Աշխատողներից խլում են՝ հանուն չաշխատողների – Պետականորեն խրախուսվում է անգործությունը – Սոցապ քաղաքականությունը մշակողներն ավելի ու ավելի են խրախուսում չաշխատելը՝ ապացուցելով, որ դա է եկամտաբերը…

…Օրինագիծը հեղինակողները չունեն այդ աշխատավարձի ո՛չ 40, ո՛չ 60, ո՛չ էլ 100 տոկոսի կարիքը: Նրանք լափում են ու լափում 100 էլ, 1000 էլ՝ ինչքան շատ, այնքան ախորժակը՝ գրգռված: Լափում են, ծանրությունից ֆսսում ու ընկնում մեր նմանների ջանին…

Աշխատող մայրիկների հղիության եւ ծննդաբերության (մայրության) նպաստը կրճատելու հաշվին նպաստ կտրվի չաշխատող մայրիկներին:

Համենայնդեպս այսպես կլինի, եթե կառավարության հավանությանն արժանացած նախագիծը ԱԺ-ում չփոխվի:

Ըստ այդ նախագծի, հղիության եւ ծննդաբերության նպաստը կհաշվարկվի աշխատանքային ստաժի տեւողությամբ պայմանավորված: Նպաստը կհաշվարկվի միջին ամսական աշխատավարձի՝ ա) 40 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 1 տարուց պակաս է, բ) 60 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 1-3 տարի է, գ) 80 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 3 տարուց ավելի է, դ) առաջարկվում է չաշխատող մայրիկներին տրամադրել նաեւ հղիության եւ ծննդաբերության նպաստ, այն վերանվանվելու է մայրության նպաստ ու սահմանվում է, որ 2016թ. սկսած, այն կվճարվի նաեւ չաշխատող կնոջը՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի՝ 140 օրվա համար:

Երբ այս նախագծին ծանոթացա, մտածեցի, որ այն առաջարկողն ու գրողը հոգեկան առողջության կամ տրամաբանության հետ կապված խնդիրներ ունի: Իսկ այդպես մտածեցի, որովհետեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակավ հպարտացավ, որ ապաշնորհ է: Ու քանի որ դա անկեղծ է անում՝ չհասկանալով, որ ապաշնորհությունը ցուցադրելը ծիծաղելի է, դրա համար էլ կարծեցի, որ, ինչպես ՀՀ 2-րդ նախագահը կասեր, ուրիշ մասնագետի կարիք ունի:

Դեմ չեմ, պետությունը թող չաշխատող մայրերին խրախուսի եւ խթանի ծնելիությունը, բայց՝ պետական բյուջեի հաշվին, այլ՝ ոչ թե իմ:

Բացատրեմ ինչու եմ դեմ իմ հաշվին տալու տարբերակին:

Ու որպես մայր եմ սա գրում, որ ցանկանում է երկրորդ անգամ էլ մայրանալ: Երբ առաջնեկիս ունեցա, ստացա 140 օրերի համար իմ ամբողջական փոխհատուցումը: Մի գումար, որով կարողացա հոգալ երեխայիս առաջնային հրատապ ծախսերը՝ օրորոց, հագուստ, ծածկոցներ, մանկասայլակ եւ այլն: Բայց քանի որ ապրելու համար դա բավարար չէր (աշխատավարձով չեն ապրում, գոյատեւում են), իմ 10 օրական երեխային գրկեցի ու տնից դուրս եկա՝ փորձելով գրքի, գրքույկի կամ այլ աշխատանքի խմբագրման պատվեր ձեռք բերել: Ճիշտ է, մայրս օգնում էր ինձ, խնամում երեխայիս, բայց պատկերացնու՞մ եք, ինչ է մոր համար իր՝ դեռ քառասուն օրը չլրացած երեխային տանը թողնել ու թեկուզ մի քանի ժամով դուրս գալ տնից՝ գումար հայթայթելու: Իսկ սեփական առողջությունս արդեն աչքիս չէր էլ երեւում: Եվ այդ օրերին աչքիս առաջ պտտվում էին մեր բակի այն մայրիկները, ովքեր իրենց ամբողջ կյանքում գեթ 1 ժամ աշխատած չկային (նախարարի գործ ուզող կատեգորիա կա, չէ՞): Նրանք իրենց բալիկներին գրկելու, սիրելու ժամանակ ունեին, երջանիկ իջնում էին բակ, խոզի պես արեւածաղիկ չրթում՝ բակը աղբով լցնելով, սկեսուր-սկեսրայրներից բամբասում, եզան պես բանող ամուսինների անճարակությունից բողոքում ու առավոտից իրիկուն գումար պահանջում ու ստանում, պահանջում ու ստանում:

Ես երեխայիս քնեցնում էի ու նստում գիրք խմբագրելու, որպեսզի հասցնեմ ծախսերը: Հոգնածությունս մատուցեց «նվերը». ես զրկվեցի կաթից. փոքրիկս արհեստական կերի հույսին մնաց…

Հիմա ինձնից վերցնելու… ու սրա՞նց են տալու: Սրանց եմ ասում չաշխատող մայրերի հենց այս խմբին (եւ խոսքս ամենեւին էլ չի վերաբերում աշխատանք փնտրող, բայց չգտնող կիրթ, մտածող տեսակին), ովքեր դպրոցն ավարտելուց հետո եթե գոնե մեկ անգամ ձեռքները գիրք վերցրել ու տառերը չեն մոռացել, եւ հանկարծ պատահաբար այս նյութն էլ կարդան, ապա կգազազեն, ո՛նց կգազազեն: Պատկերացնում եմ մեր բակում ինձ ինչ անեծքների փունջ է սպասվում:

Ինչեւէ, աշխատանքային փորձս, ըստ նոր օրինագծի, ինձ թույլ է տալու երկրորդ բալիկիս ունենալիս ստանալ աշխատավարձիս 80 տոկոսը: Ինձնից վերցրած 20 տոկոսի վրա պետությունը կավելացնի ու կտա չաշխատողներին: Հայտնի անեկդոտը հիշու՞մ եք ուրիշի հարսով փեսին լավություն անելու մասին…

Օրինագիծը հեղինակողները չունեն այդ աշխատավարձի ոչ 40, ոչ 60, ոչ էլ 100 տոկոսի կարիքը: Նրանք լափում են ու լափում 100 էլ, 1000 էլ՝ ինչքան շատ, այնքան ախորժակը՝ գրգռված: Լափում են, ծանրությունից ֆսսում ու ընկնում մեր նմանների ջանին:

Օրինագծի առաջացրած աղմուկին ի պատասխան Սոցապ պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը ասում է. «Դրանք զուտ առաջարկություններ են, որոնք կարիք ունեն քննարկումների, արդեն իսկ այդ քննարկումների արդյունքում կառավարությանը ներկայացված նախագծում իրականացվել են որոշակի փոփոխություններ»:

Իրո՛ք, ինչ պայծառ գլուխներ ունենք, հե՛յ գիտի, հա՜: Հետաքրքիր է, այդ ինչ փոփոխություններ են արել մեր պայծառ գլուխները: Պարզվում է՝ օրինագծով առաջարկվել է կրճատել երեխայի խնամքի նպաստի տեւողությունը՝ մինչեւ երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչեւ երեխայի 2 տարին լրանալը): Եվ քննարկումների արդյունքում փաթեթի լրամշակված տարբերակ է ուղարկվել կառավարություն, որտեղից հանված է այն կետը, որով նախատեսվում էր երեխայի խնամքի նպաստի տեւողությունը գործող երկու տարվա փոխարեն սահմանել մեկ տարի:

Ինչպիսի՛ հետեւողականություն:

Հիմա տեսնենք, թե ինչքան կստանան չաշխատող մայրերը: Օրինագծի համաձայն, 2016թ. հունվարի 1-ից հղիության եւ ծննդաբերության նպաստ (140 օրվա համար) կտրվի նաեւ չաշխատող մայրերին: Նվազագույն աշխատավարձի չափի՝ 66 հազար դրամով հաշվարկելու դեպքում չաշխատող կինը կստանա 230 հազար դրամ գումար: Եթե օրենքն ընդունվի, ապա նախատեսված է, որ աշխատող մայրերի նպաստի չափը կնվազի 2015թ. հունվարի 1-ից:

Այսինքն՝ աշխատողից կկտրեն, 1 տարի կհավաքեն եւ կտան չաշխատողին:

Բացի այս՝ չաշխատող մայրը գումարը ստանալու է՝ առանց հարկեր տալու, մենք՝ աշխատողներս՝ հարկեր տալով:

Պաշտոնական այլ տվյալ էլ մեջբերեմ. Հայաստանում տարեկան ծնվում է 42-43 հազար երեխա« նրանցից 13-13,5 հազարը ստանում է հղիության եւ ծննդաբերության նպաստ« այսինքն նրանք աշխատող մայրերն են, իսկ մնացած 29,5-30 հազարը չաշխատող մայրերն են, ովքեր որեւէ նպաստ չեն ստանում:

Այսինքն՝ մենք՝ 13 հազարս պահելու ենք 30 հազարին:

Այսքանից հետո իրավունք ունե՞մ մտածելու, որ օրինագծի հեղինակը կամ հեղինակները հոգեկան առողջության կամ տրամաբանության հետ կապված լրջագույն խնդիրներ ունեն: Պատասխանը պարզ է:

Իսկ նախարարությունն ասում է, թե այս օրինագծով լուծում են հասցեականության խնդիրը:

Բանն այն է, որ ժամանակավոր անաշխատունակության նպաստների հասցեականության մասին բազմիցս կասկածներ են հայտնել թե վերահսկիչ պալատը, թե ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչությունը: Ժողովրդական լեզվով ասած՝ դեպքեր կան, երբ չաշխատող կինը աշխատանքի է ընդունվել ու մի քանի օր անց ստացել հղիության ու ծննդաբերության նպաստ: Հիմա իբր սա են ուզում շտկել:

Ասել է թե՝ նախարարությունն իր, ինչպես ասացի, ապաշնորհության հարցը փորձում է լուծել աշխատող մայրերի հաշվին: Կամ հարց տվող լինի՝ էդ ո՛ր խեղճ ու կրակն է կարողացել փորը բերանին աշխատանքի ընդունվել, ի՞նչ է, չգիտե՞ք, թե մեր աշխատաշուկայում ինչ է կատարվում: Ինչու՞ չեք ասում, որ փորը բերաններին աշխատանքի  «ընդունվողները»  հենց ձեր բարեկամներն են (հարսներին ու աղջիկներին այդ գումարը պետք չէ): Ձեւ եք տալիս ձեզ, թե անօրինականություն եք հայտնաբերել ու ուզում եք դեմն առնել: Քիչ լափեք, ձեր ուղեղները ճարպակալում են ու դրա տակից մե՛նք չենք կարողանում դուրս գալ:

Որովհետեւ ճարպակալած ուղեղին անհնար է բացատրել, որ սոցիալական հավասարությունն ու սոցիալական արդարությունը տարբեր բաներ են, դրանք հոմանիշներ չեն (հիմա ո՞նց ասեմ, թե հոմանիշն ինչ է): Բացատրությունն, ի դեպ, անվճար կարող եմ տալ, «հարգելի» սոցապ քաղաքականությունը մշակողներ, ովքեր ավելի ու ավելի են խրախուսում չաշխատելը՝ ապացուցելով, որ դա է եկամտաբերը:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 34 (339), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։