Երբ աղմկում են նաեւ Արցախը զիջողները – …եւ այդ ժամանակ այլ երգ են երգելու, որը կոչվելու է ազգափրկություն՝ Արցախի հաշվին… Նորից ի հայտ է գալու հայաստանահայ սահմանազատումը…

- Մեր նախնիք լավ խոսք ունեն՝ ազգի անունը շահարկողը ազգի սրից էլ կընկնի..

Վաղուց է, ինչ ադրբեջանական եւ թուրքական համատեղ քաղաքականությունը փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունները սեւացնել ու նոր միջազգային ձեւաչափ մոգոնել Արցախի խնդրի կարգավորման հարցում: Քանիցս փորձել են դա կազմակերպել նաեւ եվրոպական կառույցների ներսում՝ արդեն հայտնի եւ ամոթալի խավիարային եւ նավթադոլարային դիվանագիտության միջոցով: Երբեմն հաջողում են իրենց նախաձեռնություններում, բայց դրանք երկար կյանք չեն ունենում, քանզի հենված են կաշառքի եւ սուբյեկտիվ հանգամանքների վրա, ոչ թե քաղաքական ու տնտեսական լուրջ հաշվարկների, որը կփոխեր համաեվրոպական տեսակետը:

Վերջին օրերի ԵԽԽՎ-ում կատարված իրարանցումը նույնպես այդ թեմային էր առնչվում: Ցավալին այն է, որ Բաքվի նավթադոլարականությունը «աջակցվում» է նաեւ Երեւանի քաղաքական երկակիությամբ, ինչը կամա, թե ակամա ոգեւորում է ադրբեջանական կողմին եւ քաջալերում ծախու եվրոպացի պատգամավորներին:

Մեր որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ արագ արձագանքեցին, թե հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի պահվածքը խայտառակություն էր: Եվ այն պատճառաբանությամբ, թե «ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի նիստը ավարտվել է ամոթալի սկանդալով՝ Ստրասբուրգում Հայկական պատվիրակությանը դուրս են հանել նիստերի դահլիճից»: Անգամ արձագանքներ եղան, որ «այդ խայտառակությունից հետո պետք է հետեւեր առնվազն մեկ հրաժարականի դիմում, բայց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը ձախողումից հետո դեռ ճամփորդում է ՀՀ պետբյուջեի հաշվին»:

Պետք է նշենք, որ մինչ այս դեպքն էլ արդեն խոսակցություններ կային, թե Հերմինե Նաղդալյանին ԵԽԽՎ-ում պատրաստվում է փոխարինել «Ազատ դեմոկրատներ»-ը ներկայացնող պատգամավոր, նախկին ՀՀՇ-ական արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով ավելի փորձառու դիվանագետ է: Գուցե այս աղմուկը հենց դրա համա՞ր է: Բայց դեռ ոչինչ չի փոխվել:

Իսկ ընդդիմդիր մեկնաբանները բողոքում են, որ ԱԺ փոխխոսնակը, ով ղեկավարում է մեր պատվիրակությունը, ոչ միայն չկարողացավ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում կանխել, այլեւ՝ անվանափոխել «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույց-բանաձեւի ընդունումը: Իբր մեր ներկայացուցչի ոչ խոհեմ պահվածքի պատճառով նիստի ժամանակ անջատել են նրա խոսափողը, դադարեցրել հայերեն թարգմանությունն ու հայկական պատվիարակությանը դուրս են հանել նիստերի դահլիճից… Սակայն այս ամենը չխանգարեց, որ Հայաստան գալով նա ԱԺ նախագահ ալուստ Սահակյանին ուղեկցեր Վրաստանում:

Ըստ այս կողմի վերլուծության՝ Հերմինե Նաղդալյանը փորձել է դիմագրավել ԵԽԽՎ-ում ընդունված «Բռնության սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրով ադրբեջանամետ զեկույցին, «բայց դա արել է ոչ թե դիվանագիտական ընդունված ձեւերով, այլ  գործի է դրել գոռգոռալով խոսելու գործելաոճը»: Դեռ ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկից առաջ հայտնի էր, որ ադրբեջանական պատվիրակությունը շրջանառության մեջ է դրել այդ զեկույցը, իսկ փաստաթղթի զեկուցող էլ նշանակվելու էր ադրբեջանամետ կեցվածքով հայտնի պատգամավոր Ռոբերտ Վալտերը: Ու չնայած այդ հանգամանքին, հայկական կողմը քայլերը նախաձեռնել է, երբ բանը բանից անցել էր եւ զեկույցի ընթացքն այլեւս հնարավոր չի եղել կասեցնել:

Եվ իբր նստաշրջանի ժամանակ է ԵԽԽՎ բյուրոյում հայկական կողմը փորձել տապալել զեկույցի ընդունումը, սակայն ապարդյուն՝ 41 կողմ, 71 դեմ ձայների հարաբերակցությամբ հայ պատվիրակների նախաձեռնությունը մերժվել է: Հետո հարցը քննարկվել է ԵԽԽՎ քաղաքական կոմիտեում, եւ այստեղ մեր պատվիրակության ղեկավարը «գործի է դրել իր ոչ դիվանագիտական կարողությունները»: Իբր նա չի խորհրդակցել հայկական պատվիրակության անդամներից որեւէ մեկի հետ եւ ինքնագլուխ է որոշել ելույթ ունենալ: Նշվում է, թե «քաղաքական կոմիտեի քարտուղար Դորա Բակոյանիսը մի քանի անգամ փորձել է ընդհատել Հերմինե Նաղդալյանին՝ ասելով. «Դադարեցրեք, տիկին», սակայն ՀՀԿ-ական պատգամավորը շարունակել է ավելի բարձր տոնով եւ նրա ելույթի թարգմանությունն ընդհատվել է, անգամ անջատել են բարձրախոսը: Մթնոլորտը շիկացել է ու ԵԽԽՎ պատվիրակներից մի քանիսը սուլել են մեր ներկայացուցչին, նրա ուղղությամբ թղթեր նետել»: Հայ պատվիրակների ղեկավարը ավարտել է «շուկայի վեճի նմանվող իր ելույթը եւ հեռացել է դահլիճից»: Բայց արագ վերադարձել է եւ պատվիրակության ու ՀՀ ԱԺ անունից հայտարարել, թե Հայաստանը չի համագործակցի համազեկուցողների հետ, քանի որ խնդիր է տեսնում ԵԽԽՎ-ի հետ հետագա համագործակցության առումով: «Ապա դուռը շրխկացնելով կրկին դուրս է եկել՝ բոյկոտելով քաղաքական կոմիտեի աշխատանքները: Եվրոպացի պատվիրակները շատ վատ են ընդունել կատարվածը, անգամ հայանպաստ դիրքորոշում ունեցողներն են տարակուսել»,- տեղեկացնում են ընդդիմադիր մեկնաբանները:

Եթե բավարարվեինք միայն այսքանն ընթերցելով, ապա կստացվի, որ Ադրբեջանը կատարյալ հաղթանակ տարավ եւ՛ զեկույցի վերնագրի պահպանման, եւ՛ այլընտրանքային թեկնածուի փոխարեն ադրբեջանամետ Ռոբերտ Վալտերի հաստատման հարցում:

Բայց տեսնենք, թե ինչ է ասում «մեղավորը»: Իսկ ըստ Հերմինե Նաղդալյանի, այդ օրը ԵԽ-ի կողմից էական նահանջ ունեցանք՝ եվրոպական արժեքների ու չափանիշների պահպանման իմաստով, «ամիսներ, տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոբբին շրջանառում է հակահայ, հակաղարաբաղյան նախագծեր, որոնցից մեկի մշակումը անցած շաբաթվա ընթացքում հաստատվեց անընդունելի՝ «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրով: ԵԽԽՎ-ն չունի նման մանդատ (սա ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատն է) ու հնարավորություններ, նաեւ փորձ, որպեսզի կարողանա մտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի մեջ, ինչը նշանակում է, որ նշված զեկույցի որոշման գոյությունը վկայությունն է նրա, որ ունենք ԵԽ կողմից էական նահանջ եվրաարժեքների ու չափանիշների իմաստով: Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում պարտվողական, ոչ ադրբեջանանպաստ խնդիրների պարագայում Ադրբեջանը փորձում է ԵԽ-ից պոկել ինչ-որ մի փաստաթուղթ, որն իրեն հնարավորություն կտա օգտագործել հետագայում իր քարոզչության համար»,- ասել է ԱԺ փոխխոսնակը եւ հավելել, որ այսպիսի սուբյեկտիվ, կաշառված, կասկածելի տեղեկություններով ու մոտեցումներով Եվրոպայի խորհուրդը պարզապես իրավունք չունի գործընթացը տանելու:

Ըստ նրա, քննարկումը սուր է եղել, բայց «միամիտ» դատողություններով պետք չէ ղեկավարվել: «Մամուլում էլ եմ կարդացել, իբրեւ հայկական պատվիրակությանը դուրս են արել եւ այլն: Նման բան չի եղել ու դա հնարավոր չէ, չկա էլ նման գործիքակազմ կամ դրույթ, որի հիման վրա ԵԽ որեւէ հանձնաժողովում կամ նիստում մի պատվիրակությանը դուրս հանեն: Այսինքն՝ գրել ու հայտարարել նման բաները ես համարում եմ ոչ այլ ինչ, քան ոչ ադեկվատ վերաբերմունք, որը միտված է միայն մեկ բանի՝ սեւացնելու, բայց բոլորովին զուրկ է փաստարկներից ու նաեւ տրամաբանությունից»… Ադրբեջանական կայքերի վերարտադրությունը եւ հրճվանքով տարածումը ոչ մեր լրագրողական, ոչ էլ պատգամավորական կորպուսի ներկայացուցիչների կողմից ընդունելի չի համարում Հերմինե Նաղդալյանը. «Քննարկումը լարված էր, ինչը բացատրվում է այն հանգամանքով, որ ունեինք լուրջ հակառակորդներ, ընդհուպ մինչեւ քաղաքական հանձնաժողովի ղեկավար կազմում եւ իրենք օգտագործեցին իրենց հնարավորությունները, որպեսզի անգամ թույլ չտան հարցի քննարկումը: Բայց մեր խնդիրն էլ նրանում էր, որպեսզի կարողանանք ինչքան հնարավոր է բարձրաձայնենք փաստարկները»:

Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ազատ քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը, ով անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի մասին բյուրոյի վերջին որոշմանը, ըստ որի ԵԽԽՎ քաղաքական հարցերի կոմիտեն պետք է զեկույց պատրաստի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Նա նշել է, որ այսօր ամբողջ աշխարհը ցնցված է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների կազմակերպած վայրագություններից: Անհնար է պատկերացնել, որ դաժանության, անողոքության՝ ծայրահեղականության նման գործողությունները իրականացվում են 21-րդ դարում: Իսլամիստ ծայրահեղականները ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի քաղցկեղ են, եւ մենք բոլորս ընդունում ենք, որ այն արմատախիլ անելը հրատապ խնդիր է: Նշվել է, որ կարեւոր է գիտակցել, որ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մենք չարիքը անվանեցինք ժողովրդավարություն. «Այս համատեքստում ես ցանկանում եմ խոսել ԵԽԽՎ-ում ստեղծված իրավիճակի մասին: Այն մեր տունն է, ուստի այստեղ կարող ենք ազատորեն խոսել մեր խնդիրների մասին: Խոսելով եվրոպական արժեքների եւ չափանիշների մասին՝ թույլ տվեք անցկացնել համեմատականներ եվրոպական արժեքները դրսից ոչնչացնողների եւ այն մարդկանց միջեւ, ովքեր անում են նույն բանը ներսից, այսինքն՝ ԵԽԽՎ այն անդամները, ովքեր խեղաթյուրում են եվրոպական արժեքները նավթադոլարների դիմաց»:

Հայ պատվիրակը հայտնել է, որ վերջիններս ավելի վտանգավոր են. «ISIS-ն առնվազն չի թաքցնում իր մտադրությունները՝ ի տարբերություն նրանց, ովքեր կատարում են իրենց տերերի հրամանները (իսկ մենք բոլորս գիտենք նավթադոլարներ բաժանողներն ովքեր են)՝ քողարկելով դրանք կեղծ եվրոպական արժեքային համակարգի շղարշով: Ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել օրինակով: Բոլորովին վերջերս Բյուրոն որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախաձեռնություն ուղարկել ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողով՝ զեկույց պատրաստելու համար»:

Հայ պատվիրակը նաեւ ընդգծել է, որ մի քանի պատճառներ կան, որոնք կասկածի տակ են դնում նման որոշման իրավաչափությունը. Մինսկի խմբի՝ որպես այս հարցին առնչվող մասնագիտացված մարմնի գոյությունը, որին բոլոր կողմերը տվել են իրենց համաձայնությունը եւ ընդունել դրա իրավասությունը: Եվ որ ավելի կարեւոր է՝ Եվրոպական միությունը տարիներ շարունակ աջակցում է միջազգային ձեւաչափը: Նա անհամաձայնություն հայտնելով հարցն ուղղել է նրանց, ովքեր կարծում են, որ Խորհրդարանական վեհաժողովը այս հարցերում մանդատով է օժտված:

«Ո՞րն է ԵԽԽՎ-ի մանդատը, վեճերի լուծու՞մը: Արդյո՞ք այն ունի անհրաժեշտ միջոցներ եւ իրավասություն դրա համար: ոյություն ունի լուրջ բանավեճ Եվրոպական միության հետ՝ կապված Եվրոպայի խորհրդի իրավունքների եւ պարտականությունների շրջանակի ու իրավասության վերաբերյալ: Անգամ այս ամենը այդքան կարեւոր չէր լինի, եթե համոզմունք չլիներ, որ եւ՛ նախաձեռնության, եւ՛ զեկույցի ճակատագիրը արդեն որոշված է: Դա ակնհայտ է զեկույցի վերտառությունից»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը, այն է՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»:

Այս վերտառությունը չի արտացոլում ո՛չ ԵԱՀԿ-ի, ո՛չ Եվրոպայի խորհրդի, ո՛չ էլ առավել եւս Հայաստանի մոտեցումը, բայց այն արտացոլում է Բաքվի պաշտոնական դիրքորոշումը:

Այսպիսով՝ Եվրոպայի խորհուրդը, պատրաստվում է եվրոպականացնել Բաքվի պաշտոնական դիրքորոշումը եւ դարձնել Խորհրդարանական վեհաժողովը միլի մեջլիսի կցորդը: «Սա ասում եմ ցավով, որպես երիտասարդ խորհրդարանական, ով մինչ այս պահը հավատում էր եվրոպական արժեքներին»,- իր ելույթն ամփոփել է հայ պատվիրակը:

Ցավալի է հատկապես այն փաստը, որ որոշ ընդդիմադիրներ (եւ՛ գործիչներ եւ՛ լրագրողներ), որ ժամանակին պատրաստ էին բացահայտ զիջումների գնալ Արցախի եւ ազատագրված տարածքների հաշվին, այսօր որեւէ առիթ բաց չեն թողնում «Արցախի շահերը պաշտպանելու» եւ «Հայաստանի ապօրինի իշխանություններին» վատաբանելու համար:

Վստահ եմ՝ եթե հաջողվի նրանց նմաններին հասնել իշխանության մեծ աթոռին, ապա նորից պատրաստակամ են լինելու գնալ զիջումների (թե ում պատվերով, արդեն գաղտնիք չէ) եւ այդ ժամանակ այլ երգ են երգելու, որը կոչվելու է ազգափրկության՝ Արցախի հաշվին…

Նորից ի հայտ է գալու հայաստանահայ հասկացությունը, ումից բացի ոչ մեկի շահերը սրանք չեն պաշտպանելու: Արդեն տեսել ենք այս ամենը, եւ հաստատ շատերն այլեւս այն վերապրելու ցանկություն չունեն:

Այսօր իշխանությանը «արցախյան կլան» որակողների մի մասը ժամանակին Արցախը բեռ համարեց Հայաստանի համար, եւ փորձում էր հայրենիքի իր սահմանումը պարտադրել: Չհասկացան, որ ՀԱՅՐԵՆԻՔ-ը հանրաքվեով չեն ստանում, այն արարչատուր է, ամբողջական ու հավերժական:

Մեր նախնիք լավ խոսք ունեն՝ ազգի անունը շահարկողը ազգի սրից էլ կընկնի…

Արամ Ավետյան

Հ.Գ.- Հունական Mignatiou կայքը հրապարակել է հոդված՝ ԵԽԽՎ-ում հույն պատգամավոր, Հունաստանի Ա նախկին նախարար Դորա Բակոյանիսի գործունեության վերաբերյալ: Հոդվածը վերնագրվել է՝ «Ինչպես Դորան զայրացրեց հայերին»: Նշվել է, որ այսպես հարված հասցվեց հայ-հունական հարաբերություններին, քանզի ԵԽԽՎ-ում հույն պատգամավորը հանդես եկավ հօգուտ Ադրբեջանի բանաձեւի նախաձեռնության՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:

«Լուսանցք» թիվ 33 (338), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։