Արցախը՝ միակ ինքնավերահսկվող հակամարտ վայրը – Առաջնային պետք է դիտել նաեւ սահմանային հատման կետերում վերահսկողության ուժեղացումը եւ խստացումը, գյուղերի բնակչությանը զինելու խնդիրը…

Պաշտոնական Ստեփանակերտն անընդունելի է համարում խաղաղապահ ուժերի տեղակայումն Արցախում: Իսկ նման միտում ունի ոչ միայն Մոսկվան, այլեւ՝ Բրյուսել-Վաշինգտոն դաշինքը: Եթե առաջինը փորձում է այդպիսով վերահաստատվել Կովկասում եւ միաժամանակ ազդեցությունը մեծացնել Մերձավոր Արեւելքում, ապա արեւմտյան ուժերը փորձում են Կովկասում վերջ տալ ռուսական ազդեցությանը՝ միաժամանակ մոտ գտնվելով Իրանի սահմաններին:

Սոչիում Ռուսաստանի նախագահ Պուտինի միջնորդությամբ Սերժ Սարգսյան եւ Իլհամ Ալիեւ հանդիպումից արցախյան կողմը լուրջ սպասելիքներ չուներ: Ստեփանակերտն այնքան էլ ոգեւորված չէր այդ հանդիպմամբ, բայց կարեւորում էր, որ առկա լարվածությունը կթուլանա բանակցային սեղանի շուրջ նստելուց հետո: Ինչպեսեւ եղավ: Դա վերահաստատվեց նաեւ մեկ այլ եռակողմ հանդիպման ընթացքում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները զրուցեցին Լոնդոնում՝ ՆԱՏՕ-ական Վեհաժողովում, ԱՄՆ պետքարտուղար Քերրիի միջնորդությամբ: Միջնորդ երկրները փորձում են ամուր բռնել զինադադարի թելը եւ հոկտեմբերին արդեն Ֆրանսիայի նախագահ Օլանդի միջնորդությամբ Փարիզում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները:

Ինչո՞ւ է աշխուժացել Ադրբեջանը, կա՞ արդյոք երրորդ երկրի միջամտություն: Այն փաստը, որ Բաքուն եւ Անկարան փորձում են ամեն գնով Թուրքիային եւս դարձնել բանակցային սեղանի մասնակից կողմ, այլեւս գաղտնիք չէ, եւ Ադրբեջանն ամեն քայլի դիմում է ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը սասանելու համար: Բաքուն եւ Անկարան այլ բանակցային ձեւաչափ են որոնում, որտեղ կարող են հաջողացնել իրենց դավադիր նպատակները:

Իհարկե, էլի կան կողմեր, որ ցանկանում են միշտ թեժ պահել Հայաստան-Ադրբեջան եւ Արցախ-Ադրբեջան սահմանների լարվածությունը: Այդ իրավիճակում երրորդ երկրների կարեւորությունը կրկնապատկվում է: Այս երկրներն անգամ զենքի-զինամթերքի վաճառքը չեն դադարեցնում տրածաշրջանում: Եվ չի բացառվում, որ հակամարտ կողմերի երկրների նախագահների հանդիպման ժամանակ հանկարծ առաջարկվի խաղաղապահ զորք մտցնել սահմանային թեժ հատվածներ: Ինչպես վերը նշվեց, դա կարող է ցանկանալ ե՛ւ Մոսկվան ե՛ւ Վաշինգտոնը: Միացյալ Նահանգները ավելի են հակված առճակատվելու Ռուսաստանի հետ, քան՝ Եվրոպան, ինչը հստակ է նաեւ ուկրաինական հակամարտության ժամանակ: Եվրոպական երկրներն անգամ ընդդիմանում են ամերիկա-ռուսական առճակատմանը՝ հասկանալով, որ տնտեսապես ավելի մեծ կորուստներ կրում է Եվրոպայի բնակչությունը, վնասվում են համաեվրոպական շահերը:

Այս հարցերի շուրջ պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումը ներկայացրել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա՝ ցանկացած բանակցություն դիտարկվում է կարեւոր եւ պահանջված գործընթաց, քանի որ բանակցությունները խաղաղության եւ կայունության պահպանման կարեւոր երաշխիք են տարածաշրջանում: Ամեն դեպքում բանակցություններն ավելի գերադասելի են, քան դրանց դադարեցումը: Բայց Արցախից շարունակում են պնդել, որ առանց լիարժեք ձեւաչափի վերականգնման անհնարին կլինի խնդիրը կարգավորել եւ Արցախը պետք է մասնակցի բանակցությունների բոլոր փուլերին՝ ինչպես նախկինում էր: «Ինչ մնում է այս եռակողմ հանդիպումներից ակնկալիքներին, Ադրբեջանի պահվածքն այնպիսին է, որ այդ երկիրը խախտում է ամեն ինչ, նույնիսկ սեփական պայմանավորվածությունները, սեփական պետության Սահմանադրությունը: Իսկ միջնորդները դեռեւս հանդես են գալիս երկու կողմերին հղված ստանդարտ հայտարարություններով, առանց լուրջ միջոցների կիրառման»,- ասել է Բակո Սահակյանի մամլո խոսնակը:

Արձագանքել է նաեւ մեր երկրի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով հայտնել է, որ Արցախում անվտանգության նկատառումներով ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման կարիքը դեռ չկա։ «Երկրագնդի վրա հակամարտությունների բոլոր գոտիներում Արցախը միակն է, որտեղ առանց որեւէ երրորդ ուժի, մարտական ոգու ու պատրաստվածության մեր առավելության շնորհիվ հնարավորինս կարողանում ենք պահպանել հրադադարի հարաբերական վիճակը»,- նշել է նա: Նախարարի խոսքով՝ ճիշտ է, հակառակորդի կողմից մշտապես խախտվում է հրադադարի ռեժիմը, սակայն «մենք մեր առջեւ դրված խնդիրը ինքնուրույն կարող ենք լուծել ու խաղաղապահ ուժերի տեղակայման խնդիր այսօր չկա»:

Անդրադառնալով ՀՀ սահմանամերձ բնակչության անվտանգությանը՝ Սեյրան Օհանյանը նկատել է, որ այդ գյուղերում ովքեր ցանկանում են մասնակցել սահմանների պաշտպանության գործին, պետք է իմանան, որ այսօր դեռ կարիք չկա: Սահմանամերձ գյուղերում էլ համատարած բոլորին զենք բաժանելու առաջարկները եւս մտածված պիտի իրականացվեն, քանի որ այդ զենքը նաեւ պետք է վերահսկողության տակ լինի: «Գյուղացիների եւ մեր ուժերի մասնակցությամբ ստեղծվում են համապատասխան խմբեր, ովքեր վերահսկում են գյուղատնտեսական աշխատանքները»,- ավելացրեց նա՝ հայտնելով, որ ամեն դեպքում բոլոր առաջարկներն ուսումնասիրվում են:

Կարծում ենք՝ սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու խնդիրը պետք է դառնա առաջնային: Գյուղերի բնակիչներին հատկացվող զենքերի խմբաքանակը պետք է պահպանվի գյուղապետարաններին կից անձեռնմխելի, փակ եւ վերահսկվող տարածքներում: Իսկ զենքերը պետք է հատկացվեն անհատական ու ըստ կանոնակարգված իրավիճակների, որից հետո նորից պիտի հավաքվեն ու պահպանվեն: Առաջնային պետք է դիտել նաեւ սահմանային հատման կետերում վերահսկողության ուժեղացումը եւ խստացումը: Այդ հատվածներում անհրաժեշտ է փակցնել սահմանային հատման մասին զգուշացնող եւ գիշերով տեսանելի ցուցանակներ:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 31 (336), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։