ԱՄՆ-ում կա եւ՛ ռասիզմ, եւ՛ խտրականություն, եւ՛ բազմաթիվ հակասություններ – Այս ամենը կա նաեւ բոլորին բոլոր հարցերում խորհուրդ տվող եվրոպական կառույցներում… Նախարարը մեղավոր չէր ամուսնալուծությունների հարցում…

Երբ միտքդ ստրուկ է, հայացքդ էլ՝ օտար

- ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը անհրաժեշտ են համարում երկրում երրորդ քաղաքական ուժի ստեղծումը… Այնպես որ, վերջերս ՀՀԿ-ականների երկկուսակցական համակարգի անցնելու տեսակետները արդիական չեն…

Քաղաքականությունը սկսում է փոփոխություններ պահանջել նաեւ այնպիսի երկրներում, ինչպիսիք ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան են, որ տասնյակ տարիներ ավանդաբար առաջնորդվում են երկկուսակցական համակարգով: Վերջին ընտրություններում ԱՄՆ-ում երրորդ նախագահի թեկնածու հայտնվեց երկու ավանդական կուսակցությունների մրցապայքարում, սակայն պարտվեց: Բայց քայլն արված էր:

Ամերիկյան Gallup-ի հարցման տվյալներով, ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը անհրաժեշտ են համարում երկրում երրորդ քաղաքական ուժի ստեղծումը: Հարցվածների 58%-ի կարծիքով, Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունները ծայրահեղ վատ են ներկայացնում ժողովրդի շահերը: Փորձագետները նաեւ նշում են, որ ներկայումս հարցվածների 72%-ը բավարարված չէ կառավարության աշխատանքով: Հետազոտողների կարծիքով, իշխանությունների հանդեպ ամերիկացիների դժգոհության մակարդակը մոտ է 1973թ. Ուոթերգեյթի սկանդալի ցուցանիշներին, այն ժամանակ ամեն ինչ ավարտվել էր նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականով:

Բարաք Օբաման, ով դարձավ առաջին սեւամաշկ նախագահը ԱՄՆ-ի պատմության մեջ, արդեն նախագահում է ցածր վարկանիշով: Անգամ վերջին ելույթը ՄԱԿ-ում, որտեղ, ըստ մասնագետների, փայլուն ճառ է արտասանել, չի բարձրացել նրա վարկանիշը: Այսօր Վաշինգտոնը խոսում է իսլամական ահաբեկիչներից, Իրաքից ու Սիրիայից, Իսրայելից ու Պաղեստինից, այլ տարածաշրջանների հակամարտություններից, բայց ամերիկացիներին այլեւս հետաքրքրում է, թե ինչ են խոսում իրենց մասին: ԱՄՆ-ի նախագահը իր երկրի՝ ԱՄՆ-ի մասին ասել է, որ «Ամերիկան հաճախ չի համապատասխանում ու չի հետեւում իր իսկ հայտարարված սկզբունքներին, որ իր ներսում կա եւ ռասիզմ, եւ խտրականություն, եւ բազմաթիվ հակասություններ»: Այս ամենը կա նաեւ բոլորին բոլոր հարցերում խորհուրդ տվող եվրոպական կառույցներում, ինչը մեծ հարցականի տակ է դրել նաեւ Եվրամիության գոյության կարեւորությունը:

Ամերիկյան իշխանությունները հայտնում են, թե ամենից շատ արժեւորում են իրենց երկրում իրենց քննադատելու, վերահսկելու եւ հաշվետվություն պահանջելու սրբագույն իրավունքը՝ դատարաններում, օրենսդիր մարմիններում եւ մամուլում: Ու հենց այս հաճախ դժվարամարս գործընթացների շնորհիվ է ԱՄՆ-ն պահապանում իր ազատությունը, հզորությունն ու հարստությունը: Հպարտանում են, որ ամբողջ աշխարհից հենց այնտեղ են ձգտում հասնել բոլոր մերժվածներն ու երջանկություն որոնողները՝ ազատություն, անկախություն, արժանապատվություն գտնելու համար:

Սա ասում է նաեւ ներկա նախագահը, բայց ԱՄՆ բնակիչների մի մասին այլեւս չեն հետաքրքրում Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների միմյանց փոխարինելու հետեւանքն ու արդյունքները եւ չի բացառվում, որ մի շարք քաղաքական ուժեր կփորձեն ստեղծել երրորդ քաղաքական ուժը ԱՄՆ-ում: Իսկ սա իր շարունակությունը հաստատ կգտնի եվրոպական երկկուսակցական համակարգով ապրող երկրներում:

Այնպես որ, վերջերս ՀՀԿ-ականների երկկուսակցական համակարգի անցնելու տեսակետները արդիական չեն: Այդ համակարգի մասին խոսել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, որ մի նոր փորձ կլինի, եթե Հայաստանում նախագահական կառավարումը փոխարինվի խորհրդարանական կառավարմամբ, ինչպես նախատեսում են քննարկվող սահմանադրական փոփոխություններում:

Տասնյակ տարիներ երկկուսակցական համակարգով ապրող երկրներն արդեն փորձում են գոնե եռակուսակցական համակարգ ունենալ, իհարկե բազմակուսակցական հենքի վրա: Բայց մենք հաճախ կիրառում ենք այն, ինչն Արեւմուտքը վաղուց անցել է ու գնացել փոփոխության… Այսօր արեւմտյան երկրները պայքարում են անբարո եւ աղանդավորական երեւույթների ծավալման դեմ, իսկ մեզանում նոր-նոր փորձում են այդ երեւույթները օրինականացնել: Այսինքն՝ մենք այլերի օրինակների վրա չենք սովորում, անցավ գլուխներս դնում ենք ցավի տակ, հետո հասկանում, որ ժամանակին ճիշտ ենք ապրել՝ մարդու նման, եւ անասնականին անցնելը «օրենքից դուրս է»: Բայց ուշ է լինում դարձի գալը, քանի որ «արեւմտյան գերքաղաքակրթությունը» մի նոր բան է մոգոնած լինում եւ վազում ենք արդեն դրա հետեւից… Հիմա երկկուսակցական համակարգի գերի չդարձնենք հայությանը, որ «Դեմոկրատական» ու «Հանրապետական» խաղերից հոգնած նորից չբողոքենք, թե ոչ մի բան ու ոչինչ չի փոխվում մեր կյանքում:

Նարե Մշեցյան

Նախարարը մեղավոր չէր

Արտագաղթի ոչ ցանկալի աճը եւ ներգաղթի նույնքան անցանկալի հետաճը խիստ մտահոգիչ են դարձել այսօր:

Մտահոգիչ է նաեւ այն հաշվեկշիռը, որն արձանագրվում է մեր երկրում ծնելիության եւ մահացության դեպքերի համեմատականները հաշվելիս:

Վերջերս էլ ավելացավ ամուսնալուծությունների թեման: Կառավարությունը ստիպված լրացուցիչ գումար հատկացրեց արդարադատության նախարարությանը՝ լրացուցիչ ամուսնալուծությունների վկայականներ ձեռք բերելու համար, քանի որ դրանց թիվը նախատեսվածից ավելի է:

Այդ հարցի քննարկման ժամանակ Հովիկ Աբրահամյանը դիմեց նախարար Հովհաննես Մանուկյանին. «Ամուսնալուծությունները շատացել են, հա՞»: Հարցից «սրտնեղած» նախարարն ասաց, որ դա իր գործունեության արդյունքը չէ… «Ես չեմ ասում, որ ձեր գործունեության արդյունքն է, ասում եմ՝ ամեն ինչ պետք է անենք, որ նվազեն»,- շարունակել է վարչապետը, բայց այս անգամ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին է հանձնարարել ուսումնասիրել երկրում ամուսնալուծությունների թվի ավելացման խնդիրը:  «Վերլուծություն արեք, որ մի հատ պարզենք, թե ինչու են ավելացել ամուսնալուծությունները»,- ասել է վարչապետը:

Իրականում արտագաղթը, մահացության որոշ դեպքեր ու ամուսնալուծությունների մի մասը շաղկապված են մեր առօրյա դժվարին կեցակարգի հետ:

«Լուսանցք» թիվ 31 (336), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։