Տնտեսական պատերազմի ստվերոտ կողմերը – Անկարային եւ Բաքվին (որոշակի նաեւ Մոսկվային) անհանգստացնում են Հայաստանի, Իրանի ու Վրաստանի տարածաշրջանային մերձեցումները…

Սեպտեմբերի  29-ին  Աստրախանում տեղ ունեցավ Կասպիան 4-րդ գագաթնաժողովը, որին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մասնակցել են Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Քննարկվել են Կասպից ծովի երկրների փոխգործակցության առանցքային թեմաներ, նախորդ գագաթնաժողովի ժամանակ (Բաքու, 2010թ.) ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության զարգացման հետագա հնարավորությունները: Բազմակողմ փաստաթղթեր են ստորագրվել, որոնք սակայն չեն կարգավորում առկա միջպետական հիմնախնդիրները եւ որոշ երկրների՝ նավթի ու գազի ծովային պաշարների պատկանելության հարցը:

Հիշեցնենք, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակը մինչեւ օրս դեռ հստակեցված չէ, ինչից եւ կախված է տարածաշրջանի էներգետիկ-տրանզիտային տեսլականը:

Կասպիցը իրականում լիճ է (ծով կոչվել է մեծ լինելու համար), բայց իրավական կարգավիճակով լճային չէ ու չունի սահմանային հստակ բաժանումներ՝ դրանից բխող մյուս գործառույթներով: Իրանական կողմը առաջարկում է Կասպից ծովը բաժանել 5 երկրների միջեւ, սակայն Մոսկվան չի համաձայնել այդ առաջարկին:

Վլադիմիր Պուտինը ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնույթի առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ, այդ թվում՝ Իլհամ Ալիեւի: Վերջին շրջանում Արեւմուտք-Ադրբեջան հարաբերությունների սրման համապատկերում (հատկապես իրավական խախտումների առումով եվրոպացիների մի մասը կողմ է անգամ Ադրբեջանի հետ կասեցնել հարաբերությունները) այս հանդիպումը առավել կարեւոր է հենց Ադրբեջանի ղեկավարի համար:

Բաքվին անհանգստացնում է նաեւ աբխազական երկաթուղու բացման հնարավորությունը, ինչը հայերի համար նպաստավոր պայմաններ կստեղծի ինչպես Ռուսաստան, այնպես էլ Եվրոպա ուղղություններով: Ադրբեջանական կողմը մտահոգված է նաեւ Իրանի ու Հայաստանի մերձեցման առումով, քանի որ իրանական կողմը պատրաստ է իր նավթա-գազային պաշարներն առաքել Եվրոպա՝ Հայաստանի ու Վրաստանի միջոցով: Իրանը նաեւ ավտոճանապարհային եւ երկաթուղային ճանապարհների կառուցման ծրագրեր է առաջ քաշել:

Այստեղ կարող են համընկնել ռուս-ադրբեջանական շահերը, քանզի իրանական հանքա-հումքային պաշարների Եվրոպա առաքումը նաեւ ռուսական շահերին է վնասում:

Բայց նոր գազատարով հենց Ադրբեջանն է մրցակցության մեջ մտնում Ռուսաստանի հետ՝ Եվրոպայի էներգամատակարարման հարցում: Վերջերս Բաքվում Ադրբեջանի եւ Բուլղարիայի նախագահների, Հունաստանի, Վրաստանի, Չեռնոգորիայի վարչապետների մասնակցությամբ կայացել է «Հարավային գազային միջանցք» նախագծի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Նախատեսվում է այս գազատարով «Շահ Դենի­զ» հանքավայրից ադրբեջանական գազը Վրաստանով ու Թուրքիայով հասցնել Եվրոպա:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ այս գազատարն ազդելու է շատ երկրների ճակատագրերի վրա: Ռուսական «Նեզավիսիմայա գազետ­ա»-ն արձանագրել է, որ այս կերպ «Ադրբեջանը փորձում է Եվրոպայի էներգամատակարարման հարցում մրցակցել Ռուսաստանի հետ»: Այսպես փորձ է արվում նաեւ փակել Իրանի ճանապարհը: Վրաստանի վարչապետն էլ հայտնել է, որ այս նախագծով փոփոխվելու է Եվրոպայի էներգետիկ քարտեզը: Իտալիան եւս պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրին:

«XXI դարի նախագի­ծ» հորջորջվող «Հարավային գազային միջանցքի» առիթով իրենց շնորհավորանքներն են հղել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Ադրբեջանի գազի հաստատված պաշարները կազմում են 2,5 տրլն խմ, կանխատեսվող պաշարները՝ 4 տրլն խմ եւ բազմիցս ենք նշել, որ սա բավարար չէ Եվրոպան սպասարկելու համար: «Լուսանցք»-ի նախորդ թողարկումներում նշել էինք, որ առանց իրանական գազի թուրք-ադրբեջանական նավթա-գազային որեւէ ծրագիր ձախողված է: Իսկ վերոնշյալ գազատարի ներդրումները ենթադրաբար կկազմեն 45 մլրդ ԱՄՆ դոլար: Նախատեսվում է այս նախագծի միջոցով գազը Թուրքիա հասցնել 2018թ., իսկ Եվրոպա՝ 2019թ.:

Անկարան ավելի մեծ երազանք ունի եւ ամեն գնով փորձում է հասնել դրան: Մերձավորարեւելյան հակամարտության ընթացքում թուրքերը պարբերաբար փորձում են մասնատել Սիրիան եւ Իրաքը, բռնազավթել այդ երկրների նավթով ու գազով հարուստ տարածքները, ինչը թույլ կտա սեփական նախագծերը առաջարկել: Նույնիսկ այսօր միջազգային զլմ-ները խոսում են Անկարայի կողմից իսլամիստ ահաբեկիչներից նավթ գնելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է այդ լուրերը, բայց ամերիկյան «The New York Times» պարբերականը, հենվելով արեւմտյան հետախուզական ծառայությունների տվյալների վրա, գրել է, որ «Իսլամական պետությու­ն» ահաբեկչական կազմակերպության կողմից ապօրինի կերպով արտահանվող նավթը մուտք է գործում Թուրքիա, որտեղ որոշ կառավարական անդամներ օգտվում են նավթից:

Անկարան իր քաղաքական կշիռն էլ է փորձում բարձրացնել՝ նորից խաղարկելով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը: Իսրայելը փորձում է դուրս չմնալ տարածաշրջանային ծրագրերը վերահսկելու գործից եւ պարբեւաբար մերձեցումներ է նախաձեռնում Անկարայի ու Բաքվի հետ:

Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը բացառել է Անկարայի կողմից Իսրայելի հետ էներգետիկ նախագծերի իրականացումն այնքան ժամանակ, քանի դեռ ազայի հատվածում կայուն խաղաղություն չի հաստատվել: Այս մասին նախարարը հայտարարել է Միջերկրական ծովի էներգետիկ հեռանկարների վերաբերյալ զեկույցի համար գումարված ժողովում: «Չի կարող խոսք լինել որեւէ էներգետիկ նախագծի իրականացման մասին, քանի դեռ բոլոր կողմերի մասնակցությամբ եւ անհրաժեշտ պայմանների առկայությամբ խաղաղություն չի հաստատվել: Այնտեղ (ազայում) տեղի ունեցող մարդկային ողբերգությունը կարծեք թե շատ արագ է մոռացվում: Մենք էներգետիկ նախագծերը կյանքի կկոչենք, երբ Իսրայելը զինադադարի հաստատման ուղղությամբ քայլեր կատարի»,- ըստ թուրքական «Սաբահ» պարբերականի՝ նշել է նախարարը: Վերջին տարիներին բնական գազի պաշարներ հայտնաբերած Իսրայելը որպեսզի կարողանա դրանք դուրս բերել համաշխարհային շուկա, կարիք ունի Թուրքիայով անցնող գազատարի կառուցման: Թուրք նախարարը, սակայն, գազամուղի կառուցումը հնարավոր է համարում ազայի հատվածում խաղաղության հաստատման դեպքում միայն:

Այսպես թուրքերը պայմաններ են դնում նաեւ Հայաստանի առջեւ՝ ասելով, թե սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ հայերը հետ քաշվեն Արցախից: Անգամ խոստանում են Հայաստանը ներգրավել տարածաշրջանային ծրագրերում…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 30 (335), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։