Տիր Աստծո խորհուրդը եւ պատմության մշուշոտ էջերը – Գրիգոր խավարիչը որոշեց առաջինը ոչնչացնել Տիրի տաճարը՝ հայի իմաստությունն ու հանճարը… Հայ Քրմերը Հայ Աստվածների խոսքը փոխանցել են հայությանը…

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները Հայոց իմաստության Տիր Աստծո տոնը նշել են հոկտեմբերի 16-ին: Այս անգամ էլ Տիրատոնը տեղի է ունեցել Քարահունջի հնագույն ստղադիտարանի մոտ՝ արեւածագին: Հայ արիներն ու ազգայնականներն ավելի քան 7,5 հազարամյա պատմություն ունեցող աստղադիտարանում փառաբանեցին Իմաստության Աստծուն, որ իր զորությամբ վերստին ապավեն լինի հայերին եւ ազգային բոլոր նախաձեռնություններին:

Ձոներ են հղվել նաեւ մայրաքաղաք Երեւանին՝ էրեբունի-Երեւան տոնի եւ հայոց մայրաքաղաքի 2796-ամյակի առթիվ, միաժամանակ նշելով, որ փաստեր կան, թե Հայոց Քաղաքամայրը շուրջ 6000 տարեկան է: Տիրատոնն ուղեկցվել է ավանդական երգ ու պարով, գինեձոներով եւ փառաբանումներով, իսկ ծիսակարգի ավարտից հետո եղել է տոնախմբություն: Հայ արիական քրմերը դիմել ու փառաբանել են Տիր Աստծուն՝ հայոց առաքելությունը ներկայիս հայության համար վերաիմաստավորելու, աստվածային իմաստնությամբ օծելու եւ հայկական նպատակներին աջակցելու համար:

Ինչպես հայ արիական հավատում է ամրագրված՝ Տիր Աստծո վերերկրային գործառույթներն են նաեւ գիտության, դպրության, գիր-գրականության, արվեստների եւ արհեստների, սովորույթների ու ավանդույթների ոլորտները: Եվ Տիրատոնը եղել է բազմաշերտ, այն ժամանակին տոնել են օրեր շարունակ: Տիր Աստծու տաճարի հետքերն առ այսօր էլ կան Զվարթնոցի տաճարային համալիրում:

Այս տոնը Հայ Աստվածներին նվիրված, վերականգնված տոներից մեկն է, որ վերականգնել են հայ արիները: Մինչ Հայ-Արիական Տոնացույցի կազմումը, Հայ Աստվածներից միայն 4-ի տոնն էր նշվում՝ Մայր Անահիտի (Զատիկ), Վահագնի (արնան վերազարթոնքի ու Հայոց Ամանորի հետ միասին), Աստղիկի (Վարդավառ) եւ Միհրի (Ձմեռային արեւադարձի օրը), իսկ այժմ այդ տոներին ավելացել են մյուս 4 Աստվածների տոները եւս՝ Հայր Արայի (արնան վերահաստատումը Երկրում՝ Բնության տոն), Տիրի (Իմաստության եւ դպրության, նաեւ Հայոց Տիեզերաաշխարհների միասնության), Նանեի (Ողջախոհության եւ Բնական կարգի պահպանման) եւ Վանատուրի (Հյուրընկալության եւ Հայոց երկրի ու օջախների լիառատության տոն):

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրեցին ՀԱՄ քրմեր Արմոգն ու Արամը, տոնի մասնակիցները ծիսական ձոներով դիմել են Հայ Աստծուն՝ մարդկանց եւ հոգիների (երկրի ու երկնի հայերի) Հայկական Աշխարհների կապը ամրացնելու-հասանելի դարձնելու համար: Զորավոր ու լուսավոր է Հայ Աստվածը, եւ հայի թշնամիները եւս ընկալել են Տիր Աստծու Խորհուրդը եւ հենց Նրա գլխավոր տաճարը, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, նախ քանդվեց հուդա-քրիստոնյա խավարիչ-ավերիչների կողմից: Գրիգորիսը (Գրիգոր խավարիչը՝ լուսավորիչ հորջորջյալ) նպատակայնորեն որոշեց առաջինը հիմնահատակ ավերել ու ոչնչացնել հենց Տիրի տաճարը՝ հայոց միտքը, լուսավորությունն ու իմաստնությունը, արարչականության ու ամենայն աստվածայինի ըմբռնումը, որոնց երկնային պահապանն է Հայ Աստվածը…

Այդ օրը, ինչպես բոլոր Աստվածային Տոներին, փառաբանվում են նաեւ բոլոր Հայ Աստվածները եւ Նրանց Արարողը՝ Ամենայն Ստեղծին՝ Տիեզերքի Արարիչը:

Ցավոք, դեռ մեզանում չեն գիտակցում մեր պատմության անքակտելության, նաեւ դրանից բխող ռազմա-քաղաքական հետեւանքները, եւ հաճախ ավանդական, հազարամյակներից եկող պատմական իրողությունները, անգամ տոները փորձում են սահմանափակել քրիստոնեական պատմության եւ հավատի սահմաններում: Սա միշտ էլ զենք է դարձել օտարների համար, նաեւ մեր թշնամիների, երբ կրկնելով որոշ «հայ» «պատմաբանների» կամ «հոգեւորականների» խոսքերն ու հրապարակումները, հայության՝ որպես ազգ ձեւավորվելը փորձում են կապել հուդա-քրիստոնեության հետ: Այսինքն, ըստ որոշ տհասների, հայ ազգն ունի հազիվ մի 2000 տարվա պատմություն, ուստի՝ Հայկական լեռնաշխարհի բնիկ չի կարող լինել… Իսկ հայոց պատմության փառահեղ ժամանակները կարծես մեզ հարեւան երկրի մի արյունակից ազգի մասին է ընդամենը, որի հետ մինչքրիստոնեական հայերը խառնված են ապրել… Օրերս նորից մի նման երեւույթի ականատես եղանք, երբ Երեւանի տոնին փառք տվեցին մայրաքաղաքի 2796-ամյակին եւ միանգամից անցան հաջորդ փառաբասնմանը՝ Հայաստանի քրիստոնեացման 1713-ամյակին… Անհասկանալի է, թե 1713-ից առաջ ապրողներն ինչու չեն արժանանում փառաբանման, եթե Էրեբունին, Կարմիր բլուրը, Զվարթնոցը, Մեծամորը, առնին, Քարահունջը եւ… առնվազն մի քանի անգամ ավելի շատ պատմություն ունեն, քան հուդա-քրիստոնեական ներխուժումը Հայաստանում:

Հայ արիները մշտապես խոսել են հնագույն մշակութային արժեքների նախնական ծագման եւ դրանց՝ Մարդկության Արարման Օրրան Հայք-Հայաստանից տարածվելու մասին: Երբ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը հոդված հրապարակվեց «Տիր Աստված ունեցող հայը չէր կարող անտառաճանաչ լինել» վերլուծությամբ, շատերի համար անչափ պարզ (ուղղակի տրամաբանել էր պետք) մեկնաբանություններ եղան: Ոմանք նույնիսկ ինքնաբերաբար արձագանքեցին, թե «իրապես ճիշտ է, ինչպես կարող էին Աստվածները անտառաճանաչ լինել»… Եթե Տիեզերքի Արարիչը արարել է հայ, հույն, եգիպտացի, հրեա, հնդիկ, պարսիկ եւ այլ Աստվածներ, նրանց ինքնոււթյուն է տվել, ծին, լեզու եւ բնատարածք, ապա ինչպե՞ս պատահեց, որ «Այր մի Մաշտոց»-ը հայոց գրերը արարեց… Եթե ոմանց թվում է, թե հուդա-քրիստոնեական Եհովան պիտի գիր պարգեւեր հային, այդ թվում՝ Հայ Աստվածներին, ապա այդ ոմանց հիվանդությունը այլեւս գլխուղեղային է (այսպես է արտահայտվել ՀԱՄ առաջնորդն իր հոդվածում): Տիր Աստծո եւ մյուս Աստվածների տաճարների մատյանները, որ ոչնչացվեցին հիմնովին, հաստատ անտեսանելի տառերով չէին գրված: Իսկ դրանք տասնյակ հազարամյակների պատմություն էին պարունակում, ինչը անխնա ոչնչացվեց: Այսպես «սիրով» ընդունված քրիստոնեությունը նպատակայնորեն ավերեց ու ոչնչացրեց ամեն հայկական բան, ինչը Հայ Քրմերը Հայ Աստվածներից ստանալով փոխանցել էին հայությանը… Եվ ըստ հայ արիների առաջնորդի, այդ թվում՝ հայոց գրերը, այբուբենը, ինչը եւս ոչնչացվեց, որպեսզի ոչ հայախոս ու ոչ հայադավան հայերով լցնեն Հայաստանը աշխարհը: Հետո հասկացան, որ ասորա-հունարեն հնչող աղոթքներն ու օտարատառ գրքերը անհասկանալի, նաեւ անցանկալի են հայերի համար, ինչը վտանգում էր Հայաստան ներխուժած հուդա-քրիստոնեական կրոնի ապագան: Մաշտոցին, ով քրմի ժառանգ էր, հանձնարարեցին հարեւան երկրների գրադարաններում պեղել, վերհանել հայոց տառերը, քանի որ Հայաստանում ոչ մի բան չէր պահպանվել…

Սրանից չի նսեմանում Մեսրոպ Մաշտոցի մեծագործությունը, նա կարողացավ վերհանել հայոց տիեզերատառերը եւ հավերժ փառքով պսակեց իր անունը, բայց դա այլ բան է, հայոց տառերն արարելը՝ բոլորովին այլ բան:

Արմեն Ավետիսյանը նշել է, որ երբ Հարավային Ամերիկայում, Բոլիվիայում, հնագույն գտածոների հետ նաեւ շուրջ 5500 տարվա վաղեմության մի կավե անոթ հայտնաբերեցին, որի վրա հայերեն տառերի առկայությունը խոսում էր դրա ծագման մասին, մեկ անգամ եւս ակնհայտ դարձավ, որ այդ ժամանակներում ոչ Մաշտոցը կար, ոչ էլ հուդա-քրիստոնյաները:

Նշյալ անոթի ներսը, որ կարծես կավե գոգավորություն լինի, պատված է սեպագիր արձանագրություններով: Սակայն, երբ անոթի հետնամասն էր ցուցադրվում, այնտեղ շատ պարզ ու հստակ երեւում են մի շարք հայերեն տառեր է, Հ,Ձ,Չ,Ղ, Դ,3,Ո,Ռ,Ց եւ մի քանի խաչ (հավասարաթեւ-արիական, ոչ՝ քրիստոնեական):

Մաշտոցի հայանվեր ու հայրենանվեր գործը ոչ ոք չի ուրանում, բայց նա պարզապես վերհառնել է (ինչպես նրա աշակերտ Կորյունն է վկայում) կորսվածը, բայց հիմքեր կան մտածելու, որ եկեղեցու պատասխանատուների կողմից մասամբ թաքցրածը ստիպված էին Մաշտոցին տրամադրել՝ Հայաստանյայց (Հայաստան այցելած առաքելական եկեղեցին (այսինքն՝ Հայ եկեղեցի ասվածը հայաստանյան պատկանելություն չունի)) եկեղեցու փրկության համար, քանի որ, ինչպես հայ արիականների ղեկավարն է նշել, հայոց պատմական արժեքները, հավատի տոնացույցներն ու ծեսերը, գիր-գրականությունն ու այլ արժեքներ հուդա-քրիստոնյաները ոչնչացրել են կամ թաքցրել, հայոց հավատի տաճարներն էլ ավերել են ու տեղում եկեղեցիներ կառուցել:

Իսկ հայն իր արժեհամակարգը ստիպված փնտրում է Հայաստանից դուրս ամենուր: Այն առկա է ինչպես Հարավային կամ Հյուսիսային Ամերիկաներում (ինկերի, մայաների, ացտեկների կամ այլոց մոտ) կամ Եվրոպայում (բասկերի, բավարացիների, բրետոնների եւ այլերի մոտ), այնպես էլ Ասիայում, Աֆրիկայում կամ Ավստրալիայում ու Օվկիանիայում:

Ինչպես հայ արիներն են նշում, Հայաստանում դեռ շա՛տ փաստեր կհայտնվեն ու նոր պարզաբանումներ կտան, ինչը հետզհետե՝ Տիեզերական արնան ազդեցությանը զուգահեռ կհանգեցնի Հայոց հավատի եւ առաքելության վերահաստատմանը ինչպես Հայկական լեռնաշխարհում, այնպես էլ մոլորակում:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 33 (338), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։