Թուրքիան մասնատվու՞մ, թե՞ նոր հողերի է տիրում – Չի բացառվում նաեւ, որ Թուրքիայի մասնատման վտանգը պատրվակ սարքելով՝ ԱՄՆ-ն կփորձի զորքեր տեղակայել Իրաքի ու Սիրիայի (նաեւ Իրանի) սահմանների մոտ…

Թուրքիան կարծես վերածվել է մի փորձարարական ռազմադաշտի, շարունակվում են արյունալի բախումները տարբեր բնակավայրերում: Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Արդվինում, Հաքքարիում, Դիարբեքիրում, Անթալիայում, Թունջելիում, Մուշում, Վանում եւ մի շարք այլ քաղաքներում զինված բախումներ են ընթանում:

Հյուսիսսիրիական՝ հիմնականում քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման հարձակումների դեմ Թուրքիայում բողոքի ցույցերի դուրս եկած հազարավոր քրդեր ընդհարումներ են ունեցել ոստիկանական ուժերի հետ: Վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ եւ ռետինե փամփուշտներ, բախումների ժամանակ գործադրվել է նաեւ հրազեն: Այս առիթով անգամ բանտարկված Աբդուլահ Օջալանը հայտարարություն տարածեց, որ Անկարայի կողմից քրդերին ճնշելու փորձերը չդադարեցնելու դեպքում՝ ինքը նոր կոչ կանի միասնական զինված պայքարը վերսկսելու:

Ընդ որում՝ բախումներ են տեղի ունեցել ոչ միայն ցուցարարների ու ոստիկանների միջեւ, այլեւ Քոբանիի դեպքերի համար բողոքի դուրս եկած քրդերի ու թուրքական ազգայնամոլ խմբերի միջեւ: Էրզրումում մի խումբ ազգայնամոլներ խոհանոցային դանակներով զինված հարձակվել են ցուցարարների վրա եւ մարմնական վնասվածքներ հասցրել նրանցից շատերին: Թուրքիան այսպես կարող է իսկապես վերածվել ռազմադաշտի, ինչի դեպքում չի բացառվում, որ կաշխուժանան նաեւ մյուս ազգային ու կրոնական փոքրամասնությունները:

Ինչեւէ բախումները շարունակվում են, արդեն կամ բազմաթիվ զոհեր ու վիրավորներ երկուստեք: Վանում բողոքի քայլերթի դուրս եկած ցուցարարները մոլոտովյան կոկտեյլներով հրկիզել են նաեւ Աթաթուրքի արձանը: Փողոցային անկարգություններն ու արյունահեղությունը դադարեցնել կարողանալու համար թուրքական իշխանությունները 6 նահանգներում (Վան, Մուշ, Դիարբեքիր, Մարդին, Բաթման եւ Շիիրթ) փողոց դուրս գալն արգելող հրահանգ են արձակել:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ դաշինքի գլխավոր հենարանը տարածաշրջանում, բայց Անկարայի տարածաշրջանային գերտերություն դառնալու խաղերը անհանգստացնում են ինչպես Արեւմուտքին, այնպես էլ Ռուսաստանին եւ Արեւելքին:

Սակայն Արեւմուտքին մտահոգել է նաեւ Թուրքիայի հնարավոր մասնատման խնդիրը: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հայտարարությունը դա է վկայում, ով նշել է, որ իրենց գլխավոր խնդիրն է Թուրքիայի տարածքային ամբողջականության պաշտպանությունը. «Կա ցամաքային ուժեր տեղակայելու հավանականություն, եթե մենք տեսնենք անվտանգությանը սպառնացող որեւէ գործողություն»: Սակայն, ըստ ՆԱՏՕ-ական ղեկավարի, տարածաշրջանային իրադարձութիւնների խորապատկերին առկա քաղաքական տրամաբանությունը դեռ չի հուշում նման բան:

Թվում է՝ ՆԱՏՕ-ն անհանգստացած է Թուրքիայի ամբողջականությամբ, սակայն հայտնի են աշխարհի վերաբաժանման Արեւմուտքի մի շարք ծրագրեր, որոնցում Թուրքիան մասնատվում է մի քանի մասերի: Եվ այս հայտարարությունը միանշանակ չէ, ինչը հասկանում են նաեւ Անկարայում:

Չի բացառվում նաեւ, որ Թուրքիայի մասնատման վտանգը պատրվակ սարքելով՝ ԱՄՆ-ն կփորձի զորքեր տեղակայել Իրաքի ու Սիրիայի (նաեւ Իրանի) սահմանների մոտ, ինչը չկարողացավ անել Սիրիայի իշխանությանը տապալելու փորձի ժամանակ, քանի որ դրան դեմ եղան Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը:

Իսկ Անկարան կհամաձայնի, եթե ինչ-ինչ շահեր ունենա, հաստատ կգնա նման «անմեղ» քայլի՝ փորձելով ի՛ր շուրջը (իբր տարածքային ամբողջականությունն է պաշտպանում) չբարդացնել նաեւ միջազգային իրավիճակը:

Եթե հարցը առաջին տարբերակով զարգանա՝ Թուրքիայի մասնատմամբ, ապա Հայաստանն ու հայությունը եւս անելիք ունեն ու շատ հստակ՝ անգամ կտրուկ քայլերի դիմելով:

Արեւմտյան Հայաստանի խնդիրը չի կարող քրդական հարցի վերածվել՝ թուրքական պատանդությունը քրդականի փոխելով:

Եթե հարցը զարգանա երկրորդ տարբերակով՝ ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայմամբ, ապա վտանգավորն այն է, որ Անկարան իր «զոհողությունների» դիմաց Արեւմուտքից կպահանջի սիրիական եւ իրաքյան նավթա-գազաշատ որոշ շրջանների բռնակցումը, ինչը Թուրքիային կդարձնի տարածաշրջանային անփոխարինելի մի տարանցիկ երկիր, որը նաեւ իր սեփական հումքա-հանքային պաշարները կառաքի Եվրոպա:

Այս դեպքում թուլանում է ինչպես Հայաստանի քաղաքական կարգավիճակը, այնպես էլ Իրանի ու Սիրիայի: Իսկ դա նոր հնարավորություններ է տալիս ոչ միայն Թուրքիային, այլեւ՝ Ադրբեջանին՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետեւանքներով:

Հայաստանը չի կարող վստահ լինել ոչ ԱՊՀ-ՀԱՊԿ-ի, ոչ էլ առավել եւս ԵՏՀ-ՄՄ-ի աջակցության վրա:

Սրանք բազմիցս խաղեր տվեցին այս ընթացքում թյուրքական երկրների հետ, իսկ մեզ բարեկամ կոչված Ռուսաստանը արդեն որերորդ անգամն է միլիարդների հասնող զենք վաճառում թշնամի Ադրբեջանին:

Նշանակում է՝ պաշտոնական Երեւանը որեւէ իրավունք չունի այսօր թեքվելու համաշխարհային այս կամ այն բեւեռի կողմը՝ առանց հստակ եւ աներկբա պայմանների, հասկանալի ու նպատակային պայմանագրերի, դրանցից բխող հաջորդական քայլերի:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 33 (338), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։