«Քարերի սիմֆոնիա». ով ոչնչացնի, ում գլխին ջարդեն

 Մեր թերթի թիվ 29-ում՝ «Անբարոյականության սահմանը» հոդվածով անդրադարձել էինք Գառնիում, Ազատ գետի կիրճում ոչնչացվող բնական հուշարձանին, որ հայտնի է «քարերի սիմֆոնիա» անվամբ: Հրապարակումը, որ ներկայացրել էր Ազգային արժեքների պաշտպանության հանձնախումբը, անարձագանք չմնաց. ազգայնական ուժերը վրդովված էին: Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ԳԽ-ն բողոքի հայտարարություն էր ներկայացրել պատկան մարմիններին՝ հղում անելով զլմ-ներին, ու կցելով «Լուսանցք»-ը: Ցայսօր ՀԱՄ-ը գրություն է ստացել միայն բնապահպանության նախարարությունից, ինչը եւ ներկայացրել է մեր խմբագրությանը:

Ի դեպ, «Անբարոյականության սահման»-ում հիշյալ հանձնախումբը դիմել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ նշելով՝ «հազիվ թե այս հարցը լուծեն բնապահպանության ու մշակույթի նախարարությունները»: Բայց կարծել, թե բնապահպանության նախարարությունը խնդրին կարող էր ճիշտ լուծում տալ, միամտություն կլիներ… Ինչեւէ, ներկայացնենք մեզ փոխանցված գրությունը:


ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի պետ Մ. Վանոյանը ընթացիկ տարվա հոկտեմբերի 22-ին ՀԱՄ ԳԽին պատասխանել էր. «Հայտնում ենք, որ Գառնի գյուղի Ազատ գետի կիրճում «Քարերի սիմֆոնիա» կոչվող քարաժայռերից քարերի պոկման եւ անօրինական տեղափոխման հետ կապված տեղեկացնում ենք, որ նախարարության տեսչական համակարգը անմիջապես արձագանքել է ահազանգին եւ 11.10.07թ., ժամը 16:30-ի սահմաններում հայտնաբերել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ Ռազմիկ Սիմոնյանը իր անձնական ավտոմեքենայով նշված տարածքից տեղափոխում է բազմակողմ բնական քարեր: Կազմվել է համապատասխան արձանագրություն, եւ նյութերը տրամադրվել են Կոտայքի ոստիկանության բաժին՝ գործին հետագա ընթացք տալու համար: Միաժամանակ համապատասխան գրությամբ փաստի վերաբերյալ տեղեկացվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի գյուղապետը: Համապատասխան հսկողություն չիրականացնելու համար իրականացվել է վարչական վարույթ՝ բացառելու նմանօրինակ իրավախախտումները նշված տարածքում»:

Հիմա՝ քանի որ բնության հուշարձան «քարերի սիմֆոնիան» ոչ բնապահպանության եւ ոչ էլ մշակույթի նախարարության հսկողության ներքո չէ, ուրեմն տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի համապատասխան, «քարերի սիմֆոնիա»-ի համար պատասխանատու է այն ՏԻՄ-ը, որի վարչական տարածքում է գտնվում այս հուշարձանը: Ուրեմն՝ վարչական վարույթն իրականացվել է Գառնիի գյուղապետի՝ Աշոտ Վարդանյանի նկատմամբ: Տուգանքի չափը ճշտել չհաջողվեց. գյուղապետը շա~տ զբաղված մարդ է, տեղում չի նստում: Այնքան զբաղված, որ բջջային հեռախոսի զանգերին էլ չի պատասխանում… Լավ, ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ պատժվեց Ջրվեժ գյուղի բնակիչը, որ տեղափոխել է քարերը: Անկեղծ ասած միանգամից կանխել եմ ուզում. քարերը կտրողներին էլ գուցե պետք չէ ձեռք տալ. նրանցից մեկի հետ խոսել եմ, ասաց՝ օրավարձով աշխատող բանվոր եմ: Նաեւ՝ դժվար չէր պարզել, թե Գառնում քարերն ում սեփական շինությունն են սպասարկում ու պարզելուց հետո էլ քանդել այդ շինությունը՝ հենց շինության տիրոջ հաշվին: Մնացյալը դատախազության գործն է ու պատժի չափն ու ձեւը մենք չէ, որ պիտի որոշենք: Մամուլում անուններ հայտնվեցին՝ ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի եւ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի: Վերջիններս հերքեցին ու՝ վերջ: Թե այս խմորը դեռ ինչքան ջուր կվերցնի, պարզ չէ: Ու հերքումն էլ ճիշտ է թե սխալ… մեր գործը չէ մեղադրական ներկայացնելը, դրա համար համապատասխան մարմիններ կան: Մեր գործը փաստն արձանագրել է ու որոշակի հարցադրումներ անելը:

Այսպիսով, հետաքրքիր է, իսկ ո՞վ է արտոնել, որ բնական հուշարձանը կարող են քանդել ու անպատիժ մնալ: Ասենք, եթե շատ բարձրաստիճան պաշտոնյան արտոնության կարիք չունի ու ինքն իրեն կարող է արտոնել, բա ցածրաստիճանին ով է տվել իրավունքը: Երեւի բարձրաստիճանը: Կամ էլ ցածրաստիճանն էլ է ինքն իրեն որոշում, որովհետեւ ամենաթողություն է ու… 1000 դրամ: Լավ, թող լինի 2000 դրամ: Բանն այն է, որ Գառնու ձոր մուտքը վճարովի է, այսինքն՝ տարածքի հանդեպ ոտնձգությունն անտեսանելի չէր կարող մնալ (դե արի ու էդ գեղցի (ոչ գյուղացի) գյուղապետին բան բացատրի…): Հա, 1000 կամ 2000 դրամն էլ ձոր մուտքի թույլտվության տոմսի արժեքն է՝ կախված մեքենայի «աստիճանից»…

Մի հավելում էլ անենք ու սպասենք խմորի թթվելուն. մեր լրատվության աղբյուրը մեզ համապատասխան գրություն է փոխանցել այն մասին, որ նախորդ անգամ, երբ կրկին փորձ են արել ոչնչացնել հուշարձանը, պատկան որոշ մարմիններ փորձել են դա ներկայացնել իբրեւ բնական քարաթափում…

Աստղինե Քարամյան

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.