ԵՏՄ-ի արժեքը բարձրացնում են երկկողմանի նավթախաղերով – Մոսկվայի հետ «նավթային անհամաձայնությունը» բացահայտ է… Արեւելքի ու Արեւմուտքի կամու՞րջ – Անկարան եւ Բաքուն էներգետիկ միջանցք են ձեւավորում…

Ռուսաստանը ԵՏՄ երեք անդամ երկրներից առաջինն ավարտեց բոլոր պարտադիր գործընթացները: Հիմնարար փաստաթուղթը հավանության է արժանացրել նաեւ Ղազախստանի ստորին պալատը, հաջորդը Բելառուսը կլինի: Պայմանագիրը, որին մինչեւ տարեվերջ կարող է միանալ նաեւ Հայաստանը, ենթադրում է մինչեւ 2016թ. դեղորայքի ընդհանուր շուկայի, մինչեւ 2019թ. էլեկտրաէներգիայի, մինչեւ 2025թ. ֆինանսական ու նավթագազային շուկայի ստեղծում: ԵՏՄ-ն տնտեսապես ձեռնտու է Ռուսաստանի հարեւանների համար, քանի որ այդ երկիրը բացում է իր շուկան հարեւանների ապրանքների ու աշխատանքային ներգաղթյալների համար, հնարավոր է իջեցնի գազի գինն ու անմիջական բյուջետային աջակցություն ցուցաբերի:

Սակայն այս ամենը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե պայմանագիրը հավանության արժանացնի Բելառուսը: Իսկ Մինսկում ասում են, որ կվավերացնեն պայմանագիրը միայն Մոսկվայի հետ նավթային անհամաձայնությունը կարգավորելուց հետո:

«Հարցը չի լուծվի, քանի դեռ Ռուսաստանն ու Բելառուսը չեն կարգավորի հանրապետությանը հարկային մանեւրի արդյունքում հասցված վնասի փոխհատուցման հարցը»,- նշել է Բելառուսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի ղեկավար Վլադիմիր Անդրեյչենկոն: Բացի այդ, միության ստեղծումը կարող է ձգձգվել նաեւ այլ խնդիրների պատճառով, ընդ որում՝ ոչ միայն Մինսկում, այլեւ Աստանայում: Բելառուսն ու Ղազախստանը մտավախություն ունեն, որ Ուկրաինայից հետո նրանց քաղաքական մերձեցումը Ռուսաստանին ԵՏՄ շրջանակներում, ինչքան էլ այն թույլ լինի, կհարուցի ԱՄՆ եւ առհասարակ Արեւմուտքի բացասական վերաբերմունքը, եւ ընդդեմ Ռուսաստանի կիրառվող արեւմտյան պատժամիջոցները կարող են տարածվել նաեւ իրենց վրա: Այս երկրներում ԱՄՆ դեսպաններն արդեն պայմանագրի ստորագրման շեմին ավելի կտրուկ են գործում եւ այդ մասին հասկացնել են տվել նախագահներ Լուկաշենկոյի ու Նազարբաեւի աշխատակազմերին:

Հետաքրքիր է նաեւ, որ ռուսական կողմի հանդեպ պատժամիջոցներն անմիջական եկամուտ են բերում Ղազախստանին ու Բելառուսին: Աստանան շահում է հետախուզության ծավալման ու Կասպից ծովում նավթի արդյունահանման հարցում, քանի որ արեւմտյան ընկերությունները դադարեցրել են Ռուսաստանին հորատման տեխնոլոգիաներ մատակարարել: Իսկ Մինսկը եկամուտ է ստանում՝ իր ապրանքների անվան տակ Ռուսաստան ներկրելով արգելված եվրոպական ապրանքները:

Ի դեպ, թյուրքական խաղերով տարված, համաթուրքական դաշինքի անդամ Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւը մեկ անգամ չէ, որ սպառնացել է հրաժարվել Եվրասիական միությունից: Անգամ հայտարարել է մի առիթով, որ համաթուրքական դաշինքը ամենաառաջնայինն է բոլոր այն դաշինքներից ու միություններից, որոնցում ներգրավված է Ղազախստանը:

Այս երկրի կողմից ԵՏՄ վավերացման պայմանագրի ձգձման պատրվակ կարող է լինել հոկտեմբերի 10-ին Հայաստանի անդամակցության հարցը, քանի որ Աստանայի համաժողովում Ղազախստանի նախագահը բարեհաճեց կարդալ ԵՏՄ-ի հետ կապ չունեցող մի երկրի՝ Ադրբեջանի նախագահի դիմումը, ինչը միջամտություն էր ոչ միայն ստեղծվող միության գործերին, այլեւ հայ-ադրբեջանական հարաբերություններին, Արցախի խնդրին: Իսկ Ղազախստանը, լինելով ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ, պետք է պաշտպանի ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի շահերը: Բայց ինչպես նշվեց վերեւում՝ համաթուրքական դաշինքն է նախեւառաջ թյուրքական ամենատարբեր ցեղախմբերի համար:

Հայաստանի անդամակցությանը կտրականապես դեմ են արտահայտվել  նաեւ Բաքուն եւ Անկարան, որոնք ձեւականորեն շահարկում են, թե պատրաստ են դառնալ ԵՏՄ անդամ, ինչն էլ տվել է Հայաստանի թեման շահարկելու առիթ:

Բայց այսօր Ադրբեջանն անգամ այդ միության անդամակցման թեկնածու չէ, ինչը կարծես այնքան էլ չի հուզում ՀԱՊԿ մեր գործընկերներ Ռուսաստանին ու Բելառուսին: Մինսկի համար, ինչպեսեւ Աստանայի, Բաքուն նավթային կարեւոր գործընկեր է: Ղազախստանը նաեւ հուսով է, որ այդպիսով կկոտրի Ռուսաստանի դիմադրությունը «կասպյան հնգյակի շրջանակներում» ու Ադրբեջանով իր նավթը կարտահանի Արեւմուտք՝ շրջանցելով Ռուսաստանը: Բելառուսի համար էլ Ադրբեջանը այլընտրանքային նավթի մատակարար է Ուկրաինայով՝ Ռուսաստանի հետ նավթային վիճաբանության սրման դեպքում:

Իսկ Մոսկվային թվում է, թե Հայաստանին արդեն իրենով է արել, եւ արժե խաղալ նաեւ Անկարայի ու Բաքվի հետ՝ կտրելով նրանց Արեւմուտքի ազդեցությունից եւ տարածաշրջանային այլընտրանքային ծրագրերից:

Բնականաբար, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն այս հարցերում ամեն կերպ աջակցում են բելառուսներին ու ղազախներին, նաեւ հայերին են քաղաքական ու այլ բնույթի աջակցություններով փորձում հեռացնել Մոսկվայից:

Եթե Երեւանը ուկրաինական հակամարտության համապատկերում որոշակի աջակցեց Մոսկվային (նաեւ Ղրիմի հանրաքվեի ճանաչման հարցում), ապա Մինսկը չաջակցեց կողմերից եւ ոչ մեկին: Սա նպաստեց, որ զգալիորեն մեծանա ամերիկյան պատվիրակությունների այցերի թիվը դեպի Մինսկ: Բելառուսը նաեւ հրաժարվեց ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները, չնայած Մոսկվայի պնդումներին: Եվ Վաշինգտոնը չի թաքցնում, որ պատրաստ է օգտվել ստեղծված իրավիճակից, որպեսզի Բելառուսին, Ղազախստանին ու Հայաստանին շարունակի իր կողմը գրավել:

Այսպիսի վիճակում Երեւանը կարիք չունի շտապելու եւ պետք է լրջորեն խորհի Իրանի հետ նավթա-գազային (եւ այլ) տարանցիկ երկիր դառնալու առաջարկների մասին:

Նարե Մշեցյան

Արեւելքի ու Արեւմուտքի կամու՞րջ

«Անկարան եւ Բաքուն էներգետիկ միջանցք են ձեւավորել եւ կապում են Արեւելքն ու Արեւմուտքը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով՝ այդ միջանցքի ձեւավորման ակնհայտ օրինակ են այնպիսի նախագծեր, ինչպես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Իսկ նախատեսված Վերանատոլիական գազամուղը (TANAP) առավել մեծ նշանակություն ունի աշխարհի էներգետիկ անվտանգության համար. համոզված են Անկարայում: Այն նախատեսում է ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքից գազի արտահանումը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա: Սակայն, բազմիցս ենք նշել, որ թյուրք-ադրբեջանական ամպագոռգոռ հայտարարությունները իրական հիմք չունեն, քանի որ ակներեւ է, որ ադրբեջանական նավթի ու գազի պաշարները չեն կարող բավարարել Եվրոպային: ՆԱԲՈւԿՕ ծրագիրը հենց այդ պատճառով էլ տապալվեց:

Իհարկե, Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Իրանը դեմ չեն իրենց պաշարների հաշվին լրացնելու այդ բացը, բայց Ռուսաստանը կտրուկ ընդդիմանում է այդպիսի զարգացմանը եւ այդ երկրները խուսափում են առճակատվել ռուսական արջի հետ:

Իսկ TANAP-ի կառուցումը ցայսօր առկախված է եւ թուրք ղեկավարի լավատեսությունն անհիմն է: Չնայած Բաքուն ամեն կերպ ակնկալում է կյանքի կոչել Կասպյան ավազանը Եվրոպային կապող գազամուղի շինարարությունը: ՆԱԲՈւԿՕ գազամուղի փոխարեն ընտրվեց Վերանատոլիական գազամուղը, որն ավելի շատ օգուտ կբերի Թուրքիային, բայց Բաքուն ակնկալում է ստանալ նաեւ քաղաքական շահ: Իլհամ Ալիեւը այս ծրագիրը եւ «Շահ Դենիզ-2» հանքավայրի շահագործումը համարել է «21-րդ դարի գործար» (1994թ. ստորագրված «Դարի գործարք» անվանումը ստացած փաստաթղթին համահունչ) եւ փորձում է «դարակազմիկ» նպատակներ իրականացնել: Գազամուղի շինարարությունը ոչ միայն հակասում է ռուսական շահերին, այլեւ շատ ծախսատար է ու դեռ հարցականներ ունի, ինչպեսեւ կախված է Կասպից ծովի իրավական կարգավիճակից: Երեւանն այս իրավիճակը լավագույնս չի օգտագործում՝ Մոսկվայից նոր շահեր կորզելու համար, ինչը հետո անհնարին կդառնա:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 32 (337), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։