Ոչ ոք չի բաժանի Հայաստանն ու Արցախը – Արեւմուտքի ու Արեւելքի հետ Հայաստանը փորձում է քայլել հավասարակշիռ փոխլրացնող քաղաքականությամբ, ինչը կայուն քաղաքական գիծ է այս իրավիճակում…

Նախագահ Սերժ Սարգսյանը անդրադառնալով այն հարցին, թե ինչ զարգացումներ կան արցախյան կարգավորման գործընթացում, հայտնել է, որ հայկական կողմը ձգտում է հասնել այն բանին, որ Ադրբեջանն ընդունի, որ ԼՂ ժողովուրդը իր խնդրի լուծումը տեսնում է ինքնիշխան կարգավիճակում, ինչն էլ պետք է ամրագրվի բանակցային գործընթացում: Բայց բանակցությունները շարունակվում են այն ուղղությամբ, որ «Բաքուն իր գործողությունների նպատակը դարձրել է միջազգային հանրությանը հասցնել այն գաղափարը, որ պատերազմը չի ավարտվել, ստատուս քվոն անընդունելի է, եւ դա կատարվում է ոչ թե պարզապես կրտսեր կամ միջին հրամկազմի ցուցումով, ամենաբարձր մակարդակով»:

Նման մակարդակով էլ կազմակերպվել են Ադրբեջանի վերջին դիվերսիոն հարձակումները, ըստ նախագահի՝ «նպատակներից մեկը, իհարկե, ինչպես ասում են՝ մեր աչքը վախեցնելն էր եւ իր ահռելի ծախսերն արդարացնելն էր: Իրենք ուզում էին մեզ եւ իրենց ժողովրդին ցույց տալ, որ հասել են որոշակի լուրջ աստիճանի, որ իրենք ունեն առավելություն: Վերջին 20 տարիներին եղել են տարբեր ժամանակաշրջաններում հրադադարի խախտման դեպքեր, բայց երբեք չի եղել օրինակ՝ կրակային ականանետերից, այս անգամ եղավ, սա նշանակում է, որ տրամաչափն ավելանում է, եւ վտանգը, իհարկե, մեծանում: Կարծում եմ, որ նրանք իրենց երանգի մասին են խոսում, իրենց քաղաքականությունն են առաջ տանում, այսինքն՝ եթե այս առաջինը իրենց հաջողվեր, ապա իրենք պետք է մշտապես իրենց թեզը ամրապնդեին, որ ռազմական գործողություններ չսկսելը զիջում է Ադրբեջանի կողմից՝ բանակցային գործընթացին: Դա  փաստարկ  չէ, այլ ուղղակի շանտաժ»:

ՀՀ նախագահը կարծում է, որ բանակցային գործընթացի տեմպերը 2011թ. սկսած՝ չունեն էական առաջխաղացում, եւ «Կազանում բանակցությունների ձախողումը Ադրբեջանի կողմից վերջին հանգրվանն է»: Երկրի ղեկավարը չի բացառել, որ այս իրավիճակում, նաեւ այն հանգամանքը հաշվի առնելով, որ ՄՄ ոչ բոլոր անդամներն են ուրախ ՀՀ անդամակցությամբ, կարող են լինել նաեւ խնդիրներ, որոնք լուծվում են կամ պետք է լուծվեն: «Այդ միությունը, բնականաբար, մեկ երկիր չէ, եւ ես ինչ-որ տեղ համաձայն եմ այն կարծիքին, որ երեւի թե բոլորը կողմ չեն մեր ներգրավմանը: Մենք փոքր տարածքով, խնդիրներ ունեցող երկիր ենք, եւ, բնականաբար, ցանկացած միության անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաեւ այդ միության անդամների համար»,- նշել է երկրի ղեկավարը:

Փաստորեն, մեր իշխանություններն այնուամենայնիվ, եթե ոչ վտանգներ, ապա դժվարություններ տեսնում են ՄՄ-ին անդամագրվելուց հետո: Չեն վիճարկում այն մեղադրանքները, որ հնչում են հանրության կողմից՝ առկա կասկածների առումով: Բայց համոզված են, որ մեր երկրի զարգացման համար կարեւոր մի շրջափուլ է լինելու, «շատ բան է մեր երկրում փոխվելու»: «Ժամանակը ցույց կտա, եւ բոլորը կտեսնեն, թե ով է լինելու ճիշտը»,- հայտնել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանը կարող է արդեն 2015թ. հունվարի 2-ից դառնալ ԵՏՄ անդամ, քանզի արդեն իսկ իրականացրել է կառույցին անդամակցության ճանապարհային քարտեզը: ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ ՄՄ եւ տնտեսական համագործակցության մարմինների փոխգործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոեւան հայտնել է, որ «պայմանգրի վավերացումը ընթանում է զուգահեռաբար, սակայն հնարավոր չէ այն անել միաժամանակ ու 1 օրում»: Բայց ընդհանուր առմամբ ակնակալում ենք, որ երբ հոկտեմբերի 10-ին նախագահները հանդիպեն Մինսկում, նրանց համար հայտարարություն կպատրաստվի այն մասին, որ բոլոր 3 երկրները ավարտել են վավերացումը ու պատրաստ են 2015թ. անդամագրման պայմանագրի կիրարկմանը: Ղազախստանը պայմանագիրը կվավերացնի հոկտեմբերի 2-ին, իսկ Բելառուսը՝ հոկտեմբերի 7-ին: Անդրադառնալով ԵՏՄ անդամակցությանը՝ Աննա Սիսոեւան նշել է, որ ներկա փուլում Ղրղզստանը մշակում է անդամակցության իր ճանապարհային քարտեզը, ինչը Հայաստանը արդեն իսկ իրականացրել է. «Հայաստանի անդամակցության պայմանագիրն արդեն իսկ պատրաստ է եւ, եթե ամեն ինչ իր հունով գնա, ապա ենթադրում ենք, որ այդ պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում, ինչը կնշանակի, որ 2015թ հունվարի 2-ից ՀՀ-ն կդառնա ԵՏՄ անդամ»:

Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն է վարում եւ՛ Արեւմուտքի, եւ՛ Ռուսաստանի հետ, հայաստանյան հանրության մոտ 80%-ը, սփյուռքահայերի մեծ մասը, ռուսաստանցիները ցանկանում են, որ Հայաստանն անդամակցի Եվրասիական միությանը. սոցիոլոգիական հարցումների վրա հիմնված այս տվյալները հայտնել է «Նորավանք» հիմնադրամի տնօրեն ագիկ Հարությունյանը: Ըստ նրա, մեր երկրի՝ ԵՏՄ-ին անդամակցելը լուծում է ռազմաքաղաքական անվտանգության խնդիր հենց Հայաստանի համար, քանի որ պետք է հաշվի առնել ոչ միայն Ադրբեջանից բխող ռիսկերը, այլեւ այն, որ ծայրահեղ իսլամիստները մտադիր են Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող գործողությունները տեղափոխել նաեւ Կովկաս: Այդ միությանն անդամակցելը հնարավորություն է տալիս, որ ՀՀ-ն ՌԴ-ից զենք գնի գործարանային գնով, մինչդեռ հակառակ պարագայում մեր բանակի ռազմական ներուժը կնվազեր:

Կարելի է համաձայնել, որ ռազմաքաղաքական առումով այս քայլը գուցե դրական լինի եւ բխի մեր ազգային շահերից, սակայն չպետք է մոռանալ, որ նույն Մոսկվայի համար մենք ռազմավարական գործընկեր ենք տարածաշրջանում եւ նա ռազմական ներկայություն ունի միայն Հայաստանում: Առանց այն էլ Կովկասում Ռուսաստանի միակ հենարանն ենք, որ ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ է: Բայց դա չխանգարեց Մոսկվային զանգվածային ոչնչացման զենք վաճառել Ադրբեջանին, մի երկրի, որի հետ Հայաստանը դեռ պատերազմական վիճակում է: Անպատասխան մնացած հարցեր կան եւ ոչ ոք չի կարող հավատացնել, որ ԵՏՄ անդամ, ՄՄ  օրենքներին հնազանդ Հայաստանը էլի չի արժանանա նման վերաբերմունքի:

Այո, կա նաեւ էներգետիկ խնդիր, որը ըստ Եվրասիականության կողմնակիցների, տնտեսական խնդիրներ է լուծում՝ հենց միայն էներգակիրների գինը. «Եթե մենք Ռուսաստանից գազ գնեինք միջազգային գներով, մեր պետության համար բարդ խնդիրներ կառաջանային»,- նշել է փորձագետը:

Ինչեւէ, Հայաստանը փորձում է քայլել հավասարակշռված եւ փոխլրացնող արտաքին քաղաքականությամբ, ինչը ողջունելի է: Եվրոպական «Արեւելյան գործընկերության» շրջանակներում Հայաստանը շարունակում է մնալ ակտիվ գործընկեր, իսկ ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասով ստորագրման հարցում կարծես թե եվրոպացիները այլեւս դեմ չեն արտահայտվում:

Այս համապատկերում դառնալով Արցախի խնդրին՝ նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը ինչպես Վատիկանում, այնպես էլ ՄԱԿ-ում հստակ նշեց, որ Հայաստանի համար ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է եւ այն չի կարող անտեսվել Արցախի պարագայում: Երեւանը շահագրգռված է սատարել Արեւելքի եւ Արեւմուտքի համագործակցությանը, ինչը կայուն քաղաքական գիծ է այս իրավիճակում: «Փոքր երկրները շատ մեծ ռիսկի են դիմում՝ փորձելով օգտվել որոշումներ կայացնող խոշոր գլոբալ կենտրոնների հակասություններից: Ռազմավարական եւ տնտեսական հարաբերություններ ունենք ՌԴ հետ, Մոսկվայի հետ նույն հավաքական անվտանգության համակարգի մաս ենք կազմում: Սակայն, միեւնույն ժամանակ, հիանալի հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ: Այսպիսով, նրանց միջեւ հարաբերությունների լարվածության դեպքում մենք ընտրում ենք անկողմնակալությունը: Մեր արտաքին քաղաքականությունը կառուցում ենք կոնկրետ հարցերի շուրջ»,- ասել է նախագահը:

Երեկ հաստատվեց ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի նախագիծը (եւ դրա հավելվածները): Արցախի հարցում վտանգ է նկատել նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», ըստ որի, «պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող հավելված 2-ի 7-րդ կետում հստակ գրված է, որ «ՄՄ Մաքսային օրենսգրքի 2009թ. նոյեմբերի 27-ի պայմանագրի 2-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել «Հայաստանի Հանրապետություն» բառերը: Իսկ ՄՄ Մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասն ասում է. «ՄՄ միասնական մաքսային սահման են կազմում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության տարածքները, ինչպես նաեւ այդ պետություններից դուրս գտնվող արհեստական կղզիները, կառույցները, շինությունները ու այլ օբեկտները, որոնց նկատմամբ ՄՄ անդամ երկրները ունեն բացառիկ իրավասություններ»: Այսպիսով, եթե այս ձեւակերպմանը ավելացվի «Հայաստանի Հանրապետություն» բառակապակցությունը, ըստ նշյալ միավորման, միեւնույն է, ՄՄ միասնական մաքսային սահմանի մեջ որեւէ կերպ չի մտնի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», քանի որ վերջինս «ոչ արհեստական կղզի է, ոչ շինություն է, ոչ էլ այլ օբեկտ, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը ունի բացառիկ իրավասություններ»:

Նշվում է, որ մաքսակետը պարտադիր կդառնա ՀՀ եւ ԼՂՀ միջեւ:

Իսկ սա ենթադրում է որ, ինչպես ՄՄ Մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասն է ասում. «Մաքսային սահմանը հատող ապրանքների (այդ թվում՝ ավտոմեքենաների) նկատմամբ իրականացվում է մաքսային հսկողություն»: Նույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասը ուղղակիորեն ասում է, որ «Մաքսային հսկողության գոտիները դրանք այն տեղերն են, որտեղ ապրանքները հատում են մաքսային սահմանը…»: Այսպիսով, ԼՂՀ-ն դուրս է մնալու Մաքսային միության սահմաններից, ուստի, այն վայրերում, որտեղ ԵՏՄ տարածք հանդիսացող ՀՀ-ից դեպի ԼՂՀ ճանապարհներ են գնում եւ ապրանքներ են տեղափոխվում, պետք է լինեն մաքսային գոտիներ (մաքսակետեր): Պայմանագրի նախագծից հետեւում է, որ մաքսակետեր կստեղծվեն Քաշաթաղում եւ Արցախ տանող մյուս ճանապարհներին: Իսկ Արցախից դեպի Հայաստան ապրանքները կներմուծվեն ԵՏՄ-ում գործող բավականին բարձր սակագներով:

«Հայաստանի եւ Արցախի միջեւ անցակետը գործելու է այնպես, ինչպես հիմա, ոչինչ չի փոխվելու»,- Ստեփանակերտում անդրադառնալով Արցախի ու Հայաստանի միջեւ մաքսակետի հնարավոր տեղակայմանը՝ հայտնել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը. «Այստեղ գալու ճանապարհին դուք անցել եք այդ տեղով: Որեւէ մեկը ձեզ կանգնեցրե՞ց անցակետում: Այնպես որ, հետո էլ ոչինչ չի փոխվելու»: Շեշտել է, որ ինքը զինվորական է ու չի զբաղվում քաղաքականությամբ, սակայն, անտեղյակ չէ քաղաքականությունից, նա իր անձնական կարծիքն է հայտնել նաեւ բանակցություններին ԼՂ-ի մասնակցության հարցի առումով եւ նշել, որ «անհնար է առանց Արցախի մասնակցության հիմնախնդիրը լուծել, այս խնդիրը պիտի լուծի մեր ժողովուրդը, քանի որ մեր ժողովուրդն է իրականացնելու բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները»: Այնպես որ, երբ Արցախը սկսի մասնակցել բանակցություններին, այդ ժամանակ էլ կարող են ասել, որ «գուցե խնդիրը լուծվելու է»: Մովսես Հակոբյանը խոսել է նաեւ Մոսկվայի կողմից Բաքվին զենքի վաճառքի հարցին. «Սա, իհարկե, շատ վատ է: Պիտի հասկանանք, որ զենքը, ամեն դեպքում, գնում ու վաճառում են հակառակորդին սպանելու համար»:

Վերջին հանդիպումները ռուսական ու արեւմտյան ուղղությունների հետ հավաստում են, որ Երեւանն ու Ստեփանակերտը հավասարակշռված քայլերով կարող են տիրապետել իրավիճակին, բայց դա հարցի լուծման բավարար պայման չէ: Պետք է վերամիավորման շուրջ հստակ քայլեր անել:

ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, քննարկել նշյալ խնդիրները՝ ՀՀ անդամակցությունների եւ ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված: ԵԽ գլխավոր քարտուղարը վերահաստատել է Եվրոպական կառույցների եւ Հայաստանի փոխգործակցության անհրաժեշտությունը, կարեւորել է տարածաշրջանում խաղաղությոան պահպանումը:

Արշալույսները մեր երկրի վրա խաղաղ են բացվում թե՛ Արեւելքից, թե՛ Արեւմուտքից, ինչը հուսադրող է, որ մեր արտաքին ուղղության փոխլրացնող քաղաքական գիծը կմնա առաջնային, եւ Հայաստանը չի դառնա որեւէ համաշխարհային բեւեռի կցորդ:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 31 (336), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։