Ամերիգայեն ծամոն բերաձ եմ – Ինչ ենք ստանալու ԵՏՄ-ից հետո… Եվրասիական Միություն.- Ներմուծման մաքսատուրքերից կազատվեն ռազմական նշանակության ապրանքները, բայց…

Աստված մի արասցե, որ իրականանան իմ կանխատեսումները, եւ Եվրասիական տնտեսական միություն ՀՀ-ի մտնելուց հետո մենք անհամբեր սպասենք, թե երբ են մեր ամերիկաներում ապրող բարեկամները մեզ ծամոն բերելու նվեր:

Գուցե մի քիչ չափազանցնում եմ, բայց սպասվող վիճակի ճիշտ բնորոշումը հստակ պատկերն է ուրվագծում: Մի տարբերությամբ իհարկե: Ոչ թե կրկին երկաթե վարագույրներ են քաշվելու արտաքին աշխարհը չտեսնելու համար, այլ՝ տեսնելու ենք ու օգտվել չենք կարողանալու:

Փակագծերը բացեմ: Հիմա մեր երկրի տարածք ապրանքների ներմուծման վրա զրոյական մաքսատուրք է: ԵՏՄ մեր մտնելուց հետո եւ՛ մաքսատուրք է լինելու եւ երրորդ՝ ոչ ԵՏՄ անդամ երկրներից բերվող մաքսատուրքն է շատ բարձր լինելու: Ճիշտ է, այսօր ԵՏՄ-ն ՀՀ-ի համար 750 ապրանքների դիմաց այլ՝ ավելի ցածր մաքսատուրքեր է սահմանել, բայց դա ժամանակավոր է, եւ բացի այդ՝ ժամանակից շուտ էլ կարող է վերանայվել:

Երեւանյան սուպերմարկետներում, իհարկե կունենանք բելգիական կամ ֆրանսիական շոկոլադ, բայց քանի որ դրա վրա հավանաբար 80 տոկոս մաքսատուրք կլինի, կմնանք բացառապես տեղական շոկոլադի հույսին: Ասեմ, որ տեղական շոկոլադն էլ էժան չի լինի, քանի որ, ասենք կակաոն, կակաոյի յուղը ներկրում ենք: Կամ՝ գերմանական շաքարավազն այնքան թանկ կլինի (նախնական հաշվարկներով՝ 1 կգ-ի գինը 1,5 դոլարին համարժեք դրամ), որ կմնանք մերինի հույսին, թեկուզ՝ անորակի: Լավը, որակյալը գնել ի վիճակի չենք լինի ու… կսպասենք արտերկրից եկած բարեկամի նվերին:

Հիշենք խորհրդային անցյալը, երբ զարկը տվում էր ծավալին, ոչ թե որակին: Նույնն է լինելու: Եթե գնենք ռուսական, ղազախական կամ բելառուսական ապրանք, կգնենք ավելի էժան, քան՝ եվրոպականը:

Ի դեպ, տեղական շաքարավազի հույսին մնալու մասին: Դատելով ՀՀ-ի ԵՏՄ-ին միանալու պայմանագրի անցումային դրույթներից՝ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործերը լավանալու են եւ նրա դիրքերն ամրապնդվելու են գոնե մինչեւ 2025թ.-ն:  Թեեւ շաքարավազը չի մտնում նշյալ 750 ապանքների մեջ, բայց կարգավորվում է առանձին կետով:

Ըստ այդմ, պայմանագրի՝ մաքսասակագնային կարգավորման դրույթում հստակեցվում է, որ առաջիկա 10 տարիներին կթույլատրվի մեր երկրի տարածքում արտադրական վերամշակման համար եղեգնի շաքարի հումք (հում շաքար) ներմուծել՝ ազատելով ներմուծման մաքսատուրքերի գանձումներից: Հանրապետության տարածքում արտադրական վերամշակման համար շաքարի հումքի ներմուծման պայման կլինի այդ հումքի նպատակային օգտագործման մասին իրավասու մարմնի հաստատումը առ այն, որ դա անհրաժեշտ է ՀՀ-ում շաքար վերամշակող ձեռնարկություններին հումքով ապահովելու համար: Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին պետք է տեղեկացնի արտադրական վերամշակման համար շաքարի հումքի ներմուծման տարեկան ծավալների մասին: Սակայն, այս ամենին զուգահեռ, Հայաստանը պետք է երաշխավորի, որ վերամշակման համար ներմուծվող շաքարի հումքը« նաեւ դրույքաչափային արտոնությունների կիրառմամբ ներմուծվող շաքարի հումքից պատրաստված սպիտակ շաքարը այնուհետեւ չեն փոխադրվի Բելառուս, Ղազախստան եւ Ռուսաստան:

Ստացվում է՝ ֆրանսիական կամ բելգիական շոկոլադն ուտելու են ԵՏՄ-ով հիացած վերեւները, ժողովրդին էլ կմնա էժանն ու անորակը:

Աստղինե Քարամյան

Դաշնակցի ոչ զինակցային քայլը

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետից ներմուծման մաքսատուրքերից կազատվեն  ռազմական նշանակության ապրանքները, որոնց ներմուծումը Հայաստան կարվի 2015-2022թթ.՝ ՀՀ ԶՈւ կարիքներն ապահովելու համար եւ որոնց համարժեքները չեն արտադրվի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներում:

Ներմուծման հիմք կլինի ՀՀ ՊՆ տված վերջնական օգտագործողի հավաստագիրը:

Ինչ է դուրս գալիս. մեր թշնամի Ադրբեջանը կարող է ձեռնտու պայմաններով զենք, զինամթերք ձեռք բերել եւ՛ ՌԴ-ից եւ՛ Արեւմուտքից, իսկ մենք, ԵՏՄ անդամ լինելով, Արեւմտյան արդի զենքերի ձեռքբերման ժամանակ կհայտնվենք շատ վատ վիճակում. մաքսատուրքերի պատճառով կհրաժարվենք դրանցից, ինչը մեր անվտանգության շահերից չի բխում:

«Լուսանցք» թիվ 34 (339), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։