Արտաքին քաղաքական. Քայլեր կան, որ լավ թե վատ, բայց անհետեւանք չեն մնում – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Թե՛ Մերձավորարեւելյան, թե՛ Կովկասյան տարածաշրջանները կրկին ու հավերժ լարվածության կենտրոններ են, ինչը ստիպում է ինչպես տարածաշրջանների, այնպես էլ շահագրգիռ երկրների պատասխանատուներին պարբերաբար դարձնել փոխադարձ այցերը՝ հնարավորինս համատեղ քայլեր անելու համար:

Փարիզում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսին եւ բանակցությունների օրակարգում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն է եղել նաեւ: Հայկական կողմն իրավացիորեն (առկա վիճակից ելնելով) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ պահպանում է սերտ կապերը:

Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների ներգրավվածությունն այս հարցում մեզ հնարավորություն է տալիս երկար տարիներ խաղաղ ու հնարավորինս սառնասրտորեն վերլուծել իրավիճակը, կատարվող-կատարվելիք քայլերը: Իհարկե, բացթողումններ լինում են (չասենք սխալներ, քանի որ իրավիճակին պետք է ամբողջությամբ տիրապետել դա ասելու համար), բայց մեր արտաքին քաղաքականությունը նաեւ հաջողություններ է արձանագրում:

Համաձայն չլինելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող են կարգավորել Արցախյան հարցը, հասկանում եմ, թե ինչու է մեր նախարարը կարեւորել Մինսկի խմբի միասնական ջանքերը՝ միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Բազմիցս ենք համոզվել, որ համանախագահ երկրների հայտարարությունները ոչինչ չասող եւ երկկողմանի «դաստիարակչական» դատարկաբանություններ են, որ անգամ փաստթուղթ կոչելն է մեղք: Դրանք անգամ պատմության համար չեն կարող ճշմարիտ վերլուծության աղբյուր ծառայել, ուր մնաց՝ լուծեն հակամարտությունը արդար ու վերջնականապես:

Հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որը եւս անարդյունավետ կլինի: Բայց կարեւոր է, որ հանդիպումից առաջ, նախագահ Սերժ Սարգսյանը Վատիկանում եւ ՄԱԿ-ում իր ելույթների ժամանակ պարզ, թերեւս ոչ գերժամանակակից քաղաքական բառապաշարով (քանի որ ճշմարտությունն ուղղակի ասելը դարձել է ոչ քաղաքակիրթ ձեւ) ներկայացրեց մեր տեսակետները եւ Անկարայի ու Բաքվի քողարկված դեմքերը: Ժամանակին ես հրապարակավ ողջունեցի Սերժ Սարգսյանին, երբ մի որոշ ժամանակ նա պատմա-թաղաքական (հատկապես հնագույն պատմությունից) դասեր տվեց Իլհամ Ալիեւին, ով «մոռացել էր» իր քոչվոր անցյալն ու խառնածին պապական կերպարը, Ադրբեջանի արհեստական լինելն ու թյուրքական տարրի ապագա չունենալը Հայկական լեռնաշխարհում…

Միանշանակ կողմ կամ դեմ չլինելով ԵՏՄ-ին եւ ՄՄ-ին անդամագրվելու շտապ գաղափարին, այնուամենայնիվ, վստահ ենք ուզում լինել, որ Սերժ Սարգսյանը կկարողանա դիմակայել Վլադիմիր Պուտինի ռուս-կայսերական նկրտումներին եւ շատ չի խորացնի միակողմանի ձգվող ջրափոսը:

(Զարմանալի է, բայց հայ-թուրքական հարաբերությունների պարտադրված կարգավորման հարցում (որին հայ արիները դեմ էին) Հայաստանի նախագահը կարողացավ շահեկան իրավիճակ ապահովել մեր քաղաքական քայլերի համար, մնում է հետ կանչել հայ-թուրքական հորջորջյալ արձանագրությունները: Այսպես նաեւ հիմնավորվեց, որ «թուրքական դիվանագիտությունն ուժեղ է» թեզը խաբկանք է, պարզապես թուրքերը մինչեւ վերջ աշխատել են, մենք՝ ոչ, թերացել ենք):

Ցայսօր հայ արիականներն ու համախմբված ազգայնականները կարեւորել են մեր պետության՝ համաշխարհային բեւեռների հետ փոխլրացնող քաղաքականությունը եւ այսուհետ էլ հույս ունեն տեսնել այն գործողության մեջ: Երեւանը այս զարգացումներին զուգընթաց պետք է հասնի ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, թեկուզ սկզբում միայն քաղաքական մասով, նաեւ շարունակի մնալ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Հակառակ դեպքում պետք է հրաժարվել միակողմանի որեւէ գործողությունից:

Երբ հայկական արեւմտամետ քաղաքակակն ուժերը երկրի իշխանությանը մեղադրում են ռուսամետության մեջ, դա այնքան էլ այդպես չէ, համենայնդեպս մենք միանշանակ չենք ընկալում այդ տեսակետը: Հակառակ կողմի քաղաքական ուժերն էլ նույն հաջողությամբ հավաստում են մեր երկրի՝ արեւմտյան արժեհամակարգի մեջ մխրճվելու փաստը: Հենց այստեղ է, որ արտաքին փոխլրացնող քաղաքականությունը այդպիսի տպավորություն է ստեղծում, ինչը եւ՛ ներքին եւ՛ արտաքին լսարանի համար հավասարապես գոհ եւ դժգոհ մնալու նախապայմաններ է ստեղծում:

Սա լավ է, քանի որ քաղաքականապես խաղալու-խաղացնելու տեղ եւ արտաքին խաղացողներ գտնելու ասպարեզ է մշտապես բացում:

Իսկ Հայկական լեռնաշխարհը մեջ-մեջ արած Մերձավորարեւելյան ու Կովկասյան տարածաշրջաններում հայկական շահերի պաշտպանության նորանոր կռվաններ են պետք եւ նորանոր քայլեր, որ մինչ այժմ արվել են կիսատ-պռատ, կամ առհասարակ քաղաքական օրակարգ չեն մտել ինչ-ինչ իրավիճակներով պայմանավորված:

Վերջերս աշխատանքային այցով Հայաստան այցելեց Վրաստանի պաշտպանության նախարարը, ով Հայաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկեց տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրներ: Հետաքրքիր է, որ վրացի նախարարը մինչ այդ՝ Նախիջեւանում հանդիպել էր Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ, որտեղ մշակվել է համատեղ գործելու ծրագիր՝ 3 երկրներից մեկին վտանգ սպառնալու դեպքում: Երեւի Թբիլիսին փորձել է մեզ համոզել, թե «համատեղ գործելը» վերաբերում է Ռուսաստանի դեմ հանդես գալուն, ոչ թե Հայաստանի, ինչը սակայն, մեղմ ասած, անվստահելի փաստարկ է: Եվ Հայաստան այցելելով Վրաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարն իբր բազմակողմ համագործակցության հերթական դրսեւորում է ցուցադրել: Իմիջիայլոց, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին էլ հայտարարել է, թե իրենք աբխազների ու օսերի հետ դեռ կապրեն միասնական երկրում: Այսպես մեզ՝ հայերիս էլ լսեցրել են, թե Ջավախքի հայերի հետ նույնպես կապրեն մեկ երկրում… Վրաստանի նախագահը նշել է նաեւ, որ իր երկիրն ու Ռուսաստանն ունեն չլուծված հարցեր, սակայն իրենք երկխոսություն են սկսել այն հարցերի շուրջ, ուր հնարավոր է համագործակցություն. «Վրաստանը երբեք չի հաշտվի Աբխազիայի ու Հարավային Օսիայի զավթման հետ, սակայն կան հարցեր, որոնց շուրջ կարելի է համագործակցել Ռուսաստանի հետ… Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնումը չունի այլընտրանք: Դա պիտի իրականացվի չափազանց խաղաղ ճանապարհով: Ցանկանում ենք աբխազ ու օս ժողովուրդների հետ խաղաղ կյանք: Վստահ եմ, որ դա կպահանջի ժամանակ, սակայն ամեն դեպքում տեղի կունենա»:

Սա Ադրբեջանի նախագահի ռազմագոչ հռետորաբանությունը չէ, բայց հաստատ նույն բանն է, ավելի մեղմ խոսքով: Այսպես, ինչպես Ադրբեջանն է միակողմանի համոզված, որ Արցախի եւ արցախահայության համար ավելի լավ կլինի ձուլվել ադրբեջանական խաժամուժին, այնպես էլ Վրաստանում են «ցանկանում աբխազ ու օս ժողովուրդների հետ միասնաբար խաղաղ կյանք վարել»՝ առանց հարցնելու այդ ժողովուրդների կարծիքը: Իսկ կարծիքը նույնն է՝ ինչ արցախցիներինը՝ ապրել ինքնիշխան:

Իհարկե, այս հարցերում իրենց շահերը պարտադրում են նաեւ Արեւմուտքն ու Ռուսաստանը: Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանն առանց մեկ վայրկյան անգամ վարանելու սեփական զինուժով պաշտպանեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախանալու գործընթացը, այնուհետեւ ճանաչեց այդ երկրների անկախությունը: Առանց մեկ վայրկյան մտորելու՝ Մոսկվան ճանաչեց նաեւ Ղրիմի անկախացումը Ուկրաինայից, այնուհետեւ միավորեց Ռուսաստանի հետ այդ տարածքը: Այսօր արդեն Արեւելյան Ուկրաինայի մի մասի՝ Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման խնդիրն է մտորում պաշտոնական Մոսկվան:

Իսկ ավելի քան 25 տարի Արցախի անկախության ճանաչումը ժամանակավրեպ է համարում Մոսկվան (մինչդեռ Հայաստանը շտապեց ճանաչել Ղրիմի իրավունքներն ի շահ Ռուսաստանի), իսկ Հայաստանի հետ վերամիավորվելու հարցը՝ երեւի թե անհնարին: Հայաստանը տարածաշրջանում միակ բարեկամ երկիրն է Ռուսաստանի համար, միակ ռազմավարական գործընկերը, որի հետ նաեւ ռազմական դաշինքի մեջ է, միակ պետությունն է, որ համաձայնել է իր տարածքում ռուսական ռազմաբազա ունենալ ու դեռ դրա համար վճար էլ չի պահանջում… Ու էլի նման բաներ:

Ըստ որոշ աղբյուրների, անսպասելի զարգացումներ են սպասվում նաեւ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում: Վաշինգտոնն էլ չի պատրաստվում ճանաչել Արցախի անկախությունը, այս պետության համար էլ «անհասկանալի» է Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման որոշումը, բայց տեղեկատվություն կա, թե շուտով ԱՄՆ-ն փորձելու է Հայաստանին համոզել, որ ճանաչի Կոսովոյի անկախությունը: Սա արդեն չափից դուրս «անհասկանալի» է մեզ համար: Ինչպե՞ս կարող է պաշտոնական Երեւանը ճանաչել մի տարածքի անկախություն, որ արտաքին բռնի զինված միջամտությամբ է արվել, իսկ այդ տարածքն էլ Սերբիայի համար սրբազան հող է, ինչպես Արցախը՝ Հայաստանի: Սա նույնն է, որ Երեւանը ճանաչի «թուրքական Կիպրոսի» անկախ պետություն լինելը… Իմիջիայլոց, այդ զավթված տարածքի անկախությունը բացի Թուրքիայից, միայն Ադրբեջանն է ճանաչել: Իսկ Կոսովոյի անկախությունը նախկին խորհրդային երկրներից ճանաչել են միայն մերձբալթյան Լիտվան, Լատվիան ու Էստոնիան:

Եվ իբր պաշտոնական Երեւանը հետաքրքրվել է այս թեմայով ու առաջարկել ամերիկացիներին, որ եթե Կոսովոն ճանաչի Արցախի անկախությունը, Հայաստանն էլ կճանաչի Կոսովոյինը: Իհարկե, դեռ պետք է ճշտվեն այս տեղեկությունները, սակայն եթե անգամ Կոսովոն ճանաչի Արցախի անկախությունը՝ այն ոչինչ չի տա Արցախին, իսկ ահա Հայաստանի ճանաչումը շատ բան կտա Կոսովոյին, ու ոչ միայն այս սարքովի պետությանը.

1. Այդ արհեստածին երկիրը մահմեդական պետություն է, ստեղծվեց եվրոպական մահմեդական համագործակցությունը Ալբանիայի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հետ եռյակի վերածելու համար: Իսկ ավելի քան 50 երկրների մեջ միակ մահմեդական երկիրը Ալբանիան էր, մինչեւ Հարավսլավիայի բռնի կազմաքանդումը:

2. Կոսովոն, ինչպեսեւ Բոսնիա-Հերցեգովինան հիմնականում բնակեցված են մահմեդականներով, այդ թվում՝ թուրքերով, որոնք հեռահար նպատակներ ունեն Բալկաններում: Իսկ Հայաստանի սխալ քաղաքականությունը կարող է նպաստել ոչ միայն Սերբիայի մասնատման հավաստմանը, այլեւ Թուրքիայի ծավալմանը՝ համաթուրանական ծրագրերի շրջանակներում:

3. Կոսովոյի սին անկախության ճանաչումը կասկածի տակ կդնի հայկական կողմի՝ Պատմական արդարության այն սկզբունքը, որը կա Արցախի խնդրում: Կհարվածենք նաեւ Բնիկության միջազգային իրավունքին, որը ինչպես այսօր Արցախի, Նախիջեւանի ու Ջավախքի հարցերում, այնպես էլ վաղը Արեեւմտյան Հայաստանի հարցում պետք է արծարծվեն միջազգային բոլոր ատյաններում:

4. Նշյալ եւ այլ առումներով Կոսովոյի ճանաչումը չի կարելի ճիշտ համարել անգամ այն դեպքում, եթե նույնիսկ ԱՄՆ-ն կամ որեւէ եվրոպական երկիր ճանաչի Արցախի անկախությունը: Ի վերջո՝ Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը եւ ավելի քան 20 երկրներ, պետական կազմավորումներ ու միջազգային կառույցներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, բայց Հայկական հարցը դեռ նիրհած վիճակում է:

5. Այս բարդ եւ փոփոխության ենթարկվող աշխարհաքաղաքական իրավիճակում չի կարելի միանգամից սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որն համենայնդեպս կատարում է իր ռազմավարական դաշնակցի հիմնական գործառույթները: Չի կարելի առանց համարժեք ապահովությունների քայլեր անել ԱՄՆ-ի՝ այն երկրի օգտին, որի ՆԱՏՕ-ական ռազմաբազաները Թուրքիայում են, իսկ հայի թշնամի այդ երկիրը ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակիցն է ինչպես Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում:

Ցավալի էր Հայաստանի կողմից Ղրիմի անկախության ու Ռուսաստանի հետ վերամիավորման փաստը ՄԱԿ-ում ճանաչելը, քանի որ դա համարժեք պատասխանի չարժանացավ: Եթե Մոսկվան էլ ճանաչեր Արցախի անկախությունը, ապա պաշտոնական Երեւանը կարող էր արձանագրել անկախության տարիների ամենամեծ քաղաքական հաղթանակը: Այստեղ այլ խնդիր չկա՝ Ղրիմը Ռուսաստանի ենթակայության տակ եղել է, բայց ոչ երբեք Ուկրաինայի, իսկ Կիեւն այն նվեր էր ստացել խորհրդային տարիներին՝ ուկրաինացի «գենսեկ» Խրուշչովի քմահաճությամբ: Այնուհետեւ, նման քմահաճությամբ նվերը փոխանցվեց մինչեւ մահը հարբած Ելցինի կողմից, երբ կազմաքանդվում էր ԽՍՀՄ-ը… Այդ ժամանակ Ուկրաինայի նախագահ Կրավչուկն անգամ պատրաստ է եղել ստորագրել իր երկրի անկախության փաստաթուղթն առանց Ղրիմի, ինչը խոստովանել է հետո: Այսպես՝ առանց հայկական շահերի ամրապնդման, հերթական անգամ պաշտպանվեցին ռուսական շահերը, որը միջազգային ասպարեզում վնաս պատճառեց Հայաստանի վարկին:

Մոսկվան Կոսովոյի անկախությունը չի ճանաչել, բայց ժամանակին փորձել է Հայաստանին համոզել, որ ճանաչի Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը: Երեւանը մերժել է՝ հասկացնելով, որ կփչացնի հարաբերությունները Վրաստանի հետ, որտեղով, ըստ էության, կյանքի ճանապարհ է անցնում: Եվ այս հանգամանքը ստորաբար շահագործում է պաշտոնական Թբիլիսին, բայց…

Սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում Արցախի հիմնախնդրին առնչվող համաձայնությունները պետք է զարգացնել, եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումից առաջ կարիք չկա որեւէ մեկի ջրաղացին ջուր լցնել: Պետք է հստակ հայանպաստ դիրք բռնել, ինչը կամրապնդի հայկական շահերը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ հարցերում:

Վերջում չեմ կարող չնշել, որ Արցախի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից այլեւս ուշացած է, ուստի միայն վերամիավորման որոշումը կարող է փոխել հայկական շահերի դրական ընթացքը:

Ամբողջ գիտակից աշխարհը գիտի, որ Արցախը Հայաստանի կազմում է առանց հայտարարության, դա հստակ է նաեւ Բաքվի համար, ուստի թղթե մի հարվածով պետք է կատարել այն շրջադարձը, որը լինելու է հայոց հողերի եւ հայության վերամիավորման ու միասնության երաշխիքը, երկրային ու երկնային հաղթանակների ազդակը:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 32 (337), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։