Եվ կգա՛ շահերի բաժանման պահը – Փաստորեն, եռյակի ներսում առկա են եւ՛ գաղափարախոսական եւ՛ կազմակերպչական խնդիրներ… Մերօրյա ողբոլոգիա… Ղեկավարման տեխնոլոգիա…

Քաղաքական դաշտում առկա է ոչ միայն իշխանություն-ընդդիմությունը հակամարտությունը, այլեւ՝ ընդդիմություն-ընդդիմություն: Երբ ընդդիմադիր քառյակը գործում էր, հնարավորություն եղավ այն դարձնել հնգյակ: Դա այն պահին էր, երբ ՕԵԿ-ը լքեց իշխանական քաղաքական կոալիցիան: Բայց առաջացան քառյակ-ՕԵԿ հակասություններ, եւ հնգյակի գաղափարը հօդս ցնդեց: Շուտով քառյակն էլ եռյակ դարձավ, եւ սրվեցին եռյակի-ՀՅԴ հարաբերությունները: Հատկապես, երբ ՀՅԴ-ն սկսեց բանակցել միաիշխան ՀՀԿ-ի հետ:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունն այն մասին, թե Դաշնակցության համար անընդունելի է եռյակի պահվածքը, երեւի թե անսպասելի էր ընդդիմադիրների համար, բայց ի վերջո, այս «ամուսնալուծության» որոշումը վերջնական էր, դարձի ճանապարհ չկա այլեւս, եւ դա քաղաքական հակասությունների առիթ դարձավ: Այժմ այս ուժերը պետք է կարողանան մարդկանց վստահությունն ամրագրել իրենց օգտին, ինչն էլ առաջ է բերել հակասությունների նոր ալիք:

Անգամ սպասողական վիճակ է առաջացել, թե խորհրդարանական ուժերից որ մեկն ավելի շատ ասելիք ունի՝ եռյակը ՀՅԴ-ի մասին, թե հակառակը: Եռյակում որոշում է կայացվել դեռ չմեկնաբանել ՀՅԴ-ականների հայտարարությունները, չմտնել նոր հակասությունների դաշտ, քանի որ այս դեպքում ընդդիմությունը (նաեւ նախկին գործընկեր ՀՅԴ-ն) կսկսի փոխադարձ վարկաբեկումը ու կտապալի հիմնական նպատակները:

ՀՅԴ-ն արդեն արձագանքել է, որ ոչ միայն իրենք, եռյակը եւս բանակցությունների մեջ է իշխանությունների հետ: Ամեն դեպքում ՀՅԴ-ն դեռ խաղում է ընդդիմադիր կարգավիճակի վրա, եւ ԱԺ-ում, երբ պատգամավորները շարունակ ռեպլիկներ էին անում միմյանց հասցեին, դաշնակցական Արծվիկ Մինասյանը սահմանադրական բարեփոխումներին դեմ մարդկանց արտահայտվողներին կոչ արեց կարդալ. «Իսկ ովքեր չեն ուզում կարդալ, լուսահոգի Նազարյանը գեղեցիկ խոսք ուներ՝ վախենում եք կարդաք, որ կարող է հանկարծ մտածեք, ձեր ուղեղը աշխատի,  բթության  կուսությունը  հանկարծ վնասվի՞»: Այստեղ արձագանքեց նաեւ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը, ով մինչեւ իր ելույթը կոչով դիմեց այն պատգամավորներին, ովքեր ամպագոռգոռ ելույթներ են ունենում, բայց իրենց ընդդիմադիր չեն անվանում. «Շշուկով կատարեք ձեր պատվերները, վաղը կարող է տերերը փոխվեն»:

Դառնալով եռյակին՝ հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի հարթակից փորձ արեց կրկին քառյակի տպավորություն ստեղծել: Կամ էլ՝ մի այլ քառյակ է պետք, որտեղ ՀՀ 1-ին նախագահը կունենա 2 ձայն, գրեթե որոշիչ, կամ նվազագույնը՝ «վետո» դնող:

Իսկ հայտարարությունն այսպիսին էր. «Նորաստեղծ շարժումը գլխավորում են Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, «Ժառանգություն»-ը, Բարգավաճ Հայաստանը, եւ Հայ ազգային Կոնգրեսը»: ՀԱԿ-ի առաջնորդը փորձել է մեղմել նաեւ այն տպավորությունը, թե ընդդիմությունը պառակտվել է: «Շարունակելով հանդերձ մեզ հետ համագործակցությունը խորհրդարանական մակարդակում՝ Դաշնակցությունն ինչ-ինչ նկատառումներով հարմար չի համարել մաս կազմել համաժողովրդական շարժմանը, եւ մենք հարգանքով ենք վերաբերվում նրա դիրքորոշմանը: Ինչեւիցե, կարեւորն այն է, որ կազմի մասնակի փոփոխությունից հետո էլ հրաշալի քառյակը (սա հստակ ցանկություն է, որ ընդգծվեց հանրահավաքում,- Կ.Բ.) շարունակում է մնալ նույնքան հրաշալի քառյակ»: Բացի վերոնշյալ տարբերակներից, կան նաեւ այլ տարբերակներ՝ կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԺԿ-ին ձեւաչափի լիարժեք մաս դարձնելու հարցը չի համաձայնեցրել ԲՀԿ-ի հետ, կամ էլ համաձայնեցրել է, բայց ԲՀԿ-ն հետագայում զղջացել է՝ դա համարելով իր շահերին հակասող որոշում: ԲՀԿ-ի այն ներկայացուցիչները, ովքեր եռյակի հանդիպումների մասնակից են, ասում են, որ եռյակը քառյակ դարձնելու «տերպետրոսյանական մոդելը» հաստատ իրենց համար ընդունելի չէ:

Այսպես եռյակի ներսում նոր հակասություն է առաջանում, ինչը հավաստում է, որ ընդդիմության առաջնորդի պայքարը ավարտված չէ: Փաստորեն, եռյակի ներսում առկա են եւ՛ գաղափարախոսական եւ՛ կազմակերպչական խնդիրներ: Չնայած «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանն ասում է, թե «եռյակը կարող է վեցյակ դառնալ կամ մնալ երկուսը» ու դա խնդիրը չի համարում, բայց հաստատ այդպես չէ: Շատ բան է փոխվում:

Կարեն Բալյան

Մերօրյա ողբոլոգիա

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, ով հայտնի իշխանամետ «մասնագետ» է, հերթական ցնցող հայտարարությունն է արել: Ըստ նրա՝ «իշխանության գալու ճիշտ ճանապարհը կոալիցիա մտնելն է»: «Երբ խորհրդարանի մաս կազմող կուսակցությունը դեմ է դուրս գալիս գործող իշխանությանը, ապա նա դեմ է ինքն իրեն, որովհետեւ ինքը եւս իշխանության մաս է կազմում»,- այսպիսի ճաճանչափայլ միտք է հրապարակել այս սոցիոլոգը եւ հավելել, որ այսօր ոչ իշխանական եռյակը պետք է պայքարի միայն գործադիր իշխանությունում փոփոխություն անելու համար:

Այսինքն, եթե ընդդիմադիր (խոսքն իրապես ընդդիմադիր ուժի մասին է) կազմակերպությունները կամ անհատները ժողովրդի ընտրությամբ դառնում են խորհրդարանական ուժ եւ պատգամավոր, ապա ըստ «մասնագետի», դառնում են իշխանություն: Բայց չէ՞ որ մարդիկ ընդդիմադիրին ընտրել են հենց ընդդիմադիր լինելու համար, որ խորհրդարանում գոնե լինեն ժողովրդի ներկայացուցիչներ, որ ընդդիմանան իշխանությանը, ոչ թե դառնան իշխանություն:

Այս տրամաբանությամբ մեր երկրի բոլոր քաղաքացիներն իշխանություն են, քանի որ սահմանադրորեն իշխանությունը պատկանում է ժողովրդին, այդ ժողովուրդն էլ ընտրել (կամ մոտավորապես է ընտրել, ինչքանով տեղեկացվել է հետո) թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը: Վե՛րջ: Ասենք՝ հանգստանանք ու այլեւս չմտածենք կյանքի փոփոխությունների եւ բարելավման մասին:

Սա սոցոլոգի՞ա է, թե՞ խոցոլոգիա: Եվ պարզ է, թե ինչու այն հարցին, թե այսօր ընդդիմությունը իշխանափոխություն է ուզում, թե հեղափոխություն՝ իշխանափրկիչ սոցիոլոգը պատասխանել է, որ «հայերը հեղափոխական ազգ չեն, հեղաշրջում հնարավոր է լինի, ինչը տեղի ունեցավ 1996թ.-ին, բայց հեղափոխություն՝ ոչ»:

Հաջորդ նախագահական ընտրությունների հավանական թեկնածուներն այս սոցիոլոգի աչքին չեն երեւում, նա նշել է, որ «դեռեւս որեւէ մեկին չի տեսնում, իշխանության մեջ դեռեւս Սերժ Սարգսյանից բացի մարդ չի երեւում, ընդդիմությունում էլ որեւէ մեկը չի առանձնանում՚»

Ինչպես ասում են՝ եթե այս ամենը ողբալի չլիներ, ապա հաստատ ծիծաղելի կլիներ: Չէ, սա իրականում մասնագիտական ողբոլոգիա է: Դե ե՛կ ժողովուրդ, ու մի՛ խենթանա:

Անի Մարության

Ղեկավարման տեխնոլոգիա

Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընդդիմությունը դեմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, պատճառաբանելով, որ դա կնպաստի իշխանության վերարտադրմանը: Ընդդիմադիրները հույս ունեն, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «մարտիմեկյան» ազդեցությամբ չի կարող կրկին առաջադրվել նախագահի թեկնածու, իսկ Սերժ Սարգսյանն էլ դրա հնարավորությունը չունի սահմանադրորեն, նա ավարտում է իր նախագահության 2-րդ ժամկետը:

Ըստ ընդդիմադիր մեկնաբանների, անցումը խորհրդարանական պետության թույլ կտա գործող նախագահին դառնալ վարչապետ եւ այդպիսով մնալ իշխանության ղեկին: Անգամ ԱԺ նախագահ դառնալով Սերժ Սարգսյանը կարող է խորհրդարանական մեծամասնության կամքով լինել երկրի փաստացի ղեկավարը: Սա նշվել է ի պատասխան նախագահի այն խոսքի, որ սահմանադրական փոփոխությունների դեպքում ինքը չի առաջադրվր երկրի նախագահի պաշտոնում եւ չի դառնա երկրի վարչապետ:

Այսպես, ըստ ընդդիմության, ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է նորից դառնալ երկրի նախագահ, բայց Ռոբերտ Քոչարյանը՝ ոչ: Իսկ Սերժ Սարգսյանին անգամ վարչապետ եւ ԱԺ նախագահ չեն ցանկանում տեսնել:

Այս ամենը ոգեւորել է ԲՀԿ-ականներին նույնպես, եւ նրանք նախագահի աթոռին արդեն իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանին են պատկերացնում: Հետաքրքիր է, որ փոփոխություններին դեմ է նաեւ նախկին իշխանական ՕԵԿ-ը, իսկ այդ կուսակյցության անդամներն արդեն բարձրաձայնում են, թե ՀՀ նախագահի պաշտոնում միայն Արթուր Բաղդասարյանին են տեսնում:

«Խորհրդարանական կառավարման համակարգին կողմ լինելն ամենեւին չի նշանակում կողմ լինել սահմանադրական ցանկացած բարեփոխման»,- ասել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը, ով խորհրդարանական կառավարման կողմնակից է եղել դեռեւս 2005թ. սահմանադրական բարեփոխումների ժամանակ:

Իսկ ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանը կարծում է, որ հիմա ամենաճիշտ ժամանակն է, որ անցում կատարեն 100%-ոց համամասնական ընտրակարգի: Ըստ նրա, սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակն է երկրում բարելավել կառավարման համակարգը եւ իշխանությունը կենտրոնացնել ոչ թե մի մարդու ձեռքում, այլ «կոլեգիալ մարմնի, որի մեջ մտնում է նաեւ ընդդիմությունը»:

Խոսելով Վենետիկի հանձնաժողովի տված դրական եզրակացության մասին, նշվել է, որ Վենետիկի հանձնաժողովն այն դիտարկումն է անում, որ պետք է լինի քաղաքական համաձայնություն, քննարկումներ, քանի որ առանց դրա երբեք սահմանադրական բարեփոխումները չեն իրականացվի:

Փոփոխման կողմնակիցները նշում են, որ սահմանադրական բարեփոխումների ընդունման հենց հաջորդ օրը քաղաքացիներն իրենց վրա փոփոխություն չեն զգա, սակայն որոշ ժամանակ անց, երբ արդեն սկսեն գործել Սահմանադրության դրույթները, կզգան:

«Մենք բազմիցս ասել ենք, որ կողմ ենք կառավարման խորհրդարանական մոդելին եւ միայն այդ դեպքում կարող ենք երկրում իրավիճակ փոխել: Կառավարման խորհրդարանական մոդելին անցնելով՝ մենք ոչ թե կնպաստենք իշխանությունների վերարտադրմանը, այլ կկարողանանք կանխել դա»,- ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անհամաձայնություն հայտնելով այն կարծիքներին, թե սահմանադրական բարեփոխումներին կողմ քաղաքական ուժերը նպաստում են իշխանությունների վերարտադրմանը:

Նրա դիտարկմամբ, իշխանությունների վերարտադրմանը նպաստում են հենց այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են սահմանադրական բարեփոխումներին:

Ըստ դաշնակցականների, եւ ոչ միայն նրանց կարծիքով, Հայաստանում 3 նախագահ է փոխվել, սակայն 23 տարի իշխանությունները վերարտադրվել են. ոչ մի ընտրության արդյունքում մեր երկրում իշխանություն չի փոխվել, իսկ սրան վերջ տալու համար պիտի անցնել կառավարման խորհրդարանական ձեւին:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 34 (339), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։