Բեռն ավելանում է, շլինքներս՝ բարակում – ԱՀԿ-ն ՀԲ-ից եւ ԱՄՀ-ից պուպու՞շ է… Մեր երկրի պարտքը 4 մլրդ. դոլարից ավելի է, իսկ մենք դեռ խոսում ենք 711 մլն. էլ ավելացնելու մասին…

Վաշինգտոնյան այցն ավարտելով՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը մամուլի ասուլիս հրավիրեց եւ ասաց, թե Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը շատ գոհ են Հայաստանից եւ պատրաստակամ են ընդլայնել ու խորացնել հարաբերությունները մեր երկրի հետ:

Ոչ պաշտոնական լեզվով ասած՝ սա նշանակում է, որ Հայաստանը խելոք պարտատեր է, ճիշտ ժամանակին է փակում իր պարտքերը, եւ միջազգային այս խոշորագույն երկու ֆինանսական կազմակերպությունները դեմ չեն լինի էլի գումարներ տալու:

Կարեն Ճշմարիտյանը հստակեցրեց, որ միայն ՀԲ-ի երկրի գործընկերության 2014-2017թթ. ռազմավարության շրջանակներում պլանավորված է 711 մլն դոլար վարկային փաթեթ 13 ծրագրերի համար՝ ներառելով հիմնականում տնտեսական աճի արագացման, մրցակցության խրախուսման եւ աշխատատեղերի ստեղծման, առեւտրի խթանման ու որակի ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության եւ տեղական տնտեսության զարգացման, սոցիալական ծառայությունների արդյունավետության եւ հանրային կառավարման բարելավման ուղղությունները:

Այսօրվա դրությամբ մեր երկրի պարտքը 4 մլրդ դոլարից ավելի է, իսկ մենք դեռ խոսում ենք 711 մլն էլ ավելացնելու մասին: Վտանգավոր չէ՞ արդյոք սա երկրի համար:

Այս հարցին ի պատասխան նախարարը հանգիստ տոնով ասաց. «Այդ պարտքն ամեն տարի մարվում է եւ այսօր կարող ենք նշել, որ մենք պիկը հաղթահարել ենք»:

Ու ընդհանրապես, որպեսզի այդ անխիղճ լրագրողները ժողովրդին չվախեցնեն միլիարդավոր դոլարների պարտքի մասին գրելով, նախարարը մի ճառ կարդաց: Այն է՝ խորհուրդ տվեց արտաքին պարտքի վերաբերյալ հարցերը քննարկելիս Հայաստանի Հանրապետության տնտեսությունը դիտարկել որպես մեկ միավոր. «Այսինքն՝ Հայաստանը մեկ տնտեսական միավոր է համաշխարհային տնտեսության մեջ, իսկ ցանկացած տնտեսական միավոր իր գործունեությունը կազմակերպելիս որոշակի պարտքային բեռ է իր վրա վերցնում՝ հաշվի առնելով իր տնտեսական հնարավորությունները, իր տնտեսության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաեւ իր հետագա հնարավորությունները՝ այդ պարտքերը կառավարելու, տնտեսությունը զարգացնելու առումով: Ուստի,  շեշտադրումը հետեւյալը պիտի լինի՝ մենք դա կարո՞ղ ենք կառավարել, թե՞ ոչ, որքանով են դրանք նպաստում մեր տնտեսության արդյունավետության բարձրացմանը, երկարաժամկետ զարգացման համար հետագայում այդ բեռը որքան է լինելու»:

Լա՛վ է ասված, պարոն Ճշմարիտյան, բայց ընդունեք, որ այս դասախոսական ոճը սազական է, ասենք, փիլիսոփայության դասաժամերին, բայց ոչ այն պարագայում, երբ դա դուրս է գալիս էկոնոմիկայի նախարարի բերանից: Այդտեղից պիտի գործնական խոսք դուրս գա: Օգնե՛նք Ձեզ՝ իսկ Ձեր ասած հաշվարկները անու՞մ է մեր գործադիրը:

«Իհարկե, անում է,- հնչեց պատասխանը,- եւ մենք  երբեք ՀՆԱ-ի աճից առավել մեծ բեռ չենք վերցրել: Պարտքի կառավարման հարցում ՀՀ-ի հնարավորությունները շատ ավելի մեծ են, պարզապես պետք է այդ հնարավորությունները առավել արդյունավետ օգտագործել: Ամեն ինչ պայմանավորված է այն բանով, թե որքանով ենք կարողանում ճիշտ կառավարել տնտեսությունը: Այնպիսի հարաբերություններ պետք է ստեղծենք իրական հատվածում, որը կապահովի տնտեսության հետագա արդյունավետ զարգացումը»:

Ոչ պաշտոնական լեզվով ասած՝ սա նշանակում է, որ քանի դեռ ՀՀ-ին պարտք են տալիս, ՀՀ-ն պիտի վերցնի: Իսկ մարելու համար թող պինդ մնան սերունդների շլինքները: Ասա՝ թերսնված սերնդի շլինքի պի՛նդը ո՞րն է:

ԱՀԿ-ն ՀԲ-ից եւ ԱՄՀ-ից պուպու՞շ է

Արդեն գոնե մոտավոր հայտնի՞ է, թե ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ի՞նչ խստացումներ է անելու Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը: Թե՞ այդ ամենի մասին հնարավոր կլինի խոսել միայն 2015թ. հունվարի 1-ից հետո:

Հարցիս ի պատասխան էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը պարզաբանեց, որ ԱՀԿ-ն, որպես կազմակերպություն, պահանջներ ոչ մեկի նկատմամբ չի դնում՝ ի տարբերություն ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի: ԱՀԿ-ի պարագայում պայմանագրեր կնքվում են անդամ երկրների միջեւ: ԱՀԿ-ն այն հարթակն է, որը կազմակերպում է անդամ երկրների միջեւ ընթացող բանակցություները: Այսինքն՝ անդամ երկրներից մեկը կարող է Հայաստանին հրավիրել բանակցությունների, որպեսզի փոխհատուցում լինի: Բայց խոսքը դրամային փոխհատուցման մասին չէ, այլ այն մասին՝ որ տվյալ երկրի կողմից ՀՀ արտահանվող մի ապրանքի դիմաց բարձրացած մաքսատուրքը փոխհատուցվի այդ երկրից ՀՀ արտահանվող մեկ այլ ապրանքի մաքսատուրքի նվազեցմամբ:

Այս պահի դրությամբ ԱՀԿ անդամ երկրներից այսպես ասած «մեսիջներ» ստացե՞լ ենք: Լրագրողներից մեկի հարցին էլ պարոն Ճշմարիտյանը պատասխանեց, թե ԱՀԿ-ի երկրները դեռեւս անհանգստացած չեն ԵՏՄ-ին անդամակցության շրջանակում Հայաստանում ներկրման մաքսատուրքերի փոփոխություններից: ԱՀԿ ոչ մի երկիր դեռ չի հայտարարել, թե Հայաստանը «կպել» է իր արտահանման շահերը:

Ասեմ, որ ԱՀԿ ոչ մի երկիր դեռ չի էլ կարող ինչ-որ բան հայտարարել, որովհետեւ Հայաստանը ԱՀԿ գործընկերներին պաշտոնապես չի տեղեկացրել նոր մաքսատուրքերի մասին. դա կանի միայն ԵՏՄ պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2015թ. հունվարի 1-ից:

«Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերները ժամանակից շուտ տեղեկացվել են նոր մաքսատուրքերի մասին: Եթե նրանք իրենք շահերին սպառնացող վտանգ տեսնեին, ապա կդիմեին մեզ բանակցությունների համար՝ ԱՀԿ շրջանակներում իրենց մաքսատուրքերի փոխհատուցումների մասով: Ոչ մի երկիր դեռեւս չի դիմել, հետեւաբար, ոչ ոք խնդիր չի տեսնում», – վստահ է նախարարը:

Ի դեպ, Վրաստանի եւ Ուկրաինայի հետ աշխատելու ենք նույն՝ ազատ առեւտրի ռեժիմով:

Կուզեմ հավատալ, որ ԱՀԿ-ն ոչ մի խստացումների չի գնա 2015թ. հունվարի 1-ից հետո: Չէ, նա չի խախտի ընթացակարգը, դա կանի կարգ ու կանոնի համաձայն՝ որեւէ անդամ երկրի միջոցով: Եվ այստեղ խոսքն ամենեւին էլ տնտեսության մասին չէ: Չեմ կարծում, թե ՀՀ-ն այնքան մեծ շուկա է որեւէ, ասենք, եվրոպական երկրի համար, որ նա մեր՝ ԵՏՄ-ին անդամակցության պատճառով տնտեսական վնասներ կրի: Բայց այ երբ գա քաղաքական պահը, կարող է պարզվել, որ Հայաստանի պատճառով այդ՝ որեւէ ընկերությունը ահռելի կորուստներ է ունեցել:

Իսկ ԵՏՄ-ին այդ ժամանակ առանձնապես չի հետաքրքրի Հայաստանի վիճակը:

Ի՞նչ է լինելու ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, մի նոր սովե՞տ ենք գլխներիս ունենալու: «Լա՛վ, էլի,-չքմեղանում է էկոնոմիկայի նախարարը,-ի՛նչ սովետ»:

Ասե՞մ ինչ սովետ, պարոն Ճշմարիտյան: Մաքսատուրքերի թանկացման հետեւանքով մնալու ենք, ասենք, ռուսական շոկոլադի հույսին ու չենք ուտելու (դու՛ք ուտելու եք, մե՛նք չենք ուտելու), ասենք, բելգիական շոկոլադ, որովհետեւ թանկ է լինելու: Չենք հագնելու եվրոպական հագուստ, մնալու ենք ռուսականի ու ղազախականի հույսին: Շարունակե՞մ, թե՞ սովետի արտադրող-սպառող փակ շղթան աչքներիդ առաջ եկավ: Ասենք՝ ձե՛ր չէ, մե՛ր աչքերի…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 33 (338), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։