Ազգային տոնը՝ որպես արժեհամակարգային միջոցառում – Հայ մամուլը՝ 220 տարեկան – «Լուսանցք»-ի, հայ արիականների ու արիադավան-հեթանոս ազգայնականների շնորհավորանքները…

Այս օրերին հերթական անգամ նշվեց մեր մայրաքաղաքի տոնը: «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարության միջոցառումների շրջանակում Երեւանի քաղաքապետարանին հարակից հրապարակում տեղի ունեցած հանդիսությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնական շքերթի շուրջ 25 հազար մասնակիցների ուղեկցությամբ հանդիսավոր քայլերթով շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ:

Շքերթի մասնակիցներին տոնական համարներով ողջունեցին երեւանյան կրկեսի արտիստներն ու մարզամշակութային համույթները: Ազգային տարազով գեղեցկադեմ աղջիկներն էլ շքերթի մասնակիցներին հյուրասիրեցին Արարատյան դաշտավայրի բարիքներով:

Մայրաքաղաքի ծննդյան 2796-ամյակին նվիրված միջոցառումներն ավարտվեցին շքեղ հրավառությամբ: Երեւանյան օրերն անցան «Երեւան՝ իմ տուն» կարգախոսի ներքո, եւ մեր մայրաքաղաքը էլի մեկ տարով մեծացավ: Երեւանը Հռոմից հին է, այս մասին պահպանվել են սեպագիր արձանագրություններ, որոնք հավաստում են, որ դա  մ.թ.ա. 782 թվականն է։ Ամենահին քաղաքը Երեւանն է, որը հիմնվել է Հռոմից 29 տարի ավելի վաղ։ Այս սալիկն աշխարհի մինչ օրս հայտնաբերված հնագույն քարտեզն է, այս հնագիտական հուշարձանն այժմ պահպանվում է Բրիտանական թանգարանում։ Այն գտնվել է Բաբելոն հնագույն քաղաքից (այսօրվա Իրաքում), 19-րդ դարում։ Այդ սալիկի վրա գրված է Ուրարտու, իսկ Ուրարտուն, գիտենք որ Հին Հայաստանի անվանումներից է:

Երեւանի 2796-րդ տարեդարձը շնորհավորեցին նաեւ մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները (11 համայնք՝ այդ թվում՝ ռուսական, բելառուսական, ուկրաինական, լեհական, վրացական, հրեական, ասորական, քրդական, եզդիական եւ հունական):

Այս տարի տոնախմբությանը միացան եւ առանձին համարներով ներկայացան նաեւ գերմանացիները: Ստեփան Շահումյանի անվան հրապարակում տեղադրված բեմահարթակում ներկայացնելով իրենց ազգային երաժշտարվեստն ու պարարվեստը՝ նրանք ընդգծեցին, որ Երեւանն ինչպես բոլոր հայերի, այնպես էլ իրենց մեծ տունն է:

Էջմիածին քաղաքի տոնը եւս նշվել է այս օրերին, հոկտեմբերի 8-ին: Սա յուրահատուկ խորհուրդ ունի՝ տոնը հոկտեմբերի 8-ին նշելու ամենակարեւոր պատճառն այն է, որ 405թ., երբ Մեսրոպ Մաշտոցը, հայ գրերի գյուտն արած, վերադառնում էր հայրենիք, նրան հենց հոկտեմբերի 8-ին Էջմիածնում դիմավորում է ժողովուրդը՝ Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ: Եվ գրերի գյուտի պատվին («Լուսանցք»-ը բազմիցս նշել է՝ գրերի վերագտնման պատվին, քանզի Տիր Աստված ունեցող հայը չէր կարող անտառաճանաչ լինել) 3 օր շարունակ տոնախմբություն եղավ Էջմիածնում:

Քրիստոնեությունը իբրեւ պետական կրոն պարտադրված ընդունելուց հետո Էջմիածին-Վաղարշապատը դառնում է Հայոց հոգեւոր ու մշակութային կենտրոն, այստեղ՝ արքայական պալատի հարեւանությամբ, կառուցվում է Մայր Տաճարը (301-303 թթ.)՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգեւոր ու վարչական կենտրոնը, որտեղ հետագայում հիմնադրվում են առաջին դպրոցը եւ մատենադարանը: Հետագա դարերում քաղաքում կառուցվում են հայ ճարտարապետության գլուխգործոցներից՝ Հռիփսիմե (618թ.), այանե (630թ.) վանքերը, Շողակաթ (1694թ.) եկեղեցին, Զվարթնոց տաճարը (641-661թթ.), հիմնադրվում են քրիստոնեական Հայաստանում առաջին տպարանը (1771թ.), թղթի գործարանը (1776թ.), եւորգյան հոգեւոր ճեմարանը (1874թ.), տպագրվում է «Արարատ» պարբերականը (1868թ.):

Այս օրերին հիշարժան միջացառումներից է նաեւ «Էպոսի օր» հանրապետական փառատոնը: «Սասնա տուն» հ/կ-ն՝ 2011թ.-ից կազմակերպում է «Սասնա ծռեր» էպոսի հանրահռչակմանը միտված «Էպոսի օր» փառատոնը, որ միջոցառումների շարք է եւ ամփոփումն ավանդաբար կազմակերպվում է յուրաքանչյուր հոկտեմբերի առաջին շաբաթ օրը, Արագածոտնի մարզի որեւէ համայնքում: Նախորդ տարիներին «Ապրենք էպոսով» կարգախոսով փառատոնն անցկացվել է մարզի Ուջան, Իրինդ, Ներքին Բազմաբերդ համայնքներում: Այս տարի այն կազմակերպվել է մարզի Սասունիկ համայնքի մշակույթի տանը:

2014թ. ապրիլ-սեպտեմբերին հանրապետության գյուղական եւ քաղաքային համայնքներում, հանրակրթական դպրոցներում ու մի քանի տասնյակ մշակութային, մարզական հաստատություններում անցկացվել են էպիկական ժառանգության պահպանության ու հանրահռչակման միջոցառումներ՝ դասախոսություններ եւ ընթերցումներ, գեղարվեստի ցուցադրություններ, ազգային երգի ու պարի համույթների ելույթներ: Փառատոնի նպատակն է հայկական բանահյուսական ժառանգության գլուխգործոց հանդիսացող «Սասնա ծռեր» էպոսի պահպանումը, դրանում ամփոփված արժեհամակարգին երիտասարդությանը հաղորդակից դարձնելը, ավանդական, հոգեւոր-մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի ու արժեւորման մթնոլորտի ամրապնդումը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսեւորումները» հայտը 2012թ. ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Հոկտեմբերին նշվել են նաեւ Ճարտարապետների, Տարեցների միջազգային օրերը, Ուսուցչի եւ Գրադարանավարի տոները, որոնք յուրօրինակ հարգանքի եւ մեծարման դրսեւորում են ոլորտի աշխատակիցների նկատմամբ (այլ խնդիր է, թե իրականում ինչպես են հարգում): Հոկտեմբերին են Կենդանիների պաշտպանության համաշխարհային եւ Հոգեկան առողջության միջազգային օրերը: Անցկացվեց Բերքի տոն՝ գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոն, որը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը եւ հայ գյուղացուն կաջակցի ներկայացնել իր արտադրանքը: Երեկ էլ Հայմամուլի օրն էր, 1974թ. Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվեց առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարար»-ը: Մինչ այս՝ սեպտեմբերին նշվել են Գեղեցկության, Գրագիտության միջազգային օրերը: Ամեն տարի րագիտության օրը նվիրված է մի թեմայի՝ տարբեր կոչերով՝ «Գրագիտության նշանակությունը կանանց համար», «Գրագիտությունը եւ առողջությունը», «Գրագիտությունն ապահովում է կայուն զարգացում», սակայն անգրագիտությունը դեռ համատարած բնույթ է կրում աշխարհում: Իսկ եղեցկության օրը շատ երկրներում գեղեցկության մրցույթներ են անցկացվում, թեպետ գեղեցկության պատկերացումները այլեւս հարափոփոխ են, ինչպես ներկա աշխարհը… Մինչդեռ գեղեցկությունն ու սերը տիեզերական հասկացություններ են եւ այդ զգացողությամբ էլ Տիեզերքն է արարվել…

Այս բոլորը գալիս են լրացնելու Հայոց Տիրատոնը՝ Տիր Աստծո տոնը, որ նշում են հայ արիներն ու հեթանոս ազգայնականները: Տիրը հովանավոր Աստվածն է նաեւ Հայոց մշակույթի, գիր-գրականության եւ արվեստների: Ազգային տոները, հոգեւոր ծեսերն ու բնության ընկալումները վերին խորհուրդներ ունեն, որոնց կիրառումը՝ անգամ որպես միջազգային տոներ, մեր արժեհամակարգի պահպանմանը պիտի ուղղել:

Անի Մարության

* * *

Հայ մամուլը՝ 220 տարեկան – «Լուսանցք»-ը շնորհավորում է Հայ մամուլի օրվա առթիվ… Հայ արիականներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները միանում են բոլոր շնորհավորանքներին

Հոկտեմբերի 16-ին նշվեց Հայ մամուլի օրը: Ամսաթիվը պատահական չէ ընտրված: 1794թ. հենց այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվեց առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարար»-ը: Պարբերականը հրատարակեց Հարություն Շմավոնյանը: Տարաբնույթ լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին նաեւ գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ եւ պատմական աշխատություններ: Որոշումը, ըստ որի հոկտեմբերի 16-ը համարվում է Հայ մամուլի օր, ՀՀ կառավարությունն ընդունել է «Ազդարար»-ի առաջին թողարկումից գրեթե 2 դար անց:

Շնորհավորում ենք Հայ մամուլի օրվա առթիվ եւ մեր գործընկերներին, մեր թերթին մաղթում վաստակաշատ եւ անաչառ աշխատանք՝ հանուն մեր պետության հզորացման, մեր ազգի ու հայրենիքի միասնության ու վերամիավորման:

«Լուսանցք»-ը հայկական մամուլի նորեկներից է, հրատարակվում է 2007թ. մարտից, հասցրել է մշտական ընթերցողների շրջանակ ձեւավորել, որոնցից շատերը թերթին հետեւում են առաջին իսկ համարից:

«Լուսանցք» շաբաթաթերթը ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառներում: Հայությանն ու միջազգային հանրությանն է ներկայացնում հայ ազգայնականության քաղաքական-գաղափարախոսական եւ արիադավան-հեթանոս հատվածի հավատամքային պատկերացումները, հայոց պատմությանն ու նպատակներին վերաբերող տարաբնույթ թեմաներ: Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը՝ նույն ոգով ու նույն գաղափարներին համահունչ:

* * *

Հայ արիականներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները միանում են Հայ մամուլի օրվա բոլոր շնորհավորանքներին, բայց առանձնահատուկ ողջունում են «Լուսանցք»-ին՝ հայ արիական ու ազգայնական գաղափարները, հայոց հավատի, տիեզերածնության ու աստվածային համակարգի թեմաները, հայի ծագմանը, ինքնությանն ու առաքելությանը, հայրենիքին եւ ապագային առնչվող բազմաբնույթ հրապարակումները առաջին իսկ համարից ցայսօր արծարծելու համար:

«Լուսանցք» թիվ 33 (338), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։