Ո՞վ կպատմի իր առաջին միլիոնի մասին – Կեղծ սրբերի ժամանակները կանցնեն… Շատ հարմար է չվճարած հարկերի մի քանի տոկոսով «բարեգործ» գործարար եւ «ազնիվ» գործիչ աշխատելը..

Այն մեղադրանքները, որոնք ուղղվում են ՀՅԴ-ին (ընդդիմադիր որոշ գործիչների կողմից), թե իշխանությունների հետ բանակցությունների մեջ են, ստացավ որոշակի սպառիչ պատասխան: Այդ պատասխանն է, որ ոչ միայն ՀՅԴ-ն, այլեւ ընդդիմադիր եռյակի բոլոր կուսակցություններն առանձին-առանձին բանակցում են իշխանությունների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ այդ քաղաքական ուժերը դեմ չեն լինի «տեղավորվել» իշխանական վերնախավում՝ իրենց տեղը զիջելով նոր ընդդիմադիրների, ցույց կտա ժամանակը:

Իսկ ժամանակը ցույց է տվել, որ ցայսօր անկախ Հայաստանում չի փոխվել իշխանությունը, չի փոխվել նաեւ ընդդիմությունը: Հերթով փոխարինում են մեկմեկու, եւ այդ խաղը շարունակվում է…

Դառնալով օրվա խնդրին, նշենք, որ ոչ բոլոր բանակցություններն են, որ հանգեցնում են քաղաքական դաշինքի, սա նաեւ քաղաքական գործընթաց է, սակայն հաշվի առնելով իշխանության եւ ներկա ընդդիմության տասնյակ տարիների համատեղ (նաեւ կողք կողքի) աշխատանքը ինչպես իշխանական ոլորտում, այնպես էլ՝ ընդդիմադիր, չի կարելի բացառել ոչինչ:

Օրերս կրկին եթերում էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ազգային անվտանգության համակարգի նախկին, թե ներկա, թե մշտառկա աշխատակից Գառնիկ Իսագուլյանը, ով իր տեսակետներով տվեց այս հարցերի յուրովի պատասխանները: Այն, որ այս գործիչը անվերապահորեն աշխատում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, գաղտնիք չէ ամենեւին: Այն, որ նա մերթ ընդ մերթ ջուր է լցնում իշխանության, ապա ընդդիմության ջրաղացին, նույնպես գաղտնիք չէ: Եվ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հեռուստաընկերությամբ նրա վերջին հարցազրույցը եւս պատահական չէր:

Այսօր լուրջ սոցիալ-տնտեսական եւ իրավական ու քաղաքական ներքին խնդիրներ կան, որոնք կարող են հանգեցնել զանգվածային ցույցերի: Իհարկե, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե «նոր մարտիմեկ թույլ չեն տալու», բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Եթե հայտնվեն տասնյակ հազարավոր մարդիկ, որ փողոցում ման գան արդարությունը, ապա ներքին եւ արտաքին մի շարք ուժերի ազդեցությամբ կարող է մի նոր հեղափոխական ալիք բարձրանալ:

Եվ Գառնիկ Իսագուլյանը հենց այս մասին էլ խոսում էր: Հասկանալի է, որ հիշյալ հեռուստատեսությամբ ելույթն ակնկալում էր, որ նա պետք է պաշտպաներ ընդդիմության շահերը, եւ այդպես էլ արվեց: Բայց հետաքրքիր է, որ պարզորոշ ընդգծվեց, որ եռյակ ասվածը պարզապես մի թիվ է, որի լուրջ ուժը՝ «շարժիչ լոկոմոտիվը» ԲՀԿ-ն է: Այսինքն՝ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» զանգվածներ սպասարկող վագոններ են, որ կցվել են լոկոմոտիվին, ինչը այսօր «մեծացնում է Գագիկ Ծառուկյանի հնարավորությունները»:

Ըստ այդ վերլուծության, «Գագիկ Ծառուկյանը ոչ մի բանի կարիք չունի, իսկ նրա ղեկավարած քաղաքական ուժը ինքնաբավ է՚: Այսինքն՝ փողն ունի, տնտեսական եւ քաղաքական բազա ունի, իրեն պաշտպանող թիկնազոր ունի եւ էլի բաներ ու կարող է ինքզինքն սպասարկելով, իր ծախսերի ու միջոցների հաշվին դառնալ ընդդիմադիր ազդեցիկ ուժ: Գառնիկ Իսագուլյանն անգամ Հռոմեական կայսրության առաջնորդների օրինակներից բերեց, եւ այդ պահին Մարկոս Ավրելիոսը ու էլի ոմանք հաստատ անհարմար պտտվեցին հողի տակ: Պատկերացնու՞մ եք, ըստ նրա, այս գործիչը՝ Գագիկ Ծառուկյանը հեռու լինելով քաղաքականությունից՝ մնացել է քաղաքականապես մաքուր, ուստի կարող է քաղաքական առաջնորդ դառնալ… Մտքի այսպիսի՞ թռիչք՝ հաստատ ոչ միայն Հռոմեական կայսրության, այլեւ Հունական ու Պարսկական կայսրությունների առաջնորդները չեն ունեցել:

Այսինքն՝ մի մարդ, ով Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք անդադար հարստացել-հարստանում է, հեռու է մնացել քաղաքականությունից եւ մաքուր է մնացել դրամա-տնտեսական գործունեության ամբողջ ընթացքում՝ դառնալով բարեգործ մի այր: Կարելի է հեքիաթներին հավատալ եւ առողջ մնալ, բայց այսպե՞ս:

Որպես լրագրող, ինձ հետաքրքրեց այս թեման եւ փորձեցի ճշտել, իրապե՞ս գործ ունենք սուրբ առաջնորդի ի հայտ գալու գործընթացի հետ, թե՞ ճիշտ եմ մտածում այն, ինչ մտածում եմ: Զրուղեցի մի մարդու հետ, ով քաջատեղյակ է Աբովյանի ու շրջանի պետական ու քաղաքական կյանքին, մարդկանց գործունեությանն ու մտածելակերպին՝ ինչպես անկախության պայքարի տարիներին, այնպես էլ արցախյան ազատամարտի եւ դրանից հետո պետության շինարարության հետ կապված ժամանակներում (հատկապես՝ 1988-1998թթ.): Ընտրել էի 10-ամյա այդ ժամանակահատվածը, որի ընթացքում այնքան բան կատարվեց, ինչը մի հարյուրամյակի կհերիքեր, որպեսզի համոզիչ տեսնեն պատկերը:

Ստացա հարցերիս պատասխաններն այդ տարիներին հայությանը հարստահարող, ազգային ունեցվածքը սեփականացնողների, հետո այդ սեփականությունը հարյուրապատկողների, մարդկանց նախաձեռնած գործերը  հափշտակողների, ամենատարբեր ընտրություններին խախտումներ անողների, ընտրակեղծիքներով օրվա իշխանություններին ծառայողների, իրենց չլսող մարդկանց ծեծ ու ջարդի ենթարկողների եւ այլ բաների մասին, որ կատարվել են ինչպես ազգի համար ճակատագրական ժամանակներում՝ պատերազմի տարիներին, այդպես էլ դրանիւց հետո, անգամ՝ ցայսօր: Ընդդիմադիր կխաղան, թե իշխանավոր կդառնան վերստին, տարբերություն չկա այլեւս:

Լրատվության աղբյուրի հետ հարցազրույցը, ըստ երկկողմ պայմանավորվածության, կտպագրվի այն ժամանակ, երբ ապացույցներն առավել ազդեցիկ նշանակություն կունենան: Չեմ թաքցնում, խոսք եղավ նաեւ ԲՀԿ առաջնորդի մասին, եւ հիմա ես եմ հարցնում Գառնիկ Իսագուլյանին, ով այդ օրը հիացական, եթե չասվի՝ ցնծությամբ ներկայացրեց, թե մարդիկ ասում են, որ այս իշխանությունները «արդեն կերած են ու հագեցած», եւ հայտնի չէ՝ թե եկողներն ինչ կանեն: Եվ պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանը «այդպիսի խնդիր չունի» (այսինքն՝ արդեն լա՜վ կերած է,- խմբ.):Եվ այսպես՝

1. Արդյո՞ք  հեռու է մնացել քաղաքականությունից Գագիկ Ծառուկյանը՝ ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահների օրոք:

2. Մի՞թե ԲՀԿ առաջնորդն այս տարիներին հեռու է մնացել տարաբնույթ ընտրական գործընթացներից եւ չի մասնակցել ընտրակեղծիքների կազմակերպմանն ու հովանավորմանը:

3. Գագիկ Ծառուկյանի թիկնազորը որեւէ հակամարդկային քայլ կատարե՞լ է այս ժամանակահատվածում, եղե՞լ են բողոքներ, թե՞ միայն բարեգործություն բաժանելով է զբաղվել:

4. Իսկ բարերար եւ բարեգործ Գագիկ Ծառուկյանը՝

ա/ Կարո՞ղ է փաստացի ներկայացնել իր հարստանալու պատմությունը եւ նպաստող հանգամանքները:

Միայն թե ամերիկացի հանրահայտ գործարարի նման չասի՝ 1-ին միլիոնի մասին մի հարցրեք, մնացած միլիոններս արդար եմ աշխատել...

բ/ Կհերքի՞, որ չի խոչընդոտել գործարար մարդկանց առաջխաղացմանը Աբովյանում եւ այլուր: Եվ այդպիսով չի նպաստել նրանց, հետեւաբար նաեւ այլ մարդկանց՝ Հայաստանից հեռանալուն՝ այսինքն՝ արտագաղթին, որի տեմպերից նեղսրտած բողոքում է այսօր:

գ/ Արդյո՞ք կդառնար բարեգործ, եթե 1988-1998թթ. ժամանակահատվածում (եւ ցայսօր) իրապես վճարեր իր հարկերը պետությանը, ոչ թե ախպերությանը:

Իհարկե, շատ հարմար է չվճարածի ընդամենը մի քանի տոկոսով հանրահայտ բարեգործ աշխատելը:

Այս հարցերը ոչ միայն ԲՀԿ ղեկավարին պետք է տրվեն, հուսանք, որ մինչեւ 2018-ը Հայաստանում այնպիսի փոփոխություններ կլինեն, որ 1988-2018թթ. հաշվետվությունը կդրվի «ազգի սեղանին» ու համապատասխան պատիժներն էլ կլինեն ազգային եւ արդար: Այն, ինչ այդ 30 տարիներին թալանվել է, պետք է մտնի ազգի բարրօրության համար նախատեսված բյուջե: Եվ ով շարունակում է իր «փառահեղ» կյանքը, կտա իր պատասխանը, ով այլեւս հեռացել է այս կյանքից՝ նրա զավակները պետք է պատասխան տան կամ հրաժարվեն իրենց «անհայտ անցյալից» ու այդ անցյալի մնացուկներից (որ հիմնականում գումարի տեսքով է):

Ի վերջո, բավական է մարդկանց հիշողությունից զուրկ մի զանգվածի տեղ դնել: Ցավոք, այդպիսի զանգված կա, որը պատրաստ է ընդդեմ Սերժ Սարգսյանի ընտրել Լեւոն Տեր-Պետրոսյանին, հետո ընդդեմ այս մեկի՝ Ռոբերտ Քոչարյանին, բայց բոլորը չէ, որ այդ զանգվածի նման են մտածում: Կեղծ ու սին սրբերի ժամանակները կանցնեն շուտով եւ պետք է գա պատասխան տալու ժամանակը:

Նշածս դեռ չտպագրված հարցազրույցում եւս կա մի այդպիսի թեմա, հիշեցվում է, որ ժամանակին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց Քաղաքական խորհուրդ, որը մեծ աշխատանք կատարեց՝ ուսումնասիրելով նախկին իշխանությունների գործունեությունը, եւ երբ փաստաթուղթը պատրաստ էր, հայտարարվեց, որ չեն ցանկանում դա հրապարակել եւ կոչ են անում պահպանել երկրի ներքին կայունությունը: Իսկ այդ փաստաթղթի կազմմանը մասնակից մի շարք գործիչներ նշել են, որ հրապարակման դեպքում բանտերում տեղ չէր լինելու:

Եվ ինչ ստացվեց, մեր բանտերը շատ իզուր դատարկ մնացին, իսկ Քաղաքական խորհրդի «դատավճիռը» դարձավ «գործիք» ՀՀ 2-րդ նախագահի ձեռքին՝ ՀՀ 1-ին նախագահի դեմ եւ… վերջ: Իսկ գուցե դա գործի չդրվեց, որ 3-րդ նախագահն էլ 2-րդի թիմի՞ն հանգիստ թողնի, բանտերն էլ դատարկ… եւ այդպես շարունակ հանգիստ անցնի ամեն բան ու ոչ մի նախագահ բանտերը լցնողի պիտակ չստանա:

Հենց սա է պատճառը, որ այս տարիների քաղաքական, գործարար ու այլ «հերոսները» մնում են որպես «մաքուր քաղաքական գործիչներ» եւ «մեծ բարեգործներ», որոնց հերթական խաղարկումնները հանրային կյանքում ծառայում են իշխանության վերարտադրման գործին: Իսկ այդ ամենը ներկայացվում է գեղեցիկ եւ ազդեցիկ խոսքերով եւ ոչ անհայտ առնիկԻսագուլյանի կողմից:

Եվ մարդիկ կրկին աղաղակում են լֆիկսամոների, նեմեցռուբոների, լիսկաների ու նմանների դեմ՝ մոռանալով, որ այսօրվա «ազգափրկիչները» ոչ մի բանով չեն զիջում նրանց եւ հերթական  փոխարինմամբ (տեղափոխմամբ), ոչ թե իշխանության փոփոխմամբ, նորից կանգնելու են կոտրած տաշտակի առաջ: Եվ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս ամենն իմանալով ասում է՝ «Որտե՞ղ կա ճգնաժամ, կառավարությունո՞ւմ, կառավարմա՞ն, կա՞ մի հարց, որ մենք չենք կարողանում կառավարել… մենք շատ լավ էլ կառավարում ենք, առաջիկայում կառավարելու ենք ավելի լավ… Ուստի ոչ-ոք չի կարող նախագահին փոխել»…

Այս ամենը խորթ է մեր ազգային նկարագրին եւ համատարած բնույթ չի կրում, բայց բոլորի դեմ ու բոլոր հարցերում գոռացող զանգվածները, կամա թե ակամա, ջուր են լցնում ոմանց ջրաղացին թե՛ ներսում, թե՛ դրսում, իսկ տուժողը բոլորս ենք լինում:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 34 (339), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։