Մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի
Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին:
Ինչպես սահմանում է «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի փաստաթղթի 1-ին հոդվածը« այս պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ:
Այս պայմանագրում ուշագրավ մի կետ կար, ըստ որի 2015-2025թթ. ժամանակահատվածում թույլատրվում է մեր երկրի տարածքում արտադրական վերամշակման համար 1701 13 եւ 1701 14 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ենթակետով՝ եղեգնի շաքարի հումքի (հում շաքար) ներմուծումը՝ ազատելով ներմուծման մաքսատուրքերի գանձումներից:
ՀՀ տարածքում արտադրական վերամշակման համար շաքարի հումքի ներմուծման պայման է ներմուծվող շաքարի հումքի նպատակային օգտագործման մասին ՀՀ իրավասու մարմնի կողմից հաստատման առկայությունը՝ շաքար վերամշակող ձեռնարկությունների ապահովման համար:
ՀՀ-ն տեղեկացնում է ԵՏ հանձնաժողովին արտադրական վերամշակման համար շաքարի հումքի ներմուծման տարեկան ծավալների մասին՝ շաքարի օգտագործման եւ գալիք ժամանակահատվածի համար ձեւավորվող արտադրության մնացորդի համապատասխան: ՀՀ-ն նաեւ երաշխավորում է« որ արտադրական վերամշակման համար ներմուծվող շաքարի հումքը« ինչպես նաեւ դրույքաչափային արտոնությունների կիրառմամբ ներմուծվող շաքարի հումքից պատրաստված սպիտակ շաքարը« չեն փոխադրվի Բելառուս, Ղազախստան եւ Ռուսաստան:
Պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետից 2 տարվա ընթացքում թույլատրվում է սպիտակ շաքարի ներմուծումը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 եւ 1701 99 100 9 ենթակետերով« մաքսային արժեքի 10 տոկոսի չափով եւ ոչ ավել քան տարեկան 4000 տոննա ծավալով ներմուծման մաքսատուրքի վճարմամբ:
Սպիտակ շաքարի ներմուծման պայման է ՀՀ-ի լիազորված մարմնի կողմից ներմուծման համար տրված թույլտվությունը:
Աստղինե Քարամյան
Գոնե այս անգամ
Գործադիրը երեկ որոշեց, որ Գյումրու քաղաքապետի կողմից 2008թ. նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատված՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացածների խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) միջոցով՝ բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրմամբ: Վկայագրերի տրամադրման գործընթացը Շիրակի մարզպետին վերապահվեց: Այդ նպատակով մարզպետարանին կհատկացվի 1 մլրդ 500 մլն դրամ:
Քաղաքաշինության նախարարը վստահեցրեց, որ ծրագիրն իրատեսական է, եւ 2015թ. արդեն մենք Գյումրիում անօթեւան ընտանիքներ չենք ունենա:
Իսկ 2016թ. վերջին ընդհանրապես կարող ենք վերջակետ դնել աղետի գոտու նմանատիպ խնդրին:
Փնտրել ես, գտել ես ո՞չ
Երեկ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին հարցրի, թե իրականությանը համապատասխանու՞մ են այն լուրերը, որ Երեւանում թուրքական մի ինչ-որ ընկերություն բնակելի շենք է կառուցում:
Ի պատասխան նախարարը նկատեց, թե այդ մասին տեղեկացել է մամուլից եւ անմիջապես հանձնարարել է ստուգել տեղեկատվությունը: «Մենք դիմել ենք Երեւանի քաղաքապետարանին՝ որպես մայրաքաղաքի տարածքում շինթույլտվություններ տրամադրող մարմնի, եւ պարզվել է, որ թուրքական որեւէ ընկերության շինարարության թույլտվություն չի տրվել: Նույն պատասխանը ստացանք մարզպետարաններից: Հետեւաբար, Հայաստանում Թուրքիայից կառուցապատողներ չկան»:
Սեփ. լրատվություն
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
Գժվե՛լ ենք. Երեւանում թու՞րքն է տուն կառուցում – «300 հազար մարդ սպասում է մեր տներին»,- ասում է թուրքը: Իսկ այդ տները մինչեւ վերջ կանգուն կմնա՞ն 300.000 հայի համար…
Թուրքական շինարարական ընկերությունը Հայաստանի մայրաքաղաք Երեւանում բնակելի շենք է կառուցում:
Այսպիսի հայտարարություն է արել Համաշխարհային բանկի հետ համատեղ Աֆրիկայում խոշոր շինարարական նախագծեր իրականացրած թուրքական «Օզթյուրքլեր հոլդինգ»-ի գործադիր խորհրդի նախագահ Յուսուֆ Օզթյուրքը:
Նա նշել է, որ հետագայում նախատեսում է շինարարական ոլորտում ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում (թուրքական «Սաբահ» պարբերականի հղումով):
«Ներկա պահին Երեւանում սկսել ենք բնակելի շենքի շինարարություն: Առաջին թուրքերն ենք, որ աշխատում ենք այստեղ: Երկիրը փոքր է, բայց աներեւակայելի հնարավորություններ կան: Փորձում ենք հիմնել հանրային բնակարանային կառավարման համակարգ: Ստացված եկամուտը պիտի ներդնենք նախագծի մեջ:
Առաջին փուլի համար նախատեսված է 5000 տուն, բայց ընդհանուր առմամբ մոտ 300 հազար մարդ է սպասում մեր տներին»,- ասել է Յուսուֆ Օզթյուրքը:
ՀՀ քաղաքաշինության նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ նման անունով որեւէ կազմակերպություն Երեւանում որեւէ ծրագիր չի իրականացնում: Սակայն վերջնական պատասխան խոստացել են տրամադրել ավելի ուշ՝ քաղաքապետարանի համապատասխան բաժնի հետ հարցը պարզելուց հետո:
«300 հազար մարդ սպասում է մեր տներին»,- ասում է թուրքը: Իսկ այդ տները մինչեւ վերջ կանգուն կմնա՞ն 300 հազար հայի համար:
Արդյո՞ք շարունակելու ենք դասեր չքաղել մեր պատմությունից՝ հավատալով, որ թուրքը շինարար է նաեւ հայի ապագայի համար… Մի՞թե այս աշխարհում ամենաարդարն ու ամենաիմաստունը հենց թուրք շինարարներն են: Եթե ամենաէժանն են, ապա դա էլ ի՛ր գինն ունի՝ այդ տները երկար կյանք չեն կարող ունենալ…
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 31 (336), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



