Կասպյան ավազանը՝ առճակատման նախաշեմի՞ն – Կասպյան հիմնահարցը երկար ճանապարհ է անցել եւ մնացել չլուծված… 5 երկրներն էլ մեծացնում են ծովային ռազմուժը…

Աստրախանում Կասպյան 4-րդ գագաթաժողովի անցկացման համար Մոսկվան հատկացրել է 427 մլն. ռուբլի: Կասպյան երկրների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի մասնակցությամբ հերթական գագաթաժողովում քննարկվելու են Կասպից ծովի իրավական կարգավիճակին վերաբերվող հարցեր: Կասպյան հիմնահարցը երկար ճանապարհ է անցել եւ մնացել չլուծված: Կարգավիճակի շուրջ գագաթաժողովները տեղի են ունեցել 2002թ. Աշգաբադում, 2007թ.՝ Թեհրանում եւ Բաքվում՝ 2010թ.: Այստեղ Կասպյան պետությունների նախագահների մասնակցությամբ ստորագրվել է անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու եւ համագործակցության հուշագիրը:

2014թ. գագաթաժողովը եւս լուծում չտվեց Կասպից ծովի կարգավիճակի որոշման մասով, ինչը կշարունակի բարդ պահել իրավիճակը Կասպյան ավազանում: Այստեղ քաղաքական խնդիրներն ու շահերը շաղկապված են տնտեսական հարցերի հետ եւ նավթագազային հակասությունները կարող են վերածվել անգամ տեղային պատերազմների:

Կասպից ծովի շուրջ իրավական կարգավիճակի խնդիրն առաջացել է 1991թ.-ից հետո, երբ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջացան անկախ հանրապետություններ՝ Ռուսաստանը,Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ադրբեջանը, որոնք իրավունքների ձգտեցին Կասպյան ավազանում: Մինչ այդ, Կասպից ծովը 250 տարի շարունակ համարվում էր Ռուսական ու Պարսկական կայսրությունների քաղաքական եւ տնտեսական շահերի տարածք: Այժմ յուրաքանչյուրը երկիր ծովի եւ նրա բնական հարստությունների բաժանման իր մոտեցումն ունի:

- Մոսկվան առաջարկում է բաժանել ծովի հատակը միջին գծով, որպեսզի յուրաքանչյուր երկիր՝ ծովի իր սահմաններում ինքնիշխան վերահսկողություն հաստատի հանքային եւ այլ ռեսուրսների նկատմամբ, սակայն պահպանվի Կասպից ծովի մակերեւույթի ընդհանուր օգտագործման եւ ազատ նավարկության սկզբունքը:

- Բաքուն պաշտպանում է Կասպից ծովի՝ ազգային գոտիներով բաժանման սկզբունքը, ինչը ենթադրում է ծովի հատակի, մակերեսի, օդային սահմանների հստակ տարանջատում:

– Գրեթե նույն դիրքորոշումն ունի Աշգաբադը, որտեղ երկրի նախագահի հրամանով ստեղծվել է ծովի թուրքմենական հատվածի յուրացման ազգային ծառայությունը: Բայց սա Ադրբեջանի դիրքորոշման հետ միասին հակասության մեջ է մտնում Կասպից ծովի կարգավիճակի հետ:

- Թեհրանը ցանկանում է պահպանել Կասպից ծովի ընդհանուր օգտագործման գաղափարը, կամ բաժանել այն հավասար մասերի՝ 20%-ով յուրաքանյուր երկրին:

- Աստանան քննարկում է բոլոր հնարավոր տարբերակները, սակայն առանձին որոշմամբ դեռ հանդես չի եկել:

Այս իրավիճակը սրել է նաեւ մրցակցությունը ռազմա-քաղաքական ոլորտում: Ռուսաստանն ու Իրանը վաղուց ունեն համապատասխան զինտեխնիկայով համալրված կասպյան նավատորմներ, ինչը դեռ կազմավորում են Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ադրբեջանը: Կասպից ծովի կարեւոր դիրքը, բնական հարստությունները տարածաշրջանի վրա են սեւեռել ուժային տարբեր կենտրոնների ուշադրությունը եւ ստիպում են կասպյան երկրներին ուժեղացնել իրենց ռազմական հզորությունը, համալրել նավատորմերը: Ամենահզոր նավատորմն ունի Ռուսաստանը: Նավատորմի մեջ են մտնում մոտ 30 տարբեր տեսակների ու ռազմական հզորությունների նավեր: Ամենահզոր ռազմանավերն են «Հեպարդը», «Թաթարստանը» եւ «Դաղստանը», որոնք ունեն հրետանային, տորպեդային ու հրթիռային համակարգեր: Ռուսաստանից հետո իր ռազմական հնարավորություններով Իրանն է ուժեղ, որը ծովում ունի 3 ռազմակայան, որոնցից մեկը օգտագործվում է զորավարժանքների համար: Իրանը ունի չինական «Հոուդոնգ» եւ գերմանական «Կաման», ինչպեսեւ սեփական «Սինա» արտադրության ռազմանավեր: Ղազախստանը զիջում է Իրանին ու Ռուսաստանին իր ռազմական ներուժով, որի գլխավոր ուժը ծովում 20971 դասի «Ղազախստան» հրթիռային մոտորանավակն է: Մոտակա տարիներին Աստանան ձեռք է բերել հարավկորեական «Յուն Յոունգ-հա» տեսակի հրթիռային մոտորանավակներ, հետագայում էլ կշարունակի համալրել իր նավատորմը: Ադրբեջանի կասպյան նավատորմը համալրված է 159A ռազմանավով եւ 5 հատ 205կ տեսակի հրթիռային մոտորանավակներով: Բաքուն Թուրքիայից ձեռք է բերել տարբեր տեսակի նավեր, w6 մոտորանավակներ եւ իր ռազմածովային ուժերը համալրել է նաեւ 770, 771 եւ 106 դասի ռազմանավերով: Թուրքմենստանը եւս արագ քայլերով մեծացնում է իր ռազմուժը ծովում: Աշգաբադը ձեռք է բերել «Գայռատլի» եւ «Էդերմեն» ռազմանավերը, որոնք զինված են «Ուրան» հրթիռային 16 համակարգերով: Պատրաստվում է գնել եւս 3 հրթիռային մոտորանավակ: «Խազար-2012» զորավարժություններին Թուրքմենստանը ցուցադրեց կասպյան նավատորմի ներուժը եւ լուրջ մտադրությունները ծովում իր շահերը պաշտպանելու համար, հատկապես Ադրբեջանի հետ առկա հակասություններում: Եղել են ժամանակներ, երբ սրվել են հարաբերություններն այնքան, որ երկու երկրների նավատորմները մոտեցել են՝ իրար հարվածելու նպատակով, բայց ցայսօր կանխվել են բոլոր նման դեպքերը: Աշգաբադն ընդունել է մինչեւ 2015թ. Կասպյան նավատորմի զարգացման ռազմավարություն եւ հակված է հասնել իր նպատակներին:

Կասպից ծովում իրականացվում են նաեւ Էներգետիկ-տրանսպորտային նախագծեր, եւ վերջերս Թուրքմենստանը որոշում կայացրեց Կասպից ծովի ափին նոր նավահանգստի շինարարություն սկսել: Նախկին նախագահ Թուրքմենբաշու միջազգային առեւտրային նավահանգստի հիմնարկեքին մասնակցել են Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այն ժամանակ Թուրքիայի վարչապետն էր: Նոր նավահանգիստը կկարողանա սպասարկել նավթ, գազ արտահանող տանկերներ, ինչպես նաեւ տարբեր արդյունաբերական նշանակության ապրանքների տեղափոխությամբ զբաղվող նավեր: Այդ նավահանգստի ընդհանուր մակերեսը կկազմի 1 մլն. 200 հազ. քմ տարածք: Դեպի նավահանգիստ կկառուցվեն նոր ճանապարհներ եւ երկաթգիծ, որպեսզի այն ձեռք բերի տարանցման մեծ հնարավորություններ՝ դեպի Կենտրոնական Ասիայի այլ երկրներ ու Չինաստան:

Թուրքիայի վարչապետի մասնակցությունը հիմնարկեքին կապված է թուրքական եւ համաթուրքական հետաքրքրություններով՝ Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրներում ամրապնդվելու, ազդեցության լծակներ ձեռք բերելու առումով, որոշակի նաեւ այն փաստով, որ թուրքական Gas Insaat ընկերությունն է շահել Թուրքմենբաշիի նավահանգստի շինարարության տենդերը: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 48 ամսում: Թուրքմենները նպատակ ունեն ծովի տարածաշրջանում վերածվել Կենտրոնական Ասիա-Կովկաս-Եվրոպա՝ TRACEKA միջազգային տրանսպորտային-ենթակառուցվածքային միջանցքի կարեւոր օղակի եւ Մերձկասպյան տարածաշրջանի դարպասների՝ Նոր մետաքսե ճանապարհի վրա: Ծովի ավազանում թուրքմենների կողմից նախատեսված խոշորագույն տրանսպորտային աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող այս նախագիծը միակը չէ Կասպյան ավազանում:

Ծովի արեւմտյան՝ ադրբեջանական ափին նախատեսվում է Բաքվի մերձակայքում կյանքի կոչել Ալյաթ նոր նավահանգիստը, որն իր հերթին տրանսպորտային՝ լաստանավային փոխադրումներով կկապվի Թուրքմենբաշիի նոր նավահանգստի հետ՝ կազմելով Կասպյան ավազանում նոր տրանսպորտային համաներգրավման մի մասնիկը: Բաքվից 65 կմ հեռավորության վրա գտնվող այդ ավանում կառուցվող նավահանգստի շինարարությունը սկսվել է 2010թ., որը ցանկանում են ավարտել 2015-ին: Ծրագրված է նոր նավահանգստում տարեկան ընդունել մինչեւ 11,5 մլն տ բեռ: Բացի այդ՝ նավահանգիստը կապված է Ադրբեջան-Վրաստան երկագծի հետ, ինչն էլ ենթադրում է Կասպից ծով-Սեւ ծով տարածաշրջանում տարանցման հնարավորություններ: Ղազախստանն իր նավթը միջազգային շուկա արտահանելուց եւս կօգտագործի Ադրբեջանի տարանցիկ հնարավորությունները, եւ սա է պատճառը, որ Աստանան նավթա-գազային քաղաքականության մեջ փորձում է հակադրվել Մոսկվային: Բաքու եւ ղազախական Աքթաու նավահանգիստների միջեւ գործում են լաստանավային փոխադրումներ, եւ Ղազախստանը Ադրբեջանի տարածքով տարեկան կարող է արտահանել 4 մլն. տոննա նավթ, ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Կասպից ծովում լարվածությունը շարունակելու է պահպանվել, քանի որ գոյություն ունեն նավթագազային վիճելի հանքեր Թուրքմենստանի ու Ադրբեջանի միջեւ, որոնք չեն ցանկանում գնալ զիջումների, լարված են հարաբերությունները Իրանի եւ Ադրբեջանի միջեւ, մի նոր լարում էլ հասունանում է Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ: Բայց Մոսկվան կտրուկ եւ հստակ չի ցանկանում թույլ տալ ղազախական եւ թուրքմենական նավթի ու գազի այլընտրանքային ուղիներով՝ Ադրբեջանով արտահանումը դեպի Արեւմուտք, ինչը կթուլացնի այդ երկրների տարանցման եւ քաղաքական կախվածությունը Մոսկվայից, եւ կուժեղացնի արեւմտյան անդրազգային ընկերությունների ազդեցությունը ռուսական կենսական շահերի տարածք համարվող Կասպից ծովում ու Կենտրոնական Ասիայում:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 32 (337), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։