Ազգային, չազգային, թե՞ ապազգային կառույցներ – Ընդդիմադիր քառյակի մասին արդեն խոսում են որպես գործող եռյակի, որը կարող է վերածվել անգամ երկյակի… Ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը իրականում չունեն ազգային դիմագիծ…

ՀՅԴ-ՀՀԿ բանակցությունները կսկսվի Սերժ Սարգսյանի ԱՄՆ այցից հետո, իսկ նախագահն արդեն միջնորդել է, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը հաշվի առնի նաեւ դաշնակցականների առաջարկները: ՍԴ նախագահ ագիկ Հարությունյանիը մանրազնին պետք է ուսումնասիրի ՀՅԴ-ի ներկայացրած ՍԴ փոփոխությունների փաթեթը եւ ներկայացնի դրանց՝ իշխող կուսակցությանը ձեռնտու լինելու կամ չլինելու հանգամանքները:

Ինչպես հայտնի է, արդեն ընդդիմադիր քառյակի մասին խոսում են որպես գործող եռյակի: Բայց սա էլ կարծես վերջնական չէ, քանի որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով՝ հնարավոր է եռյակն էլ երկյակ դառնա: «Ես կարծում եմ՝ ինչ-որ մի հանգամանք էլ կլինի, որ եռյակի մի այլ ուժ էլ փորձի առանձին մտածողություն դրսեւորե­լ»,- ասել է ԱԺ նախագահը՝ ակնարկելով ԲՀԿ-ին: Այս ակնարկը ավելի պարզ է դառնում, երբ դիտարկում ենք հոկտեմբերին նախատեսված հանրահավաքում ՀԱԿ-ի՝ իշխանությունների հրաժարականը պահանջելու մտադրությունը: Իսկ տակավին վերջերս, Գագիկ Ծառուկյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը խոսվել էր, որ պետք է այնպիսի քայլեր արվեն, որ դրանց իրականացումը նպաստի Հայաստանի տնտեսության հզորացմանը եւ ժողովրդի կենցաղի բարելավմանը: Ոչ մի խոսք իշխանափոխության մասին:

Բայց ՀԱԿ-ը արդեն բարձրաձայնում է, որ հանրահավաքը առանց իշխանափոխության պահանջի անիմաստ է: Թերեւս միայն «Ժառանգությունը» համաձայնի այսպիսի շրջադարձին, իսկ ԲՀԿ-ն դժվար գնա այս ճանապարհով: Եթե այնուամենայնիվ գնա, քառյակից գոնե եռյակը կմնա, իսկ եթե ոչ, ապա կմնա Գալուստ Սահակյանի կանխորոշած երկյակը:

Հավանական է, որ խնամիա-վարչա-քաղաքական Հովիկ Աբրահամյան – Գագիկ Ծառուկյան կապը վերստին կաշխատի ընդդեմ ՀՀ 1-ին նախագահի եւ ՀԱԿ-սկսնների, քանի որ վարչապետի նշանակումը եւս այդ հարթության մեջ էր որոշվել:

Սակայն չի բացառվում, որ որոշ ժամանակ ՀՅԴ-ն գործակցի նախկին զինակիցների հետ, հատկապես վաղուց համաձայնության եկած 12 կետերի շուրջ, որոնք ներկայացվել են իշխանություններին պահանջի ձեւով: Սա կարող է լինել, եթե մինչեւ տարեվերջ ձգձգվի ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները եւ դաշնակցականների նշանակումներ չլինեն կառավարությունում: Բայց հենց գործադիրը «հարստանա» ՀՅԴ նախարարներով, 12 կետանոց պահանջագիրը այլեւս չի ձգի նրանց: Թերեւս կմնան սահմանադրական փոփոխությունների որոշ կետեր, չնայած հիմնական պնդումը՝ խորհրդարանի ձեւավորման 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու պահանջը, կանոնակարգվում է ընտրական օրենսգրքով: Եվ ՀՅԴ-ն կարող է խուսափել նաեւ այս հարցից, եթե սկզբունքային դիրքորոշման խնդիր չառաջանա:

Այն որ ՀՅԴ-ն պատրաստ էր աջակցել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, ինքնին ապացուցում է, որ դեմ չեն  գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարմանը եւս: Սա միանշանակ է նաեւ ԲՀԿ-ի դեպքում:

Ոմանց կարծիքով, ՀՅԴ ներկայությունը որոշակի ազգային դիմագիծ էր հաղորդել ընդդիմությանը: Բայց իրականում այդպես չէ, իշխանության մսաղացով արդեն անցած եւ իր նախարարներով ու այլ պաշտոնյաներով քաղաքական ու «փողատիրական» մաղերով այլեւս մաղված ՀՅԴ-ն չունի իր նախկին՝ ազգային կառույցի համբավը:

Եվ ընդդիմադիր քառյակը երբեք չի նկատվել որպես ազգային դաշինք: Առավել եւս, որ արեւմտյան ժողովրդավարությունն է իշխել այդ քառյակում:

Հիմա էլ խոսում են, թե ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը կարող է նպաստել նաեւ պետության ազգային կերպարի վերականգնմանը եւ միջազգային ասպարեզում ազգային հարցերի առավել ծավալմանը:

Սա ունի որոշ տրամաբանություն (ըստ ծրագրի՝ ցեղակրոն-պահպանողական ՀՀԿ եւ հայդատական ՀՅԴ), սակայն այստեղ էլ մի բան ակնհայտ է, որ ՀՀԿ-ն փաստացի եվրաարժեքների ու եվրոպական քաղաքականության հետեւորդ է: Եթե սրան էլ հավելենք տեղային հեղինակություններով ու ժողովրդին հարստահարած բարեգործ-գործարարներով իշխանության բուրգի պահպանման քաղաքականությունը, ապա ազգային դիմագծից միայն անունն է մնում (մասնակի բացառություններ կան):

Այսպես է նաեւ ՀՅԴ-ի դեպքում, առավել եւս, որ տարիների գործունեության ընթացքում ՀՅԴ-ն եղել է եւ՛ իշխանության մեջ եւ՛ ընդդիմադիր շարքերում, որոնք էլ իրենց ժամանակին են իշխանություն եղել: Եթե մեր ներքին կյանքում այս ներկա-նախկին ու տարած-բերած հարցերն առաջնային չեն դիտվում այլեւս, ապա արտաքին աշխարհում այնքան էլ այդպես չէ… եւ ակնհայտ է, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել: Իշխանական պաշտոնյաների մեծամասնությունը գալիս է ՀՀՇ-ական տարիներից, անգամ կոմունիստական Հայաստանի կադրեր կան, որ դեռ գործում են խրոխտ...

Եվ ՀՅԴ-ն այլեւս ազգային (էլ չասենք՝ ազգայնական) կերպարում չի մնացել: Ընդհանրապես մեր քաղաքական շատ կառույցների ազգային կամ ապազգային բնութագրելը հարաբերական է այսօր: Հայաստանում, իհարկե, կան ազգային եւ ազգայնական քաղաքական ուժեր, բայց մերժված են եւ՛ իշխանության եւ՛ գործող ընդդիմության կողմից: Պատճառների մասին «Լուսանցք»-ը գրել է իր էջերում: Ուստի՝ Հայաստանում չկա՛ ու չի՛ եղել ազգային իշխանություն, չկա՛ ու չի՛ եղել նաեւ ձեւավորված ազգային ընդդիմություն:

Մեզանում (գուցե արդեն հոգնել են մարդիկ, ինչը ճիշտ չէ) անտեսում են քաղաքական կյանքի վայրիվերումները, այն փաստը, որ շուրջ 25 տարի Հայաստանում իշխանափոխություն չի եղել իրականում՝ անգամ 3 նախագահներ ունենալով: Բայց դրսում՝ նրանց քաղաքական էլիտայի համար, դա հստակ վերլուծության է ենթարկվում, եւ պարզ ու հասկանալի է՝ ցայսօր Հայաստանում ինչ է կատարվում, ով ով է եւ ինչի է ձգտում ի վերջո..

Եվ դա է պատճառը, որ օտարների տված դրամաշնորհների մի մասը «օրինական» կաշառքի տեսքով մեջ-մեջ է արվում (սա հնազանդ պահելու հստակ ձեւ է) եւ «երկիրն էլ երկիր չի դառնում»՝ մնալով պարտքերի ու ճմշումների տակ:  Եվ պարզ է, որ օրինախախտումների ու կաշառակերության հարցերը միայն ասպարեզ են հղփացած հին կադրերի կրկինակի սանձահարման եւ նորերի որոնման գործում:

Օտարին նոր ու իր ազդեցությունից դուրս կառույց կամ անհատ պետք չէ, ո՛չ իշխանության մեջ, ո՛չ էլ՝ ընդդիմության: Իսկ մե՞զ:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 30 (335), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։