Ներքաղաքական. Հանրահավա՞ք, թե՞ հանցագործություն – Ընդդիմադիր 3 կուսակցություններից 2-ի առաջնորդները խուսափեցին ելույթից… Կգնահատի՞ ՀՀ նախագահը…

Կայացավ այդքան սպասված հանրահավաքը, որը նախաձեռնել էր խորհրդարանական ընդդիմադիր եռյակը: Ընդդիմադիր լրատվամիջոցներն այն որակեցին որպես «վերջին տարիների ամենահուժկու հանրահավաք, որին մասնակցել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ ՀՀ բոլոր մարզերից»: Հանրահավաքում «ելույթներ» են ունեցել մասնակից ուժերի առաջնորդները՝ ԲՀԿ նախագահ ագիկ Ծառուկյանը, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հանրահավաքն ավարտվեց երթով, որի մասնակիցները «միացում» ու «հաղթանակ» վանկարկումներով Ազատության հրապարակից շարժվել են Մաշտոցի պողոտա, Կորյունի փողոց, այնուհետեւ Աբովյան, Սայաթ-Նովա, Հանրապետության, Թումանյան փողոցներով ու վերադարձել Ազատության հրապարակ:

Ոստիկանությունն Ազատության հրապարակի տարածքում ուժեղացված ծառայություն է իրականացրել: Միջադեպեր չեն գրանցվել: Շատերը եկել էին հանրահավաքին՝ մտածելով, որ ընդդիմադիր նոր ալիքը գուցե նոր փոփոխություն բերի ու իրենց խնդիրները եւս կարգավորվեն: Այս հրապարակում վերջին անգամ հանրահավաք տեղի էր ունեցել այս տարվա մարտի 1-ին, որը նախաձեռնել էր ՀԱԿ-ը, ինչը հիմնականում չէր արդարացրել մարդկանց հույսերը: Իսկ վերջերս Եռյակը հանրահավաքներ էր անցկացնում միայն հանրապետության մարզերում եւ շատերն էին սպասում մայրաքաղաքի «հուժկու հանրահավաքին»:

Եթե մասնակիցների մի մասը ոգեւորվեց եւ կրկին պատրաստ է նոր պայքարի՝ հենց Եռյակի հետ, ապա եղան նաեւ հուսախաբվողներ, ովքեր համոզված են, որ սա հերթական մի քայլ է հաջորդ ընտրություններին նախապատրաստվելու համար: Ընտրություններին նախապատրաստվելը ներկայացվում է որպես իշխանափոխություն, ինչը արմատական ընդդիմադիր զանգվածին չի բավարարում:

Իզուր չէ, որ խորհրդարանական մյուս ընդդիմադիրներից ոմանք նշեցին, թե այսքան մարդ հավաքելով պետք էր ոչ թե հին ու նոր իրողությունները նշել, այլ գնալ իշխանափոխության: Նման կարծիք են հայտնել նաեւ վերջերս նոր քաղաքական կազմակերպություն հիմնած ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ ազատամարտիկ Սասուն Միքայելյանը: Իսկ «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը հաջորդ օրը հայտարարեց. «Եռյակը երեկ հանցագործություն է կատարել», հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած «եռյակի հանրահավաքը հատուկ օպերացիա էր՝ իրականացված ԿԲ-ի կողմից» («Ա1+»-ի հետ զրույցում է ասել): Նա պատահական չի համարել, որ հանրահավաքը արվեց այն օրը, երբ Սերժ Սարգսյանը Մինսկում ստորագրում էր ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու մասին փաստաթուղթը: «Նույն օրն էր ընտրված, որպեսի ժողովուրդը այդ հրավառությունների եւ դեմագոգիայի ետեւում չտեսնի, որ նույն օրը, նույն ժամին, մեր երկիրը կորցնում է իր անկախությունը եւ ինքնիշխանությունը»: «Սարդարապատ» նախաձեռնության անդամը հանրահավաքի կազմակերպիչների մասին չի գործածել ընդդիմություն բառը. «Այդ ոչ իշխանական հավաքը ուներ մի նպատակ, օրինականացնելու խունտայի հերթական հանցագործությունը: Այնպես որ, մարդիկ, ովքեր հավաքել էին զանգվածներ Ազատության հրապարակում, հանցագործություն են կատարել՝ սահմանադրության եւ մեր անկախության դեմ»:

Եռյակը չի պահանջում իշխանափոխություն, այս հարցում վստահ են շատ այլ ընդդիմադիրներ, այդ դաշինքը միայն աթոռների փոփոխության մասին է խոսում: Այսինքն՝ սա ոչ թե հեղափոխական, այլ տեղափոխական կամ շեղափոխության գործարք է, որի նպատակը երկրում ոչինչ չփոխելն է… «անարդարության ու կողոպուտի վրա հիմնած տնտեսությունը պահպանելը, կոռումպացված դատական համակարգը չփոխելը, օլիգարխների գրպանում գտնվող օրենսդիրներին պահելը»…

Նշվում է, որ «այդքան սպասված» հանրահավաքին, որին մասնակցում էին մոտ 2 տասնյակ հազար մարդ, ի տարբերություն նախորդ հանրահավաքների՝ այս անգամ իշխանությունները զերծ մնացին տարբեր մեթոդներից՝ ճանապարհներ փակելուց, ընդդիմադիր ակտիվիստների հետ «բացատրական» աշխատանքներ տանելուց, աշխատանքից ազատելուց եւ այլ խոչընդոտներ հարուցելոց: Միակ փոքր խոչընդոտը համարվում է այն, որ հանրահավաքի նախորդ օրը չէին թույլատրում բեմահարթակ կառուցել:

Վերլուծաբաններից ոմանք այն մտքին են, թե դատելով իշխանության վարքագծից՝ թերեւս կարելի է կռահել, որ եռյակի մոտավոր հնարավորությունները իշխանությունը հաշվարկել էր, որեւէ սպառնալիք չտեսնելով՝ չէր խոչընդոտել հանրահավաքին ժողովրդի մասնակցությանը: Սա ակնհայտ է դարձնում այն փաստը, որ իշխանությունը գնաց նման քայլի ոչ թե առավել ժողովրդավարական մղումներից ելնելով, այլ՝ եռյակի առաջնորդներին հասկացնելու համար, որ այսքանն է նրանց ընդդիմադիր չափաբաժինը: Հասկանալի է, որ սա գիտակցելով, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի քանի նախադասությունից կազմված զգուշավոր խոսք ասաց, որը չի կարելի ելույթ կոչել: Նա խոստացավ մյուս հանրահավաքին հնչեցնել իր ելույթը, այսպիսով մարդկանց մոտ թողնելով այն տպավորությունը, թե այդ ելույթի բովանդակությունը կապված կլինի Սերժ Սարգսյանի հետ բանակցելու պայմաններից:

Մինչեւ վերջին պահը կարծիք կար, թե ԲՀԿ ղեկավարը չի խոսելու հանրահավաքին, սակայն, ըստ ամենայնի, նրան համոզել են, թե հրաժարվելով կկորցնի ընտրազանգվածը, որին կրկին կտիրի ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հնարավոր է նաեւ, որ չմասնակցելը վերջնականապես հարվածեր Գագիկ Ծառուկյանի հեղինակությանը ինչպես մարդկանց, այնպես էլ ՀՀ նախագահի մոտ: Հիշեցնենք, որ հանրահավաքից առաջ եռյակի վերջին նիստում ԲՀԿ-ի առաջ դրել էին կուսակցության ղեկավարի մասնակցության հարցը, նշելով, որ եթե նա չմասնակցի, ապա իրենց բռնած պայքարը լուրջ չի ընկալվի, հատկապես, եթե կա մտադրություն շուրջօրյա հանրահավաքներ եւ նստացույցեր անելու: ԲՀԿ-ից հստակ պատասխան չտվեցին, մինչեւ չավարտվեցին գործընթացները Մինսկում: Իբր, եթե Սերժ Սարգսյանը լեզու չգտներ ԵՏՄ-ի հարցում, ասպարեզ կմտներ ԲՀԿ ղեկավարը՝ Ռուսաստանին իր թեկնածությունն առաջարկելով: Եռյակի նիստից հետո ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը հայտարարել էր, որ առաջնորդները կմասնակցեն, բայց որ պահին՝ որոշված չէ, քանի որ մեկ հանրահավաք չի լինելու… Չնայած արդեն տեսակետ կա, որ երկրի նախագահը սակարկության չի գնա ԲՀԿ ղեկավարի հետ եւ նրան նորից կթողնի խաղից դուրս վիճակում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ խնամի-բարեկամական քաղաքականությամբ:

Իզուր չէ, որ ֆ/բ էջերում անդրադառնալով այս խնդրին՝ գրեցին, որ «հաջորդ հանրահավաքին Ծառուկյանը պետք է հնչեցնի կամ «Սերժիկ հեռացի՛ր» կամ «Նախագահ ջան, բանակցի՛ր» կարգախոսը: Գրեթե նույն վիճակում է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը…

Համացանցը այլ արձագաներ եւս ունեցավ՝ ինչպես. «Եթե անգամ Լեւոնն ու Գագոն չարդարացնեն մեր հույսերը, միեւնույնն է՝ նոր ալիք է պետք, իսկ սելավի առաջ ոչ մի բան չի դիմանա»:

Մարդիկ իսկապես կարիք ունեն լուրջ փոփոխություններ զգալու, կյանքի բարելավման եւ մարդկային ու ազգային որակների առաջխաղացման: Սակայն ցավոք, քաղաքական ուժերը եսակենտրոն են գործում շարունակաբար եւ չի բացառվում, որ նորից իրենց եռանդը ցուցադրեն քաղաքացիական տարբեր նախաձեռնությունները, կենցաղային, իրավական եւ այլ հարցերի ու մեր պետությանն անհրաժեշտ խնդիրների շուրջ խմբավորումներ ստեղծելով:

Նման փորձը ունի մեր հանրությունը, ինչը որոշակի արդարացրեց մարդկանց սպասումները ամիսներ առաջ, հատկապես այն ժամանակ, երբ պայքարող խմբավորումները հեռու մնացին այս կամ այն քաղաքական ուժի հետեւում պատսպարվելուց:

Ինչեւէ, դեռ կկայանա Եռյակի առաջնորդների հանդիպումը, որից հետո նիստ կգումարվի, քննարկվեն հետագա քայլերը  հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 33 (338), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։