Կասպից ծովի կարգավիճակը՝ խնդրահարույց… Կկանխի՞ Մոսկվան իր պարտությունը… Երեւանն այս իրավիճակը լավագույնս չի օգտագործում Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ…

Կասպից ծովի կարգավիճակը՝ խնդրահարույց

Սեպտեմբերի վերջին Աստրախանում կայացավ Կասպյան 4-րդ գագաթնաժողովը՝ պետությունների ղեկավարների մակարդակով: Վլադիմիր Պուտինը (Ռուսաստան), Հասան Ռոուհանին (Իրան), Նուրսուլթան Նազարբաեւը (Ղազախստան), Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը (Թուրքմենստան) եւ Իլհամ Ալիեւը (Ադրբեջան) քննարկել են Կասպից ծովի կարգավիճակի հարցը, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների համագործակցության զարգացման հետագա հնարավորությունները:

«Լուսանցք»-ը գրել է, որ Կասպիցը լինելով լիճ (մեծության պատճառով է ծով կոչվում), չունի հստակ սահմանազատումներ, ինչը հաճախ տարաձայնություններ է առաջացնում այս կամ այն նավթա-գազահորի պատկանելության համար: Թեհրանն առաջարկել է բաժանել ջրային տարածքները կասպիցծովյան 5 երկների միջեւ, սակայն Մոսկվան ընդդիմանում է:

Աստրախանում կայացել է նաեւ Մերձկասպյան բիզնես-ֆորում: Նշված երկրների ավելի քան 250 ընկերությունների ղեկավարներ քննարկել են արդյունաբերության զարգացման հարցեր: Համաժողովի մասնակիցներին Ռուսաստանի նախագահն իր ուղերձում ասել է. «Մերձկասպյան երկրների միջեւ հարաբերությունները ավանդաբար զարգանում է ընկերության եւ բարիդարցիության ոգով: Մենք հարգում ենք միմյանց օրինական շահերը, նաեւ հասկանում ենք Կասպից ծովի ճակատագրի համար ընդհանուր պատասխանատվությունը: Նման սկզբունքներով են կառուցվում գործընկերությունը նաեւ մեր բիզնես-հանրույթների միջեւ»:

Բայց իրականում այդպես չէ, եւ հակասություններ կան ինչպես Մոսկվայի ու Աստանայի, այնպես էլ Բաքվի ու Աշգաբադի միջեւ:

Ի դեպ, Կասպից ծովի իրավական կարգավիճակից էլ կախված է, թե կկառուցվի՞ արդյոք Վերանատոլիական գազամուղը, թե՞ կմնա որպես նախագիծ: Այս հարցում կարեւոր է նաեւ Իրանի դիրքորոշումը, որը դեռ փոփոխական է:

Կարեն Բալյան

Կկանխի՞ Մոսկվան իր պարտությունը

ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Էտինգերը հայտարարել է, որ մտահոգված չէ Ռուսաստանի կողմից էներգակիրների գների բարձրացման հայտարարությունից, քանի որ Մոսկվան հետաքրքրված է Եվրոպա գազի արտահանմամբ, որի շնորհիվ համալրվում է այդ երկրի բյուջեն: Նշել է, որ ԵՄ-ն ռազմավարություն է մշակել, որը թույլ կտա միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում նվազեցնել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը, քանի որ էներգակիրների ներմուծման այլընտրանքային ուղիներ կան Նորվեգիայից եւ Ալժիրից, բայց այդ, հնարավորություն ունեն ներկրելու խտացված գազ:

Մինչեւ 2030թ. էներգետիկ պահանջարկը կավելանա 27%-ով, իսկ ներքին արտադրանքը գնալով նվազում է: Այս դրությամբ եվրոպական երկրներն իրենց էներգետիկ պահանջարկի կեսը լրացնում են ներմուծմամբ, դրա համար օրական վճարելով 1 մլրդ. եվրո:

«Լուսանցք»-ն անդրադարձել է այս խնդրին եւ նշել, որ ներկրվում է ներքին շուկայում սպառվող նավթի 88%-ը, գազի 66%-ը: Եվրոպացիներին մտահոգում է գազային կախվածության մեծացումը Ռուսաստանից: Ներկրման 39%-ը բաժին է ընկել հենց այդ երկրին, 33%-ը՝ Նորվեգիային եւ 22%-ը՝ Հյուսիսային Աֆրիկային: ԵՄ-ն առաջ է տանում նաեւ Կասպյան տարածաշրջանից գազի ներկրման ռազմավարությունը, առաջին հերթին Ադրբեջանից, Ղազախստանից եւ Թուրքմենստանից: Ադրբեջանը վերածվում է հակառուսական էներգետիկ նախագծերի հիմնական դերակատարի, ինչը անհանգստացնում է Մոսկվային, որի երկակի քայլերը վատ ազդեցություն է թողնում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների վրա:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտնել է, որ արագացնելու են Հարավային գազային միջանցքի ստեղծումը, ինչը թույլ կտա խորացնել տնտեսական կապերը ԵՄ-ի ու Ադրբեջանի միջեւ: Այս միջանցքը կարեւորվում է եվրոպական էներգետիկ հոսքերի ապահովման առումով, ինչը եվրոպական էներգետիկ անվտանգության բաղկացուցիչ մասն է: Այդ միջանցքի ծրագիրը նախատեսվում է կասպյան եւ կենտրոնական ասիական գազի ու նավթի հետ միասին դեպի Եվրոպա արտահանմամբ՝ Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ: Իսկ ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատարըն ասել է, թե ցանկանում են միավորել Կասպյան տարածաշրջանի գազային համակարգը՝ եվրոպական գազային շուկային: Հետագայում Թուրքմենստանը եւ Ղազախստանը կարող են օգտագործել ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքները իրենց նավթն ու գազը արտահանելու համար: Այս ծրագրերը նորովի են սրում ռուս-արեւմտյան հարաբերությունները, ինչը  բացասական ազդեղությունն է թողնում նաեւ Եվրասիական միության ապագայի վրա: Իսկ ԱՄՆ-ն հետաքրքրված է այս ծրագրերով:

Մոսկվան, ըստ ամենայնի, Կասպյան վերջին գագաթաժողովում զգուշացրել է Ադրբեջանին, Ղազախստանի եւ Թուրքմենստանին, քանզի հակառակ դեպքում կկորցնի իր ազդեցությունը ինչպես եվրոպական, այնպես էլ ասիական հատվածի մի զգալի մասի նկատմամբ: Ռուսները շարունակելու են առաջ մղել «Հարավային հոսք» նախագիծը, որպեսզի կանխեն իրենց համար ոչ ցանկալի զարգացումները:

Մոսկվան շարունակում է պնդել, որ Բալթիկ ծովի հատակով անցնող «Հյուսիսային հոսք» նախագծին զուգահեռ կյանքի է կոչելու Սեւ ծովի հատակով անցնող «Հարավային հոսք» նախագիծը, ինչի համար էլ փորձում է խափանել կասպյան ավազանի երկրների ինքնուրույն քայլերը: Ինչպես վերոնշյալ երկրների, այնպես էլ Իրանի կողմից նախաձեռնվող:

Անի Մարության

Արեւելքի ու Արեւմուտքի կամու՞րջ

«Անկարան եւ Բաքուն էներգետիկ միջանցք են ձեւավորել եւ կապում են Արեւելքն ու Արեւմուտքը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով՝ այդ միջանցքի ձեւավորման ակնհայտ օրինակ են այնպիսի նախագծեր, ինչպես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Իսկ նախատեսված Վերանատոլիական գազամուղը (TANAP) առավել մեծ նշանակություն ունի աշխարհի էներգետիկ անվտանգության համար. համոզված են Անկարայում: Այն նախատեսում է ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքից գազի արտահանումը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա: Սակայն, բազմիցս ենք նշել, որ թյուրք-ադրբեջանական ամպագոռգոռ հայտարարությունները իրական հիմք չունեն, քանի որ ակներեւ է, որ ադրբեջանական նավթի ու գազի պաշարները չեն կարող բավարարել Եվրոպային: ՆԱԲՈւԿՕ ծրագիրը հենց այդ պատճառով էլ տապալվեց:

Իհարկե, Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Իրանը դեմ չեն իրենց պաշարների հաշվին լրացնելու այդ բացը, բայց Ռուսաստանը կտրուկ ընդդիմանում է այդպիսի զարգացմանը եւ այդ երկրները խուսափում են առճակատվել ռուսական արջի հետ:

Իսկ TANAP-ի կառուցումը ցայսօր առկախված է եւ թուրք ղեկավարի լավատեսությունն անհիմն է: Չնայած Բաքուն ամեն կերպ ակնկալում է կյանքի կոչել Կասպյան ավազանը Եվրոպային կապող գազամուղի շինարարությունը: ՆԱԲՈւԿՕ գազամուղի փոխարեն ընտրվեց Վերանատոլիական գազամուղը, որն ավելի շատ օգուտ կբերի Թուրքիային, բայց Բաքուն ակնկալում է ստանալ նաեւ քաղաքական շահ: Իլհամ Ալիեւը այս ծրագիրը եւ «Շահ Դենիզ-2» հանքավայրի շահագործումը համարել է «21-րդ դարի գործարք» (1994թ. ստորագրված «Դարի գործարք» անվանումը ստացած փաստաթղթին համահունչ) եւ փորձում է «դարակազմիկ» նպատակներ իրականացնել: Գազամուղի շինարարությունը ոչ միայն հակասում է ռուսական շահերին, այլեւ շատ ծախսատար է ու դեռ հարցականներ ունի, ինչպեսեւ կախված է Կասպից ծովի իրավական կարգավիճակից: Երեւանն այս իրավիճակը լավագույնս չի օգտագործում՝ Մոսկվայից նոր շահեր կորզելու համար, ինչը հետո անհնարին կդառնա: 

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 32 (337), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։