Միջէթնիկ պայթյուն՝ կրոնական շղարշով… Հայաստանում եւ Սփյուռքում գերակշռում է պահանջատիրության հարցը… Թուրքիայի հետ հարաբերություն՝ արդեն մե՛ր նախապայմաններով…

Միջէթնիկ պայթյուն՝ կրոնական շղարշով

Մասնագետները Վրաստանում մի նոր հասարակական պայթյուն են կանխատեսում, որը կարող է ի սկզբանե կրել միջէթնիկ կամ միջկրոնական բնույթ: Այն սպառնում է ավարտվել Վրաստանի համար տարածքային նոր եւ զգալի կորուստներով։

Ի տարբերություն Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ կռիվների, այս դեպքում հակամարտությունն ընդգծված կրոնական ուղղություն ունի: Ազգային ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Վրաստանը բիրտ քաղաքականություն է վարում անկախացումից ի վեր։

Վրաց իշխանությունների, հատկապես Միխեիլ Սահակաշվիլու ռեժիմի վարած քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ վերջին 10-12 տարիներին Վրաստանում էականորեն նվազեց քրիստոնյա բնակչության թիվը եւ փոխարենը շեշտակի աճեց ադրբեջանցիների ու թուրքերի թիվը։ Վրացական տնտեսության մեջ նույնպես մեծ թուրք-ադրբեջանական կապիտալ է շրջանառվում, ինչն այս պահի դրությամբ արդեն բերել է նրան, որ մահմեդական Աջարիան փաստացի արդեն ավելի շատ Անկարային ու Բաքվին է պատկանում, քան Թբիլիսիին, իսկ անջատողական տրամադրությունները այնտեղ հետզհետե ավելի են հասունանում։ ուցե ավելի, քան կար Աբաշիձեների իշխանության տարիներին, որոնք կարծես թագավորում էին Աջարիայում:

Երկրի արեւելյան ու արեւմտյան ծայրամասերում, որտեղ մահմեդական բնակչության թիվը մեծ է, շարունակում է աճել եւ ավելանում է տեղային բախումների վտանգը։ Հիշեցնենք, որ Մարնեուլն իր շրջակայքով վաղուց փորձում են դարձնել ադրբեջանական, անգամ միացնել Ադրբեջանին: Վերջերս էլ ընտրվել է քաղաքապետ, ով ադրբեջանցի է ազգությամբ: Չի բացառվում, որ կրկին կաշխուժանա նաեւ թուրք-մցխեթների բնակեցման քաղաքականությունը հայապատկան տարածքներում:

Հայկական համայնքի գործոնը պետք է առավել ազդեցիկ դարձնել, քանզի վրացական պետությունը հետեւողականորեն ոտնահարում է հատկապես հայերի ազգային, կրոնական, մշակութային, լեզվա-կրթական ու այլ իրավունքները եւ ամեն ինչ անում է հայ համայնքի ազդեցությունը թուլացնելու համար: Սա որոշ առումով հաջողացնելու դեպքում մեկ այլ վտանգ է առաջ գալիս՝ այդ բացը ոչ թե վրացականով է լցվում, այլ արագ լցվում է մահմեդական ազդեցությամբ, առավելապես՝ թուրքական: 

Հերթական անգամ վրացիները, հակահայ քաղաքականությունից կուրացած, տանուլ են տալու ավելի մեծ տարածքներ՝ իրենց եղբայր հռչակած թուրք-ադրբեջանցիներին: Այստեղ արդեն չի կարող առաջնային չդառնալ Ջավախքի ու ջավախքահայության հարցը եւ մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի Ջավախքը Աջարիա կամ Մարնեուլի շրջան չդառնա:

Ջավախքը այդ դեպքում կա՛մ կհետեւի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի օրինակին՝ կանկախանա, կա՛մ կվերամիավորվի Հայաստանին, ինչպես փաստացի Արցախի դեպքում է:

Վրացիք միշտ պատսպարվել են հայերի թիկունքում եւ շահել են, երբ հայ-թուրքական հակամարտությունը ի վնաս մեզ է ծավալվել: Այսօր Թբիլիսիում չեն նկատում, որ սա հերթական պատսպարված վիճակը չէ, նրանք դեմ-դիմաց են տանուլ տալիս «եղբայրացած» թուրք-ադրբեջանական խառնամբոխին:

Իհարկե, հայերը կարող են լինել վրացիների դաշնակիցները, սակայն այդ գնացքը վաղուց է անցել… Իսկ առանց հայերի հետեւում թաքնվելու՝ Վրաստանը կվերանա աշխարհի քարտեզից, վրացիների ճակատագիրն էլ արդեն ժամանակը կորոշի:

Հայկ Թորգոմյան

* * *

Հոկտեմբերի 20-ին Երեւանում կայացավ «Արեւմտահայերի ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպության համաժողովը: Այն կազմակերպվել էր Արեւմտահայերի 4-րդ համագումարին ընդառաջ, որը տեղի կունենա մինչեւ 2015թ. ապրիլը:

Արեւմտահայերի ազգային 1-ին եւ 2-րդ համագումարները տեղի են ունեցել 1917 եւ 1919 թթ. Երեւանում, որոնց նպատակն էր լուծել արեւմտահայ գաղթականների խնդիրները, կազմակերպել նրանց վերադարձը Արեւմտյան Հայաստան, Կիլիկիա եւ Օսմանյան կայսրության մնացած տարածքներ, որտեղից նրանք տեղահանվել էին:

Արեւմտահայերի ազգային 3-րդ համագումարը կայացավ 2011թ. դեկտեմբերին Սեւր (Ֆրանսիա) քաղաքում, որի արդյունքում ստեղծվեց «Արեւմտահայերի ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպությունը, այսինքն՝ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների լիազոր ներկայացուցչական մարմինը:

Այս կազմակերպության գլխավոր խնդիրը դարձավ տեր կանգնել 7 միլիոն ժառանգների ոտնահարված իրավունքներին:

3 տարվա ընթացքում կազմակերպությունը կարողացել է շատ խնդիրներ լուծել, բայց նրա հիմնադիրներն ամենակարեւորն են համարում այն փաստը, որ այսօր թե՛ Հայաստանում եւ Սփյուռքում, եւ թե՛ Թուրքիայում գերակշռում է պահանջատիրության հարցը, անգամ ցեղասպանության համար կատարվող աշխատանքներից ավելի ծավալուն են դարձել:

Հետկանչը չպե՛տք է ուշացնել

ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայ-թուրքական հարաբերությունների մասին գրեթե քամահրանքով խոսելը մտահոգել է թուրքական իշխանություններին, քանի որ այդ դեպքում գալու է միջազգային ասպարեզում պատասխան տալու պահը: Ինչքան քնած վիճակում մնա այս խնդիրը, այնքան շահարկելու տարբերակները կշատանան, ինչը ցայսօր ձեռնտու էր Անկարային միայն:

Բայց Հայաստանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը եւ ՄԱԿ-ում ունեցած ելույթում այս մասին հայտարարց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Արդեն շուրջ մեկ դար ոչ միայն աշխարհասփյուռ հայությունը, այլեւ ողջ առաջադեմ միջազգային հանրությունը սպասում են, որ Թուրքիան ի վերջո քաջություն կգտնի առերեսվելու սեփական պատմությանը եւ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ ազատելով հետագա սերունդներին անցյալի ծանր բեռից: Ավաղ, փոխարենը հնչեցվում են երկիմաստ, սքողված ուղերձներ, որոնցում զոհին հավասարեցնում են դահճին, խեղաթյուրում անցյալի իրադարձությունները»,- ասել է Սերժ Սարգսյանը արդեն ելույթ ունենալով Հայաստանում:

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների խնդրին` երկրի ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Հայաստանը երբեւէ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: Հայտնի է, որ պաշտոնական Երեւանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչեւ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում: Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը»:

Վերջերս թուրքական զլմ-ները նորից մեջբերեցին ՀՀ նախագահի խոսքը եւ նշեցին, որ հետկանչման դեպքում Երեւանը կարձանագրի իր հաղթանակը սույն հարցում: «Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս բառերի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, ու ձեր առուծախը հեռու տարեք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երեւանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»,- հատկապես հաճախ են մեջբերվում այս տողերը:

«Լուսանցք» թիվ 34 (339), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։