Հակադիր եւ ծայրահեղ իրավիճակներ.- ԱՄՆ-ն կարտադրի՞ ավելի շատ նավթ, քան Սաուդյան Արաբիան… «Իսլամական պետություն»-ը կհարձակվի՞ Իրանի վրա՝ միջուկային ծրագրի տեղեկություններին համար…

Մի շարք վերլուծաբաններ բարձրաձայնում են «նավթային հեղափոխության» մասին՝ նշելով, որ նավթի արտադրությամբ Միացյալ Նահանգները առաջ է անցնելու Սաուդյան Արաբիայից:

Խոսքը ոչ թե տարիների կամ ամիսների մասին է, այլ՝ օրերի: «Corriere della Sera» թերթում նշվել է, որ «հոկտեմբերից սկսած ԱՄՆ-ն կարտադրի ավելի շատ նավթ, քան Սաուդյան Արաբիան: Այս պատմական սահմանագծի հաղթահարմանը սպասում էին վաղուց, այն ժամանակից ի վեր, երբ «թերթաքարային գազի հեղափոխությունը» թույլ տվեց Միացյալ Նահանգներին զգալիորեն մեծացնել նավթի հումքի եւ բնական գազի արտադրությունը: Թվերը շատ կարեւոր են, բայց Ռուսաստանին գերազանցելու համար ԱՄՆ-ն պետք է սպասի մինչեւ այս տասնամյակի վերջը»:

Ըստ հոդվածի, Միացյալ Նահանգները հսկայական թռիչք է արել, որն արդեն նպաստում է համաշխարհային գների նվազմանը: Դարաշրջանը, երբ քվոտաները կախված էին ՕՊԵԿ երկրների քմահաճույքներից, շատ շուտով կդառնա հիշողություն: Այժմ ԱՄՆ-ն հնարավորություն ունի օգտագործել էներգիան որպես արտաքին քաղաքականության գործիք եւ շարժվում է դեպի էներգետիկ անկախություն, ինչը նրան դարձնում է պակաս կախյալ, ասենք Մերձավոր Արեւելքի երկրներից:

Հետագայում կստեղծվի հնարավորություն նավթի հումք եւ գազ մատակարարել այլ երկրների, նախեւառաջ դաշնակիցներին՝ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում: Վաշինգտոնը այսպես կարող է նվազեցնել «Մոսկվայի շանտաժի հնարավորությունները, որն այսօր կարող է «անջատել կենտրոնական ջեռուցումը» Եվրոպայում, եթե որոշի արգելափակել գազի իր մատակարարումները»: «Սակայն ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ: Գազն ավելի դժվար է արտահանել, քան նավթի հումքը. այն պետք է հեղուկ վիճակի բերել հատուկ ձեռնարկություններում, որոնք դեռ պետք է կառուցել, եւ տեղափոխել ծովով»,- նշված է հոդվածում:

Բացի այդ, ԱՄՆ-ում նավթի արդյունաբերության աճը հիմնականում վերաբերում է թեթեւ տեսակներին, այն դեպքում, երբ երկրի նավթավերամշակման գործարանները կառուցված են ծանր նավթի համար, իսկ վերամշակելու համար անհրաժեշտ է վերազինել բազմաթիվ ձեռնարկություններ: Այս ամենն ազդում է գների վրա, որոնք նվազում են, բայց շատ ավելի դանդաղ, քան աճող առաջարկը կարող է թույլ տալ:

Այս իրադարձությունը իսկապես կարող է թուլացնել ռուսական «գազային ազդեցիկ լծակը», ինչը նոր իրողություններ կստեղծի աշխարհի ռազմա-քաղաքական կյանքում:

Այսպես կոչված «զարգացած աշխարհից» հետ չի մնում նաեւ այսպես կոչված «հետամնաց աշխարհը», ինչը նոր բախումներ կառաջացնի:

«Իսլամական պետություն»-ը ծրագրել էր հարձակվել Իրանի վրա՝ միջուկային ծրագրի մասին տեղեկություններին տիրանալու համար,- այս մասին էլ գրել է «Sunday Times»-ը: Ահաբեկչական խմբավորումը զավթելով հսկայական տարածքներ Իրաքում եւ սիրիայում՝ դիտարկում է ընդդեմ Իրանի ռազմական գործողությունների իրականացում՝ միջուկային տեխնոլոգիաների մասին վկայություններին տիրանալու նպատակով: Այս մասին նշված է եղել ԻՊ հրամանատարներից մեկից առգրավված փաստաթղթում:

Հրատարակչությունը հղում է կատարում փաստաթղթին, որը ենթադրաբար կազմվել է Աբդուլա Ահմեդ ալ-Մեսհեդանի կողմից, ով համարվում է խմբավորման գաղտնի ռազմական խորհրդի 6 ղեկավարներից մեկը: Տեքստը հայտնաբերվել է 2014թ. մարտին ԻՊ ղեկավարներից մեկի տանը Իրաքի հատուկ ջոկատայինների կողմից իրականացված հետախուզության ժամանակ: Փաստաթղթում, որը նախատեսված է զինյալների հրամանատարների համար, ասվում է Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկություններին տիրանալու ծրագրի մասին:

Ներկայում փաստաթուղթը, որը պարունակում է 70 տարբեր ռազմական ծրագրեր, ուսումնասիրում են եվրոպական հատուկ ծառայությունները:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը կապեր ունի հայտնի «Ալ-Քաիդա»-ի հետ, շարունակում է հռչակված «Իսլամական խալիֆության» ծավալման գործընթացը»: Օգտվելով Բաղդադի վարած քաղաքականությունից Իրաքի սունիների դժգոհությունից՝ խմբավորումը գրոհներ է կազմակերպել Իրաքի հյուսիսային ու հյուսիս-արեւմտյան նահանգներում ու գրավել է մեծ տարածքներ:

ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարում արդեն ռազմական դաշինք է ստեղծել, որն ավիահարվածներ է հասցնում Սիրիայում ու Իրաքում խմբավորման դիրքերին:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 32 (337), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։