Իշխանությունն ու ընդդիմությունը նու՞յն «շայկան» են… Երբ եռյակի առաջնորդները հրաժարական պահանջեն, մենք (ՀՀԿ-ն) մեր ասելիքը կասենք… Վաշինգտոնը տապալեց Զարուհու ձիուն…

Իշխանությունն ու ընդդիմությունը նու՞յն «շայկան» են

ԼՂՀ Աժ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը թերթերից մեկի հետ զրույցում հայտարարել է, թե պետք չէ ակնկալիքներ ունենալ «Ազատության հրապարակում կայանալիք համապետական հանրահավաքից»: Նա եռյակին խորհուրդ է տվել տուն գնալ ու որեւէ հանրահավաք չանել՝ այդպիսով խուսափելով ժողովրդին եւս մեկ անգամ հիասթափեցնելուց:

Պատգամավորը անդրադարձել է նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջերս ԼՂՀ այցին եւ նշել, որ դա հերթական մի այց էր, դրանից քանի օր հետո էլ Արցախ է այցելել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «ՀՅԴ-ի այցելությունը չի կարելի համեմատել Գագիկ Ծառուկյանի այցելության հետ. որովհետեւ ՀՅԴ-ն Արցախում գործում է 1989թ.-ից, իսկ Գագիկ Ծառուկյանի այցելությունն ինձ համար  շատ զարմանալի էր, բայց միեւնույն ժամանակ՝ ողջունելի, որ եկավ ու ինչ-որ բաներ խոստացավ անել այստեղ: Բայց եթե ինքն այդ այցելությամբ ուզում է հայտ ներկայացնել քաղաքականության մեջ, կարծում եմ, որ տեղին չէ: Ես կարծում եմ, որ մեկը եկել է, իսկ մյուսն էլ խանդել է ու ինքն էլ է եկել: Բոլոր ուժերը մի բան գիտեն. նրանք, ովքեր ցանկանում են ՀՀ-ում իշխանության գալու հայտ ներկայացնել, պետք է իրենց ձեռքում ունենան ԼՂՀ-ի խաղաքարտը, իրենք Արցախը խաղաքարտ են դարձնում, ու դա է ցավը»,- ասել է Վահան Բադասյանը:

Ըստ Արցախի պատգամավորի, նախ եւ առաջ պետք է ԼՂ-ի հարցը ճանաչեն էությամբ, իսկ Գագիկ Ծառուկյանն այս տարիների ընթացքում կարծես երբեւԷ Արցախ չէր այցելել… Ու կարծում է, որ դա եռյակի հետ է կապված. «Գիտեք ինչ, այսօր մեր ժողովրդի վիճակն ամենավատն է, որովհետեւ եթե իշխանությունը վատն է, ապա ընդդիմությունն ավելի վատն է. մեկը մյուսից վատն է: Այսօրվա ընդդիմությունը չի ասում, թե ներկայիս իշխանությունների ինչն է վատը, իսկ ինչու չեն ասում, որովհետեւ ցանկանում են տապալել այս իշխանությանը, որպեսզի իրենք նստեն ու նույնն էլ իրենք անեն: Նախանձում են, որ Սաշիկն է գողություն անում, կամ Լիսկան է նշանակվում, ուզում են իրենք գան ու իրենք թալանեն: Մոռացե՞լ եք, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման ժամանակ ովքեր էին թալանչիները: Սա է պատճառը, որ մեր ժողովրդի վիճակը շատ վատ է: Հիմա, խնդրում եմ, եռյակի անդամներից որեւէ մեկին հարց տվեք՝ ինչո՞ւ Մաքսային միության մասին որեւէ բան չեն ասում, նույն Գագիկ Ծառուկյանն ասե՞լ է ՄՄ-ի լավ ու վատ կողմերի մասին: Արդյո՞ք նա կարողանում է ասել նախագահի կատարած վատ քայլերը: Օրինակ, ես՝ որպես քաղաքական գործիչ, հրապարակայնորեն Սերժ Աարգսյանի հրաժարականն եմ պահանջել ու նաեւ նշել եմ, թե ինչո՞ւ: Նշել եմ թե՛ արտաքին ու թե՛ ներքին քաղաքականության ձախողումների մասին՝ Արցախի հարցում, Ցեղասպանության ճանաչման հարցում եւ այլն»:

ԼՂՀ Աժ անկախ պատգամավորը ինքն իրեն հարցրել է, արդյո՞ք Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցները պատկերացում ունեն այդ գաղափարների մասին: Եթե ունեն պատկերացումներ, ապա կարո՞ղ են հրապարակավ ասել, իհարկե՝ ոչ, «պարզապես Սերժ Սարգսյանը կխուզի Գագիկ Ծառուկյանի ամբողջ ունեցվածքը ու ինքը պետք է վախենա դրանից, եւ ուրեմն ԲՀԿ ղեկավարն ու ընդհանրապես եռյակը, այսօրվա խորհրդարանական բոլոր կուսակցությունները Սերժ Սարգսյանի դաշնակիցներն են, որովհետեւ իրենք տեղ են զբաղեցնում ընդդիմության դաշտում. գրավում են ընդդիմության դաշտը, որպեսզի Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարի»:

Պատգամավորը խոսքն ամփոփել է այսպես. «Կարծում եմ, որ մի կաթսայի մեջ են 3 նախագահները՝ իրենց շայկայով»:

Կարեն Բալյան

* * *

«Մենք իհարկե ակնկալում ենք, որ կստորագրենք հոկտեմբերի 10-ին համաձայնագիրը եւ հունվարի 1-ից կմիանանք ԵՏՄ-ին»,- ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը՝ նշելով, որ բազմաթիվ ու բազմապիսի հարցեր կան, կատարվել է հսկայական աշխատանք… Հայաստանին մինչեւ 800 տարբեր արտոնություններ տրամադրելու մասին է խոսքը. «Ավելորդ է նաեւ խոսել շուկայի հզորանալու, մեր տնտեսության մասին»: Պատգամավորն ընդգծել է, որ երբեք Հայաստանի առաջընթացը, զարգացումը չի կարող լինել Արցախի հաշվին եւ սխալ են այն խոսակցությունների, թե ԵՏՄ անդամակցությունը վտանգում է Արցախի անկախությունը»:

Ընդդիմության հանրահավաքին, երկրի ներսում սպասվող իրադարձությանն անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորը նշել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ չկա որեւէ խոչընդոտ, եթե որոշել են հանրահավաքային դրսեւորումներով ներկայանալ, ապա խանգարող բան չի կարող լինել, «մենք ունենք մեր դիրքորոշումը, ձեւավորած կառավարությունն ու դրա գործունեության ծրագիրը, որին համահունչ իրականացնում ենք մեր քաղաքականությունը… Իսկ իշխանություններին չի անհանգստացնում այդ հանրահավաքը եւ «ընդդիմություն գումարած այլընտրանք» ալյանսը»:

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի այն խոսքին, թե իշխանությունը պետք է հեռանա, պատգամավորը պատասխանեց, որ կմեկնաբանի, երբ դա հստակ արվի եւ ոչ թե արվի, հետո հերքվի… Երբ եռյակի առաջնորդները այդ մասին հայտարարեն, մենք մեր ասելիքը կասենք…

Վաշինգտոնը տապալեց Զարուհու ձիուն

«Ես բացարձակապես ժամանակ չունեմ որեւէ քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշում չներկայացնող մի ինչ-որ տիկնոջ անձնական մտավարժանքները եւ տվայտանքները մեկնաբանելու»,- ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները: Իսկ «Ժառանգության» անդամը, ով նախկինում կուսակցության «ձիու վրա էր», ԱՄՆ-ից վերադառնալուց հետո մնացել է առանց ձիու… եւ միայնակ է իր քայլերն անում: Նա օրերս «թելադրել է» եռյակին, թե ինչ պետք է անել: Առաջին պայմանն է, որ «Ժառանգություն», ՀԱԿ եւ ԲՀԿ խմբակցությունները ՀՀ ԱԺ-ում  սկսեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկ անելու գործընթացը: Հաջորդիվ արդեն գրեթե հրահանգ է տրվում ԲՀԿ-ին, որպեսզի այդ ուժը հայտարարի, որ «ճանաչում է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին որպես հանցագործների ու հետամուտ է լինելու նրանց քրեական հետապնդմանը եւ օրինական դատավճռով ազատազրկմանը»: Սա պետք է «վերահաստատվի նաեւ ՀԱԿ-ի ու «Ժառանգության» կողմից»:

Ահա այս ամենը եւ էլի նման բաներ՝ 8 կետից բաղկացած, ԲՀԿ-ական պատգամավորը զայրացած որակել է «ինչ-որ տիկնոջ անձնական մտավարժանքներ եւ տվայտանքներ»…

«Լուսանցք» թիվ 33 (338), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։