Հակամարտությունը թեժանում է, նավթը՝ էժանանում, ռուբլին՝ արժեզրկվում… Անկարան չի՛ նահանջում՝ «տարածաշրջանային գերտերության» ուրվականը… Թուրքիան ունի՞ արդյոք միջուկային զենք…

Ինչպես հայտնում են միջազգային զլմ-ները, նավթի գինը վերջերս նոր ռեկորդ է սահմանել: Նշվել է, որ ՕՊԵԿ-ի երկրների կողմից արդյունահանվող նավթի տեսակների զամբյուղի միջին գինը 2 տարում առաջին անգամ իջել է 90 դոլարի նիշից 1 բարելի դիմաց, նավթի մեծ առաջարկի պատճառով:

«Ռուսաստանի նավթ»-ը նույնպես անդրադարձել է այս խնդրին եւ գրել է, որ ՕՊԵԿ ներկայացուցիչները հայտնեցին, թե նավթի տեսակների զամբյուղի միջին գինը կազմել է 89,37 դոլար 1 բարելի համար, թեեւ 1 օր առաջ 1 բարելի գինը 90,40 դոլար էր: Նավթի գինն այսքան չէր նվազել 2012թ. հունիսից ի վեր:

ՕՊԵԿ երկրների կողմից արդյունահանվող նավթի տեսակների զամբյուղի միջին գինն այժմ ավելի էժան է, քան նավթի միջազգային մարկեր համարվող Brent տեսակի նավթի գինը: Այս տեսակի նավթի գինը դեռ պահպանվում է 1 բարելի դիմաց 90 դոլարի սահմանում:

ՌԲԿ-ն իր հերթին հայտնում է, որ Brent տեսակի նավթի ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել են 1,23 (-1,33%) դոլարով՝ 1 բարելի համար կազմելով 90,89 դոլար: Brent տեսակի նավթի գինը նվազել է 91 դոլարից վերջին տարում առաջին անգամ:

Արժեզրկվում է նաեւ ռուբլին. դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում կրկին հատել է «հոգեբանորեն կարեւոր» 40 ռուբլի 1 դոլարի դիմաց սահմանը: Տեղեկատվությունն ասում է, որ սակարկությունների առաջին կես ժամում ԱՄՆ արժույթի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 40,0025 ռուբլի 1 դոլարի դիմաց, որից հետո մի փոքր նվազել է ու տատանվում է եվրոյի «կլոր» նիշից ցածր սահմանում: Ռուբլու անկումը սկսվեց 2014թ. ամռանը: Արժույթի թուլացման պատճառներ են արեւմտյան երկրների հակառուսական պատժամիջոցները, որոնք անդրադարձել են բանկային, պաշտպանական, էներգետիկ ոլորտների վրա, եւ նավթի գների անկումը: Առաջին անգամ դոլարը հատեց 40 ռուբլու սահմանը հոկտեմբերի 6-ին: Իսկ 39 ռուբլի կազմող նախորդ «հոգեբանական» նիշը դոլարը պատմության մեջ առաջին անգամ հատեց սեպտեմբերի 26-ին: ՌԴ ֆինանսների նախարարության երկարաժամկետ ռազմավարական ծրագրման դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Օրեշկինը հայտնել է, որ էներգակիրների գնանկումը եւ արեւմտյան պատժամիջոցները կազմել են ՌԴ ՀՆԱ 4%-ը, որից 2%-ը բաժին է ընկնում պատժամիջոցներին: Ընդհանուր առմամբ, ըստ Fitch-ի գնահատականների, 2014թ. ակնկալվում է Ռուսաստանի տնտեսության ընդամենը 0,3% աճ: 2015թ. աճը կարող է կազմել 1%:

Բայց նավթի գնի համար  պայքար է ընթանում եւ աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սահմանվել են նավթի հետեւյալ գները. Լոնդոնի IհE բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0,10%-ով եւ կազմել 96,95 դոլար: Նյու-Յորքի NYMEX բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1,35%-ով եւ կազմել 92,80 դոլար:

Անի Մարության

Անկարան չի՛ նահանջում

Թուրքական իշխանություններն ամեն ջանք գործադրում են, որ առկա համաշխարհային եւ տարածաշրջանային հակամարտությունների ընթացքում կարողանան նոր ու շահեկան տնտեսական ծրագրեր իրացնել, ինչը հսկայական շահույթ կբերի Անկարային եւ կնպաստի «տարածաշրջանային գերտերության» թուրքական երազանքի իրականացմանը:

Պարսից ծոցի երկրները քննարկում են էլեկտրաէներգիայի ավելցուկի  արտահանման հնարավորությունը Եվրամիություն՝ Թուրքիայի տարածքով:

«Մեր տարածաշրջանում այսօր կա էլեկտրաէներգիայի ավելցուկ, որ մենք կարող ենք արտահանել տարածաշրջանից դուրս, մասնավորապես, հենց Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա ուղղությամբ»,- հայտնել է Սաուդյան Արաբիայի ջրային եւ էլեկտրաէներգիայի նախարարության ներկայացուցիչ Սալեհ ալ Ավաժին:

Ըստ նրա, այժմ բանակցություններ են ընթանում Անկարայի հետ՝ էլեկտրական համակարգը Թուրքիային միանալու առաջին փուլը սկսելու նպատակով:

Բացի այդ, Պարսից ծոցի երկրները սկսել են ուսումնասիրել միասնական տարածաշրջանային էլեկտրական համակարգի ընդլայնման հնարավորությունը, որպեսզի ապահովեն էլեկտրաէներգիայի մատակարարումը, եթե ստեղծվեն հանկարծ  արտակարգ իրավիճակներ:

Այսպես Արեւմուտքը գործում է տարբեր ուղղություններով, դիմում տարբեր գարծարքների, որպեսզի ազատվի ռուսական էներգետիկ կախվածությունից:

Թուրքիան ունի՞ արդյոք միջուկային զենք

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ եռակողմ խորհրդակցությունները կայացան Ժնեւում: Ծրագրի շուրջ ԱՄՆ-ի, Իրանի եւ ԵՄ-ի դիվանագետների միջեւ եռակողմ խորհրդակցությունները վերջնական արդյունքի չհասան նաեւ այս անգամ:

ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարում էր պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը եւ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը: Իրանի անունից բանակցությունները վարել է փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին, իսկ Եվրամիությունը ներկայացնում է անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի տեղակալ Հելգա Շմիդը:

Խորհրդակցությունների մասնակիցները փորձել են խուսափել մամուլի ուշադրությունից, անգամ փոխել են բանակցությունների համար նախատեսված մշտական վայրը՝ «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցը՝ բանակցությունները վարելով Ժնեւի լճի մոտ գտնվող մեկ այլ շքեղ հյուրանոցում: Լրագրողների հետ որոշ չափով շփվել է միայն Աբբաս Արաքչին, ով ասել է, թե մի քանի հարց է մնում, որոնք անհրաժեշտ է լուծել՝ նախքան Վիեննայում հանդիպումը, որը կանցկացվի Իրանի եւ «վեցնյակի» ներկայացուցիչների միջեւ:

Մինչ Արեւմոտքը փորձում է վերջնականապես համոզվել Իրանի՝ միջուկային զենք չունենալու հարցում, Իրաքի եւ Սիրիայի տարածքներում Իսլամական խալիֆություն հիմնած ծայրահեղ իսլամականները ծրագրել են Թեհրանից գողանալ միջուկային ծրագրերի փաթեթը:

Հետաքրքիր է, վերջերս որոշ կայքեր արծարծեցին նաեւ այսպիսի մի վտանգավոր հարց՝ «Իսկ Թուրքիան ունի՞ արդյոք միջուկային զենք»…

Չի բացառվում, որ մտահոգություն կա, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցող Անկարան նույնպես շահագրգռված է իրանական միջուկային հնարավորություններին տիրանալու խնդրով:

Հատկապես, որ վերջին ժամանակներս ամերիկյան հետախուզությունը հաճախ է նկատում թուրքերի եւ իսլամական ահաբեկիչների հանդիպումները Իրաքի տարածքում:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 33 (338), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։