«Սասունցի Դավիթ» դիցազներգության դիցազնական խորհրդանիշերը (մաս 1-ին) – Դիցազուն բառը Աստվածամարդ բառին նույնանիշ բառ է – Քուրմ Մանուկ (ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբ)

«Սասունցի Դավիթ» էպոսում պես-պես խորհրդանիշերը ներկայացված են աստիճանակարգության սկզբունքով. ա) դիցական բնույթի՝ տիեզերական բացարձակ զորություններ (խորհուրդներ) արտահայտող եւ նրանց հետ անմիջականորեն կապված խորհրդանիշեր (Տեր Կենդանի, Աստվածածին, Աստված, Խաչ Պատերազմի, Քուռկիկ Ջալալի), բ) դիցազնական բնույթի՝ այդ զորություններին հարազատ, ծագումնաբանորեն նրանցից սերող հայ դիցազուններին եւ նրանց կյանքի առանցքային խորհուրդները ներկայացնող խորհրդանիշեր (դիցազուն, հրածին, Թուր Կեծակին, պարտեզ, Աստղ, ծով, ջուր, Ագռավաքար, Հացն ու գինին եւն), գ) Մսրա տունը ներկայացնող եւ նրա հետ առնչվող խորհրդանիշեր (հողածին, դեւ, կուռք, լուսին եւն): Կներկայացնեմ երկրորդ տեսակի խորհրդանիշերը, քանզի առաջինին տարբեր առիթներով անդրադարձել եմ:

Դիցազուն (հրածին)

«Հրեղեն էին, գիտեին, որ ծովու ձի կա»:

(Սանասարի եւ Բաղդասարի ծագումնաբանական ինքնագիտակցությունը)

«Սասունցի Դավիթը» դիցազներգական ժանրին պատկանող երկ է: Դա ասում է այն մասին, որ նրանում առաջին պլանում տեսնում ենք դիցազուն խորհուրդը եւ համապատասխան խորհրդանիշը: Հատկանշանական է, որ էպոսում Սասնա տան հերոսները դիցազուն (էպոսի լեզվով՝ դյուցազուն) են անվանվում ոչ միայն Սասնա տան կողմից, այլեւ օտարների: Այս երկրորդ առումով, օրինակ, հիշատակելի է էպոսի պատումներից մեկը, որտեղ մի մսրցի Սասնա տան երեխաներին անվանում է դիվանական ճժեր, որը նշանակում է դիվերի (դիցերի) սերունդ, զավակ: Նույնն է արտահայտում նաեւ մեկ այլ վիպասան՝ էպոսի մի օտարականի շուրթերով ասելով, որ Դավթի ազգ դեվըստաններուց, այսինքն աստվածների (դիցերի) երկրից է: Դրանով նա ցանկանում է ասել, որ Դավթի ազգը հասարակ մարդկային ծագում չունի, այն դիվական՝ դիցազնական է (լեզվաբանական պարզորոշության համար նկատենք, որ դիք (սեռական հոլովով՝ դից, գրաբարյան ձեւով՝ դիւք, սեռական հոլովով՝ դիւց) նշանակում է աստվածներ. դիւցազն, հետեւաբար, նշանակում է դից-դիվւց-դիվի-աստծո սերունդ, այլ կերպ՝ աստվածամարդ կամ երկրային աստված):

Քանի որ հողածնային (սեմածին) աշխարհայեցողության ազդեցության տակ հայ ժամանակակից զանգվածային ինքնագիտակցությունն օտարվել է ինքնաճանաչողական խորհուրդներից ու նախատիպերից1  եւ նրան հասու չէ իր էպոսի առանցքային՝ Սասնա տան հերոսներին ներկայացնող Դիցազուն (հրածին) խորհուրդը, ուստի այդ խորհրդի մասին խոսենք ըստ էության:

Դիցազուն խորհուրդը լեզվաբանորեն նշանակում է Աստվածամարդ: Պարզորոշության համար նկատենք, որ հայոց լեզվում, բացի արարչական գերագույն զորություն Արայի2  որակները մարմնավորող խորհուրդը նշանակող Աստված3  բառից, կա նաեւ Աստվածամարդ (Աստվածային մարդ) բառը, որն արդեն նշանակում է երկրային (ո՛չ համատիեզերական) ընդգրկումով Աստված՝ Արարչի որակները մարմնավորող (հետեւաբար՝ երկնային աստվածներին հարազատ) երկրային մարդ – Աստված4:

Իսկ «Դիցազուն» բառը Աստվածամարդ բառին նույնանիշ բառ է: Այն կազմված է դից (Աստված), ազ (ծագում, սերում) եւ ան (ուն) (ծնունդ, պտուղ) բառարմատներից եւ նշանակում է աստվածային ծնունդ, աստվածային սերունդ:

Բանն այն է, համաձայն նախնական ազգային (հեթանոսական) ընկալումների՝ բնական օրգանական տեսակները բնության մեջ դասավորված են աստիճանակարգության՝ բարձրից ցածր սկզբունքով: Ընդ որում՝ այդ աստիճանակարգությունում մի աստիճանից մյուսին անցումը կտրուկ տեղի չի ունենում, այլ աստիճանաբար՝ միջանկյալ օղակներով: Ըստ այդ օրինաչափության՝ աստվածներ եւ մարդ բնական օրգանական տեսակների միջեւ էլ կտրուկ անցում գոյություն չունի եւ մի տեսակից մյուսին անցումը տեղի է ունենում միջանկյալ տեսակով, որն էլ ապահովում է այդ անցումի աստիճանականությունը: Այդ միջանկյալ տեսակը, ինչպես վկայում են գրեթե բոլոր ազգային դիցաբանությունները, մարդու աստվածամարդ տեսակն է, ով կրում է եւ՛ աստվածային եւ՛ մարդկային որակներ (արիական ու սեմական դիցաբանություններում մարդու այս տեսակին պատկանողները անվանվում են նաեւ Արարչի որդիներ, Արեւի որդիներ՝ Արեւորդիք, Երկնածիններ, Լույսի որդիներ, Աստծո որդիներ, Աստծո զարմից սերվածներ եւ այլն):

Աստվածներ-մարդ միջանկյալ օղակ  մարդու այդ տեսակը մեր էպոսում մարմնավորում է հայ նախնի տներից մեկը՝ Սասնա տունը» (կամ, որ նույնն է, Ջոջանց տունը5 կամ Ազնանց տունը), ավելի ստույգ՝ այդ Տան դիցազունները՝ դիցերի (աստվածների) սերնդակիցները:

Էպոսում Սասնա տան հերոսների ծագումնային որակը արտահայտող մեկ այլ՝ դիցազունին իմաստակից խորհրդանիշ էլ կա: Դա հրածին-ն է կամ ազնահուր-ը (երկրորդը նույնպես լեզվաբանորեն նշանակում է հրից ծնված: Մեր հերոսների բնույթային առանձնահատկության այս սահմանումը առանձնանում է նախորդից այն բանով, որ այս դեպքում շեշտվում է նրանց՝ բնության չորս տարրերից ամենազգացական, ամենաառանցքային, ամենադինամիկ տարրի՝ հուրի հետ ծագումնաբանական կապը, այն դեպքում, երբ դիցազուն որակավորումը սահմանում է դիցերի հետ նրանց ունեցած ծագումնաբանական կապը, նրանց՝ դիցերին սերնդակից լինելը, երկնային հոր՝ Արարչի (էպոսի լեզվով՝ Հեր Կենդանու) երկրային որդի լինելը: Էպոսում բազմաթիվ են այն դրվագները, որոնցում տարբեր իրավիճակներում ու տարբեր առումներով‘ի ցույց է տրվում մեր հերոսների այդ հրեղեն ծագումը: Հիշենք դրանցից մի քանիսը:

– Հայրենի հողում Սանասարի ու Բաղդասարի մեջ արթնանում է այն՝ մոր կողմից իրենց փոխանցած գիտակցությունը, որ իրենք հրածին են:

– Հայոց տան նախնյաց հրեղեն ոգին՝ Քուռկիկ Ջալալին6  ի սկզբանե կարծելով, որ իրեն հեծնելու համարձակությունն ունեցող Սանասարը ընդամենը մի հողեղեն՝ իրեն ոչ հարազատ արարած է, նրան թույլ չի տալիս իր ուզածն անել ու տեսակ- տեսակ փորձությունների է նրան ենթարկում: Բայց ձին ի վերջո համոզվելով, որ Սանասարը հողածին չէ (վերջինս խիզախորեն հաղթահարում է բոլոր՝ հրածնության փորձաքար փորձությունները), նոր միայն նրան թույլ է տալիս իրեն հեծնել ու տիրություն անել:

– Մսրա տանը իր մի կողմում դրված կրակի՝ հուրի արտահայտության ու մյուս կողմում դրված ոսկու՝ հողի արտահայտության միջեւ ընտրություն կատարելու փորձության ենթարկվող մանուկ Դավիթը ընտրում է կրակը՝ իր հրածնության վկայությունը:

– Մեր դիցհերոսներին թոնրի (թոնդրան) վրա են կնքում, նրանց սոյի (տեսակի,- Ք.Մ.) բերան կրակ կա, նրանք հրեղեն խաչ պատերազմով են երդվում, նրանց ձայնը հրեղեն՝ նյութեղեն ամեն պատնեշ հաղթահարող ձայն է, – սրանք էլ էպոսի հերոսների՝ հրածնությունը վկայող ոչ պակաս կարեւոր դրվագներից են:

Էպոսում որպես հրածին խորհրդանիշի հակադիր խորհրդանիշ դիտվում է հողածինը, կամ, որ նույնն է, երկրածինը (էպոսն, ըստ էության, նվիրված է հրածնի եւ հողածնի հակամարտության ցուցադրությանը), կամ էլ, ինչ-որ իմաստով, ժողովուրդը:

Ինչ է ասել էպոսում որպես մեր դիցհերոսների ծագումնաբանական էություն հանդես բերվող հրածինը:

Ինչպես մեր՝ հայերիս, այնպես էլ այլազգիների նախնիք գիտեին այն բնական հաստատուն օրինաչափությունը, որ գոյություն ունեցող ամեն ինչը՝ իրերը, բուսական եւ կենդանական օրգանիզմները, մարդիկ, աստվածները կազմված են չորս հիմնական տարրերից՝  հուրից, օդից, ջրից եւ հողից, ընդ որում՝ բնության տեսակների մեջ առաջին երկու տարրերի առկայությունը ապահովում է նրանց զգացական, լիցքային որակը, իսկ վերջին երկուսինը՝ նյութական որակը: Ընդհանրապես՝ բնական տեսակների որակական տարբերությունները պայմանավորված են դրանցում չորս տարրերի՝ տարբեր հարաբերակցությամբ  բաշխվածությամբ: Ընդ որում՝ որքան բնական տեսակների աստիճանակարգությունում տեսակը բարձր տեղ է զբաղեցնում, այնքան ամենազգացական, լիցքային տարրը՝ հուրը, համեմատած մյուս տարրերի, շատ է արտահայտված լինում: Օրինակ՝ աստվածները մարդուց բարձր տեսակ լինելով, մարդու համեմատ, իրենցում անհամեմատ ավելի շատ են հուր պարունակում (նրանցում բացարձակ իշխող տարրը հուրն է, հետո գալիս է մյուս զգացական տարրը՝ օդը, իսկ ջուրը եւ հողը՝ նրանց նյութական որակը ապահովող այդ տարրերը, նվազագույն չափով են արտահայտված7): Իսկ մարդը, որ երկրային տեսակների մեջ ամենաբարձր դիրք զբաղեցնող տեսակն է, այդ տեսակների համեմատ ավելի շատ է հուրի տարրը պարունակում:

Նշված բնական օրինաչափությունը, սակայն, ունի մեկ այլ կողմ էլ. ամեն մի բնական տեսակի, նրա առանձին մասերի մեջ էլ է հուրի (համապատասխանաբար նաեւ մյուս տարրերը) բաշխվածությունը տարբեր լինում:

Օրինակ՝ Աստվածներից Վահագն աստծո մեջ հուրի տարրը ամենաբացարձակ աստիճանի է հասնում (եւ այդ իսկ պատճառով նա պարզապես կոչվում է Հուր Աստված): Նույն օրինաչափությամբ՝ մարդ տեսակն էլ ունի ենթատեսակ, որի մեջ հուրի տարրը, համեմատած մյուս մարդկային տեսակների, բացարձակ աստիճանի է հասնում, իսկ, ասենք, հողը նրանում նվազագույն չափով է առկա: Մարդու այս՝ հրածին տեսակն են էպոսում ներկայացնում (ու հրածնության ինքնագիտակցությունն են արտահատում) Ջոջանց տան մարդիկ (հատկապես տան հերոսները)՝ ի հակադրություն Մսրա տան հողածին մարդկանց (ու նրանց հողածնային ինքնագիտակցության):

Էպոսում մեր հերոսների ծագումնաբանական էությունը արտահայտող երկու այլ՝ դիցազուն-ից եւ հրածին-ից ածանցյալ խորհրդանիշներ էլ կան՝ ազնավուր-ը (կամ ազնանցորդի-ն) եւ ծուռ-ը: Դիցհերոսները էպոսի գրեթե բոլոր պատումներում հաճախ են նաեւ ըստ այդմ բնութագրվում:

– Ազնավուր բառը կազմված է ազ (ծագում, վեհություն, մաքրություն, որակ իմաստներն է արտահայտում) եւ ավ (կյանք, ուժ, էություն) բառարմատներից, եւ նշանակում է ծագումնային (մաքուր, վեհ) էություն (որակ, հոգի, կյանք) ունեցող, մարդկային տվյալ տեսակային որակական առանձնահատկությունը, այդ տեսակին հատուկ արյունը պահող-պահպանող, կամ, ինչպես էպոսի պատումներից մեկում է բացատրված բառը, տեսակով՝ ոչ թավաքալի մարդ (մշեցիներն ու սասունցիները ցայսօր օգտագործում են թավաքալի բառը, երբ ուզում են մարդուն բնորոշել իբրեւ անպիտանի, պատասխանատվություն չունեցողի,-խմբ.): Այնպես որ՝ բոլորովին սխալված չենք լինի, եթե ասենք, որ էպոսի ազնավուր-ը (կամ ազնանցորդի-ն) նույն իմաստն է արտահայտում, ինչ հայ գրական լեզվի ազնիվ-ը (նշանակում է ծագում ունեցող, զտարյուն) կամ ազնվական-ը (կրկին նշանակում է զտարյուն, ծագում ունեցող):

Այսպիսով՝ էպոսն իր հերոսներին կոչելով ազնավուր (ազնացորդի)՝ դրանով ասել կուզի, որ նրանք զտարյուն հայ են, հայ ազնվական էությունն են կրում ու մարմնավորում, նրանց արյան մեջ դույզն իսկ այլցեղային արյան խառնուրդ չկա:

Սակայն չպետք է ընկալել, որ ըստ էպոսի, Սասնա տան հերոսներն են միայն, որպես բացառություն, ազնավուր տեսակի, իսկ մյուսները այդպիսին չեն. էպոսում հստակորեն է արտահայտված այն գիտակցումը, որ դիցհերոսները Սասնա տոհմական տունն են ներկայացնում, եւ, հետեւաբար, վերջինս նույնպես պետք է ազնավուր լինի, որ նրա անդամներն էլ ազնավուր լինեն: Այդ կենսընկալմամբ էլ էպոսում Սասնա տունն անվանվում է ազնանք կամ ազնանց տուն: Այդ ընկալմամբ է էպոսում պայմանավորված  Սասնա տան կողմից իր հերոսների համար այլ՝ ազնավուր տներից աղջիկ ուզելու հանգամանքը: Էպոսը արյան մաքրության պահպանության՝ հայ ծագումից եկող օրենքը Սասնա տան համար սրբազան օրենք է համարում:

– Որպես էպոսի հերոսների ընդհանուր բնութագիր հանդես եկող ծուռ-ը (էպոսը, այդ առումով, կոչվում է նաեւ Սասնա ծռեր) էպոսի բուն տեքստում հիմնականում կիրառվում է քաջության, անվեհերության, ոչ մի մարդուց, չվախենալու, օտարի լուծը չհանդուրժելու իմաստներով: «Քու աստծու սեր, ձեն մի հանեք, դա Սասնա ծռերիցն ա, կը դառնա, մըզի ջարդ ու բուրդ կ՜անա»,- ասում է օտարներից մեկը Սասնա տան հերոսներից մեկի վերաբերյալ: Իսկ ծռության ինքնագիտակցումն ունեցող հերոսներից մեկը՝ Մեծ Մհերն էլ,

թե՝ «Աստըծուց սավայ մենք, մեր ազգը մարդից չենք վախենա»: Սակայն հարկ է նկատել, որ էպոսում ծուռ-ը ունի թեեւ ոչ հիմնական, բայց ավելի խորքային, էութենական մի իմաստ էլ, որի բազմաթիվ արտահայտություններից է ընդամենը նշված իմաստը:

Իսկ այդ իմաստն այն է, որ մեր հերոսները մարդու սովորական, հասարակական ընկալումներից ու չափումներից դուրս են, նրանց հարիր չէ ընդհանրապես մարդուն (հողածին ու խառնածին մարդուն) հատուկ գծերը, վարք ու բարքը, նրանք շեղված մարդ են այդ՝ անկայուն ու մշտափոփոխ մարդու համեմատ8, բայց «դուզ» մարդ են (մեր հերոսների էպոսային բնութագրություններից է), ասել է թե՝ նրանք դիցազուն են, հրածին են, բնութենական այդ առանձնահատկություններից բխող մյուս որակային գծերով հանդերձ (այդ գծերից բացի վերը նշվածից՝ զորապաշտությունից, հիշատակենք նաեւ մի քանի այլերը՝ արարչապաշտությունն ու աստվածապաշտությունը, անմեղ մարդկանց անբախտություն չանելը, նադինջ (անհանգիստ,- Ք.Մ.) մարդ լինելը, սուտ ասել չիմանալը, գողություն, բոզություն չանելը, դուզ խոսելը եւ այլն):

Շարունակելի

Քուրմ Մանուկ, Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախումբ

* * *

1 Այդ «գիտակցության» «կրթիչ-դաստիարակիչը» սեմական հոգու պատկերներից մեկը՝ եբրայական Բիբլիան է (որն այդ «գիտակցությունը» անգամ Աստվածաշունչ է համարում):

Հետեւաբար՝ էլ ինչպե՛ս կարող է այդ պարագայում խոսք լինել հայի ինքնագիտակցության մասին:

2 Իրանական դիցաբանական ավանդույթներում տիեզերքի արարիչը կոչվում է Արա-Մազդա, որում Արարչի անունը նույնպոս Արա-ն է (Մազդա-ն անվան իմաստուն նշանակող կցորդն է):

3 Աստված բառը հենց նշանակում է գերագույն զորությունն (որն Արարիչն է) իր մեջ կրող, մարմնավորող /աստ նշանակում է գերագույն զորություն, վ-ն կրավորական մասնիկ է, իսկ ած-ը նշանակում է պահել, մարմնավորել:

4 Արիա – սեմական խառնածինների՝ եբրայացիների՝ արիների նկատմամբ խարդավանքի հետեւանք էր այն, որ շահարկեցին արիական (այդ թվում հայկական) դիցաբանություններից հայտնի այդ խորհուրդը:

Եվ շահարկելով՝ իրենց մարդու որդուն՝ Հիսուսին աստված հռչակեցին ու նույն արիներին ստիպեցին նրան պաշտել որպես … աստված ու արարիչ:

5 Ջոջ – Սասունի բարբառում նշանակում է մեծամեծ, իսկ հայոց լեզվի բոլոր ձեւերում առկա ան-ը նշանակում է սերում, ծագում:

Հետեւաբար՝ Ջոջանց տուն նշանակում է Մեծամեծից սերվածների տուն: Իսկ եթե հիշենք, որ Մեծամեծ (Գերագույն) հայ դիցալեզվում Արարիչը Արան է, հետեւաբար, ստացվում է, որ Ջոջանց Տունը այլ կերպ նշանակում է Արայից սերվածների, Արայի որդիների` Արմենների տուն:

6  Այսպես պետք է հասկանալ մեր էպոսի Քուռկիկ Ջալալի խորհրդանիշը:

7 Աստվածների մեջ պակաս չափով արտահայտված այդ նյութեղենությունն է պատճառը, որ ժամանակակից‘զգայական հետաճ ապրող մարդը նրանց չի տեսնում:

8  Մարդու այս տեսակի կարոտաբաղձությունն ապրեց Ֆրիդրիխ Նիցշեն գերմարդու, խենթի իր պատկերացումներում:

Բայց մեր էպոսի ծուռն ու՛ր, Նիցշեի գերմարդը (խենթն) ու՛ր:

«Լուսանցք» թիվ 34 (339), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։