Աշխարհի մարզական հեւքից – Շախմատային տոն՝ նվիրված Երեւանի 2796-ամյակին… Վինդսերֆինգի եւ թիաբորդի գեղեցիկ ելույթներ՝ Կարապի լճում… Ազգային հավաքականի մարզիչը հաղթում է՝ պարտվելով… Սպորտը նաե՛ւ քաղաքականություն է…

Շախմատային տոն՝ նվիրված Երեւանի 2796-ամյակին

«Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարության շրջանակում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպվել են շախմատային մրցումներ: 12 տախտակների վրա միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն անցկացրել է միաժամանակյա սեանս՝ մայրաքաղաքի շախմատի դպրոցների սաների հետ:

Զուգահեռ 10 տախտակների վրա անցկացվել է թիմային առաջնությունը՝ հանրապետական եւ համաքաղաքային առաջնությունների պատանի կարգային շախմատիստների միջեւ: Հաղթող թիմը պարգեւատրվել է խորհրդանշական գավաթով:

Վինդսերֆինգի եւ թիաբորդի գեղեցիկ ելույթներ՝ Կարապի լճում

«Էրեբունի-Երեւան 2796» տոնական միջոցառումների շրջանակում Կարապի լճում Երեւանի առագաստային ակումբի շուրջ երկու տասնյակ սաներ հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

Արդեն ավանդական դարձած վինդսերֆինգի տախտակներից բացի, այս տարի ներկայացվել են նաեւ թիաբորդի համարներ: Միջոցառումն ուղեկցվել է երաժշտական համարներով: Երեւանցիներն ու տոնակատարությանը մասնակցելու նպատակով մայրաքաղաքում գտնվող հյուրերը, մեծ հետաքրքրությամբ դիտելով հնարքները, ոգեւորությամբ նշել են, որ մեծ սիրով իրենք նույնպես ոչ միայն դիտողի, այլեւ մասնակցի դերում կցանկանային լինել:

Ազգային հավաքականի մարզիչը հաղթում է՝ պարտվելով

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը շարունակում է զայրացնել երկրպագուներին եւ հայ մարզասերներին: Այս անգամ մեր թիմը ընկերական խաղում Երեւանում պարտվեց Ֆրանսիայի ազգային հավաքականին՝ 0:3 հաշվով: Հիշեցնենք, որ Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի առաջին երկու խաղերում մեր թիմը եւս աչքի չի ընկել այնպիսի խաղով, որով հպարտանում էինք շուրջ 1 տարի առաջ: Մեր ազգային հավաքականն այդ ժամանակ անգամ «հեղինակությունների սարսափ» թիմ էր դարձել Եվրոպայում:

Իսկ Եվրոպա-2016-ի ընթացքում՝ Կոպենհագենում 1:0 հաշվով հաղթելով Դանիայի ընտրանուն, մեր ֆուտբոլիստները ոչ միայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը, այլեւ պարտվեցին 1:2 հաշվով: Իսկ Երեւանում, կրկին 1:0 հաղթական հաշվի ժամանակ ստանալով 11 մ հարվածի իրավունք, մեր թիմը չկարողացավ կրկնապատկել հաշիվը, իսկ խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Ինչ Հայաստանի հավաքականի ղեկը ստանձնել է շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը, մեր թիմը շատ անհաջող է հանդես գալիս, իսկ մարզիչը դեռ խոսում է «իր սաների ոչ այնքան վատ խաղի մասին», Ֆրանսիայի հետ խաղից հետո էլ ասել է. «Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին, հպարտ եմ նրանցով»:

Սպորտը նաե՛ւ քաղաքականություն է

«Վճռականորեն դատապարտում եմ Սերբիա-Ալբանիա խաղի ժամանակ կատարվածը»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը՝ մեկնաբանելով այն միջադեպը, որը գրանցվել է Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի Սերբիա-Ալբանիա հանդիպման ժամանակ: Իսկ հանդիպման ընթացքում ծեծկռտուք է եղել ինչպես մարզասերների, այնպես էլ մարզիկների միջեւ: «Ֆուտբոլը չպետք է օգտագործվի քաղաքական նկատառումներով: Ես վճռականորեն դատապարտում եմ երեկ Բելգրադում կատարվածը»,- գրել է Բլատտերն իր թվիթթերյան էջում:

Հիշեցնենք, որ Ալբանիան վաղուց է ծրագրել «Մեծ Ալբանիա» ստեղծել սերբական տարածքների հաշվին, ինչպես Ադրբեջանն է երազում «Մեծ Ադրբեջան» տեսնել հայկական (նաեւ պարսկական) տարածքների վրա:

Հ.Գ. Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է որակազրկվել կես տարով – Իտալական «Լացիո»-ի եւ Ալբանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լորիկ Ցանան կարող է որակազրկվել կես տարով կամ նույնիսկ ավելի ժամանակով: Բանն այն է, որ նա մասնակցել է բախումներին, որոնց պատճառով ձախողվել է «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Սերբիա-Ալբանիա հանդիպումը: Նա կռվել է խաղադաշտ ներխուժած երկրպագուների հետ: «Ես տեսա սերբ երկրպագուին, ով աթոռը ձեռքին հարձակվել էր իմ թիմակիցների վրա: Պետք է պաշտպանեի նրանց,- իր գործողություններն այսպես է մեկնաբանել ալբանացի ֆուտբոլիստը,- Հիմա սպասում ենք ՈՒԵՖԱ-ի որոշմանը»:

«Լորիկը կորակազրկվի հաստատ, բայց հպարտ եմ որդուս համար: Նա հարգում է յուրաքանչյուր ազգի: Նրա արձագանքն արդարացի էր, քանի որ իր թիմակցին պաշտպանում էր խաղադաշտ ներխուժած կենդանուց: Լորիկը խելոք տղա է, եւ երբ ամեն ինչ ավարտվեց, ողջունեց սերբ ֆուտբոլիստներին: Նրա պահվածքն օրինակելի էր: Ասեմ նաեւ, որ Լորիկը, սերբ Դուշան Բաստան ու Ֆիլիպ Ջորջևիչը «Լացիո»-ում եղբայրներ են»,- ասել է ֆուտբոլիստի հայրը:

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը պարտվեց իսլանդացիներին

Մոլդովայի Օրհեյ քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2015թ. առաջնության որակավորման փուլի 3-րդ խմբի մրցաշարի 2-րդ տուրի հանդիպումը Իսլանդիայի եւ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջեւ: Հանդիպման 13-րդ րոպեին Մանի Հիլմարսոնն առաջ մղեց իսլանդացիներին, իսկ 36-րդ րոպեին Էրլինգուր Ագնարսոնը հաշիվը դարձրեց 2:0:

Վրիպում եւ հաղթանակի կորուստ՝ վերջին խաղում

Մեն կղզում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը շատ վստահ սկսեց շախմատային մրցաշարը եւ հաղթողի հավակնորդներից մեկն էր համարվում: Բայց նախավերջին փուլում նա սպիտակներով անսպասելի պարտվեց անգլիացի Նայջլ Շորտին եւ 6 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը: Հաղթող դարձավ Նայջլ Շորտը, որն առավելության հասավ նաեւ վերջին խաղում եւ վաստակեց 7,5 միավոր:

Հայ առաջատարի ցավալի պարտությունը

Հայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը առաջին պարտությունը կրեց Հնդկաստանում անցկացվող շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում: 9-րդ փուլում, մեր երիտասարդ գրոսմայստերը սեւերով պարտվեց ռուսաստանցի գրոսմայստեր՝ Վլադիմիր Ֆեդոսեեևին: Կարեն Հ. Գրիգորյանը այժմ 6,5 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Առաջնության աղյուսակը գլխավորում են 3 շախմատիստներ, որոնք ունեն 7-ական միավոր:

Մինչեւ 20 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիա Գեւորգյանն այս փուլրում սեւերով առավելության հասավ հնդկուհի Գուդանտի Հարշիտայի նկատմամբ: Այս հաղթանակից հետո, մեր շախմատիստուհին վաստակեց 5,5 միավոր եւ 27-րդ տեղից բարձրացավ 18-րդ հորիզոնական: Աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան, որը 2 միավորի առավելություն ունի մեր շախմատիստուհու հանդեպ:

Գիտաժողով, որտես Հայաստանը կներկայացնի իր կրթական «արտադրանքը»

ՀՀ կրթության գիտության նախարարությունը, Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), ինչպես նա Հայաստանի շախմատային ֆեդերացիան Հայաստանի շախմատի ակադեմիան՝ Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 16-18-ը կազմակերպում են «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային գիտաժողով: Հայաստանի շախմատի ակադեմիայում հրավիրված մամուլի ասուլիսում գիտաժողովի մեկնարկն ազդարարել են ՀՀ կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

«Շախմատը դպրոցում» ծրագիրը Հայաստանի կրթական համակարգի կողմից ստեղծված յուրահատուկ ծրագիր է, որ զարմացնում է աշխարհի շատ զարգացած երկրների ներկայացուցիչներին: Մենք միշտ սովոր ենք ներմուծել կրթական գաղափարները եւ ծրագրերը դրսից, օրինակել արտերկրի լավագույն փորձերը, բայց «Շախմատը դպրոցում» ծրագիրը հայկական «արտադրանք» է, որը կարող ենք արտահանել՝ որպես կրթական ծրագիր: Սա երկրի ամենաշրջադարձային, ամենակարեւոր, միջազգային տեսակետից ամենամեծ հետաքրքրություն վայելող կրթական եւ ոչ միայն կրթական բարեփոխումն է:

«Միջազգային մամուլում Հայաստանի մասին ոչ քաղաքական հիշատակումները վերաբերում են շատ հաճախ «Շախմատը դպրոցում» ծրագրին,- ասել է ԿԳ նախարարը եւ նշել, որ առաջին անգամ է, երբ այսպիսի ձևաչափով հրավիրվում են աշխարհի մասնագետներ՝ կիսելու մեր փորձը իրենց հետ: Գալիս են մեր փորձը վերցնելու կամ կես կատակ, կես լուրջ՝ մեզանից սովորելու: Ինչպես շախմատային լեզվով կասեն՝ Հայաստանը սկսում է եւ հաղթում է այս դեպքում»:

Ծրագիրը՝ որպես պարտադիր կրթական առարկա, 4-րդ դասարանում ավարտվում է, եւ անհարժեշտություն կա շարունակել ծրագիրը ոչ պարտադիր կրթական հիմունքներով: Շախմատի ֆեդերացիայի հետ որոշվել է 5-9-րդ դասարանների աշակերտների համար շախմատային խմբակներ ստեղծել այն դպրոցներում, որտեղ դպրոցը եւ ծնողական համայնքը ցանկանում է: Արտալսարանային եղանակով երեխաները կշարունակեն սովորել շախմատ, արդեն՝ ավելի պրոֆեսիոնալ մակարդակով: Այդ կապակցությամբ Սմբատ Լպուտյանի առաջնորդությամբ ստեղծվել է 5-9-րդ դասարանների շախմատային ձեռնարկ՝ նախասիրական, կամընտրական մարզումների համար:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 33 (338), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։