Քաղաքականության ազատամարտականացումը – Սա նույնքան վտանգավոր է, որքան քաղաքականության անբարոյականացումը… 2008թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ եւ Գագիկ Ծառուկյանին ասաց, որ նա բոմժ է դառնալու…

Ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը, ում նաեւ նախկին քաղբանտարկյալ են համարում, համամիտ չէ ոչիշխանական եռյակի այսօրվա գործողություններին ու քայլերին: Նա արտագաղթի, ժողովրդի ունեզրկման մեջ մեղավոր է տեսնում նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով այսօր ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ պահանջում է իշխանափոխություն: Նա ասել է, թե «օլիգարխը քաղաքականությունից հասկանում է այնքան, որքան ես եմ տիրապետում չինարենին: ԲՀԿ ղեկավարը չի գնում ԱԺ, կարծիք չի արտահայտում, որովհետեւ չունի որեւէ կարծիք, եւ այդ մարդը պետք է շարժում ղեկավարի՞»:

Ազատամարտիկը ուշադրություն է հրավիրել նաեւ այն փաստին, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքում Գագիկ Ծառուկյանը ելույթ չունեցավ, ելույթ ունեցավ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կիսատ-պռատ խոսք ասաց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն նրանք չէ, որ պիտի ղեկավարեն շարժումը: «2008թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ եւ Գագիկ Ծառուկյանին ասաց, որ նա բոմժ է դառնալու: Այսօր մենք տեսնում ենք, որ նա արաբական շեյխերին վայել կյանքով է ապրում: Հայաստան այցելող սփյուռքահայերը մատնացույց են անում Գագիկ Ծառուկյանի դղյակները, որ գտնվում են Սեւան տանող ճանապարհին: Նույն սփյուռքահայերը օգնություն են ցուցաբերում մեզ՝ հայաստանցիներիս, որ Հայաստանում ու Արցախում մանկապարտեզ կամ դպրոց կառուցվի, եւ տարակուսում են, թե համատարած աղքատության մեջ ինչպես է այդ մարդն այդչափ ունեցվածք կուտակել:

Ես ճանաչում եմ սփյուռքահայերի, որոնք Հայաստանի համար մեծ գործեր են արել, բայց նրանց ցուցաբերած օգնության մասին ոչ մի զլմ չի գրել, իսկ Գագիկ Ծառուկյանի ամեն մի բարեգործության մասին ամբողջ օրը քարոզում են նրան պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությամբ»,- ասել է Սարգիս Հացպանյանը եւ հավելել, թե ինչ վերաբերում է ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած հայտարարություններին Գագիկ Ծառուկյանի մասին, ապա ինքն առաջարկում է. «Կա՛մ թող Լեւոն Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրի 2008թ. Գագիկ Ծառուկյանի մասին իր հնչեցրած խոսքերի համար, կա՛մ մյուսը ներողություն խնդրի, որ չի լսել»:

Եթե ԲՀԿ նախագահն ունենար ոչ իշխանահաճո կեցվածք, ապա նրան Հայաստանում հաշված վայրկյանների ընթացքում կունեզրկեին, մի՞թե մոռացել են նույն ՀԱԿ-ականները, թե՝ «Մարտի 1-ի իրադարձություններում Գագիկ Ծառուկյանն ու նրա թիկնազորը ինչ դերակատարում ունեցան»,- նշել է «Մարտի 1-ի գործով» դատապարտված ազատամարտիկը:

Վերջերս էլի ազատամարտիկներ են սկսել խոսել ԲՀԿ ղեկավարի անցյալից: Ըստ երեւոււյթին ԲՀԿ-ի կողմից «այլընտրանքային  երկրապահի» նախաձեռնությունը դեռ նոր արձագանքների կհանգեցնի:

Մի քանի նախկին կամավորականներ վրդովված նշել են, թե ԲՀԿ ղեկավարը որեւէ առնչություն չի ունեցել ազատամարտի հետ, «զբաղվել է հարստություն դիզելով, այն էլ կիսասոված, անլույս եւ ցրտի մեջ ապրող մարդկանց հաշվին, ամենադաժան տարիներին ու հիմա փորձում է «փառահեղ անցյալ» սարքել իր փողերով»…

Մեկ այլ ազատամարտիկ էլ, ով ներկայացել է որպես արցախյան ազատամարտի մասնակից, գնդապետ Վոլոդիա Հովհաննիսյան, (ով այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնականն է), մի հոդվածում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի անցյալին՝ քննադատել էր նրա ցոփ ու շվայտ ապրած կյանքը:

Հետո հայտարարություն արեց հանկարծ, թե իրեն վախեցնելու փորձ են արել դիմակավորված մարդիկ, ովքեր ասել են, որ այլեւս Գագիկ Ծառուկյանի հասցեին վիրավորական բաներ չգրի: նդապետը նշել է, որ իրեն չեն կարող վախեցնել, բայց «սա ցույց է տալիս Գագիկ Ծառուկյանի քաղաքական տհասությունը եւ անպատժելիությունից ու փողի շատությունից առաջացած ցինիզմը»…

«Չի կարելի քննադատությունն ընդունել այնքան թշնամաբար, որ փորձ արվի պատժել մարդկանց, ովքեր հազարապատիկ ավելին են արել երկրի համար, քան ինքը: Նա իրեն շրջապատել է թագավոր անվանող սինլքորներով եւ սողուններով, որոնք այնքան են կեղծ գովեստներ շռայլել իր հասցեին, որ նա հավատացել է, թե այդպիսին է: Նա կարող է որպես հայր, ամուսին՝ լավ մարդ է, բայց որպես քաղաքական գործիչ՝ չկա: Ինձ ահաբեկողներին ասացի, որ եթե հանկարծ Ծառուկյան Գագիկը համարձակվի մտածել, որ կարող է Արցախյան ազատամարտի գնդապետին վախեցնել, ապա ես արյան բաղնիք կսարքեմ իր համար: Ես այդպես եմ պատասխանել նրանց»,- այսպես է արձագանքել Վոլոդիա Հովհաննիսյանը:

Արձագանքել են նաեւ այլ ազատամարտիկներ՝ կրկնելով գնդապետի խոսքերը՝ թե որեւէ բռնարարքի դեպքում իրենք անմիջապես կպատասխանեն նույն կերպ, կտան արժանի հակահարված: Իսկ գնդապետը հավելել է նաեւ. «Եթե մի մարդու կողքին Ծաղիկ Ռուբոյի նման ոչնչություններ են, ապա նա ոչ ոքի չի կարող սպառնալ»:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 34 (339), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։