Միշտ զգույշ, թեեւ ավելի լավ է՝ հեռո՛ւ «բարեկամ» եւ «մուննաթ» երկրներից – Ռուսաստանը կրկին զենք վաճառեց Ադրբեջանին, իսկ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան եւ այլ եվրոպական երկրներ հրաժարվեցին վաճառել…

Մեր խորհրդարանում՝ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական ակումբում, խոսելով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հեռանկարի, ձեռքբերումների մասին, ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն այսպես է արտահայտվել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ վաճառելու մասին. «Ի՞նչ է՝ դուք կցանկանայիք, որ ադրբեջանցիները ամերիկյա՞ն զենք գնեին»:

Հանդիպման քննարկման թեման էր՝ «Հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային կապերը. զարգացումներ եւ հեռանկարներ» եւ, բանախոսի կարծիքով, շուկան ու տնտեսական հարաբերությունները ամենակարեւորը չեն. «Մենք հայ ազգին ճանաչում ենք իբրեւ հզոր, մեծ ազգի, ինչպես հայերը՝ ռուսներին…»: Եվ ահա այդ «հզոր ռուսներ­ը» քանիերորդ անգամ դավաճանում են բարեկամ ու զինակից հայերին, իսկ Ադրբեջանին վաճառում են այնպիսի զինատեսակներ, որոնց գործածումը զանգվածային կորուստների կհանգեցնի…

Երբ հերթը ռուսական շահինն է՝ «շուկան եւ տնտեսական հարաբերությունները ամենակարեւորը չե­ն», կարեւորը «մշակութային կապերն են», ինչը չի բացառում, որ  բարեկամ Ռուսաստանն իր ռազմական ու տնտեսական կապերը կզարգացնի նաեւ մեր թշնամի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ… Երբ հարցը հայկական շահերին է վերաբերում, Մոսկվան հիշեցնում է, որ ՄԱԿ-ում ռազմավարական գործընկեր Հայաստանը պետք է քվեարկի Ղրիմը Ռուսաստանին վերամիավորելու օգտին, հրաժարվի եվրոպական համագործակցությունից եւ գա դեպի եվրասիական համագործակցություն ու այսպես շարունակ: Իսկ որ ցայսօր Արցախի անկախությունը, էլ չասնեք՝ վերամիավորումը Հայաստանի հետ, չի ճանաչել Մոսկվան, ապա դա նույնպես «կարեւոր չ­է», քանզի կապ չունի «հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային կապերի հետ»:

Իսկ այն փաստը, որ ՀՀ ԱԺ-ում Միխայիլ Շվիդկոյը խոսեց ռուսերեն ու առանց թարգմանության, արդեն ասում է հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային կապերի «անհասանելիության» մասին… Դե մեր որոշ պատգամավորներ նեղսրտել էին, բայց «հանդուրժել են հյուրի խոսքը հայերենով չթարգմանելը՝ միայն ժամանակի սղության պատճառո­վ»…

Մի քանի պատգամավոր էլ առաջարկել են ակումբի քննարկման թեմա դարձնել Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը, բայց ինչպես վերը նշվեց՝ Մոսկվան չի ցանկանում ձեռքից բաց թողնել զենք վաճառելու որեւէ հնարավորություն, քանի որ դա կանի Վաշինգտոնը, եթե իրենք չանեն:

Իսկ ահա Ֆրանսիան, Գերմանիան եւ այլ եվրոպական երկրներ հրաժարվել են զենք վաճառել Ադրբեջանին:

Վաշինգտոնից էլ հստակ պատասխան հնչեց, երբ Բաքուն ցանկացավ գնել Աֆղանստանից տարհանվող ամերիկյան զենքերն ու զինտեխնիկան: ԱՄՆ-ն հրաժարվեց Ադրբեջանին զենք վաճառել, քանի որ հայ-ադրբեջանական սահմաններին չէին դադարում ադրբեջանական դիվերսիոն գործողությունները, եւ զենքի վաճառքը չէր նպաստի խաղաղության պահպանմանը: Իսկ վերոհիշյալ Շվիդկոյը համոզմունք էր հայտնում, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը նույն զենքներն ունենան, պատերազմ չի լինի, օրինակ է բերել, թե ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ պատերազմ չէր լինում, որովհետեւ ԽՍՀՄ-ը եւս միջուկային զենք ուներ: Սա ռուս (ռուսաստանյան) ցնդաբանության հերթական «մարգարիտներից» է, որ ամրագրում է այն փաստը, թե ռուսական կողմը ինչպես տասնյակ տարիներ շարունակ, այնպես էլ այսօր կդավաճանի հայերին, քանի որ վստահելի գործընկեր չէ:

Բայց անընդհատ դժգոհում է, որ Հայաստանը էլ ավելի նվիրված չէ իրեն…

Իրականում հակառակն է, հեռու գնալ պետք չէ, ԱՊՀ-ն եւ ՀԱՊԿ-ն առավելապես թյուրքանպաստ քաղաքականություն են տանում այժմ (իբր թյուրքագեն ղազախներն են մեղավոր), ինչը երբեմն ստորացուցիչ պահեր է առաջ բերում այդ կառույցների ներսում Հայաստանի համար եւ հայկական շահերի պաշտպանության առումով:

Հաջորդ «մուննաթ» երկիրը Ուկրաինան է: Այս երկիրը ԽՍՀՄ փլուզումից հետո, ցայսօր պաշտպանում է Ադրբեջանի շահերը: ՎՈւԱՄ ստեղծելով էլ միշտ պայքարել է ԱՊՀ-ի դեմ, եթե մի քիչ հետ գնանք, ապա արցախյան պատերազմում եւս աջակցել է Ադրբեջանին եւ ՄԱԿ-ում ու եվրոպական կառույցներում դեմ քվեարկել հայկական շահերին: Հիմա Հայաստանից պահանջում է հարգել ու պաշտպանել ուկրաինական շահերը՝ դեմ գնալով ռուսականին: Վերջերս անգամ սպառնացել էր խզել հարաբերությունն այն երկրների հետ, որոնք Ռուսաստանի դաշնակիցն են:

Եվ ահա բարեկամության «ձգտող» այս երկիրը սպառազինություն է առաջարկել Ադրբեջանին: Բաքուն հետաքրքրված է ուկրաինական արտադրության զենքով, որը հաջողությամբ փորձարկվել է Ուկրաինայի հարավ-արեւելքում հակաահաբեկչական գործողության ժամանակ. գրում են ադրբեջանական զլմ-ները՝ հղում անելով «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցեռնի գիտատեխնիկական հարցերով ղեկավար Սերգեյ Պոդպիսնովին: Ադրբեջանական կողմին ներկայացրել են տարբեր տեսակի ականանետեր, նռնականետեր, ինչպեսեւ համազարկային կրակի համակարգեր: Ցույց են տրվել գնդացիրա-նռնականետային համալիրը, որը նախատեսված է կենդանի ուժի, տրանսպորտային միջոցների խոցման համար, խոսքը, մասնավորապես, 7,62 մմ եւ 12,7 մմ տրամաչափի ականանետերի ու 30 մմ տրամաչափի նռնականետի մասին է: Ներկայացվել է նաեւ օդում մինչեւ 1000 մ բարձրության վրա գտնվող օբյեկտների խոցման համար նախատեսված գնդացիրներ, զրահամեքենաներ ու տանկեր:

Իսկ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Դեւիդ Մեյները խիստ քննադատության է ենթարկել իր երկրի կառավարությանը՝ Ադրբեջանին եւ Հայաստանին զենք վաճառելու համար. «Դիմելու եմ ՀԱՀ-ի սովորական սպառազինությունների վերահսկողության կոմիտեի նախագահ Ջեֆ Ռեդեբին՝ հետաքննելու Ադրբեջանին եւ Հայաստանին զենք վաճառելու գործարքներ­ը»,- ասել է նա եւ հաղորդել, որ Ադրբեջանին վաճառվել է 40 դիպուկահար հրացան, իսկ Հայաստանին՝ 100 ինքնաձիգ: Մինչդեռ պատգամավորի խոսքով, «ըստ սովորական սպառազինությունների վաճառքը կանոնակարգող օրենքի՝ պետք է խուսափել զենքի վաճառքի այն գործարքներից, որոնք կարող են թեժացնել տարածաշրջանային ռազմական հակամարտությունները, զենք մատակարարելու միջոցով սպառնալիքի տակ դնել խաղաղությունը, ինչպես նաեւ ապակայունացնել տարածաշրջան­ը»: Պատգամավորը վկայակոչել է նաեւ ԵԱՀԿ եւ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառքելու մասով սահմանած էմբարգոները:

Ինչ մնում է մյուս «բարեկամ» եւ «մուննաթ», նաեւ հարեւան երկրին՝ Վրաստանին, ապա սա առավել յուրօրինակ դեպք է… Անընդհատ քաղաքական ու տնտեսական խնդիրներ առաջացնելով Հայաստանի ու հայության համար, միշտ խոսելով վրաց-թուրք-ադրբեջանական եղբայրությունից՝ մեզնից բարեկամի ու հանդուրժող հարեւանի կեցվածք է պահանջում (նաեւ մեր Ջավախքի հարցը ներառած): Բայց տակավին վերջերս Նախիջեւանում, հայոց բռնազավթված մեկ այլ հողում հանդիպեցին ադրբեջանցի-թուրք-վրացի պաշտպանության նախարարները եւ ծրագրեր մշակեցին՝ միասնաբար պաշտպանվելու, եթե որեւէ մեկի հետ ռազմական ընդհարում տեղի ունենա… Իսկ օրերս Հայաստան եկավ Վրաստանի պաշտպանության նախարարը՝ իբր բազմակողմ համագործակցությամբ են զբաղված տարածաշրջանում…

Հարցերը շատ են, բայց սա էլ բավարար է՝ զգույշ եւ միայն հայանպաստ գործելու համար:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 30 (335), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։