Ուշացնում ենք՝ թշնամուն օգնելով – թյուրքական ծավալապաշտության դեմ պետք է բացահայտ գործի մեկ երկիր գոնե, որ գործը դառնա միջազգային հակախաղ…

Տարածաշրջանային խնդիրները փողկապակցված են ռազմական, քաղաքական ու տնտեսական առումներով, ինչը ստիպում է, որ երկրի իշխանությունները յուրաքանչյուր «բարձր հանդիպում» օգտագործեն հայկական շահերի համապարփակ քննարկման համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում, որտեղ էլ քննարկեցին Հարավային Կովկասի կայունությանը եւ անվտանգությանը վերաբերող տարաբնույթ հարցեր: ՀՀ նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները եւ Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ-ի ու նրա կառույցների գործունեությանը:

Ինչպես ՄԱԿ-ը, այնպես էլ Եվրոպական կամակերպությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ զուգահեռ կարեւորում են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերսկսումը: Բայց Երեւանը վաղուց ապացուցել է, որ երկու դեպքում էլ խոչընդոտող կողմը թուրքական է. Բաքուն չի հրաժարվում իր ռազմատենչ հայտարարություններից ու սահմանամերձ գոտիներում իրականացվող սադրանքներից, իսկ Անկարան հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը նախապայմանների խաղի է վերածել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվում է բանակցել Արցախի անկախության խնդրի շուրջ՝ հայտարարելով, որ Արցախը չի կարող անկախ լինել, առավել եւս վերամիավորվել Հայաստանին եւ պիտի լինի բացառապես ադրբեջանական տարածք: Սա չի կարող Արցախի եւ արցախահայերի խնդրի լուծման հիմք լինել, ուստի Բաքուն իր մեծ եղբորը՝ Թուրքիային համոզել է հայ-թուրքական երկկողմ հարաբերությունները վերածել հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հարաբերությունների, ինչը անիմաստ է դարձրել բոլոր միջազգային ջանքերը հայ-թուրքական կոչված սահմանը վերաբացելու եւ առկա հիմնախնդիրներին անդրադառնալու առումով: Սակայն, ինչպես Եվրոպական Միությունն ու Միացյալ Նահանգները, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը բավարարվում են միայն բարձրագոչ հայտարարություններով ու մեղավորներին առանց պատժի թողնելու երկիմաստ գործունեությամբ:

Հայ-թուրքական հարաբերությունները չեն նորմալանա, մինչեւ չկարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. այսպես Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ արտահայտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է այս մասին, ինչը «անտեսվում է Հայաստանի կողմից»: Թուրքիայի նախագահը չի մոռացել մեկ անգամ եւս հիշեցնել, որ իր երկրի ղեկավարների այցերն Ադրբեջան ավանդական են դարձել, եւ դա վկայությունն է, թե որքան ամուր են երկու երկրների հարաբերությունները եւ այսօր էլ իրենք դիտարկել են Թուրքիայի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր, հագործակցության հեռանկարները: Երեւանին էլ լսեցրել են, որ «Ադրբեջանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերություններն այսուհետ պետք է ավելի խորանան»:

Անկարան եռանդուն է սկսել գործել նաեւ Միջին Ասիայում, փորձում է Սեւծովյան  իր դիրքերը տեղափոխել նաեւ Կասպիցծովյան ավազան, իհարկե Ադրբեջանի, Թուրքմենստանի ու Ղազախստանի օգնությամբ: Հստակ է, որ սա կապահովի անկարայի ծավալապաշտական նկրտումները եվրոպական Բալկաններից մինչեւ չինական Ույղուրստան, իսկ սա այսպես կոչված «Մեծ Թուրանի» առանցքն է:

Մի՞թե պաշտոնական Բրյուսելում, Վաշինգտոնում եւ Մոսկվայում սա չեն նկատում: Իհարկե, նկատում են, սակայն յուրաքանչյուրը իր խաղն է տանում Անկարայի հետ: Եվ պետք է հայտնվի մեկ երկիր գոնե, որ տանի հակախաղ: Դա առավել ազդեցիկ եւ պատմական ակունքներից սնվելով կարող են անել Հայաստանը, Հունաստանը կամ Իրանը: Հունաստանը համաթուրանական ծրագրի մի ծայրամասում է եւ դեռ չի զգում այդ իրական վտանգը, Իրանն էլ այդ ծրագրի մի հատվածն է ընտրել որպես թիրախ եւ պայքարում է «Մեծ Ադրբեջան» ստեղծելու Բաքվի զառանցանքների դեմ: Մնում է Հայաստանը, որի պայքարը համաթուրքական դաշինքի դեմ ունի ինչպես պատմական, այնպես էլ իրավական, քաղաքական ու այլ հիմնավորումներ:

Երեւանը արդեն իսկ պիտի սկսած լիներ նման պայքար, քանի որ Հայաստանից բռնազավթված մեկ այլ տարածքում՝ Նախիջեւանում համաթուրքական համաժողով անելիս (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան) որոշում են կայացրել ոչ միայն Արցախը նորից բռնակցել Ադրբեջանին, այլեւ Զանգեզուրը, այսօրվա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզը:

Պաշտոնական Երեւանի կողմից այս հարցերի բարձրացումը եւ «Մեծ Թուրանի» վտանգների միջազգայնացումը հաստատ աջակիցներ կգտնի ինչպես Եվրոպայում՝ ի դեմս Հունաստանի, Կիպրոսի, Սերբիայի եւ այլ երկրների, այնպես էլ Ասիայում՝ ի դեմս Չինաստանի, Սիրիայի, Իրանի եւ ուրիշ երկրների, նաեւ աշխարհի այլ անկյուններում:

Բայց ձայն չկա, եւ Անկարան ու Բաքուն իրենց մտահաղացումները դարձրել են նաեւ գործիք, որը գործածում են գերտերությունների հետ հարցեր ունենալիս, այդ թվում՝ հակահայկական հարցեր:

Պաշտոնական Երեւանից ակնկալվում է վերոնշյալ հնարավոր հակաթուրք երկրների հետ տարածաշրջանային դաշինքներ ձեւավորելն ու գործի անցնելը:

Արման Դավթյան

Հ.Գ. – Սպորտը նաե՛ւ քաղաքականություն է

«Վճռականորեն դատապարտում եմ Սերբիա-Ալբանիա խաղի ժամանակ կատարվածը»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը՝ մեկնաբանելով այն միջադեպը, որը գրանցվել է Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի Սերբիա-Ալբանիա հանդիպման ժամանակ: Իսկ հանդիպման ընթացքում ծեծկռտուք է եղել ինչպես մարզասերների, այնպես էլ մարզիկների միջեւ: «Ֆուտբոլը չպետք է օգտագործվի քաղաքական նկատառումներով: Ես վճռականորեն դատապարտում եմ երեկ Բելգրադում կատարվածը»,- գրել է Բլատտերն իր թվիթթերյան էջում:

Հիշեցնենք, որ Ալբանիան վաղուց է ծրագրել «Մեծ Ալբանիա» ստեղծել սերբական տարածքների հաշվին, ինչպես Ադրբեջանն է երազում «Մեծ Ադրբեջան» տեսնել հայկական (նաեւ պարսկական) տարածքների վրա:

«Լուսանցք» թիվ 33 (338), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։