Ներքին քաղաքական. Պայքար, որ առավելապես ներիշխանական է – Ներհամակարգային խաղն ավելի շատ է բարդանում, քան իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը…

Խորհրդարանական 4 ընդդիմադիր ուժերի համար կարեւոր էր մարտի 1-ի հարցն ուղղակի բարձրացնելը, ինչը լուրջ հոգեբանական խնդիր էր լուծում նաեւ նոր հնարավոր զանգվածային հանրահավաքներից առաջ: Այդ հարցը առաջնային է մնացել նաեւ եռյակի վերածված նույն ընդդիմության համար: Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու եւ Փաստահավաք խմբի տեղեկատվությանը տիրապետելու պահանջները նաեւ հանրային բնույթ ունեն, ինչը ցայսօր հարցը թողել է օրակարգում: Չնայած եվրակառույցների որոշմամբ «Մարտի 1-ի գործը» փակված է, այնուամենայնիվ որոշ հարցեր կան, որ ավելի հստակ պատասխանի են սպասում:

«Լուսանցք»-ը այս խնդրին անդրադարձել է նաեւ ժամանակին, նշելով, որ պարզաբանումների կարիք ունեն ոչ միայն իշխանության որոշ գործողությունները, այլեւ՝ ընդդիմության այն քայլերը, որոնք իրենց հերթին նպաստեցին իրավիճակի սրմանն ու անթույլատրելի քայլերի: Հիշեցնենք, որ այդ ժամանակ ընթացքում էր արեւմտյան «գունավոր հեղափոխությունների» քաղաքականությունը, որն արդեն հեղաշրջումներ (հեղափոխություն ձեւակերպմամբ) էր կազմակերպել Վրաստանում եւ Ուկրաինայում: Իսկ Երեւանի Ազատության հրապարակում արդեն մեր պետության դրոշներին զուգահեռ ծածանվում էին Վրաստանի եւ Ուկրաինայի, Եվրամիության ու Իսրայելի դրոշները (թե Իսրայելինը ինչու՞, զարմանալի, բայց թերեւս հասկանալի է):

Բայց քաղաքական հարցապնդումները հայտնի դեպքերի բացահայտման ուղղությամբ հետեւողական չեն լինում, իսկ իշխանությունները հակադարձում են, թե պարզապես փորձ է արվում հարցի շահարկմամբ սրել իրավիճակ երկրում՝ կրքեր բորբոքելով մարդկանց մեջ, ինչն անթույլատրելի է:

Այս տարիներին մի քանի անգամ հարցն արծարծվեց, սակայն մնաց առկախ: «Անցյալ տարի էլ նույն բանն արեցին, ինչի՞ հասան: Ինչ-որ բա՞ն է փոխվել խորհրդարանի քաղաքական պատկերում: Բնականաբար՝ ոչ: Այդ դեպքում ի՞նչ կարիք կա նույն հարցը բարձրացնել, իշխանությունն էլ ասի՝ ոչ: Ընդդիմություն հռչակված քառյակի համար շատ կարեւոր է հարցը ուղղակի բարձրացնելը, բայց լուծումների տանող ճանապարհ ո՛չ իշխանությունն ունի, ո՛չ ընդդիմությունը այս պահին»,- նշել էին Փաստահավաք խմբի որոշ անդամներ: 2008թ. Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով չստեղծվեց, քանի որ մեծամասնությունը դեմ է, իսկ հիմնավորումն այն է, որ եվրոպական կառույցները հանգամանալից քննարկել ու հարցը փակված են համարել:

Այն ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ներկայիս ԱԺ նախագահը, հայտարարեց, որ իրենք դեմ են որոշման նախագծին. «Մենք լուրջ ենք մոտենում հարցին, նրանք, ովքեր կարծում են, որ շոուներ անելու ժամանակն է, սխալվում են: Մենք ուսումնասիրել ենք 3 հանձնաժողովների աշխատանքները եւ նպատակահարմար չենք գտնում մեկ այլ հանձնաժողով ստեղծելը»: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով նախագծի հիմնական ներկայացնողն էր, եւս ելույթ ունեցավ եւ արձագանքեց Գալուստ Սահակյանին. «Ես, որպես նախագծի ներկայացնող, համենայնդեպս, շոուի նպատակ չեմ հետապնդել: Ցավում եմ, որ բովանդակային առաջարկություն չհնչեց քննարկումների ժամանակ: Միաժամանակ զարմանում եմ, որ բոլոր պատգամավորները ցանկանում են բացահայտվի, բայց կողմ չեն որոշման նախագծին»: Հիշեցնենք, որ քննարկումներն արդեն ստանում էին խիստ անձնական բնույթ եւ այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ներկայիս վարչապետը, հանձնարարեց անջատել բարձրախոսը…

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը նորից անդրադարձել է Մարտի 1-ի դեպքերին, բայց այլ ենթատեքստով: Ըստ նրա, ամեն ինչ արվելու է, որ «մեր երկրում երկրորդ մարտիմեկ տեղի չունենա»: «Ես մտահոգված եմ, թե ոչ իշխանական ուժերն իրենց հանրահավաքներն ինչպես են անցկացնում: Իմ ցանկությունն է, որպեսզի զերծ մնան հայհոյանքներից ու վիրավորական բառապաշարից, ցիվիլ ձեւով միտինգ անեն, իսկ նոր մարտիմեկ տեղի չի ունենա, ուղղակի նրանց վիրավորական տոնը, այդ վերաբերմունքն անընդունելի է»: Նա նշել է, որ իրենք առաջարկել էին միասին քննարկում անել, ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների մասին բարձրաձայնել ու լուծումներ գտնել, «ժողովուրդն ընտրել է իրենց, որ իր մատից փուշ հանեն, իսկ ընտրություններին դեռ 2-3 տարի կա», կառավարության դիրքորոշումն է աշխատել քաղաքական բոլոր ուժերի հետ միասին՝ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները միասնաբար լուծելու համար:

Իսկ մարտիմեկյան հիշատակումը եղավ այն ժամանակ, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը բարձրացրեց առեւտրականների խնդիրները, ովքեր արդեն մի քանի օր է բողոքում են «Շրջանառության հարկի մասին օրենքից»: Նշվեց, որ հազարավոր քաղաքացիներ բողոքում են այս օրենքի դեմ՝ նշելով, որ չեն ցանկանում հաշիվ ապրանքագրերով աշխատել:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչած հարցին պատասխանելով՝ վարչապետը նշեց, թե անհասկանալի է առեւտրականների բողոքը՝ կառավարությունը իջեցնում է շրջանառության հարկի շեմը, փոխարենը պահանջում է փաստաթղթերով աշխատել: «Մեզ քննադատում են, ասում են՝ չգիտե՞ք ովքեր են ստվերում: Այո, գիտենք, սա մեկ քայլ է, որ փակենք այդ ճանապարհը: Մենք չենք գնում նրանց ստուգենք, մենք գնալու ենք խոշորների մոտ, ովքեր ՓՄՁ-ին ապրանք են բաց թողնում: Մենք սկսելու ենք խոշորներից, նոր կառավարությունը նման ցանկություն չունի: Չգիտեմ, ում մտահղացումն է, որ ասում են՝ մենք գնալու ենք, թուրը քաշենք, ճնշենք, ոչ, նման բան չի լինելու»: Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանը ԱԺ պատգամավորին մեղադրեց սուտ խոսելու մեջ. «Ձեր սուտ ինֆորմացիաները, որոնք տալիս եք մամուլում, ֆեյսբուքում եք գրում… երիտասարդ եք, չի կարելի: Մի ճամբար եք ընտրել, որտեղ իբր մտածում եք ժողովրդի մասին: Խոսքս նաեւ ուղղում եմ քառյակին: Կառավարությունը փաթեթ է բերում ԱԺ՝ ՓՄՁ բեռը թեթևացնելու մասին, զանգում եմ ԱԺ նախագահին, ասում եմ, որ ուզում ենք ԱԺ խմբակցությունների հետ քննարկել հարցը: Զանգում է Աժ նախագահն ու ասում, որ մարդիկ հրաժարվում են քննարկումից: Բա ձեր ցանկությունն ի՞նչ է, որ էս երկրում իշխանափոխություն լինի՞, հեղափոխություն լինի՞… չի լինի դա: Ի՞նչ, երկրորդ «Մարտի 1» եք ուզու՞մ, ձեր ուզածն ի՞նչ է: Գոնե ինձ համար անհասկանալի է, թե դուք ինչ եք ուզում, ձեր նպատակը ո՞րն է: Եկեք միասին աշխատենք, միգուցե շատ խելոք գաղափարներ լինեն, կարող է 1 ամսում էս երկիրը ուղղեք..»,- պատգամավորների բարձրացրած աղմուկին տեղում հակադարձելով խոսում էր վարպապետը, ով իր խոսքը ամփոփեց այսպես. «Արա, հերիք ա ստից խոսաք, չի կարելի էդքան սուտ խոսալ, նոր մարտիմեկ եք ուզու՞մ, մեր երկրում երկրորդ մարտիմեկ չի լինելու»…

Իհարկե, սա անպատասխան չթողեցին ընդդիմադիր մեկնաբանները եւ վարչապետի խոսքը ներկայացրեցին որպես «ինքնախոստովանական ցուցմունք», որ տաքացած վիճակում նա տվեց «Սերժ Սարգսյանին հերթական անգամ պաշտպանելու ընթացքում»: Այս մեկնաբանների կարծիքով  «Արթուր Բաղդասարյանն իր ՕԵԿ-ով ավելի «շուստրի» գտնվեց, քան Հովիկ Աբրահամյանը: ՕԵԿ-ն ու իր նախագահը հասկացան, որ նախագահական նավը խորտակվում է, եւ անմիջապես լքեցին այն, իսկ ահա այսօրվա վարչապետը այնքան ոգեւորվեց իր պաշտոնամուտից, որ անգամ չնկատեց, որ նավի վրա միայն ինքն ու նախագահն են մնացել, ջուրն էլ արդեն նավակողին է հասել…՚:

Իհարկե, կարելի է ամեն ինչ գրել, խոսք է ասվել, ինչը նոր առիթ է «հին մեղքերը նշելու եւ կրկին իշխանափոխությունից խոսելու համար: Բայց կա նաեւ հակառակ տեսակետը, որ այսպես խաղարկվում է ընդդիմադիրների դիրքերը թուլացնելու հերթական ծրագիրը, եւ երբ քառյակից եռյակի անցած ընդիմությունից կմնա երկյակ ընդամենը, ամեն բան իր տեղը կընկնի իշխանության համար:

Այս իշխանատենչական կռիվները իրականում ոչինչ չեն տալիս ժողովրդին. ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում գնաճը կազմել է 2,9%: Ըստ ԱՎԾ-ի՝ պարենային ապրանքները թանկացել են միայն 1%-ով, սպառման ապրանքները՝ 1,7%-ով, ոգելից խմիչքը եւ ծխախոտը՝ 7,2%-ով, ծառայությունները՝ 6%-ով, իսկ ոչ պարենային ապրանքները՝ 1,9%-ով:

Տեղի ունեցող խմորումները վկայում են, որ ներհամակարգային խաղն է ավելի շատ բարդանում, քան իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը: Անգամ սպասվող հանրահավաքը դժվար նոր լիցքեր հաղորդի: Քառյակը չդարձավ հնգյակ, իսկ եռյակը երկյակ դառնալու հեռանկարի առջեւ է… Որոշակի գործընթացներ կան, որոնք վկայում են ներքին անորոշությունների ու մրցակցության մասին: Սա ավելի կթեժանա, երբ վերջնականապես հայտնի դառնան Սահմանադրական բարեփոխումները՝ կմնա՞ երկիրը նախագահական կառավարման համակարգում, թե՞ կանցնի խորհրդարանական ձեւին:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 32 (337), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։