ռուստամ Գասպարյանի մասին եւս) բոլորին կարգադրել է մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, որը իշխանափոխության սկիզբն է լինելու»…

Հայտարարվել է, թե նորաստեղծ միությանն արդեն 4500 ազատամարտիկ է անդամագրվել: Զուգահեռ լուրեր են պտտվում, որ նախաձեռնղները զբաղված են մարզերում բնակվող սոցիալապես անապահով ազատամարտիկներին հավաքագրելու գործով: Եվ շեշտը դրվում է նրանց վրա, ովքեր դժգոհ են իշխանություններից: Իբր ԲՀԿ ղեկավարության ցուցումներով զանգահարում են մարզեր ու խոստանալով դրամական աջակցություն, համոզում են ընդգրկվել ԲՀԿ-ի երկրապահների միությունում:

ԱԺ պատգամավոր գեներալներ եւ ՀՀԿ-ական երկրապահի ղեկավարներ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը դեռ հստակ չեն արտահայտվել, սակայն ինչպես վերը նշվեց, սպասում են հրահանգի:

Իսկ Արմավիր քաղաքում տեղի ունեցած «Ազատամարտիկների դաշին­ք» կազմակերպության 1-ին համագումարի ընթացքում ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հայտարարել է, թե «պետք է պայքարենք, մեր ձեռքով վերցնենք իշխանությունը եւ տանք ժողովրդին»: (Չեմ կարող չհարցնել՝ ու՞մ, ո՞վ է թաքնված այդ ժողովուրդ ասվածի տակ… անգամ Կիեւի «Ժողովրդական Մայդան­ը» հստակ վերեւներ ուներ, որ հետո եկան իշխանության…):

Այստեղ էլ համոզված են, որ «մի բան հաստատ է՝ մենք կորցնում ենք հայրենիքը, եւ մենք դուրս ենք եկել պայքարի ճանապարհ»: Ստեղծվող կազմակերպությունները հայտարարում են, թե իրենց դռները բաց են, եւ ովքեր ցանկանում են օգնել՝ կարող են միանալ, «իսկ եթե մի օր մեկը փորձի մեր դեմ զենք հանի, ապա այդ զենքով իրեն կխփենք»: «Եթե դառնանք մի հոգի, մի մարմին, մենք կհաղթեն­ք»,- ասել է գնդապետ Սամվել Հովսեփյանն Արմավիրի վերոնշյալ  հավաքում: Նա ելույթում նշել է, որ իրենք առաջին հերթին ուզում էին պատմությունը ճիշտ գրել, այդ իսկ պատճառով 42 հրամանատարներով փորձում են գրել պատմության տարեգիրը. «Գտել ենք մի ճիշտ մեխանիզմ՝ ինչպես պատմությունը դնենք տեղը, որովհետեւ մեր զինվորը, վետերանը պետք է տարբերվ­ի»:

Վահագն Նանյան

Երբ շռայլ են արդեն հղփացածները

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը զուգահեռ չի դադարում խոսակցությունը ՀՀԿ-ԲՀԿ դաշինքի մասին, չնայած ՀԱԿ-ն ամեն բան անում է Գագիկ Ծառուկյանին ընդդիմադիր դաշտում պահելու համար: Իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչները փորձում են ավելի կտրուկ երեւալ: «Դա բացառապես իրենց խնդիրն է, մեզ չի էլ անհանգստացնում, ես այստեղ ասելիք չունեմ: Կուզեն՝ կհամագործակցեն, չուզեն՝ չեն համագործակցի»,- անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը՝ ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, առաջին անգամը չէ, որ տարբեր քաղաքական գործիչներ հանդիպում են եւ յուրաքանչյուր քաղաքական թիմ ինքն է որոշում իր մարտավարությունը:

Փաստորեն, ՀՀԿ-ն երբեք չի քննարկե՞լ այդ քաղաքական ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունը եւ չի էլ խառնվե՞լ: Բայց վերջերս ՀՀԿ ԳՄ հերթական նիստում, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր, եւ դժվար թե անդրադարձած չլինեն ընդդիմության սպասվող քայլերին ու կանխարգելիչ միջոցառումներին:

Անգամ տարօրինակ բաներ են խոսում, իբր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ քննարկել սահմանադրական բարփոխումների թեման: Եվ իբր նրան առաջարկվել է միասին իրականացնել այդ բարեփոխումները եւ նրան խոստացել են, որ այդ դեպքում ԱԺ-ում կշատանան ԲՀԿ-ի տեղերը: Անձամբ Գագիկ Ծառուկյանին էլ խոստացվել է ՀՀ նախագահի պաշտոնը՝ խորհրդարանական վարչակարգի անցնելու դեպքում: Եվ իբր ըստ նախագահ Սարգսյանի, երկրի վարչապետը կլինի Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահը ինքը՝ Սերժ Սարգսյանը: Եվ իբր ԲՀԿ ղեկավարը մերժել է այդ առաջարկը՝ նշելով, որ  այս կառավարման ձեւը բավարարում է իրեն ու իր ղեկավարած քաղաքական ուժին, ուստի առաջիկայում էլ ինքը շարունակելու է դեմ արտահայտվել այդ փոփոխություններին:

Եվ որպեսզի ԲՀԿ-ին պահեն ընդդիմադիր դաշտում, ընդդիմության ծիծեռնակները հայտարարել են, որ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցը կարող է «ճանապարհային յուրօրինակ քարտեզ դառնալ՝ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու ճանապարհին»: ԲՀԿ առաջնորդը հատուկ՝ որպես «մեխ»՝ նշել է, որ Հայաստանում ներդրումային միջավայրը լավը չէ, օտար ներդրողները չունեն անհրաժեշտ վստահություն ու երաշխիքներ: Այսպես այդ ներդրումային դաշտի պահապաններից ու մենաշնորհային շահույթը մեջ-մեջ անողներից մեկը լինելով՝ այսօր ԲՀԿ ղեկավարը դարձել է «հեղափոխական քարտեզագի­ր» եւ «հալածյալների թիկնապա­հ»…

Եվ երբ «մեսիջներ» են հղվում իշխանությանը, քաղաքական ուժերին կամ հասարակությանը, պետք է հիշեն, թե ինչպես են հարյուրավոր միլիոնները դիզել (հաստատ պապական ժառանգություն չեն ստացել), որտեղից են եկել ու ինչ «ճանապարհային քարտեզո­վ» են առաջացել եւ քանի-քանիսի ներդրումների հաշվին եւ՝ ոչ միայն ներդրումների… Եվ սա միայն մեկի մասին չէ, որ ասում ենք: Բոլորին  բոլորն էլ գիտեն:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 30 (335), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։