Ազգայնականների խոսքը վճռորոշ է

Մեջբերում Լեռ Կամսարի «Սկզբունքային հաստատ» վերնագրով կարճ մանրապատումից.
«1918-ին:
- Պարո՛ն, քանի՞ տարեկան եք,- կհարցվի ամուրիի մը:
- 35:
1919-ին:
- Պարո՛ն, քանի՞ տարեկան եք:
- 35:
1920-ին:
- Պարո՛ն, քանի՞ տարեկան եք:
-35:
…..
…..
- Վա˜յ, սխալ չէ՞ք, լավ հաշվեք:
-Բնավ: Ես տղամարդ եմ, խոսքիս հաստատ, կարգ մը մարդկանց նման չեմ կըրնար տարին երկու սկզբունք փոխել….. »:

Այսպիսի «սկզբունքայինի» տպավորություն թողեց ՀՀ նախկին նախագահ ԼՏՊ-ն իր վերջին «հանրահայտ» ճառով, երբ խոսեց 10 տարի անց…
Իսկ երբ «բանական ատրճանակով» նա հարձակվեց ներկա իշխանությունների վրա, փորձառու վարժապետի պես իր գիտելիքներով խեղճացնելով համարձակ սաներին, թվում էր, թե գոնե իշխանամետ դաշնակները դա չեն հանդուրժի և ճառին ճառով կպատասխանեն: Սակայն հեղափոխական մորուքները և՛ քամու, և՛ հակառակ ուղություններով էլ համաչափ տարուբերելով նրանք գերադասեցին «քիչ մը լռությունը» և ԼՏՊ-ի հետ գրկաբաց հանդիպելով 100-ամյա հնության «գոգնոցները» կարկատելուց հոգնած, նոր հեղափոխական ՀՀՇ-ից ստացվելիք «գոգնոցներով» փոխարինելու ակնկալիքներ փայփայեցին:
Ոչ վաղ անցյալում, դաշնակներին «հետապնդելու» ծրագիր էր մատուցվել, որն ԼՏՊ-ն իրագործեց վերջիններիս «հերոսի դափնեպսակ» պարգևելու նպատակով: Այժմ որևէ կերպ պետք է նրանց հաշտեցնել և փոխհատուցել այն տառապանքների դիմաց, որ կրել են առանձին առանձին:

Իրականում թուրքերի հանդեպ վերաբերմունքներում էլ հհշական և դաշնակցական տեսակետները որոշ դեպքերում այնքան էլ չեն տարբերվում:
«ԼՏՊ-ն շարքային ընդդիմություն դարձավ» – ՀՀ ներկա նախագահի կարճ ու առանց առաջաբանի վերջաբանը ստեղծեց երկրորդ` գլխավոր տպավորությունը, որ ՀՀ նախկին նախագահի թեկուզև սրընթաց վերադարձը ըստ Ռ. Քոչարյանի քաղաքական շրջադարձ չի առաջացնի, ընդհակառակը հենց դրանով կապահովվի նախագահական ընտրությունների անհրաժեշտ ընտրազանգվածը, եվրոպական չափանիշներով «ազատ» և «ժողովրդավարական» մրցակցությունը և Ս. Սարգսյանի «լեգիտիմ» նախագահ դառնալը: Այսինքն ԼՏՊ-ի քաղաքականապես ապաշխարհելը դեռ ձեռնտու է և իր վերահսկողության ներքո:
Իհարկե, Ռ. Քոչարյանը այդ հարցում փոքր ինչ մեծամտում է. ԼՏՊ-ն, ինչպիսին ասենք Պ. Հայրիկյանն է, այնքան էլ «շարքային» չէ, հրեաների փեսա լինելու հանգամանքից բացի նա «արևմուտքում» հավանաբար ավելի բարձր «աստիճան» և մեծ կապեր ունի, որոնք միշտ էլ թարմ են մնացել և լինելով «ծանր քաշային» քաղաքական գործիչ, ինչպիսին չի Պ. Հայրիկյանը, հազիվ թե միայն Ս. Սարգսյանին նախագահ դարձնելու նպատակով համաձայնվեր քաղաքական տաք բեմահարթակ հայտնվել:
Որպես ՀՀ նոր նախագահ ու՞մ է ուզում տեսնել Արևմուտքը (Եվրոպա և ԱՄՆ), ու՞մ Ռուսաստանը, և ու՞մ հայ ժողովուրդը,- հարցերի տարբեր պատասխաններից առաջանում է այլ տպավորություն. վաղուց կամ գուցե իրականությունն այնպիսին է, որ ընդհանրապես, ժողովուրդը զրկված է լավագույնին ընտրելու իրավունքից, այն պարզ պատճառով, որ այժմ նման մեկին, ի նկատի ունենանք ազգայնականների շրջապատից լավագույնին, անգամ թեկնածու առաջադրելը հնարավոր չէ, քանի չկա «Արևմուտքի» հավանություն-համաձայնություն: Հետևաբար, ասպարեզում երևակվող թեկնածուներն արդեն օտարի և ոչ հայ ժողովրդի ցանկալիներն են, թեկուզ և ելած լինեն ժողովրդի ծոցից: Թեև ընտրության իմաստն այն պետք է լինի, որ ընտրենք լավագույններից առավելագույնին, բայց ստիպված ընտրում ենք «չարիքից փոքրագույնի» հայտնի սկզբունքով, որն արդեն ոչ թե ժողովրդի հավաքական կամքն է, այլ «օտարի» թելադրանքը:
Վերջին, ՀՀ անկախացումից հետո գուցե և միակ հայ քաղաքական գործիչը Վ. Սարգսյանն էր, որը ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո, ընդամենը փորձեց իր անձնական – ազգային հատկանիշներով բացահայտ հակազդել «Արևմուտքի» խորը թաքնված դավադրություններին` համարձակորեն, առաջադրելով ինքնուրույն քաղաքականություն, հանուն ինչի զգալիորեն թուլացրեց հանրապետության նախագահի դերը և իր ձեռքում կենտրոնացրեց ամբողջ իշխանությունը: Հայտնի է, որ արդյունքում Վ. Սարգսյանի քաղաքական «մեղանչումը» պատժվեց ամենաանողոք կերպով: Հոկտեմբերի 27-ի ԱԺ դահլիճում տեղի ունեցած արյունոտ «հեղաշրջումով» «Արևմուտքը» վերականգնեց և՛ ՀՀ նախագահից խլված «իրավունքները», և՛ ավելի ամրացրեց նրան ենթակա պահող լծակները, միաժամանակով ուսանելի դաս տվեց հետագա վարչապետներին և ընդհանրապես ապագայում ըմբոստանալ ցանկացողներին:
Այսօր ԼՏՊ-ն ճարպկորեն կարողանում է շահարկել հոկտեմբերի 27-ը, ի վնաս Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի, ժողովրդից թաքցնել ոճրագործության և՛ բուն պատճառները, և՛ ճշմարտությունը, ինչից «զոհերի» քաղաքական կարերիա ձգտող ազգականները սկսում են աստիճանաբար դառնալ նրա շրջապատի բաղկացուցիչ մասը:
Որոշ ժամանակ անց հնարավոր է նաև, որ ԼՏՊ-ն թևանցուկ անելով ՀՀ ներկա նախագահին, նրան դուրս հրավիրի բեմահարթակից և տարբեր հաշիվներ մաքրելու պատրվակով այցելի նաև … կազինոներ, այս անգամ դաշնակց
ության «մաուզերիստների» թևը մտած:
Դեպքերի զարգացման այլ տարբերակների մասին դեռ վաղ է խոսել, մեկ բան, սակայն մինչև այդ «վաղը» հստակ է. «Արևմուտքը» ընտրակաշառքի առասպելական գումարներ կհատկացնի «սև տան» բնակչին, եթե վերջինս ապացուցի, որ ի զորու է «համաշխարհային կարգաչափի դավադրությունը» տեղայնացնել տարածաշրջանում ավելի արդյունավետ քան իր մրցակիցներից որևէ մեկը, իսկ հատկապես Ս. Սարգսյանը:
Ցանկացած գաղափար կյանքի է կոչվում այն գործողության մեջ ներդրող մարդկանց առկայությամբ: Այնպիսի ապազգային զանգվածի պակաս, որ անհրաժեշտ է տվյալ ընտրություններին կարծես ՀՀՇ-ի «սկզբունքային հաստատը» չի ունենա, եթե իր գաղափար-ծրագիրը սկսի գործողության մեջ դնել: Վերջին 10-15 տարում «հաջողությամբ» բուծված են հանուն փողի ապրող բավական թվով արարածներ, որոնք գտնվում են և՛ իշխանություններում, և՛  ներքևներում: Այսինքն, երբ «հանձնարարություններն» սկսվեցին «էլիտայի» «առնետավազքն»  անխուսափելի է` ինչպես եղել է անցյալում` հեղափոխական ցանկացած սցենար կիրառելիս:
Նման պարագայում, խիստ կարևորվում են ազգայնականի դիրքորոշումները, քանի որ նրանք մնալով անկաշառ և ղեկավարվելով միմիայն ազգային շահերով կարող են վճռական դեր խաղալ և ճիշտ կողմնորոշել նոր խաբեությունների խայծեր կուլ տալու վիճակում հայտնված ժողովրդին:

Ներսես Ներսիսյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։