Քրդական գործոնը խաղի մեջ է, իսկ հայկակա՞նը… Հայ-թուրքական արձանագրության հետկանչը չպե՛տք է ուշացնել… Արեւմտահայերի ազգային համագումարը… Դաշնակցի ոչ զինակցային քայլը…

Միջազգային զլմ-ներն արդեն բարձրաձայնում են, թե Քոբանիում պայքարող քրդերն, իրականում, դնում են Սիրիայի տարածքում աննախադեպ ինքնավարության հիմնաքարը: Թուրքիան Մերձավոր Արեւելքում՝ մասնավորապես Սիրիայում ընթացող գործընթացներում որոշակիորեն հայտնվել է փակուղային իրավիճակում, եւ սրա պատճառը Անկարայի այն քաղաքականությունն է, որը որպես հարեւաններին թուլացնող եւ մասնատման տանող մարտավարություն իրականացվեց վերջին շրջանում: Միջազգային կոալիցիային մաս կազմելու համար թուրքական պայմանները անընդունելի համարվեցին ԱՄՆ-ի կողմից եւ նորօսմանական ծրագրերով առաջնորդվող նախագահ Էրդողանը հայտնվել է պատային (վատ չէր լինի մատային դառնար) վիճակում:

Անգամ Սիրիայի հետ «սահմանին բուֆերային գոտի» ստեղծելու հարցը աջակցություն չգտավ Արեւմուտքի կողմից, ինչն էլ սահմանափակեց սիրիական գործընթացներում Թուրքիայի դերը: Անկարան անվտանգության գոտու ստեղծմամբ ցանկանում է գործողությունների որոշակի ազատություն ստանալ, ինչը կնպաստեր համաթուրքական նպատակների ծավալմանը:

Քրդաբնակ Քոբանիում ընթացող զարգացումները կարող են առիթ դառնալ, որպեսզի քրդերի պահանջները նորովի ձեւակերպվեն միջազգային հանրության առջեւ, ինչին կարող են նպաստել նաեւ ԱՄՆ-ն ու Եվրոպան, քանզի քրդերը խոստացել են օգնել Արեւմուտքին եւ զինված պայքար մղել իսլամական ծայրահեղականների դեմ:

Այսինքն, թուրքերի փոխարեն քրդերը դարձան միջազգային կոալիցիայի մաս Սիրիայում եւ Իրաքում, ինչը հետագայում նրանց հավակնություններն ու պահանջները արդիական կդարձնի, ինչն էլ կարող է մտահոգիչ դառնալ, եթե երբեւէ չգոյ «Քրդստան» ասվածը նորից գծագրվի տարածաշրջանում՝ նաեւ Արեւմտյան Հայաստանը ներառելով:

Առայժմ միջազգային կոալիցիան օգնության դիմաց ապահովեց քրդերի ինքնավարության կենսունակությունը, ինչը հեռահար նպատակ ունի՝ նաեւ Սիրիայի իշխանափոխությունը ավարտին հասցնելու առումով: ԱՄՆ-ն բացահայտ համագործակցում է Սիրիայի քրդական պաշտպանական ուժերի հետ, դաշնակից այլ պետությունները եւս սկսել են ռազմական առումով օգնել քրդերին ինչպես Սիրիայում, այնպես էլ՝ Իրաքում (հետո գուցե՝ Իրանում եւ Թուրքիայում):

Երբ իսլամիստները Իրաքում սպանդի ենթարկեցին եզդիներին՝ նրանց համարելով հեթանոսներ, հայտարարեցին, որ վերականգնում են ստրկությունը եւ եզդիներին սկսեցին ստրկացնել՝ առավելապես սեռական ստրկությունն առաջ տանելով, այսքան աղմուկ չկար, ինչպես քրդերի դեպքում: Ահաբեկիչներն անգամ հայտարարեցին, թե քրիստոնեական եւ այլ կրոնների հետեւորդներին եզդիները զիջում են հավատով  քանի որ հեթանոս են, ուստի նրանց կարելի է վերաբերվել ըստ ցանկության: Հազարավոր եզդիներ այսօր էլ գտնվում են ստրկության մեջ, հիմնականում կանայք ու երեխաներ: Բայց տեղի տ(ա՛յ քեզ զարգացվածության չափորոշիչ, այն էլ այս իսլամականների կողմից կիրառվող), գալով քրդական տեսակետին, ԱՄՆ-ն բավարարվեց միայն եզդիների սպանդը կանխելով, այլ օգնություն չեղավ:

Իսկ քրդերը փորձում են հեռացնել եզդիներին իրենց տարածքներից, քանի որ նույն էթնոսն են, պարզապես իրենք իսլամացած՝ հավատափոխ եզդիներ են, եւ հին ու նոր հավատի հակամարտությունը ցայսօր պառակտում եւ թշնամացնում է եզդիներին ու քրդերին: Հայաստանի եզդիները նույնիսկ հայտարարեցին, թե եզդիների սպանդի մեջ մեծ դեր ունեն նաեւ քրդերը, որ օգտվում են իսլամականների գործողություններից:

Ինչեւէ, քրդերը կարողացան նորից դառնալ գործոն տարածաշրջանում, ինչը փորձեցին, բայց չկարողացան  եզդիները: Այժմ հերթը մերն է՝ հայերինս, քանի որ միջազգային կոալիցիան հետագայում հաստատ կշարունակի վերաձեւումները տարածաշրջանում, որպեսզի Թուրքիայի եւ Իրանի նման տեղային գերտերությունները մասնատվեն ու չկարողանան հակընդդեմ քայլերի դիմել: Ասել եւ ասում ենք՝ եթե պետականություն չունեցող քրդերը կարող են միջազգային գործոն դառնալ նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքում, ապա տարածաշրջանում երկու պետություն՝ Հայաստանն ու Արցախը, ունեցող հայերը հաստատ կարող են ոչ միայն գործոն դառնալ, այլեւ ծրագրեր առաջադրել: Միաժամանակ պետք է հիշել, որ Մերձավոր Արեւելքի երկրներում կան բազմահազար հայեր, մեծաթիվ հայեր կան նաեւ Թուրքիայում՝ ծպտյալ հայերի տեսքով, նաեւ հազարավոր քրդացած հայեր կան, որ գիտեն իրենց ծագումը եւ այլն: Այս ամենը անտեսել եւ հայկական նպատակների ու շահերի համար չօգտագործելը հաստատ կվնասի ոչ միայն մեր ապագան, այլեւ ներկան:

Իսկ Անկարան անգամ այս պայմաններում չի հրաժարվել Քոբանին, ինչպես նաեւ հայկաբնակ Քեսաբը գրավելու մտքից:

Մերձավոր Արեւելքի հայերի արտագաղթը նույնպես թուրքական ծրագրերում կա, ինչը եւ չի կարելի անտեսել եւ թույլատրել, հատկապես՝ այսօր:

Վահագն Նանյան

Հետկանչը չպե՛տք է ուշացնել

ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայ-թուրքական հարաբերությունների մասին գրեթե քամահրանքով խոսելը մտահոգել է թուրքական իշխանություններին, քանի որ այդ դեպքում գալու է միջազգային ասպարեզում պատասխան տալու պահը: Ինչքան քնած վիճակում մնա այս խնդիրը, այնքան շահարկելու տարբերակները կշատանան, ինչը ցայսօր ձեռնտու էր Անկարային միայն:

Բայց Հայաստանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը եւ ՄԱԿ-ում ունեցած ելույթում այս մասին հայտարարց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Արդեն շուրջ մեկ դար ոչ միայն աշխարհասփյուռ հայությունը, այլեւ ողջ առաջադեմ միջազգային հանրությունը սպասում են, որ Թուրքիան ի վերջո քաջություն կգտնի առերեսվելու սեփական պատմությանը եւ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ ազատելով հետագա սերունդներին անցյալի ծանր բեռից: Ավաղ, փոխարենը հնչեցվում են երկիմաստ, սքողված ուղերձներ, որոնցում զոհին հավասարեցնում են դահճին, խեղաթյուրում անցյալի իրադարձությունները»,- ասել է Սերժ Սարգսյանը արդեն ելույթ ունենալով Հայաստանում:

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների խնդրին` երկրի ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Հայաստանը երբեւէ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: Հայտնի է, որ պաշտոնական Երեւանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչեւ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում: Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը»:

Վերջերս թուրքական զլմ-ները նորից մեջբերեցին ՀՀ նախագահի խոսքը եւ նշեցին, որ հետկանչման դեպքում Երեւանը կարձանագրի իր հաղթանակը սույն հարցում: «Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս բառերի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, ու ձեր առուծախը հեռու տարեք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երեւանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»,- հատկապես հաճախ են մեջբերվում այս տողերը:

* * *

Հոկտեմբերի 20-ին Երեւանում կայացավ «Արեւմտահայերի ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպության համաժողովը: Այն կազմակերպվել էր Արեւմտահայերի 4-րդ համագումարին ընդառաջ, որը տեղի կունենա մինչեւ 2015 թ. ապրիլը:

Արեւմտահայերի ազգային 1-ին եւ 2-րդ համագումարները տեղի են ունեցել 1917 եւ 1919 թթ. Երեւանում, որոնց նպատակն էր լուծել արեւմտահայ գաղթականների խնդիրները, կազմակերպել նրանց վերադարձը Արեւմտյան Հայաստան, Կիլիկիա եւ Օսմանյան կայսրության մնացած տարածքներ, որտեղից նրանք տեղահանվել էին: Արեւմտահայերի ազգային 3-րդ համագումարը կայացավ 2011թ. դեկտեմբերին Սեւր (Ֆրանսիա) քաղաքում, որի արդյունքում ստեղծվեց «Արեւմտահայերի ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպությունը, այսինքն՝ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների լիազոր  ներկայացուցչական մարմինը: Այս կազմակերպության գլխավոր խնդիրը դարձավ տեր կանգնել 7 միլիոն ժառանգների ոտնահարված իրավունքներին:

3 տարվա ընթացքում կազմակերպությունը կարողացել է շատ խնդիրներ լուծել, բայց նրա հիմնադիրներն ամենակարեւորն են համարում այն փաստը, որ այսօր թե՛ Հայաստանում եւ Սփյուռքում, եւ թե՛ Թուրքիայում գերակշռում է պահանջատիրության հարցը, անգամ ցեղասպանության համար կատարվող աշխատանքներից ավելի ծավալուն են դարձել:

Դաշնակցի ոչ զինակցային քայլը

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետից ներմուծման մաքսատուրքերից կազատվեն  ռազմական նշանակության ապրանքները, որոնց ներմուծումը Հայաստան կարվի 2015-2022թթ.՝ ՀՀ ԶՈւ կարիքներն ապահովելու համար եւ որոնց համարժեքները չեն արտադրվի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներում: Ներմուծման հիմք կլինի ՀՀ ՊՆ տված վերջնական օգտագործողի հավաստագիրը:

Ինչ է դուրս գալիս. մեր թշնամի Ադրբեջանը կարող է ձեռնտու պայմաններով զենք, զինամթերք ձեռք բերել եւ՜ ՌԴ-ից եւ Արեւմուտքից, իսկ մենք, ԵՏՄ անդամ լինելով, Արեւմտյան արդի զենքերի ձեռքբերման ժամանակ կհայտնվենք շատ վատ վիճակում. մաքսատուրքերի պատճառով կհրաժարվենք դրանցից, ինչը մեր անվտանգության շահերից չի բխում:

«Լուսանցք» թիվ 34 (339), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։