Փաստը գործոն է, գործոնն էլ՝ գործիք – Հայը Հայկական լեռնաշխարհի միակ բնիկն է, եւ այս դիտարկմամբ դեռ հարց է, թե հակամարտությունը որ տարածաշրջանում է իրականում, ինչն անտեսված է միջազգային ասպարեզում…

- Կովկաս, Հայկական Լեռնաշխարհ եւ Մերձավոր Արեւելք հատվող տարածաշրջանները միշտ էլ եղել են համաշխարհային փոփոխությունների առանցքում եւ այսօր էլ այսպես է: Պարզապես ձեւակերպումներն են փոխվել…

- Ոչ մեկի համար կարեւոր չէ Հայկական լեռնաշխարհի բնիկների՝ հայերի իրավունքների վերականգնումը: Բոլոր կողմերը քոչվոր թյուրքական զանգվածներին ու տեղաբնիկ հայերին նույն հարթության մեջ են դիտարկում՝ հենց «պատմականորեն Հարավային Կովկասը որպես իրենց կենսական շահերի գոտի ընկալելով»…

Լեհական Կրինիցայում կայացած տնտեսական ֆորումի ընթացքում ադրբեջանցի փորձագետ, Ադրբեջանի խորհրդարանի նախկին անդամ Նազիմ Մամադովն առաջարկել է Ռուսաստանին դուրս բերել հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացից, ինչի արդյունքում, ըստ նրա, այդ տարածքներում անմիջապես խաղաղություն կհաստատվի: Նա նկատի ուներ ինչպես հայ-ադրբեջանական, արցախյան հակամարտությունը, այնպես էլ վրաց-օսական ու վրաց-աբխազական, մերձդնեստրյան եւ այժմ ընթացող ուկրաինական հակամարտությունները:

Այս կապակցությամբ Panorama.am-ի թղթակիցը հենց տեղում մեկնաբանություն էր վերցրել ռուս հայտնի հրապարակախոս, «Կովկասյան քաղաքականություն» կայքի խմբագիր Մաքսիմ Շեւչենկոյից: «Դա խելացնոր գաղափար է: Դա նույն է, եթե ԱՄՆ-ին հեռացնես Լատինական Ամրիկայում տեղի ունեցող գործընթացներից, իսկ ԵՄ-ին՝ Հյուսիսային Աֆրիկայում եւ Եվրամիության մոտակայքում տեղի ունեցող գործընթացներից: Ինչպե՞ս կարող է հսկայական, աշխարհի հզորագույն երկրների տասնյակում գտնվող երկիրը հեռացվել իր հարակից տարածքներում տեղի ունեցող հիմնախնդիրներից: Դա շատ տարօրինակ, վայրի գաղափար է, որը հեռու է իրականության մասին դիվանագիտական եւ քաղաքական բոլոր պատկերացումներից»,- նշել է կայքի խմբագիրը: Նրա պնդմամբ՝ հակառակը՝ ապագայում կենսունակ են տարածաշրջանային ձեւաչափերը: Բայց այժմ ռուսական կողմի համար հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ է ԱՄՆ-ն մասնակցում Եվրասիայում ու Եվրոպայում ընթացող բանակցային գործընթացներին: Այս դեպքում՝ ԵՄ-ն էլ օրինական կարող է մասնակցել Լատինական Ամերիկայում կամ որեւէ այլ տեղ ընթացող բանակցային գործընթացներին, բայց չի անում դա: Եվ ակնհայտ է, որ տարածաշրջանային ձեւաչափերն են ապագայի ձեւաչափերը: «Կարծում եմ, որ հայ-ադրբեջանական հիմնախնդիրը շուտափույթ լուծում կստանա, եթե դրանով զբաղվեն դրա հանգուցալուծման մեջ անմիջականորեն շահագրգռված երկրները՝ Իրանը, Թուրքիան, ՌԴ-ն, ԵՄ-ն, Ադրբեջանը, Հայաստանը»: Մաքսիմ Շեւչենկոն հավելել է, որ դրանք այն երկրներն են, որոնք պատմականորեն ընկալում են Հարավային Կովկասը որպես իրենց կենսական շահերի գոտի:

Այստեղ պետք է նշեմ, որ եթե որոշակիորեն համամիտ եմ ադրբեջանցի փորձագետի հետ, ապա ռուս մեկնաբանի պնդումներին բոլորովին կողմնակից չեմ:

Որոշակիորեն եմ կողմ Նազիմ Մամադովի այն պնդմանը, որ եթե Ռուսաստանը դուրս գա «հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացից, ապա այդ տարածքներում անմիջապես խաղաղություն կհաստատվի», քանի որ միայն Ռուսաստանի «մեկուսացմամբ» հարցերը խաղաղ չեն կարգավորվի: Այս դեպքում պետք է հակամարտության կարգավորման գործընթացից դուրս գան նաեւ Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները: Իսկ սա նշանակում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը պետք է մասնակցեն Վրաստանը, Թուրքիան եւ Իրանը: Այսպես է լինում նաեւ «տարածաշրջանային ձեւաչափ» ասվածի համաձայն՝ եթե Հարավային Կովկաս կոչված տարածքի մասին է խոսքը: Իսկ եթե ռուսական կողմը Հյուսիսային Կովկասը, որ Ռուսաստանի տարածքում է եւ Հարավային Կովկասը, որ արհեստական ձեւակերպում է, համարում է մեկ տարածաշրջան, ապա Հայաստանը հաստատ կովկասյան երկիր չէ, հայերն էլ՝ կովկասցիներ չեն: Հայը Հայկական լեռնաշխարհի միակ բնիկն է, եւ այս դիտարկմամբ դեռ հարց է, թե հակամարտությունը որ տարածաշրջանում է իրականում:

Կովկաս, Հայկական Լեռնաշխարհ եւ Մերձավոր Արեւելք հատվող տարածաշրջանները միշտ էլ եղել են համաշխարհային փոփոխությունների առանցքում եւ այսօր էլ այսպես է: Պարզապես ձեւակերպումներն են փոխվել:

Դառնալով Ռուսաստանի, Եվրոպական երկրների ու Միացյալ Նահանգների՝ Կովկասի տարածաշրջանի հակամարտությունների կարգավորումից հեռու մնալու թեմային՝ նշենք, որ այս դեպքում վերոնշյալ 5 երկրները կարող են բաժանվել 2 կամ 3 խմբի: Հայաստանին կսատարի Իրանը, իսկ Ադրբեջանին՝ Թուրքիան: Վրաստանը լավագույն դեպքում կմնա չեզոք դիրքում, վատագույն դեպքում կմիանա թյուրքական դաշինքին, ինչպես հաճախ է դա արել ու անում այժմ: Սա եւս չի կարող մնալ տարածաշրջանի սահմաններում, քանի որ պատերազմական ծավալումները, կամա թե ակամա, ունենալու են համաշխարհային նշանակություն, որովհետեւ Կովկաս, Հայկական Լեռնաշխարը եւ Մերձավոր Արեւելք հատվող տարածաշրջանները համաշխարհային մի անփոխարինելի խաչմերուկ են ձեւավորել, որտեղով անցնում են Եվրոպան, Ասիան ու Աֆրիկան կապող բոլոր ենթակառուցվածքները: Այստեղից են արտահանվում վառելիքա-հումքային (նաեւ այլ) համաշխարհային պաշարների մեծ մասը:

Կամ էլ կա երրորդ՝ վերջին տարբերակը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը միայնակ են որոշում իրենց կարգավիճակը՝ մինչեւ պատերազմի ավարտը՝ Բաքվում կամ Երեւանում: Սա այսօր մեզ ամենահարմար տարբերակն է իհարկե, բայց ցավոք՝ ոչ իրականանալի: Իրականալի է մեր բանակի  կարողությունների ու մարտական ոգու տեսանկյունից, բայց գերտերություններն ու տարածաշրջանային երկրներն այս դեպքում երբեք չեն դառնա կողքից դիտորդներ:

Դեմ եմ Շեւչենկոյի տեսակետին, թե «տարածաշրջանային ձեւաչափերն» են ապագայի խաղաղության երաշխիքը, քանի որ նրա նշած՝ «Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, ՌԴ ու ԵՄ» ձեւաչափը չի կարող խաղաղություն բերել տարածաշրջանին, ինչպես նշեցի վերեւում: Իսկ այս երկրները «պատմականորեն ընկալում են Հարավային Կովկասը որպես իրենց կենսական շահերի գոտի», միայն ու միայն իրենց շահերի տեսանկյունից, ոչ թե արդարության ու բնիկության իրավունքի:

Ամերիկացիների ու ռուսների մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի ձեւաչափում ապացուցում է ասվածը, ավելի քան 25 տարի ձգձգվում է Արցախի հիմնախնդրի ցանկացած լուծում, քանի որ նրանց շահերից են բխում Եվրասիայի տարածքում սառեցված կամ սուր դրված բոլոր հիմնախնդիրները: Ոչ մեկի համար կարեւոր չէ Հայկական լեռնաշխարհի բնիկների՝ հայերի իրավունքների վերականգնումը: Բոլոր կողմերը քոչվոր թյուրքական զանգվածներին ու տեղաբնիկ հայերին նույն հարթության մեջ են դիտարկում՝ հենց «պատմականորեն Հարավային Կովկասը որպես իրենց կենսական շահերի գոտի ընկալելով»…

Եվրոպան ամենաթույլ օղակն է ԱՄՆ-ՌԴ հակասությունների շղթայում, ԵՄ-ն այսօր էլ չունի հակամարտությունների կարգավորման մեխանիզմներ: Չնայած ԱՄՆ-ԽՍՀՄ հակամարտության ժամանակներից կար Հելսինկյան Եզրափակիչ ակտը, բայց ԵՄ-ն գնաց այլ ճանապարհով՝ իր խնդիրները լուծելու ուղով: Հատկապես, երբ քանդվեց ԽՍՀՄ-ը, վերամիավորվեցին Արեւմտյան ու Դեմոկարտական Գերմանիաները:

Այս թույլ օղակը մնում է այդպիսին ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության առումով, այլեւ ուկրաինական: Եվ այստեղ Մոսկվան Ղրիմի ու Ռուսաստանի վերամիավորումը հենց գերմանիաների վերամիավորման հետ համեմատեց: ժողովուրդն ուզում էր լինել Ռուսաստանի կազմում եւ՝ այդպես էլ եղավ: Իհարկե ԴՀ-ում ոչ բոլոր էին ուզում հայտնվել ՖՀ-ում, իսկ ահա Ղրիմում միավորման կողմնակիցներն ավելի քան 90% էին:

ԽՍՀՄ-ի կազմաքանդումը, հետո Հարավսլավիայի, ապաեւ՝ Սերբիայի, հանգեցրին վերամիավորումների գաղափարի հետմղմանը: Հայաստան-Արցախի վերամիավորումն այլեւս ցանկալի չէր ո՛չ վերամիավորված գերմանացիների ու նրանց դաշնակից Արեւմուտքի երկրների համար, ո՛չ էլ Խորհրդային Միության փլուզումից հետո մի կերպ Ռուսաստանի Դաշնությունը պահպանող կիսառուս ռուսների: Եվ ադրբեջանցի ու ռուս փորձագետների հակառուս կամ հակաարեւմտամետ մեկնաբանությունները «պատվերով համերգներ» են եւ ուրիշ ոչինչ:

Այսօր Արեւմուտքն իր քմահաճույքներով ճանաչել է Կոսովոյի կամ Հարավային Սուդանի անկախությունը, նման մի քմահաճությամբ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, բայց այս բեւեռները «Հարավային Կովկասը շարունակում են ընկալել որպես իրենց կենսական շահերի գոտի»:

Ինչեւէ, դառնալով վերոնշյալ փորձագետների հակամարտությանը, նշենք եւս մի տարբերություն: Ադրբեջանցին ՙՂարաբաղը միայն ադրբեջանական հող է դիտարկում, բայց ռուսաստանցին դեմ չէ, որ «Ղարաբաղը պետք է լինի անկախ, սակայն՝ շվեցարական մոդելով»: «Ես միշտ կարծել եմ, որ Ղարաբաղի հայերը հանդիսանում են բանակցային գործընթացի կողմ եւ սուբյեկտ: Միշտ կոչ եմ արել Բաքվին՝ բանակցություններ վարել ոչ թե Երեւանի, այլ Ստեփանակերտի հետ»,- նշել է «Կովկասյան քաղաքականություն» կայքի խմբագիրը:

Որոշ փորձագետներ էլ նախեւառաջ կարեւորում են այն, որ պետք է հարգվեն փախստականների իրավունքները, «բոլոր ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց նախկին բնակության վայրերը, որոնք նրանք ստիպված են եղել լքել մահվան սպառնալիքի տակ՝ պատերազմական գործողությունների ընթացքում»:

«Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների շահերից է բխում վերականգնել մարդկանց կարգավիճակը: Պետք է պաշտպանել նաեւ հայերի վերադարձը Բաքու, այն հայերի, ովքեր արտաքսվել են Բաքվից, Սումգայիթից եւ Ադրբեջանի այլ քաղաքներից, պիտի վերադառնան»:

Այս ձեւակերպումները պարզապես անհասկացողի կամ գործից անտեղյակի խոսքեր չեն, լավ մտածված խայծեր են: Բոլորն են հասկանում, որ փախստականներին նույնիսկ ստիպողաբար հնարավոր չէ վերադարձնել, իսկ հարցի արծարծումը կարող է դառնալ միջամտության աղբյուր: Այդ փորձագետները անգամ չեն զլանում եւ նշում են, թե «փախստականների վերադարձի իրավունքի իրացումը» կկանխի նաեւ «պատահաբար սահմանի այն կողմում հայտնված հայ կամ ադրբեջանցի գյուղացու գերեվարվումը»:

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Պարզապես պետք է ճանաչել Հայաստան-Արցախ վերամիավորման որոշումները եւ հարցը միջազգային ասպարեզում դարձնել ոչ թե Կոսովոյի կամ Հարավային Սուդանի նախադեպին գնացող, այլ գերմանիաների, եմենների եւ ի վերջո Ղրիմի վերամիավորումների նախադեպը շարունակող խնդիր:

ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցությունը բարձրացրել էր հայկական պետությունների վերամիավորման հարցը, ինչը այդպես էլ առկախ մնաց, այժմ շրջանառության մեջ է դրվել «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» որոշման նախագիծը, որում արծարծվում են հայկական հանրապետություններին առնչվող սպառնալիքներն ու մարտահրավերները: Ըստ նախագծի ՀՀ խորհրդարանը պետք է որոշի. «1. Ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը: 2. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի (սահմանապահ, մաքսային եւ այլն) տեղակայումը: 3. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Ադրբեջանի Հանրապետության սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը: 4. Բացառել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը կամ միավորումը որեւէ կառույցի, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների ինքնիշխանությունը եւ/կամ տարածքային ամբողջականությունը»:

Այս խնդիրը այսօր կարեւորվում է նաեւ այն բանի համար, որ Հայաստանը պետք է անդամակցի ԵՏՄ-ին: Իսկ այստեղ կանոններով չի բացառվում, որ Հայաստանի ու Արցախի միջեւ կհայտնվեն մաքսային օրենքներ ու մաքսակետեր: Ուստի, ոմանք առավել նպատակահարմար են համարում, որ Երեւանը ճանաչի Արցախի անկախությունը, նոր անդամակցի ԵՏՄ-ին, որին կարող է անդամակցել նաեւ Արցախը: Բայց համաթյուրքական դաշինքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակով եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի բերանով նախապես կասեցրեց նման ծավալման հնարավորությունը: Ուստի՝ մնում է միայն վերամիավորման որոշումն իրականացնել եւ Արեւմուտքին ու Հյուսիսին կանգնեցել կատարված փաստի առջեւ…

Անկարան բռնազավթելով Կիպրոսի մոտ 40%-ը, թուրքական կառավարություն ձեւավորելով՝ ցայսօր տնօրինում է «թուրքական կիպրոսին»: Արեւմուտքն ու Ռուսաստանը միայն դատապարտող բանաձեւեր են ընդունում:

Ադրբեջանում թքելով եվրաարժեքների վրա, ամենաբացահայտ իրավախախտումներով ու միապետական նկրտումներով պահպանում են իշխանությունն ու համաթուրքական նպատակները: Արեւմուտքն ու Ռուսաստանը միայն դատապարտող բանաձեւեր են ընդունում:

Ուկրաինայում իշխող վարչակարգի գրեթե կեսը բացահայտ ազգայնամոլ-ֆաշիստ բանդերականներ են, որ սպանդ իրականացրեցին ամբողջ Ուկրաինայի տարածքում, իսկ Արեւմուտքը լռում է,  Ռուսաստանն էլ փորձում է օգտվել դրանից…

Այս աշխարհում մնում է միայն կատարված փաստը…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 31 (336), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։